Home / Armenia  / Մրցունակ աշխատավա՞րձ, թե՞ գոյատևման միջոց. Հայաստան տեղափոխված սփյուռքահայ երիտասարդները գո՞հ են իրենց վաստակից

Մրցունակ աշխատավա՞րձ, թե՞ գոյատևման միջոց. Հայաստան տեղափոխված սփյուռքահայ երիտասարդները գո՞հ են իրենց վաստակից

spyurqahay erit2

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Բելառուսում ծնված ու կրթություն ստացած Նինա Մեհրաբյանը 4 տարի առաջ որոշեց տեղափոխվել Հայաստան: Ուներ հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտություն. Միջազգային բիզնես-թրեյնինգի մասնագետ ու շուկայագետ է, հայրենիքում հեշտությամբ աշխատանք գտավ, միաժամանակ դասավանդում է համալսարանում:

 

Noranor.ca – ին պատմում է, որ դժվար չէր ինչպես աշխատանք գտնելը, այնպես էլ նորմալ կենսապայմաններ ապահովելը, հետևաբար միայն լավ պատկերացումներ է կազմել հայաստանյան աշխատաշուկայում վարձատրության մասին. լավ մասնագետը կարող է մրցունակ աշխատավարձ ստանալ:

 

500 ԴՈԼԱՐՈՎ ԼԱՎ ԱՊՐԵԼ

«Բնական է, Հայաստանում աշխատավարձերի պատկերը տխուր է, դրսում կրկնակի ու եռակի շատ է, բայց ծախսերն էլ են շատ: Իսկ Հայաստանում 500 դոլարով մեկ անձը կարող է վատ չապրել, միջին եթե վերցնենք, այնպիսի գումար է, որով կարելի է ապրել, մինիմալը կարելի է ապահովել, եթե տուն չունես, վարձում ես և այլն: Բայց եթե ընտանիքում երկու անձ աշխատի, 1000 դոլարով շատ լավ կարող է ապրել»,-այսպիսի հաշվարկ է ներկայացնում Մեհրաբյանը:

 

Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 000 դրամ, գուցե 10 անգամ պակաս, քան այլ երկրներում: Թեև ծախսերն էլ զարգացած երկրների համեմատությամբ ցածր են, բայց ոչ համարժեք երկրի ներսում գնաճի ցուցանիշներին:

 

Բելառուսահայ երիտասարդի ներկայացրած հաշվարկներին համապատասխան գումար վաստակել սովորական մասնագետին կարո՞ղ է հաջողվել Հայաստանում, և սփյուռքից հայրենիք վերադարձող քաղաքացիները եթե չունենան այլ եկամուտներ, կարո՞ղ են հարմարվել Հայաստանի աշխատավարձի թելադրած կենսապայմաններին: Այս մասին Noranor.ca-ի զրուցակիցների տեսակետները տարբեր են:

 

80 ՀԱԶԱ՞Ր… ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ

ՐԲելառուսահայ Նինան վստահ է, որ մրցունակ աշխատավարձ ստանալու համար պետք է մրցունակություն ձեռք բերել, այսպես ասենք, խաղի կանոններին համապատասխանելու ու շուկայի պահանջները բավարարելու համար,  այդ դեպքում բարձր եկամուտը ապահովված կլինի, միայն շարքային աշխատակիցները կարող են միջին աշխատավարձ ստանալ:

 

80 հզր… Չկա այդպիսի բան Հայաստանում: Ես նաև համալսարանում դասախոս եմ, այդ աշխատանքի մասին է խոսքը՝ 100-120 հզր դրամ աշխատավարձով

 

«Բիզնես բնագավառում 250 հզր է միջին լավ մասնագետի աշխատավարձը, 80 հզր դրամով բնական է, սկսնակ պիտի լինես, որ աշխատես, կամ այնպիսի մասնագիտություն է, որը իրականում մասնագիտություն չէ, ուղղակի աշխատուժ : Այլապես 80 հզր… Չկա այդպիսի բան Հայաստանում: Ես նաև համալսարանում դասախոս եմ, այդ աշխատանքի մասին է խոսքը՝ 100-120 հզր դրամ աշխատավարձով»,-վստահ է մարկետոլոգը:

 

Դու մարկետոլոգ ես, հարցնում են՝ դիզայն կարո՞ղ ես անել, բայց ինչո՞ւ ես պիտի դիզայն անեմ, դիզայները պիտի անի

 

Նա չի տեսնում վատ վարձատրության խնդիր, այլ տեսնում է գործատուի կողմից անընդունելի պահանջներ ներկայացնելու խնդիր, ինչպիսին, օրինակ, բազմապրոֆիլ աշխատանքն է. «Եթե դու մարկետոլոգ ես, հարցնում են՝ դիզայն կարո՞ղ ես անել, բայց ինչո՞ւ ես պիտի դիզայն անեմ, դիզայները պիտի անի, ես գաղափարը մշակեմ, ու հետևեմ , որ կայանա»,-օրինակ է բերում երիտասարդը:

 

ՄՐՑՈՒՆԱԿ ԿԱՄ ՄՐՑՈՒՆԱԿԻՆ ՄՈՏ

Մասնագիտությամբ տնտեսագետ Նարեկ Ասլիկյանը, ով 22 տարի Ռուսաստանում ապրելուց հետո որոշել է վերադառնալ, Հայաստանի աշխատաշուկայում վարձատրության համարում է մրցունակ կամ մրցունակին մոտ:

 

Արտասահմանում նույն մասնագետը կարող է ստանալ 3 անգամ ավելի, բայց կյանքի որակը լինի կամ նույնը կամ ավելի ցածր

 

«Եթե մենք այստեղ աշխատում ենք որևէ ոլորտում ու ստանում ենք, ասենք, 200 հզր դրամ, դա նշանակում է, որ արտասահմանում նույն մասնագետը կարող է ստանալ 3 անգամ ավելի, բայց կյանքի որակը լինի կամ նույնը կամ ավելի ցածր, որովհետև ամբողջ գումարը ծախսվում է այնպիսի բաների վրա, որոնց համար այստեղ չեն ծախսում գումար»,-համեմատում է Ասլիկյանը:

 

Խնդիրը նաև շուկայական գների կարգավորումն է, ապրանքը պետք է վաստակին համապատասխան գնահատել: Փոքր երկրներին բնորոշ խնդիրներ կան, որոնց մեծ երկրների քաղաքացին չի բախվի.

 

Հայաստաում շուկան ավելի փոքր է, բայց այստեղ հնարավորությունները ավելի մեծ են

 

«Հնարավորությունները Ռուսաստանում ավելի շատ են միայն նրա համար, որ շուկան ավելի մեծ է, և դժվար է ինչ-որ բան կամ արտադրել կամ ինչ-որ ծառայություն մատուցել, որը չի ունենա իր հաճախորդը, ամեն դեպքում ինչ-որ մի հաճախորդ կճարվի, այստեղ շուկան ավելի փոքր է, բայց այստեղ հնարավորությունները ավելի մեծ են, ինչ-որ բաներ կան, որ այստեղ չեն անում»,-ասում է երիտասարդ տնտեսագետը:

 

ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՌԻՍԿԸ

Դա էլ աշխատելու լայն դաշտ է տալիս մի շարք մասնագետների: Նարեկ Ասլիկյանը հայրենիք վերադառնալու որոշում կայացնելիս հաշվի առել է հայաստանյան աշխատաշուկայի խնդիրները, հաշվարկել ռիսկերն ու հանգել մի կարևոր եզրակացության.

 

«Այստեղի հնարավորությունները մեծ են ցանկացած մարդու համար, ով մտածում է իր անվտանգության, իր ժառանգների, իր ապագա երեխաների հայ լինելու մասին, այդ ռիսկերը շատ ավելի կարևոր են, քան թե այն ռիսկը, որ կարող է 10-20 տոկոս ավելի քիչ գումար վաստակես»,-վստահությամբ նշում է մեկուկես տարի առաջ հայրենիքում հաստատված երիտասարդը:

 

ԲԱՑԹՈՂՈՒՄ ԿԱ

Լոռի Նաջարյանը Կանադայից Հայաստան թեև աշխատելու նպատակով չի տեղափոխվել, այլ ուսանելու, սակայն մասնագիտությամբ պարուսույց երիտասարդը չի էլ կարող առանց աշխատանքի մնալ: Կանադայում աշխատած իր տարիների խնայողություններն է ծախսում, միաժամանակ շաբաթը երկու անգամ դասավանդում:

 

«Եթե միայն իմ ստացած աշխատավարձիս վրա հույս դնեի, չպիտի կարողանայի մնալ, բայց տարիներու ընթացքին կուտակել եմ մի գումար Կանադայի աշխատանքես, ադ ալ արդեն սկսած է սպառիլ, պետք է գտնել այլ միջոցներ և ստեղծել ուրիշ առիթներ»,-նշում է Լոռին:

 

Իսկ մեծ եկամուտների հույս չունի այնքանով, որքանով ուսանելու տարիներին տեսել ու գնահատել է Հայաստանի աշխատաշուկայի հնարավորությունները:

 

«Ինչ որ կլսեմ շուրջս, մեծ մասամբ կյանքը թանկանում է, բայց մարդկանց աշխատավարձերի բարձրացում չեմ լսել կամ տեսել այսքան տարիներին, ուրեմն ինչ-որ բացթողում կա, վստահ եմ, որ եթե դա ուղղվի, ավելի պակաս գանգատ կլինի մարդկանց կողմից, ու ոչ միայն գանգատ, նաև ավելի օգտակար է դառնալու, որ կազմակերպեն կյանքը»,-կարծում է պարուսույցը:

 

Նույնիսկ մարդիկ կան, որ հնարավորություն չունին մի հատ կաֆեում նստել

 

Այնպես չէ, որ արտերկրում ապրողները ֆինանսական դժվարություններ չեն ունենում, Հայաստանում դրանք ավելի խորն են արտահայտվում, կան տարրական մանրուքներ, որոնցից ստիպված են զրկված մնալ, կանադահայ երիտասարդը օրինակներ է բերում. «Չես տեսնում միջին խավ, մեծ թերություն կա, օրինակի համար ամեն մարդ չէ, որ կրնա երթալ կինո կամ մի տեղ գնալ զվարճանալ, նույնիսկ մարդիկ կան, որ հնարավորություն չունին մի հատ կաֆեում նստել»:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments