Home / Armenia  / Դուք ավելի հարուստ եք, դուք ունեք ձեր մեջ և՛ Հայաստանը, և՛ Կանադան. Կանադահայ Սանան Տեր-Պետրոսյանի հորդորը հայրենիքում մեծացող 4 որդիներին ու Հայաստան տեղափոխվածներին

Դուք ավելի հարուստ եք, դուք ունեք ձեր մեջ և՛ Հայաստանը, և՛ Կանադան. Կանադահայ Սանան Տեր-Պետրոսյանի հորդորը հայրենիքում մեծացող 4 որդիներին ու Հայաստան տեղափոխվածներին

Sanan ter-Petrosyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) – 2001թ-ին կանադահայ Կարենի ու Սանանի հարսանիքը Հայաստանում տեղի ունեցավ. Կանադահայ զույգը Քրիստոնեության 1700-ամյակի առիթով Հայաստան ժամանելով՝ հայկական ավանդական պսակադրությամբ միավորվեց: Մինչ այդ ապագա ամուսինները՝  Բեյրութում ծնված ու մեծացած Սանան Տեր-Պետրոսյանը և Կանադայից Բեյրութ տեղափոխված Կարեն Մկրտիչյանը հաճախ էին այցելում հայրենիք և մեկ երազանք ունեին. «Մեր երազներու հայրենիքն էր Հայաստանը, 1991-ին երբ տեսանք, շատ սիրեցինք, և միշտ կըսեինք, որ օր մը պիտի գանք և Հայաստան ապրինք»,- ասում է Noranor.ca-ին:

 

4 ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՅՐ

Ամուսնությունից հետո վերադարձան Կանադա, որտեղ աշխատանք ունեին, գիտելիքները հարստացնելու նպատակներ: Մասնագիտությամբ հոգեբան Սանանը աշխատում էր բանկային ոլորտում մինչ առաջնեկի ծնունդը. Իսկ այսօր արդեն նա 8-13 տարեկան 4 տղաների բազմազավակ մայր է: Հայրենիքում հաստատվելու երազանքն իրական նպատակ դարձավ երեխաների ծնունդով, որոնք պետք է Հայաստանում մեծանային:

 

«Երբ եկանք, Կարենը գործ չուներ, բայց մենք միշտ որոշած էինք Հայաստան տեղափոխվիլ, երբ տեսանք, որ տղաս մեծցեր է, ժամանակ չունինք, որոշեցինք ու այդ տարին փոխադրվեցանք»,- պատմում է Սանանը:

 

Երկար ժամանակ չի պահանջվում, մինչև Կարեն Մկրտիչյանն աշխատանքի է անցնում, նախ բանկում է աշխատում, մի քանի ամիս անց նրան առաջարկվում է ստանձնել Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը, մեկ տարի անց որոշում է սեփական ներդրումային ընկերություն հիմնել, որի հետ մեծ հեռանկարներ է կապում:

 

Միշտ կըսե, որ պետք է դուրսի մարդիկ տեսնեն, որ այստեղ կան լավ աշխատողներ ու ներդրում պետք է ընեն Հայաստանի մեջ

 

«Շատ դրական կվերաբերվի, շատ լավատես է, կկարծե, որ կհաջողի, մարդիկ ներդրում ընելու հետաքրքրված են, միշտ կըսե, որ պետք է դուրսի մարդիկ տեսնեն, որ այստեղ կան լավ աշխատողներ ու ներդրում պետք է ընեն Հայաստանի մեջ»,- պատմում է կինը:

 

ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՍՑԵԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հետևաբար սոցիալական դժվարություններ չեն ունեցել, միայն եղել են հայաստանցիներին լավ չհասկանալու զավեշտալի դեպքեր. պատճառը խոսակցական տարբերություններն են, բայց ոչ մտածելակերպի:

 

Ըսի՝ այնպես մը ըսիք, կարծես խոսածս չինարեն էր

 

«Այն ատեն, երբ նոր փոխադրվեր էինք, կապրեինք Կորյուն և Աբովյան. տաքսիի մեջ վարորդին ըսի՝ Կորյուն և Աբովյան պիտի երթանք, կեցավ՝ ըսավ, ի՞նչ, մտածեցի՝ կարող է՞ Կանադայի հասցես տված եմ ու զարմացավ. գիտեի, որ «Շրջանային» ալ կըսեն այդ տեղին, ըսի` «Շրջանային … Կորյուն և Աբովյան», ըսավ հա՜, Կորյուն և Աբովյան, այստեղի խոսակցականով շեշտելով: Ըսի՝ այնպես մը ըսիք, կարծես խոսածս չինարեն էր»,-ծիծաղելով վերհիշում է կանադահայը:

 

2017-11-03-PHOTO-00002035ԶԱՐՄԱՆՔ ԼԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ

Հայաստանում անգամ մտահոգություններն են շուտ փարատվել, նույնիսկ անակնկալի է եկել լավ վերաբերմունքից. Նրան զարմացրել է դպրոցական միջավայրում նորեկ երեխաների հանդեպ մոտեցումը:

 

«Մենք շատ այցելած ենք Հայաստան, և նորություն չէր մեզի համար, ինչ որ Հայաստանն է, բայց մեկ բան զարմացուց ինծի. ատ ալ դպրոցի վերաբերմունքն է. հաճախ կըսեին, որ Հայաստանի կրթությունը սովետական մեթոդներով է և այլն, կվախնայի, թե ինչպես կվերաբերին պզտիկներուն հետ. բայց ընդհակառակը, զարմացա, թե որքան լավ մանկավարժներ են, ամեն ձևով կօգնեն, ըլլա լեզուներու փոփոխության, ըլլա միջավայրի փոփոխության պարագան»,- նկարագրում է դպրոցահասակ երեխաների մայրը:

 

ՇԱՏ ԿԿԱՐՈՏՆԱՆ ՏՈՐՈՆՏՈՆ

Ի տարբերություն ծնողների, չորս տղաները նույնքան ոգևորված չեն Հայաստանում ապրելու հանգամանքով, բայց Սանանը համոզված է, որ նրանք պետք է մեծանան Հայաստանում:

 

Հակառակ անոր, որ կըսեն, որ հոս չենք ուզեր մնալ, բայց միշտ իրենց ըսած ենք, որ դուք ավելի հարուստ եք, դուք ունիք ձեր մեջ և Հայաստանը և Կանադան

 

«Մեր զավակները այստեղ բերելով՝ իրենք պիտի իրենց սրտին մեջ ունենան հայրենիքը, հակառակ անոր, որ կըսեն, որ հոս չենք ուզեր մնալ, բայց միշտ իրենց ըսած ենք, որ դուք ավելի հարուստ եք, դուք ունիք ձեր մեջ և Հայաստանը և Կանադան: Շատ կկարոտնան Տորոնտոն, ան ալ տարին մեկ անգամ կտանինք, իրենց ընկերները կտեսնեն»,- պատմում է բազմազավակ մայրը:

 

Սանանը հույս է փայփայում, որ բարձրագույն կրթություն զավակները կստանան հայրենիքից դուրս՝ Հայաստան վերադառնալու պայմանով: Սա ամենակարևոր քայլն է, որ պետք է անի հայրենիքի համար ցանկացած հայ, այդպես է կարծում կինը, վստահ է, որ ոչ թե Հայաստանն է իրենց ինչ-որ բան տալու, այլ իրենք են պարտավոր տալ:

 

Միակ հույսը այն է, որ մեր զավակները այստեղի լավ արժեքներով մեծնան, ունենալով այդ արժեքները՝ դուրսը ուսումը շարունակեն, լավ փորձառություն ձգեն ու վերադառնան, հայրենիքին շահածը տալ

 

«Մենք է, որ պիտի տանք Հայաստանին, ես ինծի ալ հարց կու տամ, կըսեմ՝ մարդս երբ կսկսի ջղայնանալ … հուսահատվիլ, պետք է համբերատար ըլլա, միշտ բարին տեսնե. միակ հույսը այն է, որ մեր զավակները այստեղի լավ արժեքներով մեծնան, ունենալով այդ արժեքները՝ դուրսը ուսումը շարունակեն, լավ փորձառություն ձգեն ու վերադառնան, հայրենիքին շահածը տալ»,- նշում է նա: Սա է, ըստ նրա, Հայաստանի զարգացման ամենադյուրին ուղին … Սփյուռքում ունեցած հարստությունը օգտագործվի երկրի զարգացման համար:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments