Home / Canadahye  / Նորաստեղծ Սիրիահայերի միություն Կանադայի Մոնրեալ քաղաքում. Մշակութային-բարեսիրական կառույցի առաքելությունը

Նորաստեղծ Սիրիահայերի միություն Կանադայի Մոնրեալ քաղաքում. Մշակութային-բարեսիրական կառույցի առաքելությունը

Silva Beqaryan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ Նորանոր _ Լիբանանյան պատերազմն այնտեղ ծնված Սիլվա Բեքարյանին տարիներ առաջ հասցրեց Սիրիա, իսկ Սիրիական պատերազմը՝ Կանադա՝ քաղաք Մոնրեալ: Թեև Հայաստանն ավելի մոտ էր, ավելի հարազատ, բայց, ինչպես կինն է ասում, դժբախտաբար ստիպված եղան ընտրել Կանադան. Ծանր երկընտրանք էր:

 

ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾ ՓԱՓԱԳԸ

«Մեզի համար փափագելի էր, որ Հայաստան փոխադրվինք, բայց սոցիալական վիճակը թույլ չտվավ մտածելու Հայաստան երթալու մասին, ցավ ի սիրտ, կկարծեմ, որ բոլորը պիտի երթային դեպի Հայաստան»,-ասում է տիկին Սիլվան:

 

 Սիրիահայության՝ Հայաստան չհաստատվելուն գլխավոր պատճառը պետության կողմե  հստակ քաղաքականության չգոյությունն էր: 

 

Հայաստանի վերաբերյալ ոչ այնքան բարենպաստ լուրերն ու երկրից հեռացողների մեծ թիվն էր պատճառը, որ չհամարձակվեցին իրենց փափագն իրականացնել: «Սիրիահայերը, որ Հայաստանի մեջ անհարմար վերաբերմունքի հանդիպեցան, գործի անհարամարություն կամ ինչ-որ պատճառներով, չուզեինք մտածել Հայաստան հաստատվելու մասին: Սիրիահայության՝ Հայաստան չհաստատվելուն գլխավոր պատճառը պետության կողմե  հստակ քաղաքականության չգոյությունն էր: Փափագելի էր, որ ստեղծեին այնպիսի պայմաններ, որ սիրիահայը համոզվեր վերջնականապես կայք հաստատելու հայրենիքի մեջ»,-որոշումը արադարցնում է կինը:

 

Կանադայում այդ խնդրին չհանդիպեցին. Հարազատները կարճ ժամանակով հյուրընկալեցին, մինչև երեք զավակների հետ լուծեց բնակարանային, լեզվական, աշխատանքի տեղավորման խնդիրները: Հալեպում Սիլվա Բեքարյան-Քարաօղլյանը չէր աշխատում, բայց ակտիվ ներգրավված էր միութենական, համայնքային կյանքում, Կանադայում՝ ևս:

 

20228417_198153814050191_4569088118330494515_nՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Մոնրեալում հաստատված բազմաթիվ սիրիահայ ընկերների հետ նման հանդիպումների արդյունքում էր, որ ծնվեց Սիրիահայերի միություն հիմնելու գաղափարը: Սեպտեմբերից արդեն այն պաշտոնապես հաստատված մշակութային-բարեսիրական կազմակերպություն է, որի ատենապետը Սիլվա Բեքարյանն է: Սիրիահայերի ջանքերով ստեղծված կառույցն ունի նաև փոխատենապետ, ատենադպիր, հաշվապահ, գանձապահ և այլ պաշտոններ,  առայժմ 100 անդամ և անդամագրվել ցանկացողների մեծ խումբ:

 

Սիլվա Բեքարյանը Noranor.ca-ի հետ զրույցում ներկայացրել է կազմակերպության ստեղծման պատմությունը, առաքելությունն ու նպատակները, խոսել Կանադայում հաստատված սիրիահայ գաղութի խնդիրների ու նորեկներին օգնելու իրենց ցանկությունների մասին:

 

Երկու անգամ պատերազմից խույս տված կինը մեծ տարբերություններ է տեսնում Հալեպի ու Կանադայի գաղութների միջև: Հալեպ տեղափոխվելուց հետո կարճ ժամանակ է պահանջվել համայնքային կյանքում ներգրավվելու համար, քանի որ կար միասնականություն հայկական միությունների, կուսակցությունների միջև: Ցավով է նշում.

 

Լիբանան, որու սիրտն այդքան հայությամբ կտրոփե, նույնը և ավելին տեսա Սիրիայի, մանավանդ Հալեպի մեջ

 

«Լիբանան, որու սիրտն այդքան հայությամբ կտրոփե, նույնը և ավելին տեսա Սիրիայի, մանավանդ Հալեպի մեջ, իրենց փոխհարաբերությամբ, տարբեր միության, կուսակցություններու անդամներ, դպրոցներ, բոլորը այնքան լավ հարաբերություններ ունեին, ափսոս, որ կորսնցուցինք Հալեպի ու Սիրիո գաղութը ընդհանրապես»:

 

Հոս տարբեր ազգություններու մարդիկ, որ կյանքերնուս մեջ չէինք պատկերացնե, որ օր մը միասին պիտի գտնվինք

 

Բոլորովին այլ էր իրականությունը Կանադայում, որտեղ այլ բարքեր ու օրենքներ էին գործում: «Մենք գիտենք, որ Սիրիա ու Լիբանան կան հայեր ու արաբներ, իսկ հոս տարբեր ազգություններու մարդիկ, որ կյանքերնուս մեջ չէինք պատկերացնե, որ օր մը միասին պիտի գտնվինք»,-նշում է սիրիահայ կինը:

 

ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

20117161_198175397381366_7691708121011525729_o

Այս տարբեր բարքերի լաբիրինթոսում, սակայն, մտադիր չեն կորցնել սիրիահայ համայնքի համն ու հոտը, ինքնությունն ու սովորույթները: Այս նպատակով էր, որ մտահոգ սիրիահայերը սկիզբ դրեցին միության: Արդեն իսկ նորաստեղծ կազմակերպությունը առաջին հանդիպում-ճաշկերույթն անցկացրել է, հավաքագրել որոշակի գումար, որն էլ ուղղել է նորեկ սիրիահայերի խնդիրների լուծմանը: Սա էլ կառույցի բարեսիրական կողմն է: Նպատակ ունեն նաև կենտրոն ունենալուց հետո հայերենի շաբաթօրյա դասընթացներ կազմակերպել նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն դպրոց հաճախել:

 

Հենց մշակութային հանդիպումները՝ գրող-հրապարակախոսների մասին երեկույթներ կամ այլ միջոցառումները, վայր կհանդիսանան միավորվելու, ֆինանսական միջոցներ ձեռք բերելու ու դրանք ուղղելու կարիքավոր հայրենակիցների խնդիրների լուծմանը:

 

Ասկե վերջ շատ ավելի կազմակերպված ձևով պիտի աշխատինք մեր միջոցառումներով, ձեռնարկներով նյութական եկամուտ ունենանք

 

«Հալեպում և Սիրիայի մեջ շատ լավ մշակութային, միութենական կյանք ունեինք, այնպես որ ուզեցինք նույն ձևով շարունակենք, որ սիրիահայերը իրենց արմատներեն չկտրվին, բոլոր այն անձերը, որոնց հետ կհանդիպեինք, բոլորն ալ համաձայն գտան, որ այսպիսի միություն կազմենք,-պատմում է ատենապետն ու հավելում,-Մինչև հիմա կրցանք փոքր մասով օգտակար դառնանք սիրիահայերուն, ասկե վերջ շատ ավելի կազմակերպված ձևով պիտի աշխատինք մեր միջոցառումներով, ձեռնարկներով նյութական եկամուտ ունենանք, բոլորը պիտի տրամադրենք սիրիահայերուն, որոնք կշարունակին գալ դեպի Կանադա, թեև քիչ թիվով, բայց կու գան դեռ»:

 

22894263_237328736799365_6125529256434688265_nՆոյեմբերի 18-19-ին նախատեսել են տոնավաճառ կազմակերպել, որի ընթացքում հավաքագրված եկամուտը ևս կուղղեն նույն նպատակին, ինչպես նաև արդեն իսկ թողարկել են նոր անդամատոմսեր, հենց նույն օրն էլ կհամալվի անդամների թիվը:

 

 

ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՎ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

Տարբեր մշակույթներ ունեցող և տարբեր երկրներից ժամանած հասարակությունով հարուստ Կանադայում անգամ հայ համայնքի անդամների միջև է որոշակի տարանջատվածություն նկատվում: Արդյո՞ք նման միության հիմնումը պառակտվածություն չի մտցնի հայ համայնքի անդամների միջև՝ տարանջատելով սիրիահայերին նախկին հայաստանցիներից, իրանահայերից կամ ասենք եգիպտահայերից: Տիկին Սիլվան նման խնդիր չի տեսնում, վստահեցնում է, որ այն համայնքը կղզիացնելու նպատակ չունի, այլ միայն մշակույթը պահելու և նորեկներին օգնելու:

 

Մենք՝ սիրիահայերս, միշտ, ուր որ երթանք, կհամախմբվինք եկեղեցիներու, միություններու շուրջ, բոլորն ալ կերթան, կմասնակցին

 

«Մենք՝ սիրիահայերս, միշտ, ուր որ երթանք, կհամախմբվինք եկեղեցիներու, միություններու շուրջ, բոլորն ալ կերթան, կմասնակցին, տարբեր գաղափարի մարդիկ նույնիսկ տարբեր գաղափարի ակումբներ կամ կենտրոններ կհաճախին, երբեք հարց չունին»,-վստահեցնում է միության ղեկավարը, իսկ իրենց կառույցը միավորում է բոլոր սիրիահայերին՝ անկախ կուսակցական, գաղափարական, միութենական պատկանելությունից:

 

Ընտրվելով ատենապետ՝ Սիլվա Բեքարյանը հույս է հայտնում, որ կկարողանա իրականացնել բոլոր նպատակները, որ դրել են իրենց առջև, իսկ դրանք ոչ միայն բանավոր են, այլև մշակված ծրագիր-կանոնագրով: Ասում է. «Նյութերու ընթացքին այս գաղափարը հղացանք, պետքը տեսանք նաև կանոնագիր մը գրվի,  որպեսզի ավելի հստակ ըլլա մեր աշխատանքի ծիրը ու ոլորտները, այնպես որ ունենք հիմա տարբեր պաշտոններու նշանակված անձինք, որոնք ամենքն ալ պարտաճանաչորեն իրենց գործառույթները կկատարեն»:

 

Միությունն առայժմ գործում է միայն Մոնրեալում, այլ քաղաքներում ևս նման միություններ հիմնելու դեպքում, վստահեցնում է, հաճույքով կհամագործակցեն:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments