Home / Canadahye  / Քաղաքական պայքարում անհաջողությունը՝ անձնական կյանքում տարիների բաց թողածը վերադարձնելու հնարավորություն. Հարութ Շիթիլյանի հարցազրույցը

Քաղաքական պայքարում անհաջողությունը՝ անձնական կյանքում տարիների բաց թողածը վերադարձնելու հնարավորություն. Հարութ Շիթիլյանի հարցազրույցը

Harout Chitilian

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ 8 տարի, շաբաթը 7 օր և օրը 24 ժամ Մոնրեալի քաղաքապետարանի երիտասարդ խորհրդական Հարութ Շիթիլյանը պարտականություններ է կատարել՝ հնարավորություն չունենալով գտնվել ընտանիքի կողքին: Կանադահայ հայտնի գործչի առօրյա հագեցած էր մինչև նոյեմբերի 5-ը, երբ անցկացվեցին հերթական ընտրությունները, որտեղ այս անգամ հայազգի թեկնածուն Ահունցիք-Գարթիերվիլի շրջանի քաղաքապետի պաշտոնին էր հավակնում:

 

Ընտրությունները նրա համար հաղթանակով չավարտվեցին, բայց սա չի նշանակում, թե հայ գործիչը պարտվեց, համենայնդեպս հպարտ է իր կատարած աշխատանքով, որն արտացոլվեց ընտրությունների վերջնարդյունքում. ձայների շատ քիչ տարբերությամբ է հաղթել ընդդիմադիր թեկնածուն, իսկ Շիթիլյանը բաց ու ժողովրդավար անցկացված ընտրությունների նման ելքից անակնկալի չի եկել:

 

Noranor.ca-ին տված իր հարցազրույցում կանադահայ գործիչը հպարտությաբ է խոսել կատարած աշխատանքի, ընտրությունների արդյունքի, ստացած արձագանքների մասին և ի մի բերելով այդ ամենը՝ եզրակացության հանգել, որ իր քաղաքական գործունեությունը վաղ թե ուշ շարունակություն պետք է գտնի, իսկ այս ընտրությունը ևս մեկ փորձություն էր, ինչու ոչ, նաև հնարավորություն այս տարիներին բաց թողածը վերադարձնելու համար: Նա պատմել է իր առաջիկա անելիքների մասին:

 

ՇԱՏ ՀՊԱՐՏ ԵՆՔ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

Ժողովրդավար ընտրություններում յուրաքանչյուր անհատ իրավունք ունի ազատորեն մասնակցելու քվերակության, իսկ հաղթելու ու պարտվելու հավանականությունն այս պարագայում հավասար է, այնպես որ անակնկալ ոչինչ չկար նաև այս ընտրություններում, Շիթիլյանի համար չկար նաև հուսահատվելու առիթ:

 

Շատ քիչ ձայների տարբերությամբ ընդդիմության ներկայացուցիչը հաղթեց, իրեն, անշուշտ, հեռաձայնեցի գնահատելու, հաջողություն մաղթելու և իմ ամեն միջոցներս տրամադրելու, եթե պետք լինի

 

«Հաջողության երաշխիք մը չկա, այս կացության մեջ մենք շատ հպարտ ենք, իմ տեղական ընտրական կազմակերպությունս, քանի 4 շրջաններեն շահեցինք երկուքը տարածաշրջանին մեջ,  և երկուքին մեջ ունեցանք մեծամասնությունը մերժում, երրորդ կացության մեջ նաև շատ-շատ մոտ էինք, միայն 300 քվեի տարբերությամբ կորսնցուցինք խորհուրդի անդամի աթոռ մը, շատ քիչ ձայների տարբերությամբ ընդդիմության ներկայացուցիչը հաղթեց, իրեն, անշուշտ, հեռաձայնեցի գնահատելու, հաջողություն մաղթելու և իմ ամեն միջոցներս տրամադրելու, եթե պետք լինի, կրնա պետքը չունենա, բայց եթե պետք լինի, իրեն առաջարկեցի ապագայի ծրագրին համար»,-ներկայացնում է Շիթիլյանը:

 

Ես 28 տարեկանեն սկսել եմ, ուրեմն հիմա շատ փորձառու, շատ պատրաստ անձ մըն եմ այս ճյուղին մեջ

 

Առաջիկա տարիներին պատրաստ է աշխատել ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ քաղաքական ասպարեզից դուրս, բայց որ ի վերջո լինելու է վերադարձ դեպի քաղաքականություն, սրանում վստահ է, պարզաբանում է՝ ինչու. «8 տարին երկար կսեպվի, բայց կարճ է քաղաքական կյանքին մեջ, ես 28 տարեկանեն սկսել եմ, ուրեմն հիմա շատ փորձառու, շատ պատրաստ անձ մըն եմ այս ճյուղին մեջ»:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Դրանում համոզվել է նաև ընտրություններից հետո ստացած բազմաթիվ արձագանքներից: Տարբեր երկրներից ու բազմաթիվ քաղաքացիներից է ստացել հեռախոսազանգեր ու նամակներ, որոնցում նույն հորդորն է եղել, որ սա միայն մեծ փորձառություն էր առաջիկա աշխատանքի շեմին: Իսկ մինչ այդ եղել են նաև համագործակցության առաջարկություններ, որոնց շուրջ մտորելու ժամանակ ունի դեռ:

 

«Թե քաղաքականությունեն ներս, թե դուրս իմ պատրաստակամությունս հայտնել եմ տարբեր ճյուղերուն մեջ, և արդեն կան մարդիկ բավական թիվով, որ առաջին 24 ժամվան մեջ հետս խոսակցություններ ունեցան, թե ինչպես կրնան համագործակցիլ: Դեռ որևէ ծրագիր չկա, որ որոշում առնեմ: Իսկ երբ իմ ֆեյսբուքի և լինկեդինի կայքէջներու վրա փոքր պատգամ մը գրած էի, արդեն մոտ 85 հզր հոգի տեսած է, ան ալ ժողովրդի կողմեն մեծ հետաքրքրություն, քաջալերություն կու տա ինծի, որ շարունակեմ քաղաքական կյանքեն ներս»,-նշում է քաղաքական գործիչը:

 

ԸՆՏԱՆԻՔ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Մինչ այդ դեռ ժամանակ ունի ու բացառիկ հնարավորություն, որից զրկված է եղել անցնող տարիների ընթացքում. «Տասնյակ տարեդարձներ փախցուցած եմ, ընտանեկան հավաքույթներ, կիրակիներ, շաբաթներ, որ պետք է գտնվիմ, մինչև մեր հայկական տոներուն եղած հավաքույթներ, երբ կգտնվեի ուրիշ համայնքներու տոներուն»,-տխրությամբ է նշում, բայց ուրախությամբ հավելում, որ հիմա արդեն այս ամենը լրացնելու ժամանակն է:

 

Իսկ անելիքները կապված են ոչ միայն բաց թողած ընտանեկան տոները լրացնելու, այլև ճամփորդելու ու առաջին հերթին Հայաստանը վայելելու հեռանկարի հետ:

 

Մանավանդ Հայաստանն ինծի կհետաքրքրե, և առիթ չեմ ունեցած բազամաթիվ տարիներե վայելել, պտտիլ, ան ալ ծրագիրներեն մեկը պիտի ըլլա, թե Հայաստան, թե, Ռուսաստան

 

«Ես միշտ եղած եմ մեծ ճամփորդող, և աշխարհի բոլոր երկիրները, մանավանդ Հայաստանն ինծի կհետաքրքրե, և առիթ չեմ ունեցած բազամաթիվ տարիներե վայելել, պտտիլ, ան ալ ծրագիրներեն մեկը պիտի ըլլա, թե Հայաստան, թե, Ռուսաստան, կինս կեսռուս է, գնալ, փոփոխություններ ընել, քանի որ քաղաքական կյանքը շատ բուռն և զբաղ էր վերջին տարիներուն»,-ասում է Մոնրեալի քաղաքապետարանի նախկին անդամը:

 

ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ

Իսկ հեռահար նպատակները կապված են քաղաքական գործունեության ու հայ համայնքի ապագայի հետ, որի խնդիրներն ու հայ ժողովրդի հետ առնչությունները պահպանելը, Կանադա-Հայաստան հարաբերությունները ամրապնդելը իր հեռահար ու հիմնական նպատակներից մեկն է, անկախ նրանից, որ իր գործունեության ընթացքում իր պարտքն է համարել ծառայել ինչպես ամբողջ քաղաքին, այնպես էլ հայ գաղութին:

 

«Իմ սկզբունքս և ամեն մի նախաձեռնության ծրագրի կենտրոնացումը եղած է մեր ազգի, մեր ժողովորդի իրավունքները պաշտպանել, մեր ժողովուրդի պատմական իրավունքները շեշտել, վերջին տարիներու ընթացքին շատ ծրագիրներ կրցանք իրար հետ իրագործել, առաջին  4 տարիներուն քաղաքի տարբեր հաստատություններու հետ կազմակերպած էինք ճամփորդություն Հայաստան, նշած էինք քաղաքապետարանեն ներս Հայաստանի անկախության 20-ամյակը, առաջին ձեռնարկն էր, կապեր մշակած էինք Երևանի հետ քաղաքապետարանի, նաև վերջին չորս ամյակին նախաձեռնություններ ըրած էինք»,-պատմում է մոնրեալահայ պաշտոնյան:

 

Տպավորիչ նախաձեռնություններից էր Մոնրեալի քաղաքապետարանի դիմաց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մնայուն ծաղկեպսակի տեղադրումը, որը զարմացրել էր շատերին, ինչպես նաև նույն տարում անցկացված քայլարշավը: Վստահ է, որ այս ամենը լրացնելու հնարավորությունը դեռ ունենալու է:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments