Home / Canadahye  / Կանադան՝ հանուն հայ մշակույթի, հայ համայնքը՝ հանուն Կանադայի. Միսիսոգայի Սբ Վարդան եկեղեցու համերգը՝ երկրի 150-ամյակի առթիվ

Կանադան՝ հանուն հայ մշակույթի, հայ համայնքը՝ հանուն Կանադայի. Միսիսոգայի Սբ Վարդան եկեղեցու համերգը՝ երկրի 150-ամյակի առթիվ

Ter Myuron, Araxi Altunyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Միսիսոգա (Նորանոր) _ Օնտարիո նահանգի Հալթըն Փիլլ տարածաշրջանում է գտնվում ավելի քան 100 հայ որբերին պատսպարած Ջորջթաուն բնակավայրը՝ տեղակայված Միսիսոգայից ոչ հեռու: Այս շրջանում բնակվող հայերի թիվը մեծ չէ. 6 քաղաքներում 250 ընտանիքներ, որոնք միասնական  են ու իրենց պարտականությունն են համարում ամեն առիթով շնորհակալություն հայտնել Կանադային հայ որբերին ապաստան տրամադրելու համար:

 

ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Հերթական առիթը Կանադայի 150-ամյակն է, որին նվիրված է Միսիսոգայի Սուրբ Վարդան հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի կողմից անցկացվող ամենամյա տարեկան համերգը. Կայանալու է այսօր, իսկ համերգի կազմակերպիչներն ակնկալում են նաև Տորոնտոյի և Համիլթոնի քաղաքապետարաններու աշխատող երկու կարևոր հյուրերի ներկայությունը: Նրանք Ջորջթաունի հայ որբերի զավակներն են:

 

«Նրանցից մեկին, ում ազգանունը կարծեմ փոխված է՝ Թոմ Ջեքսոն, անցյալ ամիս հանդիպեցի, կապ պահպանում են հայ համայնքի հետ և անպայման Հայոց Ցեղասպանության հիշատակման առիթներին մասնակցում են»,- Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Սուրբ Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մյուռոն քահանա Սարգսյանը:

 

ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆԸ

Տարեկան համերգներն ամեն տարի որևէ իրադարձության են նվիրվում, անցած տարի ևս երախտիքի խոսք էին հղում Կանադային սիրիահայերին ապաստանալեւ համար, մասնակիցները սիրիահայ երգիչ-երաժիշտներն էին, այս անգամ ընտրվել են միայն կանադահայ, մեծ մասամբ Կանադայում ծնված պատանիներն ու երիտասարդները, ովքեր հանդես կգան հայկական, կանադական, դասական ու ազգային երաժշտական կատարումներով:

 

Ունենք որոշ երիտասարդական ձեռնարկներ, բայց մշակույթը պակասում է, որովհետև տեղանքի հարց կա

 

«Փոքր համայնք է, և մեր սկզբունքը այն է, որ միայն հոգևորը չէ կարևորը, այլև ազգային-մշակութայինը, հատկապես երիտասարդներին ու պատանիներին խրախուսելու համար, թեև մեր համայնքի ճամբարը հայտնի է, և բավական շատ էին այս տարի մասնակիցները, ունենք որոշ երիտասարդական ձեռնարկներ, բայց մշակույթը պակասում է, որովհետև տեղանքի հարց կա»,-նշում է համայնքի հոգևոր հովիվը:

 

Ոչ միայն հիշեցնում ենք հայերին մեր հայկական գեղեցիկ մշակույթը, երաժշտությունը, այլև օտարներին

 

Տեր Մյուռոն քահանա Սարգսյանը հույս ունի, որ այդ խնդիրն առաջիկայում լուծում կստանա, ռուսաստանաբնակ հարենակիցներից մեկը խոստացել է տարեկան մեկ անգամ համայնքում ունեցած իր սրահը տրամադրել միջոցառումների համար, սա հնարավորություն կտա շատ ավելի մեծ մասշտաբի միջոցառում կազմակերպել, և, ինչպես Տեր Մյուռոնն է ասում, «Այս պարագային ոչ միայն հայեր, այլև տեղական կանադացիներ են գալիս, և ոչ միայն հիշեցնում ենք հայերին մեր հայկական գեղեցիկ մշակույթը, երաժշտությունը, այլև օտարներին»

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Այս տարվա համերգը կազմակերպելուն աջակցել է կանադահայ հայտնի երաժիշտ, դաշնակահար Արաքսի Ալթունյանը, օգնել է ձևավորել երիտասարդ ու պատանի երաժիշտների 7հոգանոց խումբը: Հոգևորականը հավաստիացնում է.

 

Ծրագրում էինք Օնտարիոյի հայ երիտասարդ երաժիշտների ցանկը պատրաստենք, կան երաժիշտներ, բայց ոչ բոլորի մասին տեղեկություն ունենք

 

«Արաքսի Ալթունյանի կապը մեր համայնքի հետ սերտ է, մեր նախկին ատենապետն իր քույրն է, և առաջիկայի համար ծրագրում էինք Օնտարիոյի հայ երիտասարդ երաժիշտների ցանկը պատրաստենք, կան երաժիշտներ՝ ջութակահար, դաշնակահար, բնիկ Հայաստանից, բայց ոչ բոլորի մասին տեղեկություն ունենք»:

 

ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՄՈՏ ՊԱՀԵԼ

Այս կարևոր նախաձեռնության համար ժամանակ կունենան, իսկ Արաքսի Ալթունյանը մեծ պատրաստակամությամբ է ձեռնամուխ եղել համերգին, թեև երիտասարդներին լավ չի ճանաչել, բայց կարողացել է գնահատել նրանց երաժշտական ունակություններն ու ճիշտ ուղղություն տալ: Noranor.ca-ի հետ զրույցում մանրամասնում է.

 

Երիտասարդներուն համար միշտ հաճույք է բեմ բարձրանալ հայկական միջավայրերու մեջ, և նվագել հայկական երաժշտություն

 

«Աս երիտասարդներն արդեն երաժշտության կհետևին, և բոլորն ալ հետաքրքրություն ցույց կու տան հայկական երաժշտության հանդեպ: Մեր հայտագրի մեծ մասը հայկական է, ունինք դուդուկ նվագող պատանի մը, որ երեք սոլո գործեր պիտի նվագե, ունինք դաշնակահար մը, որ նաև հայ կոմպոզիտորներու գործեր պիտի նվագե, ունենք ջութակահար մը, որ Հայաստան ծնած է, այս երիտասարդներն իրենց արմատներուն շատ մոտ են, իրենց մշակույթը կսիրեն, իրենց համար միշտ հաճույք է բեմ բարձրանալ հայկական միջավայրերու մեջ և նվագել հայկական երաժշտություն»:

 

Իսկ իր՝ Արաքսի Ալթունյանի համար մեծ բավականություն է նրանց հետ աշխատելը, որը տարիներ շարունակ սիրով է կատարում ու վստահեցնում.

 

 Եթե ատեն մը մեկ չհրավիրենք ու չքաջալերենք, շատ դյուրին է օտար հողին վրա երիտասարդներուն կորսնցնելը

 

«Ինծի համար հաճույք մըն է աս աշխատանքը տանիլ, մեծ սիրով ըրի, որովհետև նախ անհրաժեշտ է մեր գաղութին համար ատենը մեկ հայկական միջոցառում մը ունենալ, և այս երիտասարդները հրավիրելով՝ թե իրենց քաջալերած կըլլանք, թե կկապենք հայկական միջավայրին հետ, որովհետև բոլորն ալ օտար միջավայրերու մեջ կուսանին: Եթե ատենը մեկ չհրավիրենք ու չքաջալերենք, շատ դյուրին է օտար հողին վրա երիտասարդներուն կորսնցնելը»,-նկատում է միջոցառման մենեջերը:

 

Նա ցավով է խոսում հայ ինքնության կորստյան վտանգի մասին, մյուս կողմից կարևորում է Կանադայի վերաբերմունքը հայկական մշակույթի հանդեպ: Այս երկիրը հնարավորություն տալիս է պահպանելու այն, հաճախ նաև արժևորելով հայկականը: Օրինակներ է բերում Տեր Մյուռոն քահանան:

 

«Օրինակ, ինձ համար զարմանալի էր, երբ 2009-ին ընտանիքով այցելություն տվեցինք Քեպեք քաղաք, և այնտեղ անակնկալի եկանք, երբ ինձ հայերը տեղեկացրին, որ այնտեղ երաժշտական փողոցի վրա կա Կոմիտասի կիսանդրին: Դա խոսում է այն մասին, որ Կանադայի կառավարությունը գնահատում է հայ ժողովրդի երաժշտական ավանդը»:

 

Այդ վերաբերմունքը կվերահաստատվի, երբ արդեն նոր նախաձեռնություններ իրականացվեն 2019թ-ին Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments