Home / Armenia  / Լավագույն համայնք ճանաչված Արթիկ քաղաքը միակ սիրիահայ բնակիչ Ավետիս Ջբրայիլի աչքերով ընդամենը մի թաղամաս է

Լավագույն համայնք ճանաչված Արթիկ քաղաքը միակ սիրիահայ բնակիչ Ավետիս Ջբրայիլի աչքերով ընդամենը մի թաղամաս է

avetis jbrayil

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արթիկ (Նորանոր) _Սիրիահայ Բաշար Ջբրայիլը 2012թ-ից դարձել է Ավետիս, Հայաստան տեղափոխվելուց հետո նրա անունն էլ, սովորություններն էլ հայկական միջավայրի հետքն են կրում: Ջբրայիլի հայկական Շամիլյան ազգանունը, սակայն, նաև հայկական միջավայրում չվերահաստատեց իր տեղը: Ավետիս Ջբրայիլն այս փոփոխություններից չի նեղվում, անվանման երկու ձևն է նույն դրական իմաստն ունի՝ բարի լուր բերող:

 

Բարի լուրեր բերելու առիթներ, սակայն, Ավետիսը շատ չի ունեցել, Հալեպի պատերազմն ու դժվարությունները նրան ստիպեցին թողնել բիզնեսն ու տեղափոխվել Հայաստան, կարճ ժամանակ միայն ապրեց Երևանում, 2012թ-ից, որքան է զարմանալի է, նա իր բիզնես-գործունեությունը տեղափոխել է Հանրապետության փոքր քաղաքներից մեկը՝ Արթիկ:

 

Հայաստան տեղափոխված սիրիահայերը նախընտրում են հաստատվել մայրաքաղաքում։ Ավետիսն այն եզակի հայրենադարձներից է, որ գերադասել է աղքատության ու արտագաղթի ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզերից մեկը`   Շիրակը։ Իսկ ընտրությունը պայմանավորված էր ավելի բարձր եկամուտ ունենալու ձգտումով, ինչի հեռանկարը սկզբնական շրջանում տեսնում էր։

 

ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔ, ԱՅԼ ԹԱՂԱՄԱՍ

Հալեպից հետո 58-ամյա Ավետիսի աչքին անգամ Երևանն էր փոքր, իսկ մոտավորապես 15 հզր բնակություն ունեցող Արթիկը նրա բնութագրմամբ ոչ թե փոքր քաղաք է կամ նույնիսկ գյուղ, այլ ընդամենը մի թաղամաս:

 

«Սխալեցանք, ծախեցինք Երևան տունը, հիմա հոս կապրիմ, փոքր քաղաք է, ոչ թե փոքր է, այլ մեկ թաղ է մեզ համար, արդեն զզվել եմ, պետք է իջնամ Երևան»,-Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Ավետիս Ջբրայիլը:

 

Օրեր առաջ Արթիկ քաղաքը ճանաչվեց լավագույն համայնք, արդեն 5 տարի այստեղ բնակվող սիրիահայը զարմանքով արթիկցի գործընկերներին է հարցնում, թե որ մի առավելության համար է քաղաքը նման պատվի արժանացել։ Ըստ նրա՝ փոքրիկ այս թաղամասում, որի բնակչության թիվն ամեն օր նվազում է, որևէ զարգացում չի եղել, որի շնորհիվ կարող էր նման կոչման արժանանալ:

 

«Մոստի՞ն համար, էդ կխոսին, իբր մոստին համար, որ ամենալավ կառույց է, է հա,  ադ հասկցանք, բայց ո՞ւր է լավը»,-հարց է տալիս սիրիահայրը: Նա համեմատություններ է անցկացնում ապրելակերպերի միջև Սիրիայի հետ, որտեղ ամեն ինչ շատ ավելի մատչելի է:

 

 

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Կամրջից բացի Ավետիսին հրապուրում են նաև Արթիկի հայտնի Կարմիր վանքը կամ Լմբատավանքն ու հարակից Հառիճավանքը, այստեղ է, որ հոգնեցուցիչ աշխատանքային շաբաթից հետո արթիկցի ընկերների հետ կարողանում է փոքր-ինչ լիցքաթափվել, այլապես ուրիշ հետաքրքություններ քաղաքում չկան:

 

Հոս կփակես խանութը, տուն կելնես, տեղ չես երթա մինչև առավոտ, տեղ չկա երթալու

 

«Երևան երբ որ աշխատում ենք, ստադիոն կաշխատեինք, վերջացնեինք գործը, տուն կերթանք, հետո դուրս կգայինք, մինչև 11-12, հոս կփակես խանութը, ժամը հինգին տուն կելնես, տեղ չես երթա մինչև առավոտ, տեղ չկա երթալու, պետք է պետությունը լավ վայրեր ստեղծե, ճամփաներ սարքե»,-դժգոհում է Արթիկի վերաբնակիչը:

 

Անկախ նշած թերություններից հարմարվել ու սիրում է Արթիկն ու արթիկցիներին, մարդիկ հատկապես հյուրաընկալ են ու գրկաբաց են ընդունել իրեն՝ հնարավորություն տալով հաստատվել իր բիզնեսում:

 

Բայց ցավոք բիզնեսի զարգացումը ոչ այնքան բնակիչների բարեսրտությունով, որքան նրանց թվով ու ունեցած ֆինանսական միջոցներով է պայմանավորված: Այս հարցում քաղաքում բիզնես-հեռանկարներ չի տեսնում:

 

Առաջ մեկ-երկու խանութ շոր կծախեր, հիմա 30 խանութ է

 

«Արթիկ բան չկա, արթիկցիները կփախնին արդեն: Հա’, իմ հայրենիքս է, փառք տիրոջը, բայց գործ չկա, չեմ կարծեր, որ գան, առաջ մեկ-երկու խանութ շոր կծախեր, հիմա երեսուն խանութ է: Որ եկա հինգ տարի առաջ, գործը լավ էր, վերջը մեռավ գործը: Ասի օրը պետք է հարյուր հազար աշխատի, բայց չկա: Հիմա Գյումրին լավ է, երկրորդ քաղաքն է, բայց Երևանը վաբշե ուրիշ է»,-նշում է սիրիահայ գործիչը:

 

ՏԻՐԱՊԵՏՈՒՄ Է ԲԱՐԲԱՌԻՆ

Փոխարենն արդեն լավ է տիրա  պետում տեղի բարբառին, մյուս կողմից էլ հպարտանում, որ ոչ թե ինքն է այստեղի խոսելաձևը սովորոմ, այլ տեղացիներն են սկսել իր բարբառով խոսել, ինչն ավելի ընդունելի է համարում: Գոնե իր բարբառում, ասում է, ռուսերեն արտահայտություններ չկան:

 

Գուլպան նասկի կըսեն, մենք հայ ենք, ոչ թե ռուս, ինչո՞ւ շալվար, տաբատ է

 

«Դրացիները լավ են, երբ որ հիվանդ կելնեմ, կու գան, իրենք սորվեցան իմ լեզուս, ոչ թե ես: Պիտի հասկնաս բարբառը, նույնն է, քանի որ հայ ենք, բայց հիմա Արթիկի բարբառը ուրիշ է: Սառոչկա կըսեն իրենք, մենք շապիկ կըսենք, գուլպան նասկի կըսեն, մենք հայ ենք, ոչ թե ռուս ենք, ինչո՞ւ շավլար, տաբատ է»,-ասում է վաճառականը»:

 

Մեծ թվով խանութներ կողք կողքի, փոքր ու միջին բիզնեսի օրինակներ, բայց առանց կայուն բնակչության ու երաշխավորված եկամուտների: Սա է պատճառը, որ Արթիկում հաստատված միակ սիրիահայը մտածում է նորից Երևան տեղափոխվելու մասին, գոնե այնտեղ բնակչության թիվը մեծ է, նաև զբոսաշրջիկներ են այցելում, ինչը հնարավորություն կտա զարգացնել գործունեությունը:

 

Իսկ շատ ավելի լավ կլիներ, եթե Հալեպ վերադառնալու հնարավորոթյուն ստեղծվեր, ուրախ է, որ առիթ ունեցավ հայրենիքի ու հայրենակիցների հետ թեկուզև կարճատև շփման մեջ լինել, բայց երբ Հալեպն ու ընդհանրապես Սիրիան վերականգնվեն, միայնակ սիրիահայ տղամարդը կմտածի նաև այնտեղ վերադառնալու մասին:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments