Home / Canadahye  / Հայաստանի հետ համագործակցություն երկու ճակատներով՝ կուսակցական և ներդրումային. ՍԴՀԿ Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Համո Թաթուլյան

Հայաստանի հետ համագործակցություն երկու ճակատներով՝ կուսակցական և ներդրումային. ՍԴՀԿ Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Համո Թաթուլյան

SDHK

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան զարգացումները հիմնականում հիմնված են ռոբոտաշինության վրա, իսկ գործող արտասահմանյան ընկերություններին՝ վեբ-դիզայնի: Կա ուղղություն, որը գրեթե բացակայում է հայկական ՏՏ դաշտում. մեկ-երկու ամիս առաջ Հայաստան այցելության արդյունքում նման եզրակացության է հանգել կանադահայ մասնագետ, ՏՏ ոլորտի ճարտարապետ Համո Թաթուլյանը:
Հայաստանում մասնակցելով հայ-կանադական ֆորումին՝ հնարավորոթյուն է ունեցել ծանոթանալ տեղի ընկերությունների ու մասնագետների, համացանցի սպասարկման հնարավորություններին: Նպատակ ուներ Հայաստանում ընկերություն հիմնել. այցից հետո այդ նպատակը վստահաբար կիրագործի:

 

Համո Թաթուլյանը Բեյրութում կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է
Մոնրեալ, ապա Տորոնտո, զբաղվել է համակարգչային ծրագրավորմամբ, աշխատում է յոթ-ութ ընկերությունների հետ, միջազգային կապեր ստեղծում: Բացի դրանից, նա զբաղվում է կուսակցական գործունեությամբ, ՍԴՀԿ Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետն է:

 

Noranor.ca-ի հետ զրույցում Թաթուլյանը վստահեցրել է, որ մտադիր են Հայաստանի հետ կապերն ամրապնդել ոչ միայն ՏՏ ոլորտում ներդրման, այլև կուսակցական գործունեության ակտիվացման ճանապարհով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ է

Հայաստանյան ՏՏ ոլորտում գործունեություն ծավալելու համար այլևս խնդիր չէ ինտերնետ կապի որակը, նկատել է Համո Թաթուլյանը: Մի քանի տարի առաջ նա նկատել է նման խնդիր Հայաստանում, այսօր դա չի կարող խոչընդոտե աշխատանքը: Բացի դրանից Հայաստանում շատ ավելի մատչելի է բիզնես ծավալելը, հենց այս հանգամանքն է մասնագետին առիթ տվել  Հայաստանում ներդրում կատարելու մասին մտածել:

 

Երբ որ մեծ ընկերությունները Հնդկաստանի համար կաշխատեն, իմ ընեիքս ալ Հնդկաստանի հետ կըլլա: Փոխարեն հիմա փորձեմ Հայաստանի հետ ընեմ

 

«Հայաստանը ավելի մատչելի է, հոս օրինակի համար տարբերություն կա աշխատակից պահելու: Օրինակի համար, երբ որ մեծ ընկերությունները Հնդկաստանի համար կաշխատեն, իմ ընեիքս ալ Հնդկաստանի հետ կըլլա: Փոխարեն հիմա փորձեմ Հայաստանի հետ ընեմ: Solution-ը հեշտ չէ,  նախընտրելի է Հայաստանի մեջ ընել, քան թե Հնդկաստանի հետ, որտեղ երբեմն խնդիրներ կըլլան»,-համեմատում է Թաթուլյանը:

 

IT-ի մեջ բավական ներդրումներ կան, իսկ դուրսեն եկողները վեբ-դիզայնի վրա են, բայց Solution-ի մասը խակ է

 

Խնդիրներից մեկը թերևս Հայաստանում ծրագրավորման որոշ ուղղությունների ոչ այնքան արագ զարգացումն է, նկատել է մասնագետը, ով ներդրում կատարելիս այս ուղղությանը ևս կփորձի զարկ տալ:
«IT-ի մեջ բավական ներդրումներ կան, իսկ դուրսեն եկողները վեբ-դիզայնի վրա են, բայց Solution-ի մասը խակ է, հավանաբար հաջորդ հինգ տարիներու ընթացքին  համալսարաններու մեջ պրոգրամներ ըլլան, որ ուսանողները պատրաստ ըլլան, համալսարանը ավարտելեն ետք ինտերպրայզի մեջ մտնեն աշխատելու»,-նշում է կանադահայ մասնագետը:

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Անկախ դրանից, նա արդեն որոշել է ու հավանաբար առաջիկա մեկ տարում պատրաստ կինի հայաստանյան ընկերությունը, մասնագետների հետ որոշակի դասընթացներ անցկացնելուց հետո, կարծում է, որ այդ հարցն էլ կլուծվի:  «Ինծի համար շատ կարևոր էր հասկանալը, թե ինչ մակարդակի վրա է հիմա Հայաստանը, ինչ կարողություններ կան, և հիմա ես պատրաստության մեջ եմ, ինֆրաստրուկտուրայի պետք ունիմ, որ պիտի պատրաստիմ, որպեսզի ավելի հեշտ ըլա Հայաստանի հետ աշխատիլը»,-իրավիճակն է ներկայացնում ներդրում կատարել պատրաստվող ՏՏ ոլորտի ճարտարապետը:

 

Հայաստանի հետ տորոնտոհայ մասնագետի անելիքներն այսքանով չեն սահմանափակվում: Մտադիր է նաև քաղաքական-կուսակցական ասպարեզում առաջընթաց ապահովել: Չի հերքում, որ ՍԴՀԿ-ն, որի մասնաճյուղերից մեկի ատենապետն է ինքը, անցնող տարիներին ակտիվ չի եղել, բայց վերջին շրջանում, վստահեցնում է, որ նոր թափով են գործունեություն ծավալում, որի արդյունքը ապագայում նկատելի կլինի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԸ

«Կուսակցության աշխատանքը Տորոնտոյում վերջին երկու-երեք տարում թափ առավ, հավանաբար առաջիկայում ավելի աշխույժ պիտի ըլա, մանավանդ Հայաստանի հետ կապը, աշխատանքն ավելի ակտիվ պիտի ըլա: Նպատակը Հայաստանի սահմանների զորացմանը նպաստելն է, ինչ որ պետք է, որ Հայաստանի համար օգտակար կըլլա, փորձելու ենք ընել, թե նախաձեռնությունների միջոցով, տարբեր ծրագրերի, հյուպատոսարանի հետ համագործակցելով և ինչ որ համահայկական ըլլա, պիտի մասնակցինք»,-հավաստիացնում է ՍԴՀԿ Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետը:

 

Զիջում չկա, ներկայության հարցն է միայն

 

Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ մինչև այժմ զիջել է կուսակցությունն իր գործունեությամբ ավանդական մյուս կուսակցությանը, համաձայն չէ. «Զիջում չկա, ներկայության հարցն է միայն, իրենք շատ ավելի առաջ ներկա եղած են Տորոնտոյի մեջ, քան թե Հնչակյան կուսակցությունը»,-պատճառաբանում է կուսակցության ներկայացուցիչը:

 

Կարծում է, որ ֆինանսական ռեսուրսներն էլ դրանում դեր ունեն, այդ իսկ պատճառով փորձելու են նաև լուծել այդ հարցը, այլապես կուսակցության գործունեությունն էլ կփոքրանա:

 

Ձեր կարծիքը

Comments