Home / Armenia  / Տարկետում լինելո՞ւ Ա. Ըստ օրենքի՝ Չի լինելու, ըստ խոստումների՝ այո. Օրենքի կողմնակիցներն ու ընդդիմադիրները

Տարկետում լինելո՞ւ Ա. Ըստ օրենքի՝ Չի լինելու, ըստ խոստումների՝ այո. Օրենքի կողմնակիցներն ու ընդդիմադիրները

Tarketim

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) – «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» բավական մեծ աղմուկ հանած ՀՀ օրենքների նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով խորհրդարանական չորս խմբակցություններից երեքի աջակցությունը: Ըստ այդմ` բարձրագույն կրթություն ստացողներն այլևս չեն կարող օգտվել տարկետման իրավունքից։

 

Օրինագիծը ուսանողական ընդվզման ու բողոքի ակցիաների տեղիք տվեց, նրանք պահանջում են ուսանողին գիտական աշխատանքով զբաղվելու հնարավորություն տալ՝ վստահ լինելով, որ միշտ չէ, որ լավ գիտնականը կարող է նաև լավ սպա լինել:
Կա հակադարձ բևեռը, ըստ որի հայրենիքի պաշտպանության զբաղվող սպա-գիտնականը շատ ավելի նվիրյալ կլինի, իրատեսորեն կգնահատի իրավիճակը: Այս ամենի շուրջ կարծիքները երկփեղկվում են: Noranor.ca-ն փորձել է հասկանալ երկու կողմերի պարզաբանումները:

 

 

ՕՐԵՆՔԻՆ ԿՈՂՄ

Պատահական չէ, որ Սփյուռքը ևս ակտիվորեն արձագանքում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին. հենց նրանց ջանքերով Ապրիլյան պատերազմից հետո մեծաքանակ օժանդակություն ուղարկվեց Հայաստան և Արցախ:

 

Կանադայի Մոնրեալ քաղաքում ձևավորված «Մոնրեալ զինվոր» խումբը դրանցից մեկն է, որը պարբերաբար Հայոց բանակի պաշտպանության նպատակով զինվորական պարագաներ է ուղարկում Արցախի սահմանային զորամասերից որևէ մեկը: Հայրենասիրական այս նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Հայաստանից Կանադա տեղափոխված գործարար Տիգրան  Սարգսյանը կողմ է օրինագծերի ընդունմանը: Նա իր կարծիքն է արտահայտել օրինագծերի մասին:

 

Տարկետումը ծառայել է բանակից խուսափելու ու ուսումը շարունակելով հետագայում ավելի վարձատրվող աշխատանք գտնելուն

 

«Տարկետման իրավունքից մինչև օրս քանի՞ հազար տղա է օգտվել, քանի՞սն են գիտնական դարձել ու երկրին պիտանի քանի՞ գյուտ են արել…
Տարկետումը ծառայել է բանակից խուսափելու ու ուսումը շարունակելով հետագայում ավելի վարձատրվող աշխատանք գտնելուն: Բոլորս էլ դա լավ գիտենք: Զարմանում եմ, թե խի՞ ենք էսքան շոշափում էս թեման: Պիտի «ապագա» գիտնականը առաջին գիծ ծառայի, որ նախ հասկանա` ինչա հայրենիք պաշտպանելը, որ վաղն էլ պաշտպանության համար աշխատի մի«գյուտ» անի»,-կարծիք է հայտնել Տիգրանը:

 

Noranor.ca-ի հետ զրույցում նա հիմնավորեց իր տեսակետը՝ նշելով, որ վստահաբար յուրաքանչյուր տղա պետք է բանակում ծառայի, և էական չէ՝ բանակը զինվորներով համալրման խնդիր ունի, թե ոչ:

 

Եկեք նայենք մեր շուրջը. տարբերություն տեսնո՞ւմ եք ծառայած, չծառայած ու առաջնագծում ծառայած տղաների միջև: Ես տեսնում եմ

 

«Գիտությունն էլ ծառայությունից չի տուժի, այլ միայն կշահի՝ ունենալով ստիմուլ ինչ-որ բան ստեղծելու, հորինելու: Եկեք նայենք մեր շուրջը. տարբերություն տեսնո՞ւմ եք ծառայած, չծառայած ու առաջնագծում ծառայած տղաների միջև: Ես տեսնում եմ»,-համոզմունք է հայտնում Լավալում բնակվող երիտասարդը:

 

ՊՆ ԽՈՍՏՈՒՄԸ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը արձագանքել է օրինագծի ընդունմանը՝ հավաստիացնելով, թե դրա ընդունումը չի համարում իր հաղթանակը դրևան դեմ արտահայտվողների նկատմամբ, այլ այն լինելու է շարունակական համագործակցության սկիզբը:

 
Նախարարի խոսքում հավաստիացում կա, որ դեռ կշարունակեն քննարկումները, կընդունվեն ենթաօրենսդրական ակտեր, որոնցով փոփոխություններ կմտցվեն:

 

 

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔԻ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՆԴԵՊ

Սա արդեն իսկ անվստահության հիմքեր է ստեղծում ոչ միայն այս, այլև ընդհանրապես օրենքների նկատմամբ: Անվստահությունը ամենալուրջ խնդիրն է, որն արմատավորված է հասարակության մեջ: Արդյո՞ք այն հնարավոր է արմատախիլ անել:

 
Հայագիտական Համազգային կենտրոնի նախագահ Գևորգ Ներսիսյանը վստահ է, որ Վիգեն Սարգսյանն ի զորու չէ կարճ ժամկետներում ու նման կադրային արսենալով դա իրականացնել վերացնել անվստահությունը: Նա ավելի խիստ է օրենքի մասին որակումներում:

 

Ես չեմ կարող այն օրենք համարել, նույնիսկ Վարչապետն է այն առոչինչ համարում, քանի որ խաղի կանոնները կարգավորվելու են ենթաօրենսդրական փաստաթղթերով

 

«Ես չեմ կարող այն օրենք համարել, նույնիսկ Վարչապետն է այն առոչինչ համարում, քանի որ խաղի կանոնները կարգավորվելու են ենթաօրենսդրական փաստաթղթերով։ Այսինքն դեռևս անհայտ է, թե նման Օրենք ընդունելը ինչպիսի դերակատարում կունենա գիտության զարգացման և զինվորական ծառայության կազմակերպման գործում»,-նշում է Ներսեսյանը:

 

Նա հակված չէ նույնիսկ ենթաօրենսդրական ակտերի ստեղծման նպատակով կազմակերպվելիք քննարկումներց դրական արդյունք ակնկալել: «Այսպիսի դեպքեր եղել են, սակայն արդյունքը հիասթափությունն էր»,-պարզաբանում է Տարկետման կողմ քաղաքացին:

 

Հայագիտական համազգային կենտրոնի նախագահը վստահ է, որ լավ սպա դառնալու համար պարտադիր չէ ծառայությունը, լավ գիտնականն արդեն իսկ սպա է:
«Այլ բան է, եթե Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երում Ռազմագիտության ամբիոնները մասնավորեցվել ու վերացվել են, և ուսանողները գիտնական դառնալու իրենց ուսումնական շրջանում չունեն այդ առարկան, որպեսզի ժամանակին զինվորական սպայի կրթություն ստանան։ Իսկ հիմա ԲՈՒՀ ավարտելով` Պաշտպանության նախարարության կողմից լեյտենանտի կոչում տալը ․․․ ուղղակի չգիտեմ ինչ գնահատական տալ։ Լեյտենանտի կոչում տրվում է զինվորական համապատասխան կրթություն ստանալու դեպքում և դրանից բխում է իր զինվորական մասնագիտությունը՝ ռադարային համակարգեր, հրետանային համակարգեր, և այլն»,-կարծիք է հայտնում Հայագիտական Համազգային կենտրոնի նախագահը:
Եթե տվյալ գիտնականի գիտական աշխատանքները կիրառելի են ռազմարդյունաբերության մեջ, նա արդեն իսկ լավ սպա է, և նրա հանդեպ պետք է համապատասխան մոտեցում լինի, վերապատրաստվելու և այլ հնարավորություններ տրվեն:
Ի վերջո, ի՞նչ քայլեր կհաջորդեն օրենքի ընդունմանը, Պաշտպանության նախարարի խոստացած ենթաօրենսդրական փաստաթղթերը կանդրադառնա՞ն իրավիճակի վրա, թե՞ պարզապես ձևական բնույթ կկրեն, պարզ կդառնա քննարկումների ընթացքում, իսկ մինչ այդ ուսանողները, քաղաքական ուժերն ու քաղաքացիական կազմակերպությունները պետք է պահանջեն՝ Տարկետում լինեու Ա, անկախ նրանից, որ օրենքն ասում է՝ Չի լինելու:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments