Home / Armenia  / Իմ հայկական կողմը. Հայաստանում ՏՏ միջազգային խոշոր ընկերության հիմնադիր Արմինե Սաիդին շարունակում է բացահայտել Հայաստանը

Իմ հայկական կողմը. Հայաստանում ՏՏ միջազգային խոշոր ընկերության հիմնադիր Արմինե Սաիդին շարունակում է բացահայտել Հայաստանը

Armine Saidi

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Մեծ չափսերի թանկարժեք սարքավորումները փոխարինել միկրոսարքերով, որոնք օգտագործելը շատ ավելի դյուրին է, գինն էլ՝ մատչելի. Սա WICASTR ընկերության համահիմնադիր, ՏՏ ոլորտի մասնագետ կանադահայ Արմինե Սաիդի նպատակներից մեկն է եղել, որը հաջողությամբ իրագործել է:

 

Դեռ 15 տարի առաջ, ինչպես ինքն է ասում, Սաիդին գաղափար չուներ համակարգիչների ու առավել ևս ՏՏ ոլորտի զարգացումների մասին: «90-ականների վերջին էր, երբ Ինտերնետը համարվում էր հերթական խոշոր նվաճումը, ինչպես շատերը, ես ևս անմասն չմնացի: Իմ բախտը բերեց, քանի որ իմ կարիերայի սկզբում ես աշխատեցի խելացի ու հաջողակ գործարարների հետ, որոնցից շատ բան սովորեցի»,-պատմում է նա, ով այսօր արդեն անլար կապի ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է ղեկավարում:

 

Իսկ վերջին երեք տարիներին ընկերությունն իր գործունեության մի մասը տեղափոխել է նաև Հայաստան: Ընկերության հանդեպ Granatus Ventures հիմնադրամի ցուցաբերած հետաքրքրությունն է առիթ դառնում Հայաստան այցելության, որտեղ ծանոթանում է բիզնես-միջավայրին ու որոշում աշխատել այստեղ:

 

ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ…

Արմինե Սաիդին կանադացի է, ում ծնողները Կանադա են տեղափոխվել Իրանից, նրա միայն մայրն է հայ, և եթե չլիներ այս հանգամանքը, նա հնարավորություն չէր ունենա առնչվել մոր հայրենիքի հետ, որի մասին այսօր սիրով է խոսում, իսկ ՏՏ ոլորտի զարգացման մեծ հեռանկարներ է տեսնում:

 

Հիմա ես ապրում եմ Երևանի, Մոնրեալի և Բեռլինի միջև

 

2006թ-ին Մոնրեալում է սկսում գործունեությունը, հետագայում տեղափոխվում տարբեր երկրներ՝ Մեծ Բրիտանիա, ԱՄն, Գերմանիա և այլն: «Հիմա ես ապրում եմ Երևանի, Մոնրեալի և Բեռլինի միջև»,-ասում է կանադացի Սաիդին: Իսկ Հայաստանում գործունեություն սկսելը համարում է իր լավագույն որոշումներից մեկը:

 

 

Ես հիմա զանգահարում եմ Երևան՝ իմ տուն, և դա երկար է շարունակվելու

 

«Հայաստան գալը եղել է իմ ամենահետաքրքիր ու գործնական որոշումներից մեկը: Դա ինձ թույլ տվեց բացահայտել ու ուսումնասիրել իմ հայկական կողմը: Մի բան, որը միշտ եղել է իմ կյանքում, բայց ինչ-որ տեղ թաքնված էր: Ես հիմա զանգահարում եմ Երևան՝ իմ տուն, և դա երկար է շարունակվելու: Այստեղ ես հիանալի փորձ ձեռք բերեցի, ու հանդիպեցի արտասովոր մարդկանց»,-պատմում է ԱյԹի ոլորտի մասնագետը:

 

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ

Ծնողներից մեկի հայրենիքը բացահայտելը ձեռքբերումների մի կողմն է, մյուս կողմից ունեցել է մասնագիտական ձեռքբերումներ, Հայաստանն օգնել է վերափոխել ընկերության տեսլականը, շարունակելու են ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսական դաշտում, զարգացնել ընկերությունը, ինչպես նաև ակտիվորեն օգնելու է ոլորտի մասնագետներին դառնալու լավ առաջնորդներ, խոստանում է Արմինե Սաիդին:

 

Այս աշխատանքը հեշտ չի լինելու, այսօր էլ կան դժվարություններ, որոնք հաղթահարում են, կարևորագույն խնդիրներից մեկը, ինչպես շատերն են նկատել, մասնագետների արտահոսքն է.

 

Տաղանդավոր մասնագետներից շատերը լքում են երկիրը կամ կլքեն, եթե հնարավորություն ունենան

 

«Հայաստանն ունի տաղանդավոր, ինժեներական հմտություններով մասնագետներ ու դպրոց, որը կարող է ապահովել ապագայի տաղանդավոր մասնագետներ, նաև ունի ինչպես տեղական, այնպես միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Բայց ես երկու կարևոր խնդիր եմ տեսնում. Առաջինն այն է, որ այդ տաղանդավոր մասնագետներից շատերը լքում են երկիրը կամ կլքեն, եթե հնարավորություն ունենան: Դա բերում է մեկ այլ խնդրի.  Տաղանդավոր աշխատուժի անբավարարության»,-նշում է ընկերության հիմնադիրը:

 

ՈՐՊԵՍ ՀԵՏԵՎԱՆՔ

Այդ տաղանդավոր մասնագետների համար ընկերությունները մրցակցում են, մեծ է նաև միջազգային պահանջարկը, հետևաբար առաջարկը չի բավարարում, ինչը հանգեցնում է աշխատավարձերի բարձրացման, այս իրավիճակը շարունակվելու դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան, կանխատեսում է Արմինե Սաիդին:

 

Լավագույնը դեռ առջևում է

 

Անկախ խնդիրներից, Հայաստանում կարևոր ու նկատելի զարգացումներ է տեսնում ոլորտում,քիչ չեն տեխնոլոգիական ընկերությունները, որոնք այսօր մեծ դեր են խաղում դաշտում, իսկ ամենակարևորն այն է, շեշտում է նա, որ «Այս ամենը Հայաստանում զարգացման նախնական փուլում է և լավագույնը դեռ առջևում է»:

 

Սրանում համոզվել է նաև վերջերս Կանադայի հյուպատոսարանի կազմակերպած հայ-կանադական ֆորումի ժամանակ, թեև դեռ վաղ է այդ քննարկումների արդյունքների մասին խոսելը, բայց մասնագետը սպասում է կարևոր զարգացումների, իսկ առավել անհամբերությամբ սպասում է նմանատիպ հանդիպում-քննարկումների:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments