Home / Canadahye  / Այս տարի ալ մեր հավաքագրածը շատ բարձր թիվ է՝ 530 հզր դոլար. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Մկրտիչ Մկիրտիչյան

Այս տարի ալ մեր հավաքագրածը շատ բարձր թիվ է՝ 530 հզր դոլար. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Մկրտիչ Մկիրտիչյան

Mkrtich Mkrtichyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի այս տարվա պատվավոր հյուրը Կանադայի և Շոտլանդիայի ամենամեծ սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժոր Փիթեր Ունջյանն է եղել: Անգլիախոս հայ, ով 2018թ-ին ամենայն հավանականությամբ պետք է ժամանի Երևան՝ ղեկավարելու պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:

 

IMG_0008«Հայաստան» հիմնադրամի 25-ամյակի առիթով ընդարձակ դահլիճում հավաքված 425 անձանց համար նրա խոսքը ազդեցիկ է եղել: Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, ով 1992թ-ից հիմնադրամի աշխատանքներում է ընդգրկված, տպավորվել է նրա ելույթից: Noranor.ca-ին հերթական դրամահավաքի առիթով տված հարցազրույցի ժամանակ պատմում է.

 

Ինքը բացատրեց, թե ինչպես մարդ մի օր աշխարհահռչակ  կդառնա, ինչպիսին ինքն է, պետք է խորը նայե իր արմատներին ու ետ տա մի բան

 

«Շատ հետաքրքիր էր իր խոսքը, ինքը բացատրեց, թե ինչպես մարդ մի օր աշխարհահռչակ  կդառնա, ինչպիսին ինքն է, պետք է խորը նայե իր արմատներին ու ետ տա մի բան: Այդ ձևով ինքն էլ խրախուսեց ժողովուրդին»:

 

Արդյունքում, Տորոնտոյի մասնաճյուղին հաջողվել է հավաքագրել 530 հզր դոլար, որը նվիրաբերվելու է հեռուստամարաթոնին։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը:

 

ՊԱՇՏԵԼԻ ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸIMG_0017

Ճաշկերույթի հաջորդ կարևոր իրադարձությունը եղել է ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի մարզաշապիկի վաճառքը: Մկրտիչ Մկրտչյանը մեծ սիրով է պատմում այդ մասին՝ ասելով. «Հենրիկ Մխիթարյանին մենք ամենքս պաշտում ենք, երկու տարի առաջ, երբ նա Գերմանիա Դորտմունդում խաղում էր, ճարել էի շապիկը՝ իր ստորագրությամբ, այն ժամանակ մեր պատվո հյուրը Գանձասարի հովիվ Տեր Հովհաննես Հովհաննիսյանն էր, իր ներկայությամբ աճուրդի հանեցի շապիկը և այն ատեն 15 հզր ամերիկյան ծախեցի»:

 

Ես իրեն լուր ուղարկեցի, շնորհակալական, որ քո շապիկը իզուր չգնաց, ինքն էլ մաս կազմեց մեր ծրագիրներում

 

Այս անգամ ևս առաջարկել է Մխիթարյանին շապիկը նվիրել, Մանչեսթր-Յունայթեդ թիմի մարզաշապիկը հայտնվել է աճուրդում և վաճառվել 20 հզր ԱՄՆ դոլարով: «Դա էլ խանդավառություն ստեղծեց, ծախեցինք, և ես իրեն լուր ուղարկեցի, շնորհակալական, որ քո շապիկը իզուր չգնաց, ինքն էլ մաս կազմեց մեր ծրագիրներում»,-նկարագրում է Մկրտիչյանը:

 

IMG_0013ՏՈՐՈՆՏՈՅԻՆԸ ԱՄԵՆԱԲԱՐՁՐՆ Է

Ընդհանուր առմամբ հաջողվում է ակնկալվող գումարը հավաքագրել, ինչը, սակայն, անցած տարվա համեմատ, գրեթե կիսով չափ պակաս է: Անցած տարի, հիշեցնենք, հավաքագրվել էր 1 մլն 200 հզր ԱՄՆ դոլար: Ինչո՞վ  սա պայմանավորված: Հիմնադրամի ատենապետը պարզաբանում է.

 

«Անցած տարի մենք ունեինք մի անձ, ով տվավ 500 հզր դոլարը մասնավոր մի ծրագրի համար՝ Նալբանդյան գյուղի դպրոցի կապիտալ վերանորոգման համար, այդ պատճառով անցած տարի բացառիկ տարի մըն էր: Այս տարի ալ մեր հավաքագրածը շատ բարձր թիվ է, որովհետև Տորոնտոյի հայ համայնքը ընդամենը 25000 մարդ կկազմե, եթե դուք մյուս գաղութների մարդկանց թիվերը նայեք և բաժանեք բերած գումարներուն, Տորոնտոյինը ամենաբարձրն է»,-վստահեցնում է Հիմնադրամի ատենապետը:

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

Այսինքն՝ գումարի կրճատվելը բոլորովին էլ անվստահության հետևանք չէ, վստահեցնում է Մկրտիչյանը: Հաճախ է այս հարցը բարձրացվում, որ վստահությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանդեպ վերջին տարիներին նվազել է, բարերարներն անձամբ են ուզում միջոցներ հատկացնել բարեգործական ծրագրերի՝ առանց միջնորդ ունենալու Հիմնադրամը:

 

Մկրտիչյանը համաձայն չէ սրա հետ: Իրենց նվիրաբերությունը չի ավարտվում գումար փոխանցելով, այլ, հավաստիացնում է, որ քայլ առ քայլ նվիրատուներին իրազեկում են ծրագրերի ընթացքի մասին: Ինքն անձամբ է այցելում Հայաստան ու Արցախ՝ հետևելով շինությունների շահագործմանը: Օրինակներ է բերում:

 

Միայն չեմ գնում ժողովների, այցելությունների, կերուխումի, ես գնում եմ մեր բոլոր ներկա և անցյալ ծրագրերը մեկ-մեկ այցելում եմ

 

«Ամեն տարի, երբ ես այցելում եմ Արցախ և Հայաստան, միայն չեմ գնում ժողովների, այցելությունների, կերուխումի, ես գնում եմ մեր բոլոր ներկա և անցյալ ծրագրերը մեկ-մեկ այցելում եմ, մենք 1995-ին Ստեփանակերտի ֆիզմաթի վարժարանը կառուցել էինք Գրանսիայի և Արևգենտինայի հետ, ամեն տարի այցելում եմ, քանի աշակերտ կա և այլն»,-վստահեցնում է մեր զրուցակիցը:

 

Ավելին, ծրագրերի շարունակականություն մասին են հոգում, օրինակ է բերում Նալբանդյան գյուղի դպրոցը, որի բարերարը ցանկություն է հայտնել նաև սպորտային հրապարակ կառուցել: Պատմում է նաև արձանագրած հաջողությունների մասին.

 

«Երբ Շոշ գյուղի դպրոցը բացինք 2004-ին, 68 աշակերտ կար, այս տարի՝ 105: Մատաղիսի դպրոցը, գիտեք՝ ինչ կատարվեց քառօրյայի ընթացքին, մեծ վանսներ էր կրել, ես 2016-ի մայիսին այցելեցի և անմիջապես որոշեցի, որ պետք է կապիտալ վերանորոգենք, որ ժողովուրդը ետ գա, էդպես էլ եղավ, էսօր դպրողի մեջ 90 աշակերտ կար»:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎIMG_0011

Ի վերջո, որպես վստահության հավաստիք, անձնական ներդրումների մասին է խոսում: Ինքը ոչ միայն գումար է հգավաքում, այլև անձամբ է մասնակից դառնում Մարաթոնին, ինչը չէր անի, եթե վստահություն չունենար: «Ես պետք է խենմթ լինեմ, իմ դժվարությամբ վաստակած փողս տամ, եթե գիտեմ, որ պիտի կորի»,-ասում է անգլիախոս կանադահայերի հատվածի համար պատասխանատու անձը:

 

Այդ մարդը, որ ասում է՝  իմ ձեռքովս կանեմ, ուզում եմ գիտնալ՝ ինչ է արել և հինգ տարի հետո շենքը դեռ հո՞ն է, ջեռուցման համակարգը աշխատո՞ւմ է

 

Ոչ բոլորն են, որ կարող են անձամբ որևէ արդյունավետ բարեգործական ծրագիր իրականացնել հայրենիքում, կարծում է հիմնադրամի կանադահայ պատասխանատուն՝ հիմնավորելով այսպես. «Այդ մարդկանց ծրագրի արդյունքը ուզում եմ տեսնալ, մենք մինչև այսօր Տորոնտոյի համար 72 ծրագիր իրականացրել ենք, ամեն մեկը կարող եք այցելել, ոչ մեկ հատին պատը չէ բլած կամ տանիքը: Այդ մարդը, որ ասում է՝  իմ ձեռքովս կանեմ, ուզում եմ գիտնալ՝ ինչ է արել և հինգ տարի հետո շենքը դեռ հո՞ն է, ջեռուցման համակարգը աշխատո՞ւմ է»:

 

Վստահեցնում է, որ իրենց ծրագրերի դեպքում նման թերացումներ չեն լինում, իսկ ճաշկերույթ-դրամահավաքի ժամանակ այդ ամենը ներկայացվում է հավաքվածներին:

 

ՉԿԱ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր առմամբ, սկսած 1992թ-ից, մասնակիցների թիվը հասնում է 500-ի, 25 տարի շարունակ գրեթե չի փոխվում նաև նվիրատուների, այսպես ասած, բանակը: Սա մտահոգության տեղիք է տալիս հիմնադրամի ատենապետին, չկա սերնդափոխություն, հետևաբար կա մտավախություն, որ մասնակցության ցուցանիշը կնվազի:

 

Մենք կարոտը ունեինք, և այդ կարոտը փոխանցեցինք էներգիայի և գործունեության, անոր համար հիմա հեշտ չի երիտասարդությունը ներգրավել այս գործի մեջ

 

«Իհարկե, պետք է սերնդափոխություն լինի, բայց այդքան ալ հեշտ չի. Մեր սերունդի ժամանակ էր, որ անկախություն եղավ, մեզ համար դրոշ, ազգային հիմն և այլն, օպլիմպիադաներուն մասնակցող հայկական թիմ չկար, նայում էինք հեռուստացույցից, ասում էինք՝  այս մեկը հայու կնմանե, հիմա չկա այդպիսի բան: Հայաստանը շատ սովորական բան է: Մենք կարոտը ունեինք, և այդ կարոտը փոխանցեցինք էներգիայի և գործունեության, անոր համար հիմա հեշտ չի երիտասարդությունը ներգրավել այս գործի մեջ, բայց պետք է անենք, ուրիշ տարբերակ չկա»,-ասում է Համահայկական մարաթոնի 25 տարվա մասնակիցը:

 

ՋՈՒՐԸ ԿՅԱՆՔ Է

«Ջուրը կյանք է». Տորոնտոհայերի այս տարվա մասնակցությունն այս կարգախոսով է «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող մարաթոնին: Սա նշանակում է, որ ոռոգման համակարգերի անցկացման գործին է նվիրաբերվելու գումարի հիմնական մասը. 4 ցանց են կառուցելու, որոնք կապահովեն 4 համայնքների հողատարածքների ոռոգումը:

 

Այսօրվա դրությամբ Արցախի 100-են 7-ը մշակված է, որովհետև ջուրը չի հերիքում, հիմա, որ ջրամատակարարումը սկսվի, հուսամ, որ կդառնա 100-են 14

 

«Հիմա պիտի սկսինք գյուղերի ոռոգման ծրագիրը, խորունկ հոր պիտի փորենք, ջուըր բերենք, որպեսզի մասնավորաբար Արցախի մեջ ոռոգման դաշտերը շատանան, աս թե բարեգործություն պիտի լինի, թե կոնկրետ ծրագիր, որ ընտանիքները այգիներ ստեղծեն ու իրենց հողերից ստացվածը վաճառեն: Այսօրվա դրությամբ Արցախի 100-են 7-ը մշակված է, որովհետև ջուրը չի հերիքում, հիմա, որ ջրամատակարարումը սկսվի, հուսամ, որ կդառնա 100-են 14»,-ասում է Արցախի զարգացմամբ մտահոգ տորոնտոհայը:

 

Նշենք, որ Արցախի հողատարածքների մոտ 60 տոկոսը չի ոռոգվում, սակայն ներդրումները ամբողջությամբ չէ, որ ուղղվելու են ոռոգման նպատակին: Մինչ օրս Արցախում 8 տուն են կառուցել բազմազավակ ընտանիքների համար, դրանց կավելանա ևս 2-ը, իսկ 2 ընտանիք էլ Գյումրիում հրաժեշտ կտա տնակներին:

 

Ծրագրի մասնակիցներից մեկն էլ իր նվիրատվությունը ցանկացել է ուղղել հասարակական զուգարանների կառուցմանը: Անցած տարիներին զբոսաշրջային վայրեր համարվող տարածքներում 3 այդպիսի սանիտարական կենտրոններ են կառուցել, այս տարի ևս երկուսը կկառուցեն նորակառույց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին:

 

 

Ձեր կարծիքը

Comments