Home / Armenia  / Հայրենադարձության հայեցակարգ՝ արտագաղթի ֆոնին. Ո՞ր դեպքում իրականություն կդառնա Սերժ Սարգսյանի հայտարարած 4 մլն բնակչություն ունենալու հավակնոտ ծրագիրը

Հայրենադարձության հայեցակարգ՝ արտագաղթի ֆոնին. Ո՞ր դեպքում իրականություն կդառնա Սերժ Սարգսյանի հայտարարած 4 մլն բնակչություն ունենալու հավակնոտ ծրագիրը

hayrenadarcutyan hayecakarg

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ-ում 2017թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմում է 2 մլն 979 հզր մարդ՝ մոտ 14 հզր-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և 26 հզր-ով պակաս 2015թ-ի համեմատ: Բնակչության թվի նվազման այս միտումները անգամ պաշտոնական տեղեկատվության մեջ են տեսանելի ու շարունակական: Այլ աղբյուրներն արտագաղթի ավելի մեծ ցուցանիշ են ներկայացնում՝ նշելով, որ տարեկան, օրինակ, 30 հզր մարդ է լքում երկիրը:

 

Սեպտեմբերին Երևանում կայացավ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը, որի ընթացքում այս՝ արտագաղթի թեման բացակայում էր օրակարգից, փոխարենը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց երկրի բնակչության թիվը ավելացնելու մասին՝ մասնավորապես նշելով, որ 2040թ-ին այն կհասնի 4 մլն-ի:

 

Իսկ նախագահի խոսքը հիմնավորելու համար ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր Հայրենադարձության հայեցակարգ մշակելու մասին: Որքանո՞վ է ի վիճակի Հայաստանի նման տնտեսություն ունեցող երկիրը կազմակերպելու ծրագրված հայրենադարձություն, այն դեպքում, երբ տարերային պատճառներով սկիզբ առած հայրենադարձությունը՝ սիրիահայերի վերադարձը, ի հայտ բերեց բազմաթիվ մի շարք խնդիրներ, որոնց պատճառով սիրիահայերի մի մասը չմնաց Հայաստանում:

 

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Նորանկախ Հայաստանում ծրագրված հայրենադարձություն երբևէ չի կատարվել, Խորհրդային իշխանությունները 1921-1937, ապա՝ 1946-48թթ., 1960-ականներին կազմակերպեցին հայերի զանգվածային ներգաղթ Խորհրդային Հայաստան։

 

Այնուհետ  եղել են ոչ ծրագրված՝ տարերային հայրենադարձության ալիքներ։ Որպես այդպիսիք Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ Վահրամ Հովյանը առանձնացրել է երեքը.

 

  1. 1989-91թթ. – ադրբեջանահայության զանգվածային ներհոսքը Հայաստան՝ կապված Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ բնակավայրերի հայկական կոտորածների հետ։ Հայրենադարձության այս տարերային ալիքի հետևանքով Հայաստանում հայտնվեց ավելի քան 300 հազար ադրբեջանահայություն։
  2. 2003թ. – իրաքահայության զգալի քանակության ներհոսք՝ պայմանավորված իրաք-ամերիկյան պատերազմով։ Այս ալիքի ժամանակ մոտ 1000 իրաքահայ գաղթեց Հայաստան։
  3. 2011-ից առ այսօր – սիրիահայության զգալի քանակությամբ ներհոսքը Հայաստան՝ պայմանավորված 2011թ. սկիզբ առած և մինչ օրս շարունակվող սիրիական ճգնաժամով, ավելի կոնկրետ՝ պատերազմով։ Համաձայն ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալների՝ սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ապաստանել է մոտ 17 հազար սիրիահայ։

 

Նորանկախ Հայաստանում  ամենաազնիվ ձգտումների դեպքում էլ որքանո՞վ կհաջողվի իրականացնել ներգաղթ, ի՞նչ տնտեսական ու սոցիալական ռեսուրսներ պետք է գործի դնել՝ մի կողմ թողնելով միայն հայրենասիրության գործոնը, դեռևս շատերը պատկերացում ունենալ չեն կարող: Օրինակ Կանադան, որտեղ պարբերաբար ներգաղթ է իրականացվում, խրախուսվում ամենատարբեր ազգերի բնակչության ներհոսքը երկիր, հսկայական միջոցներ է ծախսում: Որքան էլ հեռու են համեմատվող երկրները՝  թե իրենց մեծությամբ ու ֆինանսական ռեսուրսներով, թե սոցիալ-տնտեսական վիճակով, թե պատերազմական ու ոչ պատերազմական երկիր լինելու հանգամանքով, սակայն սա հարկավոր է անել հասկանալու համար, թե Հայաստանն ինչպես կարող է գնալ նման քայլի:

 

Փորձագետ Վահրամ Հովյանը միջոցառումների լայն ցանկ է առաջարկում հայրենադարձություն իրականացնելու համար, ինչպիսին, օրինակ, հենց հայեցակարգի մշակումն է, որից էլ բխում են հայրենադարձների համար հատուկ ֆոնդի ստեղծումը, համահայկական հզոր կառույցների ֆինանսական ու մարդկային ներուժի կենտրոնացումը,  հարկային օրենսդրության վերանայումը հայրենադարձների նկատմամբ և այլն:

 

Թե ինչպիսին կլինի իշխանությունների քայլերը այս ուղղությամբ, պարզ կդառնա արդեն իսկ հստակ քայլերի դեպքում: Անկախ դրանցից, ներկայում էլ սփյուռքահայերից ոմանք առանց որևէ նախապայմանի, զուտ հայրենասիրության հանգամանքից մղված նախընտրում են Հայաստանում ապրել, մյուսները հարմար առիթի են սպասում, բայց շատերը չեն կարծում, որ իրենց համար հայրենիքը կարող է բնակավայր դառնալ:

 

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՉԻ ԱՊՐԻ

485285_487178524677891_1312724285_nԿանադահայ փորագրիչ, տարբեր պարբերականների թղթակից Մատաթ Մամուրյանը, ով նաև ակտիվ է հասարակական կյանքում, անկեղծ է իր հարցազրույցում  Noranor.ca-ի հետ: Ասում է, թե չի կարծում, որ իշխանությունների կողմից հատուկ հայեցակարգ մշակվելու և  հայրենադարձության ալիք լինելու դեպքում ինքը կվերադառնա Հայաստան: 68-ամյա վարպետը այնքան էլ  հետաքրքրված չէ Հայաստանի քաղաքական, տնտեսական զարգացումներով, բայց նման հայեցակարգի մասին խոսելն իսկ արդեն կարևոր քայլ է համարում:

 

«Արդեն լավ է սկզբունքով, որ ինչ-որ ջանքեր կկատարվին մանավանդ հիմա, գործի բերմամբ, որ հայրենադարձ ըլլա, իսկ թե որքանով պիտի նպաստեն, ժամանակը կցուցցնե»,-ասում է նա:

 

Թե ինչ կարևոր կետեր պետք է ներառի հայեցակարգը, որպեսզի սփյուռքահայը ցանկանա վերադառնա Հայաստան, նա չի խոսում այդ մասին, միայն կարծում է, որ վերադարձողներին պետք է գործելու հնարավորություն տրվի, սա երկուստեք արդյունավետ կլինի:

 

«Իմ կարծիքովս գործնականում առաջին հերթին հայրենասիրությունն է,  և եթե մարդիկ, որ իրենց անձնական գործերն ունին, որ անցյալին ըրած են: Ես ներկա չեմ եղած Հայաստանում և տարբերությունները չեմ տեսած, ինչ որ կիմանամ, հառաջացումները կան անշուշտ: Կկարծեմ, որ ներսում պետք է որևէ սփյուռքահայ, եթե կրնա գործի բերմամբ գործ ստեղծի այդտեղի ժողովուրդի համար, ադիկա կրնա տեղացի ժողովուրդին գործ ստեղծի»,-նշում է տորոնտոհայ թղթակիցը:

 

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ12523141_10153329365152405_3166862719240603984_n

Կանադայի մայրաքաղաքում է ապրում Մովսես Քեոշկերյանը, ում հետաքրքիր է Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն՝ լինի մշակութային, քաղաքական թե տնտեսական հարցերի վերաբերող: Սրտացավ է ամեն հարցում, հատկապես հետաքրքրվում է հայրենադարձ եղած կանադահայերի կյանքով: Սա է պատճառը, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնա Հայաստան, միայն թե այժմ դրա համար լուրջ խոչընդոտ է համարում ներկա իշխանության կառավարումը:

 

Նա ընդհանրապես չի հավատում, որ ներկա իշխանության կառավարման օրոք հնարավոր է՝ իրականություն դառնա 4 մլն-ոց Հայաստան ունենալու ցանկությունը:

 

Եթե այսպէս շարնակվի քսան տարիեն Հայաստան անգամ գոյություն չի ունենա

 

«Եթե ներկա կառավարությունը շարունակի, բացարձակապես անիրականանալի է, տարիներե ի վեր ծրագիրներ մշակված և ներկայացված է, և բոլորն էլ ցավոք սրտի թուղթի վրա մնացած են, եթե այսպէս շարնակվի քսան տարիեն Հայաստան անգամ գոյություն չի ունենա»,-ասում է նա:

 

Հետևաբար, ըստ նրա, հայեցարակգի առաջին կարևոր կետը պետք է լինի իշխանափոխությունը. «Միայն հայրենասիրությունը բավարար չէ, հիմնական փոփոխությունների ժամանակը հասունացած է, միայն այս ձևն է, որ կհաջողի փրկել Հայաստանը»,-վստահ է Քեոշկերյանը:

 

21761810_407564166308420_7065499259849666426_nԿԱՆԽԵԼ ԱՐՏԱԳԱՂԹԸ

Նախկին քաղաքացիական դատավոր, ներկայում Օնտարիոյի խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության թեկնածու Արիս Պապիկյանը խոսել է այն կարևոր կետերի մասին, որոնք պետք է հաշվի առնի Հայաստանի իշխանությունը հայրենադարձության հայեցակարգ մշակելու դեպքում:

 

Նա վստահ է, որ հայեցակարգի առաջին պայմանը պետք է լինի արտագաղթը կանխելը. Հարկավոր է արդեն իսկ Հայաստանում ապրող հային պահել երկրում, ապա մտածել ներգաղթը խթանելու մասին. սա է Հայաստանի ապագայի երաշխիքը:

 

«Այս նպատակին հասնելու համար մենք պետք է քննադատորեն ուսումնասիրենք Հայաստանի անկախության առաջին 25 տարիները: Մենք պետք է ունենանք անկողմնական մոտեցում, որպեսզի դասեր քաղենք հաջողություններից ու ձախողումներից: Իսկ այդ ազնիվ մոտեցումը կվկայի, որ պետք է առաջին հերթին հաստատել արդարություն, որտեղ օրենքի գերակայություն կլինի»,-վստահ է նախկին քաղաքացիական դատավորը:

 

Մենք չենք կարող դատական համակարգ ունենալ, որտեղ քաղաքացիները վերաբերվում են ըստ իրենց քաղաքական կարգավիճակի, ֆինանսական հնարավորության եւ քաղաքական կողմնորոշման

 

Օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի անկախ գործունեություն. Ահա գործնական քայլերից մեկը, որն առաջարկում է կանադահայ գործիչը. «Մենք պետք է ունենանք անկախ եւ անաչառ դատական համակարգ, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև: Մենք չենք կարող դատական համակարգ ունենալ, որտեղ քաղաքացիները վերաբերվում են ըստ իրենց քաղաքական կարգավիճակի, ֆինանսական հնարավորության եւ քաղաքական կողմնորոշման»,-ասում է Պապիկյանը:

 

Նա խոսում է արդեն իսկ հասարակությունում արմատացած երևույթներն արմատախիլ անելու մասին, ինչպիսին են կոռուպցիան արմատախիլ անելը, խոսքի ազատության սահմանափակումը վերացնելը, քաղաքական համակարգի թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը և այլն:

 

«Խորհրդարանական, ՏԻՄ ընտրությունները պետք է լինեն թափանցիկ: Ընտրակաշառք և այլ անօրինական գործողությունները պետք է բացառվեն»,-շեշտում է նա:

 

Հակառակ դեպքում, ես չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության աճի հավակնոտ ծրագիրը կարող է իրականանալ

 

Սրանք այն կարևոր քայլերն են, որ պետք է իրականացվեն մինչ հայեցակարգի մշակումը, և ի վերջո. «Հայաստանը պետք է դադարեցնի բնակչության արտագաղթը, բարձրացնի  ծնելիության մակարդակը և սփյուռքահայերին բերի հայրենիք: Հակառակ դեպքում, ես չեմ կարծում, որ Հայաստանի բնակչության աճի հավակնոտ ծրագիրը կարող է իրականանալ»,-կարծում է պատգամավորի թեկնածուն:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments