Home / Canadahye  / ԵՄ-ը կտրոհի Հայաստան-ՌԴ դաշնակիցները, կբացի դռները արտագաղթողների առջև, մշակութապես կկորենք. ՍԴՀԿ Մոնրեալի վարիչ մարմնի ատենապետ Գրիգոր Թաթուլյան

ԵՄ-ը կտրոհի Հայաստան-ՌԴ դաշնակիցները, կբացի դռները արտագաղթողների առջև, մշակութապես կկորենք. ՍԴՀԿ Մոնրեալի վարիչ մարմնի ատենապետ Գրիգոր Թաթուլյան

Grigor Tatulyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Մոնրեալի ՍԴՀԿ վարիչ մարմնի ատենապետ Գրիգոր Թաթուլյանը չի կիսում այն համընդհանուր ոգևորությունը, որը համակել է շատերին Հայաստանի՝ ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրի ստորագրումից հետո: Սա Հայաստանի համար ոչ միայն անշահավետ, այլև վնասակար է համարում մի քանի տեսանկյունից.

 

  1. Տնտեսական օգուտներ չի բերի,
  2. Երկրի անվտանգության երաշխիքներ չի կարող տալ,
  3. Կնպաստի արտագաղթի խթանմանը,
  4. Սպառնալիք կդառնա ազգային արժեքներին:

 

Եվ ի վերջո, որևէ միության անդամակցելով չէ, որ Հայաստանում պետք է իրավիճակը փոխվի, մասնավորապես արդարություն հաստատվի ու պաշտպանվեն մարդու իրավունքները: Այս հիմնավորումները ՍԴՀԿ Մոնրեալի պատասխանատուն մանրամասնել է Noranor.ca-ի հետ զրույցում:

 

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է

Հայաստանի համար այսօր գոյություն ունեցող կարևորագույն խնդիրն այսօր երկրում արդարության հաստատումն է, և անկախ նրանից, թե որ միության մաս կկազմնի երկիրը, քանի դեռ այս հարցը չի լուծվել, իրավիճակ չի փոխվի, վստահ է Թաթուլյանը:

 

Եթե երկրի բարեփոխումը կապված է ինչ-որ մեկ միության հետ, ուրեմն կնշանակե, որ մենք հասարակություն չենք

 

«Նույնիսկ վիրավորական է. եթե երկրի բարեփոխումը կապված է ինչ-որ մեկ միության հետ, ուրեմն կնշանակե, որ մենք հասարակություն չենք»,-կարծում է Թաթուլյանը:

 

Իսկ բարեփոխումը առաջին հերթին պետք է ներքին զարգացման հետևանք լինի. Քանի դեռ այն բացակայում է, հույս կապել արտերկրի դրական ազդեցությունների հետ, իզուր է:

 

«Ես չեմ կարծեր, որ մենք ԵՄ պիտի մտնանք, ու մեր երկիրը արդարություն պիտի ունենա և մարդու իրավունքներ պաշտպանվի, ես անիմաստ եմ գտնում, որովհետև առանց որևէ միության մեջ մտնալու է, որ պիտի այդ գիտակցությունը ունենա: Կարծում եմ, որ նաև պետությունը պետք է հարգանք ունենա իր ժողովրդի հանդեպ և նեցուկը վայելե ժողովուրդին»,-նշում է Մոնրեալի ՍԴՀԿ վարիչ մարմնի ատենապետը:

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔ

ԵՄ հետ համաձայնագիրը չի կարող միանգամից փոխել նաև տնտեսական իրավիճակը Հայաստանում. Եվրոպայի հետ առևտրային լայն հարաբերություններ լինել չեն կարող, Հայաստանի համար արտահանման հիմնական երկիրը Ռուսաստանն է համարվում, իսկ ԵՄ հետ առանց մաքսատուրքի մի շարք ապրանքատեսակներ արտահանելու իրավունք Հայաստանը մինչ այժմ էլ ուներ, սակայն օգտվել դրանցից չի հաջողվել:

 

Որևէ միություն մտնելու դեպքում պետք է հաշվի առնել երկրի տնտեսական շահերը, կարծում է ՍԴՀԿ պատասխանատուն, այս դեպքում, ըստ նրա, դա բացակայում է.

 

Չեմ կարծե, որ տակավին ակնկալություն պիտի ունենանք, որ հոն մտնելով՝ մեր արտադրանքը կշտկենք կամ միջազգային ստանդարտներու կհասցնենք

 

«Հայաստանի արտադրանքը այսօր որևէ տեղ մրցունակ չէ, որովհետև խիստ ստանդարտներ կապահանջվեն Եվրոպայի մեջ: Չեմ կարծե, որ տակավին ակնկալություն պիտի ունենանք, որ հոն մտնելով՝ մեր արտադրանքը կշտկենք կամ միջազգային ստանդարտներու կհասցնենք: Եթե այսկողմ կամ այնկողմ մտնալով է, որ մեր ներքին կյանքը կամ արտադրությունը պիտի շտկենք, ուրեմն լուրջ խնդիրներ կան կառավարության ներկա ղեկավարներու գիտակցության մեջ»,-վստահ է նա:

 

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՏՐՈՀԵՆ

Եթե նույնիսկ Հայաստանը որևէ տնտեսական շահ ունի, ապա հարց է առաջանում, թե որն է ԵՄ շահը Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրելու. Գրիգոր Թաթուլյանը այս հանգամանքը կապում է միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ՝ վստահ լինելով, որ «պարզապես Ռուսաստանին վնաս հասցնելու համար է, որ դաշնակիցները տրոհեն», հետևաբար Հայաստանի համար անվտանգության լուրջ խնդիրներ է տեսնում: Հարաբերությունները լարել մի ռազմական դաշնակից համարվող երկրի հետ նշանակում է՝ վտանգել երկրի անվտանգությունը, կարծում է Հնչակյան կուսակցության անդամը:

 

Մենք ուզենք թե չուզենք պատմականորեն Ռուսաստանն է, որ մեզ համար ռազմական դաշնակից պետք է ըլլա

 

Փոխարենը այս իմաստով Եվրոպան երբևէ սատար չի կարող կանգնել Հայաստանին. Նա պատմական փորձն է օրինակ բերում. «Պատմականորեն երբեք Եվրոպան Հայաստանին օգուտ չէ տված, ընդհակառակը, խաբած է. Ամբողջ Ֆրանսիան մեկ գիշերվա մեջ խաբեց Կիլիկիան, դուրս եկավ զորքը, հայ ժողովրդին դեմ դիմաց թողեց թուրքերի դեմ, մենք ուզենք թե չուզենք պատմականորեն Ռուսաստանն է, որ մեզ համար ռազմական դաշնակից պետք է ըլլա»:

 

Այնինչ Ռուսաստանի համար Հայաստանը հարավային դարպաս է, որը պաշտպանելու համար ժամանակին ցույց է տվել, որ պատրաստ է պատերազմել տարբեր երկրների դեմ, նշում է. «Նույնիսկ 1800-ականներուն Ցարական Ռուսաստանի օրոք եկած են Երևան, ռուս-պարսկական կամ ռուս-թուրքական պատերազմների տեղի ունեցած են, որ հարավային դարպասը պաշտպանեն, այնպես որ ներկան ալ որևէ բան չի փոխեր, հետևաբար  այս ելակետից պետք է նայենք»:

 

Սակայն նույն այդ դաշնակիցն այսօր պարբերաբար զենք է վաճառում Ադրբեջանին, և ՍԴՀԿ կուսակցությունը հաճախ քննադատել է այդ գործարքը: Այսքանով հանդերձ՝ նա կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է պահպանել, դուրս չգալ ԵԱՏՄ-ից, ինչպես այսօր ԱԺ-ում հարց էր առաջ քաշել ԱԺ Ելք խմբակցությունը:

 

ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԵՄ երկրների հետ առանց վիզայի ռեժիմը դռներ է բացելու հայաստանցիների առջև, ու Թաթուլյանը վստահ է, որ «Որոշ մարդիկ կուրախանան, որ ԵՄ հետ կհամագործակցինք, մեր առջև դուռեր կբացվին, որ դուրս գանք երկրեն»: Սա իրավիճակի ամենացավոտ հետևանքներից մեկը կլինի, որը ոչ միայն թույլ չի տա իրականացնել նախագահի հայտարարծ 4 մլն-ոց հայաստան ունենալու տեսլականը, այլև կնպաստի արտագաղթին:

 

Իսկ այդ հայտարարությունը կարևոր ահազանգ է, որի իրագործումը Թաթուլյանը ոչ իրատեսական է համարում՝ նշելով. «Երբ որ երկրի առաջին դեմքը նման հայտարարություն կընե, կնշանակե, որ երկիրը այնքան անվտանգության խնդիր ունի, որ ստիպված է: Երբ որ բնակչությունը ավելացնելու պետական ծրագիր են ներկայացնում, ելակետ մը պետք է ունենա՝ ո՛ր թվականից է սկսվում, ի՛նչ ծրագրոցվ է սկսվում, ոչ թե օդից թիվեր ասելով կամ թվականներներ հայտարարելով: Այդ ինչպես է, որ ժամկետները կհայտարարեն, բայց տակավին հայեցակարգ չկա»:

 

ՄՇԱԿՈՒԹԱՊԵՍ ԿԿՈՐԵՆՔ

Բնակչությունը կարտագաղթի, փոխարենը Հայաստան կհոսեն Եվրոպական արժեքները, որոնք լուրջ սպառնալիք կդառնան հայկական ազգային արժեքների համար, կանխատեսում է Հնչակյան կուսակցության մոնրեալահայ անդամը: Ցավով է ասում.

 

«Եվրոպացիները այդ գլոբալիզացիայի ձեռքը կրակն են ընկել, մենք չենք կարող ենթարկվիլ ընդհանուր մեծ խառնարանին, մշակութապես կկորենք»:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments