Home / Armenia  / Սիրիահայ երիտասարդները՝ զինուժ Հայոց բանակի համար. Ցանկանո՞ւմ են նրանք ծառայել հայկական բանակում

Սիրիահայ երիտասարդները՝ զինուժ Հայոց բանակի համար. Ցանկանո՞ւմ են նրանք ծառայել հայկական բանակում

Hrach Gevorgyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Սիրիահայ Գևորգյանների  5 զավակներն արդեն ավելի լավ են հասկանում ու խոսում հայերեն, քան ծնողները, այն դեպքում, երբ մինչ Հայաստան գալը մայրենիին գրեթե չէին տիրապետում: 2 տարի է՝ Հայաստանում են, իսկ եկել են ոչ թե Սիրիայից, այլ Դուբայից, որտեղ հաստատվել էին դեռ 2001թ-ից:

 

«Ես Դուբայում էի, եկա Սիրիա, ամուսնացա, նորից Դուբայ վերադարձանք, հինգ երեխաներս Դուբայ ծնվան, այնտեղ անգլիական դպրոց կերթային, բայց այլազգիներու մեջ կմեծնային, մենք եկանք մեր հայրենիքը, որ մեր երեխեքը հայերեն սորվին»,-պատմում է հայրը՝ Հրաչ Գևորգյանը:

 

Երազում է, որ տղաներից մեկը վարդապետ դառնա, մյուսը՝ բանակի սպա

 

4-11 տարեկան երեխաներից երեքն աղջիկն են, երկուսը՝ տղա: Հայրը նույն ջերմությամբ է պատմում բոլորի մասին, երազում է, որ տղաներից մեկը վարդապետ դառնա, մյուսը՝ բանակի սպա: Որդիները պատրաստ են նրա այս՝ փոքր-ինչ տարօրինակ ցանկությունն իրականացնել:

 

ԶԻՆՎՈՐ Կ՛ԵՐԹԱՄ

Հայաստանում հաստատված սփյուռքահայ ընտանիքներից ոչ բոլորը ցանկություն ունեն իրենց զավակներին ուղարկել զինվորական ծառայության, ոմանք երբեմն նույնիսկ քաղաքացիությունից են հրաժարվում հետագայում այս խնդրի առջև չկանգնելու համար: Այլ է սիրիահայերի պարագան, ովքեր եթե ոչ հայոց, ապա պետք է սիրիական բանակում ծառայեն, հետևաբար նախընտրում են հայրենիքը:

 

Կուզե զինվոր դառնալ, որ հայրենիքը պաշտպանե, ես դեմ չեմ, հիմա ինծի մնա, ես ալ կերթամ զինվոր

 

«Հիմա իմ տղաս 8 տարեկան է, կուզեմ զինվորական դառնա, որ ուսանի, հետո ալ սպա ըլլա, իր նպատակին հասնի, սպա է ուզում դառնալ: Ինքը կփափագի, կուզե զինվոր դառնալ, որ հայրենիքը պաշտպանե, ես դեմ չեմ, հիմա ինծի մնա, ես ալ կերթամ զինվոր»,-ասում է 5 երեխաների հայրը, ծիծաղում, ապա ոգևորությամբ պատմում զավակներին հայրենասեր մեծացնելու, Հայաստան գալու նպատակի ու հայրենիքի առավելությունների մասին:

 

Հայրենիքը չզգա՞մ, կարմիր, կապույտ, ծիրանագույնը չզգա՞մ

 

«Հայրենիքը չզգա՞մ, կարմիր, կապույտ, ծիրանագույնը չզգա՞մ, Սիրիա ամենը պատերազմ է, հոս լավ է, խաղաղ է, լավ քաղաք է, մեզի կօգնեն: Ամենն ալ առավելություն է Հայաստանում, իմ հայրենիքս է, ամեն ինչ կա, կուզեմ իմ հայենիքս անկախ, ազատ ապրի, լավ ապրի»,-ասում է սիրիահայը:

 

ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ

Հետաքրքիրն այն է, որ Հրաչ Գևորգյանն, ով այսքան ոգևորված է Հայաստան գալով, աշխատանք չունի, մեքենաների մեխանիկ է, դեռ չի հաջողվել մասնագիտությամբ գործ գտնել, սակայն սա հուսահատվելու պատճառ չի դարձել: Որպես բազմազավակ փախստական ընտանիք՝ մի քանի  աջակցություն են ստանում, ինչի շնորհիվ կարողանում են բնակարանի վարձը տալ, սոցիալական կարիքները հոգալ, մինչև աշխատանք կգտնի:

 

Ինքը ընտանիքից հետո, ընդամենը երկու ամիս առաջ է Հայաստան եկել: Մինչ այս որպես փախստական՝ գտնվում էր Գերմանիայում, փորձել է ընտանիքին ևս տեղափոխել, բայց չի հաջողվել, բայց դա տխրելու պատճառ չի դարձել. Վստահ է, որ կկարողանա մի օր Սիրիայում իր տունը վաճառել, Երևանում բնակարան գնել ու լրարժեք հայաստանցի դառնալ:

 

ԳԱՂԱՓԱՐԸ ՓՈԽՎԵԼ Է

Արշակ Կակոյանը բազմազավակ չէ, միայն մեկ որդի ու մեկ դուստր ունի, նրան էլ մտավախություն չի պատճառում որդուն զինվորական ծառայության ուղարկելու հեռանկարը, բայց 12-ամյա որդու մեջ Հայաստանում գտնված մեկուկես տարվա ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել, պատմում է. «Ինքը շիտակը նոր որ  եկավ հայրենասիրությամբ կամ ազգասիրությամբ, ուրախ էր աս բանով, կըսեր՝ փոխանակ արաբ քաղաքու ծառայելու, իմ քաղաքուս կծառայեմ, և հիմա մեկուկես տարի է, որ ալ դուրս շփում ունեցավ դպրոցը այլ երիտասարդներու հետ, հիմա գաղափարը փոխվել է»:

 

Մտածելակերպի փոփոխության պատճառը միջավայրի ազդեցությունն է, որին, չի կարելի ասել, թե ծնողները չեն ենթարկվել, տեսել են սիրիական ու հայկական միջավայրերի տարբերությունները, միայն թե Արշակ Կակոյանը ավելի իրատեսորեն է մոտենում խնդրին՝ համոզված լինելով, որ բոլոր հայ երիտասարդներն էլ պետք է հավասարապես իրենց պարտքը կատարեն հայրենիքի առջև:

 

Երբ մեծահարուստները կարողություն ունին զավակները դուրս հանեն ու աղքատը երթա ընե, այդպիսի բաներ կան, ադ է, որ կազդե

 

«Արդարություն պետք է ըլլա, քանի որ հայ ենք, ամենն ալ նույնը պետք է ըլլա, դեռևս ընտանեկան կրթությունես ես հայասեր եմ,  պապաս ազգասեր էր, ակումբներու ակտիվ անդամ, մամաս շատ հայասեր էր, դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի էր, կսիրեմ հայասիրություն: 50 տոկոսը էդպես եմ, 50 տոկոսն ալ տղայիս հետ համաձայն եմ, ոչ թե իր միտքին, այլ քաղաքի օրենքներուն, կառավարական օրենքներուն բաներ կան, որ արդար չեն, այսինքն՝ երբ մեծահարուստները կարողություն ունին զավակները դուրս հանեն ու աղքատը երթա ընե, այդպիսի բաներ կան, ադ է, որ կազդե»,-ցավով նշում է Արշակ Կակոյանը:

 

Ինքը կըսե, եթե հոս կմնանք, պետք է, որ անձնագիրս քենսել ընեմ, սիրիական անձնագիրով մնամ

 

Այսքանով հանդերձ ինքը որևէ քայլ չի ձեռնարկում տղային ապագայում ծառայությունից հետ պահելու համար, թեև որդին առաջարկում է: «Ինքը կըսե, եթե հոս կմնանք, պետք է, որ անձնագիրս քենսել ընեմ, սիրիական անձնագիրով մնամ»,-պատմում է հայրը:

 

Ըստ Կակոյանի՝ անարդարությունը ոչ միայն բանակում է, այլև հասարակության մեջ, սա է սիրիական ու հայկական միջավայրերի տարբերությունը: Սիրիայում ավելի հանգիստ էին ապրում, իսկ այստեղ ստիպված են մտածել իրավունքների պաշտպանության, արդարության ու այլ հարցերի մասին, որոնք ոչ միայն բնակչության աղքատ զանգվածին են մտահոգում, այլև արդեն անտանելի  են նույնիսկ հարուստների համար:

 

 

Ձեր կարծիքը

Comments