Home / Armenia  / Արտագա՞ղթ, թե՞ թերի կրթություն. Ո՞րն է Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետների պակասի պատճառը

Արտագա՞ղթ, թե՞ թերի կրթություն. Ո՞րն է Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետների պակասի պատճառը

Karen Vardanyan, Hovsep Seraydaryan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան, Տորոնտո (Նորանոր) _ Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների պակասը ոչ թե արտագաղթի, այլ միայն անորակ կամ թերի բարձրագույն կրթական համակարգի հետևանք է. Այս համոզմունքն է հայտնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն կարեն Վարդանյանը: Այնինչ վերջին շրջանում հաճախ է բարձրացվում այն հարցը, թե միջազգային խոշոր կազմակերպությունները իրենց կողմն են գրավում լավ մասնագետներին, ինչի պատճառով Հայաստանում գործող ընկերությունները մասնագետների խնդիր են ունենում:

 

ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՏԱՍՆԵՐՈՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐ

«Արտագաղթը չի խնդիրը, խնդիրն այն է, որ կրթական համակարգը նորմալ չի գործում, որ մեծ քանակությամբ մասնագետ արտադրի, դա է պրոբլեմը, արտագաղթը տասներոդական կամ քսաներորդական խնդիրն է»,- Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Վարդանյանը:

 

Կանադական «Դիջիլայթ» ընկերության հիմնադիր Հովսեփ Սերայդարյանը, ում ընկերությունը գործում է Կանադայում, իսկ Հայաստանում մասնաճյուղ ունի, բարձրագույն կրթություն ստացել է Հայաստանում: Նա էր հարց բարձրացրել, որ իրենց ընկերության հայաստանյան մասնաճյուղը մասնագետների պակասի խնդրին հաճախ է բախվում, նրանք արտագաղթում են:

 

Այժմ էլ մնում է իր տեսակետին, որ լավ մասնագետները հեռանում են, սակայն չի հերքում, որ նաև կրթական համակարգն ունի լուրջ բացթողումներ, ինչի հետևանքով չի հասցնում նոր կադրեր արտադրել, արդյունքում մասնագետների դեֆիցիտ է առաջանում:

 

ՍՈՎԵՏՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

Ինքն էլ, ուսանելով Հայաստանում, տեսել է, թե ինչ է տվել հայաստանյան բուհը. «Հայաստանում ներկա համալսարանները բավարար այթի ոլորտի ուսուցում չեն տալիս, սովետմիությունեն անցած ուսման ձևեր են, բայց հիմնականում երեխեքը սովորում են օնլայն կամ գնում են ուրիշ՝ համալսարանից դուրս դասեր են վերցնում, նրանց ենք վերցնում գործի: Կարծեմ՝ հիմա «Թումո»-ն մի ծրագիր է մշակում, որ 18 տարեկանից հետո երեխեքին սովորեցնեն»,-ասում է ՏՏ ոլորտի մասնագետը:

 

Այսինքն՝ համալսարանում ստացած տեսական գիտելիքները բավարար չեն, այնինչ այս փուլում ուսանողն ավելի շատ կարիք ունի փորձառության. Արագ զարգացող ՏՏ ոլորտում պետք է հասցնեն տիրապետել նոր մեթոդներին: Այնինչ մինչ բուհում սովորելը որոշ կրթություն ստանում են, բուհում զարգացնելու փոխարեն, հետ են մնում:

 

 Հայաստանում դասախոսը տալիս էր գիտելիքը, չէր մտածում գործի մասին, մտածում են մենակ սովորացնեն

 

«Օրինակ «Թումո»-յի երեխեքը 14 տարեկանից են սկսում, մեջտեղում համալսարան են գնում մինչև աշխատանքային տարիքի են հասնում, արդեն ուշ է լինում, իրենց ստացած գիտելիքները բավարար չեն, ինչ-որ բան է պետք, որ համալսարանները զարգացնեն կրթության ձևերը, գոնե ծրագրավորման կամ մասնագիտական բուհերը, ասենք, մարքեթինգ է, դիզայն է, գոնե կենտրոնանան նորարար տեխնոլոգիաների վրա, ոչ թե մենակ գիրքով, տերմիններով սովորեն, Հայաստանում դասախոսը տալիս էր գիտելիքը, չէր մտածում գործի մասին, մտածում են մենակ սովորացնեն»,-կարծում է «Դիջիլայթ» ընկերության հիմնադիրը:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ՝ ՊՈԶԻՏԻՎ

Օրինակ՝ արտերկրում բուհը տալիս է այդ կրթությունը, իսկ հետո ուսանողը հնարավորություն ունի քոլեջում նորարարությունները սերտել, այս փորձը, կարծում է, որ նաև Հայաստանում է պետք ներդնել, ինչի համար բանակցում են կառավարության հետ, և որոշ ընթացք կա արդեն, ներկայացնում է.

 

Խնդիրը Ֆինանսական չէ մենակ, դրսից էլ ախորժակը պիտի ունենան, որ գան բացեն այդ քոլեջները

 

«Դու կարող է համալսարանը չփոխես, բայց համալսարանից դուրս պետական մակարդակի քոլեջներ պետք է լինեն, մենք այս նյութը տարբեր կառավարական անդամների հետ քննարկել ենք: Մոտեցումը պոզիտիվ է, դրսից քոլեջներ գալիս են Հայաստան, փորձում ներկայություն ունենալ, բայց պրոցես է, ամեն ինչ միանգամից չի լինի, մեծ գործեր են, չենք գործում 10 հոգանոց դպրոց բացելու մասին: Իսկ խնդիրը ֆինանսական չէ մենակ, դրսից էլ ախորժակը պիտի ունենան, որ գան բացեն այդ քոլեջները»:

 

Մարդ եթե ուղեղ չունի, կարող է արտագաղթել, բայց խոսում ենք ուղեղով մարդու  մասին

 

Իսկ որ արտագաղթն էլ իր հերթին է ազդեցություն ունենում, հերքել չի կարելի, բայց ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը այլ կերպ է մոտենում արտագաղթողներին՝ բնութագրելով այսպես. «Մարդ եթե ուղեղ չունի, կարող է արտագաղթել, բայց խոսում ենք ուղեղով մարդու  մասին, եթե մարդու համար առաջնայինը վարձատրությունն է, ու ինքը չի մտածում վաղը երեխա կամ թոռ ունենալու մասին, ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես, թող արտագաղթի»:

 

Բայց ՏՏ ոլորտի մասնագետները, վստահ է, որ այդպես չեն վարվում, «լուրջ ինժեներներ են, 90 տոկոսի մասին է խոսքը, ովքեր իրենց ինժեներական մակարդակը բարձրացնելու համար գնում են, բայց հիմնականում վերադառնում են»,-վստահ է նա:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments