Home / Canadahye  / Կանադահայ բժիշկը վստահ է, որ Գարդասիլ կոչվող պատվաստանյութն անվտանգ է

Կանադահայ բժիշկը վստահ է, որ Գարդասիլ կոչվող պատվաստանյութն անվտանգ է

Ohan Tabakyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր)_ Աշխարհի 71 երկրում վերջին 10 տարիների ընթացքում ներդրվել է Գարդասիլ կոչվող պատվաստանյութը, որն, ըստ մասնագետների, նախատեսված է կանխել կանանց համար սպառնալիք դարձած արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումը: Այլ կերպ ասած, այն համարվում է դեղամիջոց պապիլոմա վիրուսի դեմ:

 

Ներարկվում է հիմնականում 9-13 տարեկան աղջիկներին, այսինքն՝ ազդեցությունը նկատելի է դառնում վերարտադրողական տարիքում: Սա նշանակում է, որ դեռևս 20 տարի է հարկավոր գնահատելու համար պատվաստանյութի դրական ազդեցությունը: Իսկ ահա, հասարակությունը բացասական ազդեցությունների բազմաթիվ օրինակներ է բերում՝ շեշտելով այս պատվաստանյութի այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են անպտղությունը, նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարումը և այլն:

 

Առողջապահության ոլորտի մասնագետները հավաստիացնում են, թե որևէ նման վտանգ այն չի ներկայացնում, այնինչ շատերն այն համարում են ազգի կործանման ևս մեկ միջոց, ու ոչ միայն. Աշխարհը կառավարող համաշխարհային ուժերի կողմից կիրառվող քայլ է որակվում, ովքեր փորձում են բնակչրության թիվը 7 մլրդ-ից նվազեցնել մինչև 1,5մլրդ-ի:

 

ԿԱՆԱԴԱԿԱՆ ԿԱՐՃԱՏԵՎ ՓՈՐՁԸ

Եվրոպական 30 երկրներ, ԱՄՆ, Կանադա, Սկանդինավյան երկրներ և այլն, ովքեր կիրառել են պատվաստանյութը: Կանադայում այն ներդրվել է վերջին երկու տարիներին, առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել պատվաստել բոլոր այն աղջիկներին, ում ծնողները գրավոր համաձայնություն են տալիս այդ մասին:

 

Կանադահայ բժիշկ Օհան Տաբակյանը, ով ավելի քան 40 տարվա մասնագիտական փորձ ունի և մշտապես լրջորեն հետևում է հանրության շրջանում հետաքրքրություն առաջ բերած առողջապահական կարևոր խնդիրներին, Noranor.caին ներկայացրեց երկրում պատվաստանյութի կիրառման փորձն ու իր համոզմունքները:

 

Հալեպահայ բժիշկը մասնագիտական կրթությունը ստացել է Լիբանանում, ապա, տեղափոխվելով Կանադա, մասնագիտացել է գաստրոէնտերոլոգիայի բնագավառում:

 

Հիմա կառավարությունը դպրոցներում առաջարկած է, որ բոլոր աղջիկ զավակները պատվաստեն, եթե անշուշտ իրենց ծնողքը համաձայն են

 

«Այդ պատվաստի դեմ կիները, աղջիկները կանոնավոր կերպով պետք է պատվաստվին, հոս հիմա կառավարությունը դպրոցներում առաջարկած է, որ բոլոր աղջիկ զավակները պատվաստեն, եթե անշուշտ իրենց ծնողքը համաձայն են, կրնան համաձայն չըլլան, թուղթ մը պիտի ստորագրվի ծնողներու կողմե, որու մեջ իրենց համաձայնությունը պիտի հայտնեն պատվաստին նկատմամբ»,-պատմում է բժիշկ Տաբակյանը:

 

Ավելին, նա նշեց, թե այս տարի բժիշկներն առաջարկել են պատվաստել նույնիսկ տղաներին, սակայն գրեթե բոլորը հրաժարվել են, քանի որ կարիքը չի եղել: Ցանկություն հայտնողներին նախարարությունը պատրաստ է եղել ընդառաջել:

 

Աս տարի, առաջին տարին ըլլալով, ուղղակի բոլոր դպրոցներեն նամակ ստացան աշակերտները, որ կառավարությունը համաձայն է ձեզ պատվաստել

 

Պատմում է, որ ծրագիրն անցյալ տարվանից է մեկնարկել, սկզբում ոչ շատ լայն տարածված, բայց հիմա արդեն գրավոր ծանուցում են դպրոցներին, «Աս տարի, առաջին տարին ըլլալով, ուղղակի բոլոր դպրոցներեն նամակ ստացան աշակերտները, որ կառավարությունը համաձայն է ձեզ պատվաստել, եթե դուք ձեր համաձայնությունը կու տաք, եթե ծնողքը, ընտանիքը հայտնեն այդ համաձայնությունը, այդ ժամանակ կպատվաստեն, եթե ոչ, չեն պատվաստե»,-նշում է կանադահայ բժիշկը:

 

ՎՏԱՆԳ ՉԿԱ

Մեկ-երկու տարվա փորձը դեռևս չի կարող դրական կամ բացասական ազդեցության մասին խոսել, սակայն բժիշկ Տաբակյանը վստահեցնում է, թե ոչ միայն որևէ բացասական հետևանքի  մասին չի լսել, այլև անձամբ համոզված է, որ պատվաստանյութը այդպիսի ազդեցություն չի կարող ունենալ կանանց ու աղջիկների վրա:

 

«Վտանգ չկա, բոլոր աս պատվաստներու մեջ գրեթե վտանգ  չկա, բայց երբեմն կմտածես՝ արդյո՞ք արժե պատվաստել, աս է հարցը»,-նշում է մասնագետը՝ առաջ քաշելով դրանց վրա ծախսված ֆինանսական մեծ միջոցների հարցը:

 

ՎՍՏԱՀՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Իսկ նրա համոզմունքը, որ դեղամիջոցը որևէ վտանգ չի սպառնում, հետևանք է ոչ միայն սեփական մասնագիտական փորձի, այլև երկրի կառավարության հանդեպ ունեցած վստահության, ինչը, օրինակ, Հայաստանում բացակայում է:

 

Եթե արդեն վտանգ ըլլար, կառավարությունը, առողջապահության նախարարությունը ուշադրություն կըներ և չէր արտոնե հստակորեն

 

«Մասնավոր խնդիր չկա պատվաստին նկատմամբ, անվտանգ է, մեկը կրնա չօգտվիլ, բայց վտանգ չկա, եթե արդեն վտանգ ըլլար, կառավարությունը, առողջապահության նախարարությունը ուշադրություն կըներ և չէր արտոնե հստակորեն: Հիմա մասնավորաբար Կանադայի և Ամերիկայի մեջ բժշկական որևէ սխալ կամ անպատեհություն ուղղակի դատերու առիթ կուդա»,-համոզմունք է հայտնում 40 տարվա մասնագետը:

 

Ամեն դեպքում նա մասնագիտորեն չի փորձում բացատրել հնարավոր ազդեցությունները, դրա կարիքը չի տեսնում: Գործնականում կարճ ժամանակում ազդեցություն չի նկատել, իսկ տեսականորեն վստահ է, որ նման մտահոգության պատճառ հասարակությունը չպետք է ունենա. «Չեմ կարծե, որ որևէ անպատեհություն կա: Վստահ եղեք, որ ըսածներուս համոզված եմ ես»,-եզրափակում է գաստրոէնտերոլոգը:

 

 

Ձեր կարծիքը

Comments