Home / Armenia  / Գյումրին մտնում է խաղի մեջ. Հայաստանի երկրորդ քաղաքին կանադահայ Րաֆֆի Նիզիբլյանի նվերը՝ Գյումրու բրենդավորումը պատրաստ է

Գյումրին մտնում է խաղի մեջ. Հայաստանի երկրորդ քաղաքին կանադահայ Րաֆֆի Նիզիբլյանի նվերը՝ Գյումրու բրենդավորումը պատրաստ է

23518890_10155883380344710_896896200696514487_n

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Գյումրի (Նորանոր) _ Անգամ առօրյա պարզ խոսքուզրույցն համեմված է հումորով.Կանադահայ Րաֆֆի Նիզիբլյանը գիտեր այս մասին, բայց քանի դեռ մոտիկից չէր շփվել Գյումրիի հետ, ամեն ինչ այսքան գունեղ չէր:

 

Ժողովուրդին եմ հայտնաբերել այստեղ

 

«Նույնիսկ Մոնրեալում իմ երգչախումբի մաեստրոն գյումրեցի էր, 40 տարի առաջ էր գնացել, իր մոտ կար հումոր, ես դա համարում էի իրեն բնորոշ հատկանիշ: Շատ հետաքրքիր էր, որ մենք շրջապատված ենք գյումրեցիներով ամեն տեղ, հումորը ինձ համար հայտնաբերություն չասեմ, բայց իրոք զարմանալի էր, երբ որ քաղաքում քայլում ես ու ճանապարհին մի բան ես հարցնում, այնպիսի պատասխան ես ստանում, որ ակամայից զգում ես, որ ինքը անեկդոտով  մի բան պատմեց… Ժողովուրդին եմ հայտնաբերել այստեղ»,- Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Նիզիբլյանը:

 

Գյումրին բացահայտելու հնարավորություն նա ստացավ քաղաքի բրենդավորման ծրագրի ընթացքում, երբ ընդգծելով Գյումրու առավելությունները՝ փորձում էր դրանք զարգացնել, ներկայանալի ու հասանելի դարձնել աշխարհին: Մոտ մեկ տարի տևած աշխատանքի ընթացքում խումբն ուսումնասիրեց, զարգացրեց, մեկտեղեց քաղաքի առավելությունները, դրանում ներգրավվելով ոչ միայն Գյումրու, այլև ամբողջ Հայաստանի ու Սփյուռքի կարծիքները:

 

DEEM Communications ընկերության ստեղծագործական տնօրեն և հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյանն անձամբ է նախաձեռնել Գյումրու բրենդավորման ծրագիրը՝ դրանում ներդնելով իր ֆինանսական միջոցները: Ծրագրի սկզբնական փուլն ավարտված է, ընտրված են կարևորագույն ուղղությունները, պատրաստ են Գյումրու բրենդն և Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցին «աղետի գոտու» այս քաղաքը նոր շնչով զարգացնելու հեռանկարը, բայց հիմա արդեն սպասում է այլ ներդրողների աջակցությանը:

 

ԸՆԴԳԾԵԼՈՎ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Շեշտը դրեցինք նախ մարդկանց կարծիքի վրա, թե իրենք ոնց են տեսնում իրենց քաղաքը, Հայաստանում ինչպես են տեսնում Գյումրին՝ ՀՀ երկրորդ քաղաքը, Սփյուռքի կարծիքը, թե իրենք ինչպես են տեսնում, ինչ են ակնկալում Գյումրիից՝ որպես քաղաք: Բրենդի մեջ ոչ թե կարևոր է լոգոն կամ այլ վիզուալ բաներ ստեղծելը, այլ ինչ ենք ուզում ասած լինել հենց նույն լոգոյով, վիզուալ էլեմենտներով, որ կունենանք, ինչ ենք ուզում ասել աշխարհին պատմել: Ով ուզում է մեզ լսի, մենք իրեն պատմում ենք»,-ներկայացնում է Գյումրու բերնդավորման նախաձեռնության հեղինակը:

 

Սա այն քաղաքն է, որն ունի բազմաթիվ շերտեր, կարիք է եղել առանձնացնել 6 ամենակարևոր ուղղությունները, որոնց հիման վրա էլ ծավալվել է հետագա աշխատանքը: «Այն քաղաքը չի, որ, օրինակ,  բնապահպանությունը շեշտադրենք, եթե այդ ուղղոթյան մեջ դնենք, կտանենք ձախողման, մենք դնելու ենք այնպիսի ուղղության մեջ, որ հաջողություն ունենա, առավելությունները ընդգծենք, դրանք վերցնում ենք ու հաջողացնենք»-պատմում է  ու կարևորում, որ որպես բրենդի անվանում՝ ընտրվել է հենց Գյումրին:

 

ՈՐՊԵՍ ԿԱՆԱԴԱՀԱՅ

Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա բրենդի ներկայացման միջոցառումը, Նիզիբլյանի աշխատանքային խմբի նվերը Գյումրիին պատրաստ է, իսկ թե ինչպիսի շարունակություն կունենա այն, կախված է այլ բարերարների հետաքրքրությունից:

 

Շատ են հնարավորությունները, պետք է աշխատենք ուղղորդել դեպի Գյումրի

 

«Մեր ֆինանսներով, մեր ուժերով ամեն ինչ արել ենք, որ ինքնությունը հստակ բացատրի, դա նվիրում ենք Գյումրիին, հաջորդ քայլն իրագործելն է: Քաղաքապետի հետ նախնական խոսակցությունը, որով հանձնարարում է մեկ-երկու տարվա  ստրատեգիան, ինչպես կիրականացնենք, որ ֆինանսներով, քննարկման փուլում է: Կտեսնենք՝ ովքեր են պատրաստ ֆինանսավորել, թե միջազգային դոնորներ, թե արտասահմանում ապրող մեծահարուստ գյումրեցիներ… Շատ են հնարավորությունները, պետք է աշխատենք ուղղորդել դեպի Գյումրի»,-նշում է նա:

 

Նիզիբլյանը կարծում է, որ յուրաքանչյուր հայ՝ Հայաստանում կամ Սփյուռքում, պետք է իր ներդրումն ունենա Գյումրու զարգացման գործում, անձամբ օրինակը տվեց, մնում է, որ մյուսներն էլ իրենց մեծ կամ փոքր աջակցությամբ նպաստեն ծրագրի շարունակությանը:

 

Որպես կանադահայ՝ ես իմ ներդրումը արել եմ և կոչ եմ անում բոլոր հայերին իրենք էլ իրենց կարողության չափ անեն ներդրում, առնվազն այցելեն

 

«Որպես կանադահայ՝ ես իմ ներդրումը արել եմ և կոչ եմ անում բոլոր հայերին իրենք էլ իրենց կարողության չափ անեն ներդրում, առնվազն այցելեն: Այսօր Երևանի մեծ մասը Գյումրի չի գնացել, որ ընդամենը մեկուկես-երկու ժամվա ճանապարհ է, այցելել, ծանոթանալ, հայտնաբերել, տեսնել, թե ինչ է ներկայացնում և ինչ արժեքներ կտան իրեն»,-ասում է կանադահայը:

 

ԳՅՈՒՄՐԻՆ ՄՏՆՈՒՄ Է ԽԱՂԻ ՄԵՋ

Քաղաքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն ու ըստ այդմ տուրիզմի զարգացումը բրենդավորման հիմնական նպատակն է, այն էլ իր հերթին բերում է այլ՝ սոցիալ-տնտեսական զարգացումների: Վստահ ասում է. «Հենց այդ քաղաքը, որն սկսում է ինքն իրեն դրսևորել այս կամ այն ուղղությամբ, ներդրողն ինքն ավելի լավ կիմանա: Օրինակ ԱյԹի քաղաք ենք ասում, պետք է կուլտուրա լինի, որ ներդրողը գա, տեսնի, որ իսկապես այստեղ տեխնոպարկեր կան, ոչ թե մեկ շենք, այլ մի քանի շենքեր, ինժեներներ, մասնագետներ այնքան կան, որ ինքը բիզնես դնի, շենքը նորոգի ու գործի անցնի, հստակ ուղղվածություն տանք, երբ բրենդավորում ենք»:

 

Ասում ենք՝ եկեք, որովհետև մեզ մոտ նոր է, մեզ մոտ տարբեր է, մեզ մոտ բան կա, որ չկա այնտեղ. Մրցակցության մեջ կկարողանանք մտնել

 

Էկզոտիկ տուրիզմ փնտրողների համար էլ Գյումրին կարող է նոր ու նմանը չունեցող վայր լինել, Րաֆֆի Նիզիբլյանը տեսնում է այդ հնարավորությունը՝ վստահեցնելով. «Նույն Փարիզ գնացողները մի քանի անգամից նոր բան են ուզում, այստեղ մենք մտնում ենք խաղի մեջ, ասում ենք՝ եկեք, որովհետև մեզ մոտ նոր է, մեզ մոտ տարբեր է, մեզ մոտ բան կա, որ չկա այնտեղ. Մրցակցության մեջ կկարողանանք մտնել»:

 

ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ ԽԹԱՆ ՉԷ

Այս ամենի մեջ նրա համար հստակ է ևս մի կարևոր հանգամանք. Աղետի գոտի լինելու փաստն այլևս չի կարող քաղաքի զարգացման խթան հանդիսանալ, այն այլևս չպետք է ազդի գյումրեցու հոգեբանության վրա, ինչպես եղել է տարիներ շարունակ: «Մենք այսքան տարի իրեն որպես խթան թողել ենք, որ օգնություն գա, ու մենք՝ որպես սփյուռքահայ, Հայաստանի բնակիչ, Հայաստանի ղեկավարություն, սփյուռքահայ կազմակերպությունների ղեկավարություն, բոլորս մեղավոր ենք, որ մինչև հիմա գյումրեցուն թողել ենք այդ իրավիճակի մեջ, իրավունք չունեինք այս քաղաքը, որ մեզ տվել է շատ հանճարներ, շատ մշակույթ ու շատ բան, որ հպարտ լինենք, իրեն թողնենք 29 տարի այս իրավիճակի մեջ»,-ասում է DEEM Communications ընկերության ստեղծագործական տնօրենն ու հիմնադիրը:

 

Ոչ միայն Գյումրին, այլև ևս մեկ-երկու քաղաք պետք է զարգանան՝ ապակենտրոնացնելով Երևանը, ուղղելով այն ռազմավարական սխալը, որ կա Հայաստանում. Չպետք է ունենալ քաղաք, որտեղ կենտրոնացած է ամեն ինչ, այլ պետք է համաչափ բաշխել:

 

Երկրներ կան, որ երկրաշարժ են ապրում, ընդամենը մեկ տարվա մեջ վերացնում են փլատակները, որպեսզի մարդոց հոգեբանության վրա չազդի, իրենց ստեղծագործելու վրա չազդի: Ո՞նց կարելի է 29 տարի այդ վիճակում թողնել քաղաքը

 

Անհամաչափության արդյունք է Գյումրիում աղետից 3 տասնամյակ հետո էլ տնակների գոյությունը, մեծությամբ երկրորդ քաղաք ունեցող մարզը ամենաաղքատն է համարվում. Այս ամենի բացատրությունը նրա համար անհասկանալի է մնում, ասում է. «Իհարկե աղետի գոտի է, պատերազմ եղավ, տնտեսական ճգնաժամեր էին և այլն, բայց չէ՞ որ վերջին 15 տարում կարող էինք  ամեն ինչ իրականացնել, թեկուզ մաքրեինք դոմիկներից, ես ինչի՞ պետք է գնամ այնտեղ ու դոմիկ տեսնեմ, ես ինչի՞ պետք է տեսնեմ փլատակ շենք 29 տարի հետ, երկրներ կան, որ երկրաշարժ են ապրում, ընդամենը մեկ տարվա մեջ վերացնում են փլատակները, որպեսզի մարդոց հոգեբանության վրա չազդի, իրենց ստեղծագործելու վրա չազդի: Ո՞նց կարելի է 29 տարի այդ վիճակում թողնել քաղաքը»:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments