Home / Canadahye  / Հազարներով թատրոններ գոցված են Հյուսիսային Ամերիկայի մեջ. Կանադահայ հայտնի դիրիժոր Նուրհան Արմանի մտահոգությունները Արևմուտքից և ջերմ հիշողությունները ցուրտ Հայաստանից

Հազարներով թատրոններ գոցված են Հյուսիսային Ամերիկայի մեջ. Կանադահայ հայտնի դիրիժոր Նուրհան Արմանի մտահոգությունները Արևմուտքից և ջերմ հիշողությունները ցուրտ Հայաստանից

Nurhan Arman

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) _ Ամենացուրտ ու միաժամանակ ամենաջերմ հիշողություններով է կանադահայ հայտնի երաժիշտը հիշում 90-ականների երևանյան համերգները: Այնքան բուռն էր ժողովրդի ջերմությունը, որ դահլիճի սառնությունը չէին էլ զգում: Մաեստրո Նուրհան Արմանը՝ Սինֆոնիա Տորոնտո նվագախմբի հիմնադիր-ղեկավարը առաջին անգամ հենց այդ շրջանում՝ 1992թ-ին այցելեց Հայաստան՝ ղեկավարելու Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները: Տպավորություններն այսօր էլ թարմ են:

 

Ոչ տաքություն կար, ոչ էլեկտրականություն, ոչ ջուր, և այդ շրջանին հոդ մնացի 3 շաբաթ, հոյակապ էր, երկու-երեք կոնցերտ տվի, երբեք չեմ մոռնար

 

«1992 սեպտեմբեր, տակավին Ղարաբաղի պատերազմը կշարունակվեր, սիրահարվեցա թե ֆիլհարմոնիկ նվագախումբին, թե քաղաքին: Ինձ համար մեծ փորձառություն էր, երբ կրնայի երաժիշտներու հետ իմ մայրենի լեզվով խոսել և  պարապել: Այն ատեն արտիստիկ դիրիժորը Լորիս Ճգնավորյանն էր, ըսի՝ երբ կուզեք սիրով կու գամ, քանի մը ամիս վերջ՝ փետրվար 93-ին, եկա, ամենադժվար ժամանակն էր Հայաստանի համար՝ ոչ տաքություն կար, ոչ էլեկտրականություն, ոչ ջուր, և այդ շրջանին հոդ մնացի 3 շաբաթ, հոյակապ էր, երկու-երեք կոնցերտ տվի, երբեք չեմ մոռնար»,- Noranor.ca-ին պատմում է Նուրհան Արմանը:

 

ՆՈՍՏԱԼԳԻԱՅՈՎ ԿՀԻՇԵՄ

Ամենադժվար տարիների հիշողությունները դրական են տպավորվել շնորհիվ այն ներքին ջերմության, որ կար բոլորի աչքերում՝ թե նվագախմբի անդամների, թե հանդիսատեսի. Պատմում է, թե տաքացուցիչները տրամադրել էին բանակին, և բացարձակ չջեռուցվող դահլիճում ոչ միայն բոլոր տեղերը զբաղեցված էին, այլև 200 հանդիսական էլ ոտքի վրա էր հետևում համերգին:

 

Նույնիսկ ջութակի սոլիստ մը ունեինք, որ ձեռքերը ձեռնոց դրած էր և մատերը կտրել էր, որ կարենար ջութակ նվագել

 

«Ժողովուրդը քայլելով երկար ճամփա եկավ, դուրսն ալ ցուրտ, նույնիսկ ջութակի սոլիստ մը ունեինք, որ ձեռքերը ձեռնոց դրած էր և մատերը կտրել էր, որ կարենար ջութակ նվագել: Ադ կոնցերտը, ադ հիշատակները բնավ չեմ մոռնար, նոստալգիայով կհիշեմ»,-պատմում է երաժիշտը:

 

25 տարի է անցել, Նուրհան Արման հետագայում քիչ, բայց առիթներ ունեցել է այցելել Հայաստան: Պոլսում ծնված երաժիշտը դեռ 13 տարեկանից ջութակ է նվագել, հետագայում ուսումը շարունակելու համար տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ որպես ջութակահար ու դիւրիժոր աշխատում է 11 տարի, այնուհետ տեղափոխվում է Կանադա՝ ընտանիքի անդամների մոտ: Օնտարիոյի նվագախմբի երաժշտական տնօրենի պաշտոնն է ստանձնում, հետագայում նախաձեռնում Տորոնտոյի սինֆոնիկ նվագախմբի հիմնումը:

 

Հայտնի դիրիժորը տասնյակ տարիների ստեղծագործական աշխատանքի ընթացքում առիթ է ունեցել դասական երաժշտությունը ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև ներառելով ու աշխարհին ներկայացնելով հայկական հայտնի ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 

ՀԱՅԿԱԿԱՆԸ՝ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ

Հայաստանում վերջին անգամ Նուրհան Արմանը մոտ 10 տարի առաջ է եղել, այնուհետ հրավերներ եղել են, սակայն չի կարողացել ներկա գտնվել, բայց սա չի նշանակում, որ Կանադայում հայկական երաժշտության պրոպագանդային չի նպաստում: Նրա աջակցությամբ կայացել են մի շարք երիտասարդ երաժիշտների համերգներ:

 

Գրեթե նվագախումբի առաջին օրեն բավական հայկական ելույթներ ունեցած ենք

 

«Գրեթե նվագախումբի առաջին օրեն բավական հայկական ելույթներ ունեցած ենք, Նարեկ Հախնազարյանին հետ նվագեցինք, իսկ անցյալ ամիս հոկտեմբերին նվագեցինք Հայկ Գազազյանի հետ, երբ ՀԲԸՄ 60-ամյակն էր, անկե զատ 2015-ը, որ 100-ամյակն էր, կոնցերտ մը ըրինք սոպրանո Հասմիկ Պապյանի հետ, ամբողջ հայկական ծրագիրով»,-ներկայացնում է Սինֆոնիա Տորոնտո նվագախմբի ղեկավարը:

 

Հիմա շատ մեծ անուններ ունինք, հակառակ, որ մեր պայմանները երբեք ճիշտ չէ եղած, բայց տաղանդավոր ազգ ենք երաժշտության մեջ

 

Այսօր էլ Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ, ովքեր անկախ դժվարին պայմաններից, ստեղծագործում են ու մեծ ապագա խոստանում, համոզված է կանադահայ դիրիժորը: «Հակառակ թե որքան քիչ է մեր բնակչությունը բաղդատած ուրիշ երկրներու, երաժշտության մեջ ահագին հայ կոմպոզիտորներ ունինք, որ ակտիվ են: Տիգրան Մանսուրյանը նոր ռեքվիեմը գրած է,  օրկեստրը ձայնագրած է, ադիկա ամենամեծ բանն է: Մենք շուտ չէինք ունեցած մեկնաբան, այսինքն՝ ինստրումենտալիստ, բայց հիմա շատ մեծ անուններ ունինք, հակառակ, որ մեր պայմանները երբեք ճիշտ չէ եղած, բայց տաղանդավոր ազգ ենք երաժշտության մեջ»,-նշում է կանադահայ ջութակահարը:

 

ՀԱԶԱՐՆԵՐՈՎ ԹԱՏՐՈՆ ԳՈՑՎԱԾ ԵՆ

Հայկական երաժշտարվեստն իր ճանապարհը բացում է, անկախ պայմաններից, իսկ Արևմուտքում ապրող հայ դիրիժողրը այնտեղ արդեն իրական արվեստի հետ շփման պակսի լուրջ խնդիր է տեսնում: Այսօր, երբ երիտասարդները շաբաթական առնվազն 40 ժամ են անցկացնում համացանցում, փորձում են նաև դասական երաժշտությունը փոխանցել այս կերպ, ինչը բացասաբար է ազդում արվեստի այս ուղղության վրա, վստահ է մաեստրոն:

 

Դուրս երթալ, ելույթներու ներկա գտնվիլ, նույնիսկ շարժանկար տեսնալ, թատրոն երթալ, այս քիչցած է շատ

 

«Ադիկա պրոբլեմ ստեղծած է ձայնագրություններու համար մանավանդ, այլևս շատ քիչ մարդ CD կառնե, որովհետև ինտերնետի վրա կարելի է մտիկ ընել ամեն ինչ, և շատ վատ որակով: Անկե զատ, դուրս երթալ, ելույթներու ներկա գտնվիլ, նույնիսկ շարժանկար տեսնալ, թատրոն երթալ, այս քիչցած է շատ: Հազարներով թատրոն ու շարժանկարի թատրոն գոցված են Հյուսիսային Ամերիկայի մեջ, նույնիսկ կոնցերտներուն ժողովուրդն ավելի քիչ կերթա»,-ցավով արձանագրում է մաեստրոն:

 

Անկախ դարաշրջանի այս մարտահրավերներից, Սինֆոնիա Տորոնտոն պահանջված է մնում հանդիսականների համար, առաջիկա համերգի տոմսերն արդեն սպառված են, վստահեցնում է նվագախմբի ղեկավարը: Նույն պահանջարկը վայելում են աշխարհի տարբեր երկրներում:տալիա, Լեհաստան, Ավստրալիա… Երկրներ, որտեղ առաջիկա ամիսներին Սինֆոնիա Տորոնտո նվագախումբը համերգներով է հանդես գալու՝ ներկայացնելով համաշխարհային դասական ստեղծագործություններ:

 

 

Ձեր կարծիքը

Comments