Home / Armenia  / Կոռուպցիան Հայաստանում՝ անսպառ նյութ ծաղրանկարների ու պայքարի համար

Կոռուպցիան Հայաստանում՝ անսպառ նյութ ծաղրանկարների ու պայքարի համար

Caxrankar

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Սատիրիկ  ոճով ամենալուրջ թեմաների մասին խոսելու առիթ լրագրող, ծաղրանկարիչ Վահե Ներսեսյանն ունեցավ 2009թ-ից, երբ Մաիաննա Գրիգորյանի հետ որոշեցին հիմնել Medialab.am լրատվական կայքը, որտեղ հատուկ ուշադրության են արժանի ծաղրանկարները: Հանրությանը հուզող ամենակարևոր խնդիրների մասին երկարաշունչ հոդվածների փոխարեն մեկ ծաղրանկար, որն ի վիճակի է կարևոր ուղերձն ավելի հատու դարձնել:

 

1959870_10203483293033555_1576600735_nԾաղրանկարնչությամբ Վահե Ներսեսյանը վաղուց է զբաղվել, բայց դրանք հանրայնացնելու առիթ չի ունեցել, հիմա արդեն այս ժանրն ունի իր լայն լսարանը, արձագանքներից պարզ է դառնում, թե հայ հասարակությունը հատկապես որ խնդիրների հանդեպ է առավել զգայուն:

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԴԳՐԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

«ժողովուրդն ամենաշատը սիրում է արագաչափերի թեման, նկարներից մեկն այն մասին է, որ դրանք ոչ ադեկվատ են աշխատում, չափից ավելի գումարներ են գանձում, հետո, որ նախագահի եղբայրը առնչություն ունի դրանց հետ, նաև հանգուցյալների մասնակցությունը ընտրություններին: Դրանք փաստերի հիման վրա են, երբ որ Վանաձարում գրանցվել էր 105 տոկոս մասնակցություն: Ես նկարներից մեկում ցույց եմ տալիս թաղում, որը շեղվել, եկել է ընտրատեղամաս, որպեսզի հանգուցյալը քվերակի: Հումորն այնտեղ ավելի հաջող է ստացվել, դրանք ինչ-որ բան տալիս են, հենց այնպես չի, որ մեծ տարածում են գտել»,-ներկայացնում է Վահե Ներսեսյանը:

12316679_10208326320706220_1974609781493965067_n

 

Նշված բոլոր դեպքերի հիմքում էլ կոռուպցիոն ռիսկեր են թաքնված, մի խնդիր, որն արտահայտվելու բազմակողմանի հնարավորություններ է տալիս, իսկ հանրությունն էլ ոչ միայն հումորով, այլև դառնությամբ է արձագանքում:

 

Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ն ընդունել է՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Վահե Ներսեսյանն հայ քաղաքացիական հասարակության այն անդամներից մեկն է, ով իր հնարավորություններից չափով փորձում է նպաստել կոռուպցիոն երևույթների նվազմանը, թե որքանով է դա հաջողվում, չի կարող գնահատել, բայց վստահ է, որ ուղերձը, որը հղում է ծաղրանկարների միջոցով, չի կարող անհետևանք մնալ:

 

Այն, որ երբ մարդ տեսնում է խնդիրը, ծիծաղում է դրա վրա, վստահ եմ, որ իր ներսում ինչ-որ կարծրատիպ, համոզմունք կոտրվում է

 

«Դա մենակ կաշառակերությունը չէ, ընդգրկումը բավականին լայն է՝ սկսած քավոր-սանիկ հարաբերություններից, երբ անգամ ժողովուրդը նորմալ է ընկալում, եթե ինչ-որ մի  պաշտոնյա հարակից պաշտոններում նշանակում է իր բարեկամներին, ծանոթներին: Շատ դժվար է այդ մտածելակերպը փոխել մարդկանց մեջ: Չգիտեմ՝ որքանով են ծաղրանկրաները ռեալ կյանքում փոխում, հետազոտություն չի արվել, բայց այն, որ երբ մարդ տեսնում է խնդիրը, ծիծաղում է դրա վրա, վստահ եմ, որ իր ներսում ինչ-որ կարծրատիպ, համոզմունք կոտրվում է, սկսում է կասկածել, որ միգուցե այդքան էլ գովելի չէ լինել բաշարող, այսինքն՝ մենք ցույց ենք տալիս հասարակության ախտերը»,-պատմում է ծաղրանկարիչը:

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակությունն ինքն է ինչ-որ չափով նպաստում կոռուպցիայի խորացմանը, որոշ դեպքերում կաշառք վերցնելը որակելով ոչ թե որպես հանցանք, այլ ճարպկություն: Մարիաննա Գրիգորյանը սրանում հաստատ համոզվել է վերջին ընտրություններից առաջ՝ Հյուսիսային պողոտայում նախաձեռնած իրենց ակցիայի ժամանակ:

 

Ոչ միայն նորմալ ընկալում են, այլև նորմալ է, որ կարող ես օրը ցերեկով Երևանի կենտրոնում կաշառք բաժանել, երաժշտությունով, գոռգոռալով, թե մոտեցեք, վերջին ընտրակաշառքն է, և մարդիկ վերցնեն

 

«Հյուսիսային պողոտայում ընտրակաշառք բաժանեցինք, երբ մի կողմում 10000 դրամ էր, բայց ոչ իսկական, իսկ մյուս կողմում ցույց է տրվում, թե ինչ է լինում, երբ վերցնում ես ընտրակաշառք: Ես ապշել էի, որովհետև շատերը մտածում էին, որ իրապես կաշառք է բաժանվում և վերցրել էին, շատերը հիասթափվեցին, պատռեցին, իմ համար զարմանալի էր, որ ոչ միայն նորմալ ընկալում են, այլև նորմալ է, որ կարող ես օրը ցերեկով Երևանի կենտրոնում կաշառք բաժանել, երաժշտությունով, գոռգոռալով, թե մոտեցեք, վերջին ընտրակաշառքն է, և մարդիկ վերցնեն: Բայց այդ ակցիաները շատ մեծ ազդեցություն ունեն, ես վստահ եմ, որ դրանից հետո մարդիկ կմտածեն»,- Noranor.ca-ի հետ զրույցում պատմում է Մարիաննան:

 

24879508_10213986847762339_7555768416113733769_oՆա 2016թ-ի իր գործունեության համար «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից նա արժանացել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի: 2017թ-ի մրցանակն էլ հանձնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանին, ով վերջին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր թիմի հետ բացահայտեց դպրոցների տնօրենների հայտնի հանցավոր գործունեությունը:

 

 

Ինչո՞ւ են հեռանում, նաև անօրինության հետևանքով, ոչ միայն սոցիալական պայմանների

 

«Կոռուպցիան վնասում է ավելի լավ երկիր ունենալուն, եթե պետական ատյաններից մինչև մասնավոր սեկտոր կոռուպցիայի մեջ թաղված է, չի կարելի ակնկալել, որ կունենանք ժողովրդավարական երկիր: Եթե այս իրավիճակը չլինի, մարդիկ չեն հուսահատվի, ինչո՞ւ են հեռանում, նաև անօրինության հետևանքով, ոչ միայն սոցիալական պայմանների»,-վստահ է 2016թ-ի մրցանակակիրը:

 

Եթե հասարակությունը չի պարսավում կոռուպցիոն երևույթները, չի բոյկոտում ցանկացած անձի կողմից կաշառակերության փորձը, իշխանությունը շարունակում է նույն ոճով, վստահ է Մարիաննան, հետևաբար նախ պետք է բարձրացնել հասարակության գիտակցության մակարդակը:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐԸ

Իսկ իշխանությունները պարբերաբար գոնե արտաքուստ նոր որոշումներ ու քայլեր են մշակում այս բնագավառում: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունն այս հարցում շատ փոքր, բայց դրական քայլ արձանագրել է, իսկ ՀՀ արդարադատության նախարար Սուրեն Քրմոյանը վստահեցնում է, որ դրանք կնպաստեն կոռուպցիոն երևույթների բացահայտմանն ու կանխմանը:

 

Դրանցից կարևորը ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքն է, հաջորդը եղել է ազդարարման նոր մարմնի ստեղծումը և ազդարարողների պաշտպանության երաշխիքների ստեղծումը:  Սրանք միջոցառումներ են, որոնք տեսականորեն հնարավորություն պետք է տան բացահայտել ապօրինի հարստացման դեպքերը,  հարստացողներին ձերբակալել: Նաև փոխնախարարի խոսքերով՝ այնտեղ ընդգրկված են ոչ միայն պետական պաշտոնյաներ, այլև բիզնեսի, հկ-ների ներկայացուցիչներ:

 

Այս քայլերը արդեն իսկ դրական հետևանքների պետք է տանեին, սակայն փոխնախարարը դժվարանում է նշել, թե դրանց շնորհիվ գործնականում քանի կաշառակեր պաշտոնյա կձերբակալվի, ինչպես դա լինում է այլ երկրներում:

 

Ես լիահույս եմ, որ բոլոր պաշտոնատար անձինք, ովքեր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո խախտում կանեն, նաև ապօրինի հարստացման հանցակազմի ներքո կլինի, պատասխանատվության կենթարկվեն

 

«Ես չեմ կարող կանխատեսել՝ քանի պաշտոնյա կձերբակալվի, բայց այն, ինչ առաջարկում է քաղհասարակությունը, նոր ինստիտուտների ներդրման նրանց բոլոր առաջարկությունները արդեն իրականացրել ենք, արդեն արդյունքները պետք է համատեղ ակնկալենք և գնահատենք՝ արդյո՞ք բարեփոխումները բավարար են թե չէ: Ես լիահույս եմ, որ բոլոր պաշտոնատար անձինք, ովքեր օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո խախտում կանեն, նաև ապօրինի հարստացման հանցակազմի ներքո կլինի, պատասխանատվության կենթարկվեն»,- Noranor.ca –ի հետ զրույցում նշում է Սուրեն Քրմոյանը:

 

Իսկ միջոցառումները, որ ձեռնարկվում են այլ երկրներում, ոչ բոլորն են ընդունելի մեր երկրի համար, վստահ է գերատեսչության ներկայացուցիչը: Շատ քայլեր իրականացվում են մարդու իրավունքների խախտումներով, ինչին, հավաստիացնում է, դեմ են: Հետևաբար առայժմ պետք է քաղաքացիական հասարակությունը բավարարվի այսքանով ու սպասի հաջորդ տրամաբանական քայլերին:

 

 

Ձեր կարծիքը

Comments