Home / Canadahye  / Հայաստանում սխալ բան չկա. Մոնրեալահայ Հայկ Աֆարյանի համոզմունքն ու Հայաստանին օգնելուն ուղղված ջանքերը

Հայաստանում սխալ բան չկա. Մոնրեալահայ Հայկ Աֆարյանի համոզմունքն ու Հայաստանին օգնելուն ուղղված ջանքերը

Hayk Afaryan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _Մոնրեալահայ երիտասարդ Հայկ Աֆարյանի՝ առայժմ վերջին նախաձեռնությունը հայ երգիչներ Սևակ Ամրոյանի, Սոնա Ռուբենյանի ու Աշուղ Նազելիի համատեղ համերգի կազմակերպումն էր, որի հասույթը տրամադրվել է Հայաստան համահայկական հիմնադրամին:

 

«Գիտեինք, որ հիմնադրամը կարիքը ուներ որակավոր համերգ կազմակերպել, մոտ եկանք, խոսեցինք՝ ինչ պատասխանատվություն կրնանք վերցնել, և կանգ առանք այս երեք երգիչների վրա, երեքն էլ, ի հաճույքս մեզի, համաձայնեցին, քանի որ մեր փափագած երգիչներն էին»,-պատմում է Հայկը:

 

ԳՈՒՄԱՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Մինչ այս էլ երիտասարդը տարբեր հայկական կազմակերպությունների համար նախաձեռնել է տարբեր միջոցառումներ: Նպատակը մեկն է եղել. Օգտակար դառնալ հայրենիքին, բացի համերգներից, նաև թատերական ներկայացումներ է նախաձեռնել ու մասնակցել:

 

Կիլիկիո «Զեյթունցիների հայրենակցական միությունը» կար, որ թատերախումբ էր կազմակերպել ու հայ որբերին օգնություն էր ուղարկել, դրա մեջ էի մասնակցում

 

«Փող ենք վաստակել Հայաստանի համար: Այս պահուն Համահայկական հիմնադրամին ենք տրամադրել, եղել է Համազգայինը, Կիլիկիո «Զեյթունցիների հայրենակցական միությունը» կար, որ թատերախումբ էր կազմակերպել ու հայ որբերին օգնություն էր ուղարկել, դրա մեջ էի մասնակցում, ինծի համար հայապահպանությունը, հայեցի դաստիարակությունն ու օգնելը շատ կարևոր են»,-ներկայացնում է երիտասարդը:

 

Լիբանանում ծնված և փոքր տարիքից Կանադա տեղափոխված Հայկ Աֆարյանը Մոնրեալում հայկական դպրոց է հաճախել, համարում է, որ հայ լինելը ոչ միայն առաքելություն ու հպարտություն է, այլև պարտականություն, այս սկզբունքն է, որ մասնագիտությամբ տնտեսագետ, բանկային մասնագետ Հայկ Աֆարյանին ուղղորդում է համայնքային կյանք, որտեղ նա փորձում է տարբեր եղանակներով օգտակար դառնալ Հայաստանին, նաև Հայեցի դաստիարակության մարմնի 5 անդամներից մեկն է:

 

Ինքնությանս մաս կկազմե, առօրյայիս մաս կկազմե ադ ընելը, ինծի համար ուրիշ տարբերակ չկա

 

Այն, ինչ անում եմ Կանադայում Հայաստանի համար, ոչ միայն պետք է օգտակար լինի հայրենիքին, այլև լինի որակյալ. Այս սկզբունքն է նպաստում որակյալ հայկական արվեստն ու մշակույթը տարածել Հյուսիսային Ամերիկայում: «Ինքնությանս մաս կկազմե, առօրյայիս մաս կկազմե ադ ընելը, ինծի համար ուրիշ տարբերակ չկա»,-ասում է նա:

 

ՍԽԱԼ ԲԱՆ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ի տարբերություն շատ հայաստանցիների ու սփյուռքահայերի, նա վստահ է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ճիշտ է: Թերությունները բնորոշ են բոլոր երկրներին, իսկ հայը չպետք է քննադատի իր երկրի ախտերը, կարծում է նա:

 

Կանադա կապրինք, Կանադայի մեջ ալ կոռուպցիա կա

 

«Իմ համար Հայաստանում սխալ բան չկա, ամեն ինչ նորմալ է, Կանադա կապրինք, Կանադայի մեջ ալ կոռուպցիա կա, միայն տարբերությունը, որ անձի անհատների անուններ չեն, ավելի կազմակերպությունների անուններ են, ընկերությունների անուններ: Հայաստանի տարբերությունը, որովհետև փոքր երկիր է, ամեն մարդ մյուսներին կճանչնա, անուններով կըսեն, Կանադա էլ նույնն է, Լիբանան էլ, երիտասարդ երկիր է Հայաստանը, շատ բարելավելու տեղեր կան,  բայց հիանալի, հրաշալի կետեր ալ կան»,-ասում է մոնրեալահայ երիտասարդը:

 

Հոն ալ ամեն ինչի պետքը կա, կարիք կա, բայց մերն է, պետք է օգնենք, ինչպես որ մեր եղբորը, մեր զավակին կօգնենք

 

Հայաստանի հանդեպ ռոմանտիկ լինելով հանդերձ՝ իրատեսորեն է փորձում գնահատել իրավիճակը, կարծելով, որ կատարյալ չէ ոչ մի երկիր, իսկ Հայաստանը իր երկիրն է, և «Ինչպես որ մեկին իր զավակը, կատարյալ չըլլալով, իր աչքին կատարյալ կըլլա, իր պորբլեմերով, հոն ալ ամեն ինչի պետքը կա, կարիք կա, բայց մերն է, պետք է օգնենք, ինչպես որ մեր եղբորը, մեր զավակին կօգնենք»,-ասում է Հայեցի դաստիարակության մարմնի անդամը:

 

Առայժմ օգնում է նրանով, որ մասնակից է լինում նյութական միջոցներ հայթայթելուն հայաստան ուղարկելու նպատակով, իսկ անձամբ այցելել ու ներգաղթին նպաստել չի կարող: Ընտանեկան որոշում պետք է լինի, թեև նաև վստահեցնում, որ իր ընտանիքը նման նպատակ ունի: Այլ հարց է, թե Հայաստանում կարո՞ղ է ապագա ստեղծել, սրան էլ դրական պատասխան ունի. Շատերն են հենց Կանադայից տեղափոխվել Հայաստան մշտական բնակության, Հայկը համոզված է.

 

Երիտասարդների համար Հայաստանը շատ լավ տեղ է, շատ լավ ապագա կտեսնիմ Հայաստանի պստիկներին, եկող սերունդներին

 

«Կհետևիմ իրենց սոցցանցերով, պատմություններին կհետևիմ, և առանց վարանելու կհավատամ, որ երիտասարդների համար Հայաստանը շատ լավ տեղ է, շատ լավ ապագա կտեսնիմ Հայաստանի պստիկներին, եկող սերունդներին»:

 

Զավակները հայերեն երգ սորվեցնենք, դժվար չէ, հայի համար հեշտ է

 

Կանադայում հայեցիությունը պահպանելու միջոցներից մեկն էլ լեզուն է, որը վտանգված է ոչ միայն Սփյուռքում, այլև, կարծում է, նաև Հայաստանում, հետևաբար հորդորում է բոլորին. «Կկարծեմ, որ ամեն հայ իր անձնական պատասխանատվությամբ իր պստիկներուն հետ պիտի փորձե պահպանել, շատ դժվար չէ, շատ կենտրոնացման պետք կա: Պարզապես թեկուզ իրարու հետ որ նամակներ կուղարկենք հեռախոսով, հայերեն տառերով ուղարկենք, հայերեն լեզվով ուղարկենք, զավակները հայերեն երգ սորվեցնենք, դժվար չէ, հայի համար հեշտ է, չեմ կարծե, որ հայեցի դաստիւարակությունը կվատթարանա»:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Իր մասնագիտական գործունեության ոլորտում՝ Կանադայի բանկային համակարգում, այլ խնդիրներ է տեսնում: 10 տարի աշխատել է բանկում, ապա դարձել հիփոթեքային բրոկեր, իսկ այժմ դարձյալ վերադառնալու է բանկ՝ արդեն որպես բիզնես վարկերի մասնագետ: Հիփոթեքային շուկայում վերջին շրջանում կանադայում փոփոխություններ եղան, որոնց արդյունքում բնակարանների գների ու վաճառքի ծավալների անկում եղավ: Քեպեքում իրավիճակը փոքր-ինչ այլ էր, ներկայացնում է Հայկ Աֆարյանը՝ մանրամասնելով.

 

Ինչ-որ Տորոնտոյի կամ Վանկուվերի նկատմամբ, հոն նույնպես աճ կա, բայց շատ ավելի ուժեղ էր առաջ

 

«Գնային հարցեր չեն եղել, բայց առաջվա թափով չէ աճը, առաջ, որ 5-7 տոկոս գները կբարձրանային, հիմա 1-3 տոկոս կբարձրանան, բայց դեռ աճ է: Ինչ-որ Տորոնտոյի կամ Վանկուվերի նկատմամբ, հոն նույնպես աճ կա, բայց շատ ավելի ուժեղ էր առաջ հոն, 10-15 տոկոսով էր, հիմա 1-3 տոկոսով է»:

 

Իսկ այս ամենն այնքան մեծ ազդեցություն չի ունենում գնորդների կամ գործակալների աշխատանքի վրա, որքան կառավարության քայլերը, վստահեցնում է մասնագետը: Օրենքները խոչընդոտներ են ստեղծում:

 

«Առաջ, երբ որ գնանք հիփոթեքների օրենքներով, ինչ-որ հարկի մուծման տոկոսը 2,5 տոկոս էր, իրենց վճարումն այդպիսին կհաշվեին, որ կառավարությունը ընդունի հիփոթեք կամ ոչ, հիմա նույնիսկ եթե 2.5 տոկոս ըլլա հիփոթեքը, 4.5 տոկոսի վճարման պայմաններով կընդունին հաճախորդը, առաջ մինչև 5 տոկոսով էին ընդունում հաճախորդը, հիմա մինչև 500 հզր դոլարն ընդունում են 5 տոկոսով, դրանից ավելին՝ 10 տոկոս է»,-ներկայացնում է տնտեսագետը կառավարության հարուցած խոչընդոտները:

 

 

Ձեր կարծիքը

Comments