Home / Armenia  / Կառավարությունը թակարդն է ընկել. Հայաստանում ոսկի կարդյունահանվի՞, թե՞ ոչ

Կառավարությունը թակարդն է ընկել. Հայաստանում ոսկի կարդյունահանվի՞, թե՞ ոչ

Levon Galstyan, Hayk Meliq-Adamyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանն ուղղված աշխատանքները շարունակելու համար այն իրականացնող «Լիդիան Արմենիան» ընկերությանը ոչինչ չի խանգարում, կան ֆինանսավորող միջազգային ընկերություններ, Հայաստանի կառավարությունը տվել է թույլտվությունը, հետևաբար 2018թ-ին արդեն նախատեսում են հանքավայրի շահագործում:

 

Մինչդեռ շահագործման այն ամբողջ անվտանգ պլանը, որ նրանք ներկայացրել են ՀՀ կառավարությանը, երկրաբաններն ու բնապահպանները շարունակում են հերքել՝ դրանում տեսնելով մեծագույն ռիսկեր՝ ուղղված Հայաստանի բնապահպանական միջավայրի վերացմենը: Հանքավայրի ուսումնասիրման աշխատանքներն սկսելուց ի վեր նրանք բարձրաձայնում են խնդիրը, սակայն կառավարությունը որևէ լուրջ ընթացք չտվեց այս պնդումներին:

 

Հայաստանում հանքավայրերի շահագործումը տնտեսական աճի ապահովման ամենահուսալի աղբյուրներից մեկն է մնացել ՀՀ կառավարության համար, հենց այս ճանապարհով են փորձում ապահովել երկրի արտաքին պարտքը մարելու միջոցներ, հետևաբար այս ներդրումն էլ խրախուսել են՝ առանց խորաթափանց լինելու հետևանքների մեջ, վստահ են մասնագետները: Իսկ հիմա, երբ վտանգների մասին բարձրաձայնվում է, կառավարությունը նախընտրում է լուռ մնալ:

 

Այսօր ևս Երևանում բնապահպաններն ու երկրաբանները մանրամասն ներկայացրել են ռիսկերը, Noranor.ca-ի հետ զրույցում պատմել են կառավարության անտարբերության, իրավիճակի լրջության ու իրենց կողմից հնարավոր ելքերի մշակման մասին: Այս ամենին «Լիդիան Արմենիան» ընկերությունը նախընտրում է չմասնակցել, ու ընդհանրապես դեմ առ դեմ քննարկում հարցի շուրջ չի կայանում շահագործող ընկերության, բնապահպանների ու կառավարության ներկայացուցիչների միջև:

 

ԼՈՒՐՋ ՌԻՍԿԵՐ

Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը լուրջ ռիսկեր է տեսնում հանքավայրի շահագործման դեպքում, ցիանիդի օգնությամբ ոսկու հայտնաբերումը լուրջ ռիսկեր է պարունակում, այն այլևս սպառնալիք կդառնա Սևանա լճի կենդանական աշխարհի համար, կքայքայի Որոտան-Արփա թունելը և մի շարք այլ վտանգների կհանգեցնի: Սա ոչ միայն հայ մասնագետների կարծիքն է, այլև անկախ փորձագետներն են ապացուցել:

 

Երկրաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ դեմոկրատական կուսակցության նախագահության անդամ Հայկ Մելիք-Ադամյանը , ով զբաղվում է նաև էկոտուրիզմի զարգացմամբ, վստահ է, որ այս բոլոր ռիսկերը կապված են տեխնոլոգիաների կիրառման հետ, եթե միջազգային չափանիշներին համապատասխան նոր տեխնոլոգիաներով տեղի ունենա հանքավայրի շահագործումը, թերևս այդքան մեծ չի լինի թունավոր նյութերի արտանետման ու տարածման սպառնալիքը:

 

Օրինակ նույն Կանադայում, նույն Ավստրալիայում այդ տիպի բաց հանքերը, որտեղ ոսկու քանակը շատ քիչ է, բայց հանքանյութի պարունակությունը՝ շատ, նոր տեխնոլոգիաներ են կիրառում

 

«Օրինակ նույն Կանադայում, նույն Ավստրալիայում այդ տիպի բաց հանքերը, որտեղ ոսկու քանակը շատ քիչ է, բայց հանքանյութի պարունակությունը՝ շատ, նոր տեխնոլոգիաներ են կիրառում, դրանցից մեկը բակտերիոցիտ ալկալիացման մեթոդն է, որտեղ ոչ թե ցիանիդներն են աշխատում, այլ բակտերիաները, որը տասնապատիկ ավելի անվտանգ է ու էկոլոգիապես ավելի մաքուր: Պետք է կիրառվեն նոր տեխնոլոգիաներ, որովհետև հնով այդ թունավոր նյութերը՝ ցիանիդները  կարող են տարածվել գրունտային ջրերի մեջ, մի կողմից Սևանն է, մյուսից՝ Ջերմուկը, և ամբողջ երկրաբանական հանրույթը այս տեսակ շահագործմանը դեմ է»,- Noranor.ca-ի հետ զրույցում ասում է Մելիք-Ադամյանը:

 

Նրա առաջարկած ելքը թերևս ընդունելի չէ ընկերության համար, քանի որ նոր տեխնոլոգիաներն ավելի թանկ կարժենան, հետևաբար եկամուտները կնվազեն, բայց հակառակ դեպքում էլ տեղի կունենա էկոլոգիական ճգնաժամ:

 

Էդ տիպի էկոլոգիական ճգնաժամեր եղել են Հունգարիայում, 2 տոննա ցիանիդ է թափվել, Դանուբը քիչ էր մնացել՝ շնչահեղձ լինի

 

«Էդ տիպի էկոլոգիական ճգնաժամեր եղել են Հունգարիայում, 2 տոննա ցիանիդ է թափվել, Դանուբը քիչ էր մնացել՝ շնչահեղձ լինի, նման բան Ղազախստանում է եղել, Ռուսաստանում բակտերիաներով ալկալիացմազն մեթոդը 2003 թ-ից կիրառում են: Ասում են, որ հաշվարկել են վնասները, բայց 80-90 տոկոսանոց գարանտիաներ չեն կարող տալ, բայց մենք նույնիսկ 5 տոկոսանոց սխալվելու իրավունք չունենք»,-վստահ է երկրաբանը:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱԿԱՐԴՆ Է ԸՆԿԵԼ

Շահագործող ընկերությունը չի փորձում, կառավարությունն էլ չի կարողանում նույնիսկ միջազգային անկախ փորձագետների փաստերի հիման վրա արգելել շահագործումը: Սրա համար Հայկ Մելիք-Ադամյանը տարբեր պատճառներ է տեսնում, ասում է.

 

«Բնապահպանության նախարարությունը, ենթադրում եմ, որ գտնվում է ճնշումների տակ, որովհետև ֆինանսական վիճակը վատ է, հիմնական ներդրում ապահովում է հանքարդյունաբերությունը, իսկ մեր պետական պարտքն անցնում է 6 մլրդ դոլարը, և պարզ է, որ շահագրգռված է, երևի շատ չի ուզում, բայց անճարությունից, որովհետև երկրին փող է պետք: Չեմ գտնում, որ էս գնով պետք է այդ փողը աշխատել, որովհետև շատ-շատ 100 տոննա ոսկի լինի»:

 

Հայաստանին ասում են երկրորդ Շվեյցարիա, որովհետև չտեսնված բնակլիմայական պայմաններ կան

 

Այնինչ Սևանն ու Ջերմուկը շատ ավելի թանկ արժեն, ոչ միայն նշված տարածքները, այլև դրանց շրջակա տեղանքներում էկոտուրիզմի զարգացման դեպքում երկրի տնտեսությունը տասնապատիկ ավելի կարող է շահել: «Հայաստանին ասում են երկրորդ Շվեյցարիա, որովհետև չտեսնված բնակլիմայական պայմաններ կան, էնպես չէ, որ անապատ է, 100 կմ գնում ես ու բան չես տեսնում, մի քանի ժամում տարբեր կլիմայական պայմաններ կտեսնես»,-նկարագրում է էկոտուրիզմի մասնագետը:

 

Հայկական բնապահպանական ճակատ հկ անդամ Լևոն Գալստյանը կիսում է երկրաբանի կարծիքը՝ կառավարության գործողությունների մասին: Վերջինս, հասկանալով հանդերձ, որ սխալ է անում, շարունակում է թույլատրել գործողությունները հանքավայրում:

 

Կառավարությունը, ես հասկանում եմ, որ թակարդն է ընկել, իր՝ ներդրումներ կոչեցյալ միֆի և իբր թե հանքարդյունաբերության տնտեսական աճի ապահովման միֆի

 

«Կառավարությունը, ես հասկանում եմ, որ թակարդն է ընկել, իր՝ ներդրումներ կոչեցյալ միֆի և իբր թե հանքարդյունաբերության տնտեսական աճի ապահովման միֆի: Իրենք այս և այլ ընկերությունների տվել են արտոնություններ և հիմա, եթե նույնիսկ հասկանում են, որ լուրջ խնդիր կա, չեն կարող իրենց կատարած քայլից հետ կանգնել, դրա համար էլ գտնում են տարբեր եղանակներ խուսափելու ամեն տեսակ պատասխանատվությունից»,-ասում է Գալստյանը:

 

Մարդիկ հստակ նշել են, որ Լիդիանը գիտակցված թաքցրել է մի շարք վտանգներ և լավատեսական կանխատեսումներ է արել, որ ամեն ինչ հոյակապ է

 

Միջազգային փորձագետների տված գնահատականները կառավարության համար արդեն իսկ բավարար հիմք պետք է հանդիսանային կանգնեցնելու հանքավայրի շահագործման քայլերը, դրանցում նշվում է, որ վնասներն ավելին կարող են լինել, քան եկամուտները:
«Մարդիկ հստակ նշել են, որ Լիդիանը գիտակցված թաքցրել է մի շարք վտանգներ և լավատեսական կանխատեսումներ է արել, որ ամեն ինչ հոյակապ է, բայց իրականում լուրջ փորձաքննության կարիք կա, իսկ Հայաստանի կառավարությունը չի ունեցել այդ ներուժը, որպեսզի իրականացնի: Հստակ ասում են, որ շահագործումը չի կարելի սկսել, քանի դեռ բոլոր հարցերի պատասխանները չեն տրվել»,-ներկայացնում է ՀԲՃ ներկայացուցիչը:

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Այնպես չէ, որ իրենք քննարկումներ են անում ու դժգոհում, իսկ Լիդիան Արմենիան ընկերությունը շարունակում է աշխատել: Լևոն Գալստյանը վստահեցնում է, որ անհրաժեշտ գործողություններ իրենք էլ են կատարում, իսկ դրանք ուղղված են ներդրումների կանխմանը: Մանրամասնում է.

 

Եթե դադարեցնեն, այլևս չեն կարող շարունակել աշխատանքը

 

«Մեր գլխավոր աշխատանքն ուղղված է ֆինանսավորող հաստատությունների, բանկերի, ներդրողների ուղղությամբ, որպեսզի հասկանան թե ինչ ծրագրի համար են ներդրում անում, որպեսզի հետ կանչեն կամ դադարեցնեն իրենց ծրագրի ֆինանսավորումը: Եթե դադարեցնեն, այլևս չեն կարող շարունակել աշխատանքը: Մնացած ճանապարհը պետք է ժողովուրդը հասկանա, կառավարությունը»:

 

Նա հույս ունի, որ ներդրողներին հետ կանգնեցնելու գործողություններն արդյունք կտան: Դրա նախադեպն արդեն ունեցել են, երբ Թեղուտի հանքավայրի շահագործման համար ֆինանսավորող ընկերությունը վերջին պահին հրաժարվեց ներդրում կատարելուց:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments