Home / Armenia  / Նկարիչ դարձած արհեստավորը մինչև կեսօր է սոված, իսկ իրական արվեստագե՞տը…

Նկարիչ դարձած արհեստավորը մինչև կեսօր է սոված, իսկ իրական արվեստագե՞տը…

nkarichner

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Մոտ 20 տարի առաջ էլ, ինչպես այսօր, էլեկտրամոնտաժող Ռուբեն Նանասյանը հաճախ էր լինում Վերնիսաժում՝ վաճառելու նկարիչ ընկերոջ՝ Դրաստամատ Հովսեփյանի հեղինակային աշխատանքները: Անձամբ չէր նկարում, իր գործը ոչ թե արվեստն էր, այլ արհեստը՝ էլեկտրիկի աշխատանքը, որում մասնագիտացել էր դեռ դպրոցն ավարտելուց հետո, ապա աշխատանքի ընդունվել ու լավ տիրապետում էր գործին:

 

«Էլեկտրականության մեջ կարող ես ասել՝ վերջ, արդեն ամեն ինչ գիտեմ, բայց արվեստի մեջ չէ, անընդհատ փոփոխություն, անընդհատ նորություն, նույնիսկ դու քեզանից կարող ես սովորել ու կատարելագործել, կատարելություն չկա արվեստի մեջ, որ ասես՝ դա վերջն է»,-հիմա արդեն ահա այսպիսի դատողություններ է անում էլեկտրամոնտաժողն արվեստի մասին:

 

20171213_110642Այնպես չէ, որ այդ մտքերը ծնվել են զուտ նկարներ վերավաճառելու հետևանքով: Ժամանակի ընթացքում ինքն էլ սկսեց նկարել՝ առանց ուսանելու, առանց տիրապետելու տեխնիկական մանրուքներին, իսկ թե ինչպե՞ս հանկարծ որոշեց կտավին շունչ հաղորդել, պատմում է.

 

Ռեստավրացիա էի անում: Կողքից ընկերս ասաց՝ մենք չենք կարողանում ռեստավրացիա անել, տես, թե դու ոնց էլ անում ես

 

«97-98թթ-ին, ես էլ նկարները վերցնում-վաճառում էի, որ վնասվում էր, ռեստավրացիա էի անում: Կողքից ընկերս ասաց՝ մենք չենք կարողանում ռեստավրացիա անել, տես, թե դու ոնց էլ անում ես, էդպես սկսեցի»:

 

ՓՈԽԵՑ ՆԿԱՐԸ

Նանասյանն ավելի հաճախ արտանկարում է հայտնի նկարիչների գործերը, երբեմն էլ էտյուդներ անում, թեև, ասում է, թե դրա համար շատ ժամանակ է պահանջվում, հետևաբար նախընտրում է կրկնօրինակել, բայց ինքն էլ զարմացավ, երբ հենց առաջին փորձը հաջողություն ունեցավ, իսկ վաճառվող նկարի պատմությունը՝ հետաքրքիր շարունակություն:

 

Ասում է՝ վայ, մենք ձեզանից գնել ենք նկար, բայց հիմա ավելի լավն են ձեր նկարները, որ բերեմ, կփոխե՞ք, ասի՝ մեծ սիրով, ինչու չէ

 

«Այվազովսկու ծովերից էի նկարել, էնքան հետաքրքիր բան եղավ, ամուսիններ էին, առան նկարը, 98 թե 99 թ-ին, անցավ 10 տարի, տեղափոխվա Սարյանի Վերնիսաժ, պատահական այդ ամուսինները եկան, մոտեցան ինձ, ասում է՝ վայ, մենք ձեզանից գնել ենք նկար, բայց հիմա ավելի լավն են ձեր նկարները, որ բերեմ, կփոխե՞ք, ասի՝ մեծ սիրով, ինչու չէ: Բերեցին, իրոք, որ նայեցի, ես էլ զարմացա տարբերությունների վրա, մարդ ինչքան շատ աշխատի, այնքան ավելի կբացվի ձեռքը»,-պատմում է նկարիչը:

 

ԱՐՀԵՏԱՎՈՐԸ ՄԻՆՉԵՎ ԿԵՍՕՐ Է ՍՈՎԱԾ

Հիմա համեմատաբար նվազել է պահանջարկը, տեղացիները նկարներ չեն գնում, ակտիվանում է, երբ սկսում է տուրիզմի շրջանը, իր և այլ հեղինակների գործերը՝ հայկական խորհրդանշաններով, գնում են աշխարհի տարբեր երկրներ: Իսկ հիմա, թեև վաճառքը քիչ է, էլեկտրիկ-նկարիչ Ռուբենը չի դժգոհում, ի տարբերություն իսկական նկարիչ ընկերների, արհեստավորը մինչև կեսօր է սոված:

 

Ես կարամ մի հատ սիգնալիզացիա սարքեմ, փող վաստակեմ, նրանք չէ, միայն արվեստի հույսին են

 

«Իմ սոցիալական վիճակն ավելի լավ է, քան իրենցը, որովհետև ես կարամ մի հատ սիգնալիզացիա սարքեմ, փող վաստակեմ, նրանք չէ, միայն արվեստի հույսին են»,-կեսկատակ ասում է նկարիչը:

 

20171213_110638

Իսկ եթե լուրջ, ապա հայ նկարիչներն իրենց հուսադրել կարող են այն փաստով, որ աշխարհի բոլոր ծայրերում էլ արվեստագետը դժվարությամբ է վաստակում, բացառիկ նկարիչներ են, որ ըստ արժանվույն գնահատվում են:  Ռուբեն Նանասյանը օրինակներ է բերում.

 

 Վան Գոգ, Մանե… Նրանք սովի մեջ են եղել, բայց Հայաստանում պետք է ճանաչված նկարիչ լինես, որ սոցիալական վիճակը լավ լինի

 

«Նկարիչները ոչ մի դարաշրջանում լավ չեն ապրում, եղել են մի քանի նկարիչներ, ասենք, Այվազովսկի, Պիկասո և այլն, բայց Վան Գոգ, Մանե… Նրանք սովի մեջ են եղել, բայց Հայաստանում պետք է ճանաչված նկարիչ լինես, որ սոցիալական վիճակը լավ լինի: Մեր մոտ կան, որ կարողանում են լավ ապրել, բայց կան էլ, որ ամեն օր գնում-գալիս են, բայց ապարդյուն»:

 

Ո՞Վ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ԳԻՆԸ

Անգամ զբոսաշրջության ամենաթեժ սեզոնին լավ նկարիչն այնքան չի վաստակում, որ ամբողջ տարվա ծախսերը կարողանա հոգալ. «Տուրիստները որ գալիս են, չմտածեք, թե առատաձեռն են գալիս, իրենք էլ գիտեն, որ սոցիալական վիճակը վատ է, իրենք են թելադրում գնային քաղաքականությունը»,-հավաստիացնում է նկարիչը, ում երկու որդիները արտագնա աշխատանքի են մեկնում, բայց ինքը չի ուզում հետևել նրանց:

 

20171213_110609

Նրա ընկերը, ում նկարները պատճառ դարձան, որ Նանասյանը բռնի նկարչության ուղին, 4 զավակ ունի, 2 որդի և երկու աղջիկ, բոլորն էլ Հայաստանում են: Այնպես չէ, որ Դրաստամատ Հովսեփյանը գոհ է իր սոցիալական պահյմաններից, բայց կտրականապես դեմ է, որ իր զավակները լքեն երկիրը:

Մեր անցյալը այստեղից է, ուրեմն ապագան էլ այստեղ է: Որտեղ մենք, այնտեղ էլ մեր երեխաները

 

«Իհարկե, չեմ գնա, ինչո՞ւ գնամ, օգտարության մեջ շատ եմ եղել ու գիտեմ՝ ոնց են վերաբերում, դու երրորդ կարգի մարդ ես, մենակ գումարն ու աշխատանքը չեն կարևոր. Մեր անցյալը այստեղից է, ուրեմն ապագան էլ այստեղ է: Որտեղ մենք, այնտեղ էլ մեր երեխաները, իրենք էլ շատ հնարավորություն ունեն գնալու երկրից, բայց այստեղ են մնում»,-ասում է արվեստագետը:

 

ՈՐԴԻՆԵՐԸ ՉԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ

Հովսեփյանը, ով 7 տարեկանից զբաղվել է նկարչությամբ, չի ցանկացել, որ զավակներն էլ զբաղվեն արվեստով, թեև դրա հնարավորությունը չեն ունեցել. Պատճառը նրանց ծնված ժամանակաշրջանն է՝ 90-ականների ճգնաժամը: «Չէի ուզի, որ շարունակեն իմ գործը, շատ դժվար է նկարչի համար»,-ասում է Հովսեփյանը:

 

Տղաները հիմա առևտրով են զբաղվում, ինքն էլ ստեղծագործում է: Դժգոհ չէ, հասկանում է, որ ընդհանուր սոցիալական պայմաններն է պատճառը, որ 20171213_112405արվեստի գործերը մղվել են հետին պլան: «Այսօր մարդիկ մտածում են մենակ գոյատևելու մասին, նկարը շատ քչերին է հետաքրքրոյւմ, կարելի է ասել՝ 10 տոկոսին, բայց սովորական խավին պետք չէ, որ նվիրեն էլ, կարող է տանեն նկուղները գցեն, սովորական մարդկանց քիչ է հետաքրքրում»,-ասում է նկարիչը:

 

Իսկ իր աշխատանքները, որոնցում հայկական խորհրդանիշները կարծես կենդանություն են առել, բարձր են գնահատվել, ժամանակին մասնակցել է ցուցահանդեսների, այսօր բավարարվում է գնորդների գնահատականներով, բայց շարունակում է պահպանել ավանդականն ու ազգայինը:

 

Ղարաբաղի, Սյունիքի տատիկների, պապիկների պատմածների հիման վրա վերցրել, ստեղծագործել եմ, ճախարակը, լավաշը, լրիվ իրենց պատմություններից վերցրած են

 

20171213_111122«Այդ նկարները ծնվում են հիշողություններով: Ղարաբաղի, Սյունիքի տատիկների, պապիկների պատմածների հիման վրա վերցրել, ստեղծագործել եմ, ճախարակը, լավաշը, լրիվ իրենց պատմություններից վերցրած են, հայկական գորգերը, իրականությանը համապատասխանում է, ու գոհ ենք, ամռանը վաճառվում են»,-նշում է Վերնիսաժի արվեստագետ-վաճառականը:

 

Դժգոհ է այնքանով, որ սոցիալական պայմանները երկրում լավ չեն, իսկ բարելավելու համար, կարծում է, որ մոտ 20 տարի կպահանջվի: Ցավում է, որ սփյուռքահայ հայրենակիցները կարճ ժամանակով են գալիս, ավելի լավ կլիներ, որ հաստատվեին հայրենիքում, այդ դեպքում 4 մլն բնակչություն ունենալու երկրի ղեկավարի հայտարարությունը իրականություն կդառնային, բայց բոլորովին դեմ է, եթե այդ խոսքերն իրականանան ոչ թե հայերի, այլ իրանցիների կամ ոչ քրիստոնյա այլազգիների հաշվին: Իսկ դրա վտանգը ևս տեսնում է:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments