Home / Armenia  / Երկրորդ տղա չեմ ուզեր, որ թուրքական բանակի մեջը զինվոր ըլլա. Ապրիլի 24-ին Ստամբուլում սպանված Սևակ Բալըքչիի քույրը որդուն ցանկանում է մեծացնել ապահով Հայաստանում

Երկրորդ տղա չեմ ուզեր, որ թուրքական բանակի մեջը զինվոր ըլլա. Ապրիլի 24-ին Ստամբուլում սպանված Սևակ Բալըքչիի քույրը որդուն ցանկանում է մեծացնել ապահով Հայաստանում

Lerna Bal@kl@ji

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) _ Քույրիկի հետ սրճարան կամ ռեստորան բացելն ու աշխատեցնելը ստամբուլահայ Սևակ Բալըքչիի երազանքն էր: Քույրը՝ Լեռնա Բալըքչին հիշում է. «Ճաշ սարքել շատ կսիրեր, անանկ բան մը ուզում էր, բայց չեղավ, Ստամբուլի մեջ ուզում էի կաֆե մը բանալ»:

 

Երազանքն իրականացնել Սևակին չհաջողվեց. 2011թ-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում ծառայող հայազգի զինվորը սպանվեց թուրք ծառայակցի կողմից: Տարիներ տևած դատական քաշքշուկներից հետո հանցագործը ազատության մեջ է, ընտանիքը որքան էլ արդարություն պահանջեց, արդյունքի չհասավ: 2 տարի առաջ Հայաստան տեղափոխված Լեռնան ասում է՝ այլևս չեն ուզում շարունակել իրենց պահանջը:

 

ՊԱՏԻԺԸ ՉԿԱ

«7 տարի եղավ, նորեն դատը շարունակվում է, բայց մենք ուզում ենք, որ վերջանան դատերը, երկու օր առաջ Ստամբուլ էի, չեմ ուզե ասկե վերջ դատերուն մասնակցիլ, որովհետև ոչ մի բան չկա, պատիժը չկա, որովհետև դուրսը պտտվում է»,-ասում է Բալըքչին:

 

Այլևս չեն ուզում արդար դատավճիռ պահանջել, փոխարենը շարունակելու են պայքարել ապրելով. Լեռնայի դեպքում ճիշտ այդպես եղավ: Ընտանիքը չէր հաշտվում զինվորի կորստյան ցավի հետ, բայց նոր ծնունդը դարման եղավ Բալըքչիների ընտանիքի համար:

 

Իմ երեխաս էլ ճիշտ ժամանակին եկավ, որովհետև բժիշկն ըսավ, որ պետք է երեխա ունենաս և դարմանվիս, ուրիշ ձևով չես կրնա կյանքը բռնել

 

«Սևակը շատ փոքր ծնվեցավ, շատ մեծ դժվարություններով կյանքի վերադարձուցինք, ինծի համար Սևակը իմ երեխայիս պես էր, անոր համար Սևակեն վերջ դարմանելը դժվար եղավ: Իմ երեխաս էլ ճիշտ ժամանակին եկավ, որովհետև բժիշկն ըսավ, որ պետք է երեխա ունենաս և դարմանվիս, ուրիշ ձևով չես կրնա կյանքը բռնել: Ծնվավ նույն Սևակի նման, կյանքը ասանկ է»,-պատմում է քույրը:

 

ԵՐԿՐՈՐԴ ՏՂԱՆ ՉԵՄ ՏԱ

Բայց նույն բանակին երկրորդ տղան տալ Լեռնան այլևս չցանկացավ: Ոչ թե որոշել էր, որ անպայման Հայաստան է տեղափոխվելու, այլ հանգամանքների բերումով նրա նորաստեղծ ընտանիքը հայտնվեց հայրենիքում: Որքան էլ դժվար էր Ստամբուլում եղբոր շիրիմը թողնելն ու տեղափոխվելը, նա մտածում էր նաև տղայի ապահովության մասին:

 

Երկրորդ տղա չեմ ուզեր, որ թուրքական բանակի մեջը զինվոր ըլլա

 

«Երկրորդ տղա չեմ ուզեր, որ թուրքական բանակի մեջը զինվոր ըլլա: Իսլամական երկիրն ավելի արաբական երկիր մը եղել է, անոր համար Օդինը հոնտեղ մեծացնել չուզեցի, բանակ ղրկել չուզեցի, հոնտեղ ապրելը չեմ ուզում, պատիժը չառավ, անոր համար ապահով ալ չի»,-մտահոգ է հայաստանաբնակ ստամբուլահայը:

 

Հանցագործի ազատության մեջ գտնվելն էր վտանգավոր է ընտանիքի համար, հետևաբար հայրենիքն ամենաապահով վայրն է երեխային մեծացնելու համար: Իսկ այլ երկրներ տեղափոխվելու մասին Լեռնան չի էլ մտածել, 35 տարեկանում առաջին անգամ այցելելով Հայաստան՝ իր մեջ մեծ փոփոխություններ է զգացել:

 

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՍ ԵԿԵՐ

«Երբ օդանավակայան իջա և «Բարի գալուստ»-ը տեսա հայերեն բառերով, ըսի՝ հայերենին նայելով, «Լեռնա, ինչո՞ւ, 35 տարեկան եղեր ես և Հայաստանը չես եկեր, ուրիշ տեղեր գացեր ես, պտտվել ես, բայց ինչո՞ւ Հայաստան չես եկեր»: Աս հայերուն պակասությունն է, իմ ալ պակասությունն է: Ստամբուլահայերուն պակասություն տեսա ու զգացի, և շատ ամոթ էր, ով որ գա իմ մոտս ու խոսել ուզե, անոր համար Հայաստանը բացվում է»,-պատմում է հայուհին:

 

Վստահեցնում է, որ իրենից հետո բազմաթիվ ստամբուլահայեր են այցելել Հայաստան, եթե ոչ ապրելու, ապա գոնե հայրենիքը տեսնելու, խրախուսում է բոլորին: Իսկ իր ընտանիքը, համոզված է, ճակատագրի բերումով հայտնվեց հայրենիքում, ամեն ինչ տեղի ունեցավ կարճ ժամանակում:

 

«Ըսինք՝ վարձով տուն բռնենք, մեկ ամիս վերջ գանք, մեկ ամիս վերջը ամեն բան ծախսեցի Ստամբուլի մեջ, տունս ծախսեցի, ապրանքներս ծախեցի, միայն շորերով եկա»,-պատմում է նա:

 

ՍԵՎԱԿԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Հայաստանն եղավ այն վայրը, որտեղ Լեռնան իրականություն դարձրեց զոհված եղբոր երազանքը՝ փոքրիկ ռեստորան հիմնեց, որտեղ Ստամբուլի ճաշատեսակներ են պատրաստում ու մատուցում:

 

Հայաստանում աշխատելը դյուրին չէր, դժվարություններ եղան, բայց Լեռնան չհուսահատվեց, միայն թե կցանկանար, որ հայրենիքում գոնե օգնության ձեռք մեկնեին նորեկներին, աջակցեին ոտքի կանգնել: Ասում է.

 

Գոնե պետությունը քիչ մը օգնե, բան մը ընե մեզի համար, «Բարի գալուստ» ըսե, բան մը ընե, որովհետև շատ դժբվար է աշխատանքը

 

«Ով որ գալիս է և ուզում է աշխատանք ընել, գոնե պետությունը քիչ մը օգնե, բան մը ընե մեզի համար, «Բարի գալուստ» ըսե, բան մը ընե, որովհետև շատ դժբվար է աշխատանքը: Հայաստանցիներու համար արդեն դժվար է, մեզի համար ավելի դժվար է: Ես երեխայիս համար եկա, պետք է դրամ շահինք, աշխատանք ունենանք, որ ապրինք, շատ դժվար է, Հայաստանի մեջ խնդիրները շատ են, բայց ինծի համար հիմա ապահովությունը ամենեն կարևորն է»:

 

ԿՐԵՑ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ

Մինչ Սևակի հետ պատահած դեպքը նրանց ընտանիքն այն կարծիքին էր, որ այնքան էլ դժվար չէ Թուրքիայում որպես հայ ապրել, մինչ այդ ընտանիքը որևէ ճնշում չէր զգացել, միայն կրեց ամենածանր հարվածը զգաց: «Փոքր էի, բայց մամաս, պապաս կպատմեր, միշտ հայերու մեջ էինք, թուրքերու մեջն ալ, հայկական դպրոց ավարտեցի, թուրքերու հետ աշխատում էի, շատ բաներ չզգացի, բայց ամենեն մեծը զգացի, Սևակը սպանեցին: Սևակեն ետքն ալ հայերու մեջն ալ տեսանք՝ ինչ դժվար է պատասխան առնել, չկա, պատասխանը չկա»,-պատմում է քույրը:

 

Իսկ իր՝ Հայաստան տեղափոխվելը շատ բան փոխեց ստամբուլահայերի մեջ, հավատացնում է, որ հիմա շատերն են դիմում իրեն, թե ինչպես կարող են քաղաքացիություն ձեռք բերել ու տեղափոխվել հայրենիք: Նման դեպքերում հնարավորինս աջակցում է հայրենկիցներին:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments