Home / Canadahye  / Քվեբեկ նահանգ մեկնելուն սպասում է դեռ 14 000 սիրիահայ, կպահանջվի 3,5 տարի. Հայ տուն-ի տնօրեն Նարոտ Օդաբաշյան

Քվեբեկ նահանգ մեկնելուն սպասում է դեռ 14 000 սիրիահայ, կպահանջվի 3,5 տարի. Հայ տուն-ի տնօրեն Նարոտ Օդաբաշյան

Narot Odabashyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Մոնրեալ (Նորանոր) _Սիրիական պատերազմի հետևանքով Կանադա ներգաղթելու ցանկություն հայտնած ու դիմում ներկայացրած սիրիահայերի մի զգալի հատված դեռևս չի կարողանում օգտվել հովանավորչական ծրագրից ու մեկնել այս երկիր: 2017թ-ին Կանադայի Հայոց թեմի «Հայ տուն» կազմակերպության միջոցով Քվեբեկ է մեկնել 692 ընտանիք. Սա այս նահանգ մեկնելու դիմումատուների միայն 5 տոկոսն է:

 

Թե ինչ աշխատանքներ է կատարել «Հայ տուն»-ը անցնող տարվա ընթացքում, սիրիահայ ընտանիքների համար ինչպիսի ծրագրեր են իրականացրել, որքանով է վերջիններիս հաջողվում մեկ տարվա ընթացքում, երբ վայելում են կառավարության աջակցությունը, հարմարվել նոր պայմաններին, և ինչու շատերը դեռևս մի քանի տարի պետք է սպասեն իրենց հերթին, այս հարցերի շուրջ Noranor.ca-ին մանրամասներ է հայտնել «Հայ տուն»-ի տնօրեն Նարոտ Օդաբաշյանը:

 

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ

Սիրիահայերի համար հովանավոր հանդիսանալով՝ միայն դիմավորելը չէ «Հայ տուն»-ի առաքելությունը: Հետագայում ևս երկարատև աշխատանք են կատարում ընտանիքների սոցիալ-տնտեսական, հոգեբանական և այլ հարցերի լուծման ուղղությամբ: Անցնող տարում ևս մոտ մեծ թվով ընտանիքներ դիմավորելուց բացի, շարունակել են նահանգում հաստատված ընտանիքների հետ տարվող աշխատանքները:

 

Խմբային ձևով տարեկան գոնե 7-9 կոնֆերանսներ ենք ըրել, հարցազրույցներ նոր եկողներու համար, աշխատանոցներ պստիկներու, տիկիններու և ընտանիքներու հետ

 

«Հեռաձայներ ընել, տուները այցելել, ընդհանուր և մանրամասն կարիքները ուսումնասիրել, սրանք անհատական ձևով: Իսկ խմբային ձևով տարեկան գոնե 7-9 կոնֆերանսներ ենք ըրել, հարցազրույցներ նոր եկողներու համար, աշխատանոցներ պստիկներու, տիկիններու և ընտանիքներու հետ, զանազան նյութեր, թերապիա ըրեցինք Ալեք Մանուկյան դպրոցին հետ, նոր հաճախող երիտասարդներու հետ, որ կարենան դրսևորել իրենց զգացումները, զանազան թեմաներու շուրջ հարցազրույցներ պառրաստեցինք»,-պատմում է Նարոտ Օդաբաշյանը:

 

Արդեն 6 տարի շարունակ Սիրիայից Կանադա մեկնող հայերի խնդիրները նույնն են, մարտահրավերները չեն փոխվել, դրանք ոչ միայն աշխատանք գտնելու ու լեզվական խնդիրները հաղթահարելու հետ են կապված, այլև նոր միջավայրին հարմարվելու ու ինտեգրվելու: Ինչպես հայտնի է, կառավարությունը առաջին տարում տարբեր կերպ օժանդակություն է ցուցաբերում նորեկներին, երկրորդ տարվանից արդեն նրանք պետք է լուծեն իրենց խնդիրները, սակայն եթե շատերին հաջողվում է աշխատանքի հարց լուծել, ապա մեկ տարում հարմարվել ոչ բոլորն են կարողանում: «Հայ տուն»-ի տնօրենը ասում է.

 

ՄԵԿ ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱ՞Ն Է

«Գործ գտնելու համար բավական է 1 տարին, բայց մեզի լուր կու տան, որ գոնե 2 տարի կառնե, մինչև որ կհարմարվին, լեզուն բավական սորվին, որ զգան, որ այս երկիրն իրենց նոր երկիրն է, առաջին տարին գործ գտնել, պստիկները դպրոցը, բավարար չէ, երկու տարի հետո միայն մնայուն ձևով կզգան, որ Քեպեք-Կանադան իրենց երկիկրն է»:

 

Կառավարությունը, թերևս, բավարարվում է 1 տարի ժամանակահատվածով, որպեսզի նորեկները կարողանան իրենց աշխատելու եռանդը ի ցույց դնել, բարձր վարձատրվող մշտական աշխատանք գտնելով՝ բեռ չդառնալ երկրի համար:

 

Շատ բախտավոր են, որովհետև Կանադայի կառավարությունը իրենց թոշակներ կու տա, պստիկներուն կաթի դրամ կու տա…

 

Իսկ կառավարության աջակցությունը տարբեր կերպ է լինում՝ կախված նրանից, թե որ սոցիալական խմբին են պատկանում նորեկները. «Շատ բախտավոր են, որովհետև Կանադայի կառավարությունը իրենց թոշակներ կու տա, պստիկներուն կաթի դրամ կու տա, եթե առաջին տարիները ֆրանսերեն լեզուն սորվին, նորեն թոշակ դրամ մը կու տան, առանց գործի զանազան գումարներ կստանան կառավարությունեն, բայց որովհետև հովանավորված են «Հայ տուն»-ի կողմե, անկարելի է, որ մեծ թոշակներ ստանան կանադական կառավարությունեն, գործ չունին և կուզեն գումարով մը ապրին»,-հավաստիացնում է պատասխանատուն:

 

«Հայ տուն» կազմակերպության նպատակը տվյալ դեպքում սիրիահայերին հովանավորելն է, բայց ոչ այն բոլոր ցանկացողներին, ովքեր մտադիր են Կանադայի ներգաղթային ծրագրերից օգտվել: Իսկ Կանադան, ինչպես հայտնի է, մտադիր է մինչև 2020թ-ը մեկ մլն ներգաղթյալ ընդունել: Երկրի Ներգաղթի նախարարը 2018-20թթ-ի ծրագիրը համարել էր Կանադայի կառավարության ամենահավակնոտ թիրախը:

 

14000 ՍՊԱՍՈՂ

Թե ինչպես այն կանդրադառնա Կանադա մեկնելու ցանկություն հայտնող սիրիահայերի վրա, առայժմ հայտնի չէ, բայց հստակ է, որ նրանց թիվը մեծ է: Միայն այս տարվա համար դիմում ներկայացրած մեծ թվով ընտանիքների չի հաջողվել մինչև տարեվերջ մտնել Կանադա: «Հայ տուն»-ի տնօրենը նշում է.

 

14000 հոգի կա, որ կսպասե, որ Քեպեք գա, և միայն Քեպքեը 4400 հոգի կընդունե տարեկան, 3,5 տարի պիտի առնե, որ այդ խողովակի մեջ լեցուն դոսիեները գան

 

«Բավական կան, որ ընթացքի մեջ են, 400-են ավելի են, որ պիտի գան, բայց կամացցած է սիստեմը Քեպեքի և Կանադայի, որովհետև 2015-16-ին Քեպեքի կառավարությունը և Կանադան շատ դիմումագիրներ ընդունեց, խողովակները խճողվեցան, հիմա 14000 հոգի կա, որ կսպասե, որ Քեպեք գա, և միայն Քեպքեը 4400 հոգի կընդունե տարեկան, 3,5 տարի պիտի առնե, որ այդ խողովակի մեջ լեցուն դոսիեները գան»:

 

Հրաշքի օրերը վերջացան, խճողվեցավ սիստեմը, հիմա դանդաղեցավ

 

2015-16թթ-ի ծրագիրն էականորեն ազդեց հաջորդ դիմումատուների վրա. «Կանադան գուզեր 20 հզր հոգի մտցնել 3 ամսվա մեջ, նույնիսկ 10 շաբթվան մեջ մարդիկ եկան, բայց այդ հրաշքի օրերը վերջացան, խճողվեցավ սիստեմը, հիմա դանդաղեցավ»,-ասում է մեր զրուցակիցը՝ մանրամասնելով առաջիկա տարիներին սպասվելիք իրավիճակը:

 

ՔԵՊԵՔԻ ԾՐԱԳԻՐԸ ԳՈՑ Է

Վստահ չէ, որ 3-4 տարում ևս այդ մեծաթիվ քաղաքացիները կարող են հասնել Կանադա, ծրագրերը փոխվում են: Նշում է.

 

Այս տարվանե սկսյալ գրեթե 3 տարի պիտի առնե, որ անհատ մը կամ ընտանիք մը ժամանե Քեպեք կամ Կանադա

 

«2017-18-ին 4400 պիտի ընդունի, անոր համար մեր նոր դիմած 2017-ի դիմած դոսիեները պիտի սկսին գալ մինչև 2019-2020, այս տարվանե սկսյալ գրեթե 3 տարի պիտի առնե, որ անհատ մը կամ ընտանիք մը ժամանե Քեպեք կամ Կանադա: Մեկուկես տարի առաջ, երբ 20 հզր սիրիացի եկավ, անոր համար 2018-ին դեռ գոց է Քեպեքի հովանավորության ծրագիրը, ոչ թե ներգաղթը ոչ, այլ հովանավորելը՝ ընտանիք մը կամ խումբ մը»:

 

Բացառված չէ, որ առաջիկա տարիներին ոմանք հրաժարվեն Կանադա մեկնելու իրենց մտադրությունից, ինչպես դա եղել է ոմանց դեպքում. «Պստիկ տոկոս մը եղավ, որ Ամերիկա գացին կամ Ավստրալիա, քանի մը ընտանիքներ ետ Սիրիա և չեն ուզե գալ»,-նշում է Մոնրեալի պատասխանատուն և հավելում, որ Հայաստան մեկնողներ ևս եղել են, բայց հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել հայրենիքում:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments