Home / Armenia  / Նոր տարվա «խեր» չտեսած հայկական խանութներն ու տոնական սեղանների յոթօրյա ուտեստները. Սիրիահայ Զարմինե Մինասյան

Նոր տարվա «խեր» չտեսած հայկական խանութներն ու տոնական սեղանների յոթօրյա ուտեստները. Սիրիահայ Զարմինե Մինասյան

Zarmine Minasyan]

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ 12.12.2012թ. այս հատկանշական տարեթիվը սիրիահայ Զարմինե Մինասյանը երբևէ չի մոռանա. Այս օրն ինքն ու որդին Հալեպի հրթիռակոծությունից մեկ ամսով խույս տալու մտադրությամբ ժամանեցին Հայաստան: Բայց իրենց հետևից փակվեցին ճանապարհները: 4 հոգանոց ընտանիքից 12թ-ի Ամանորին միայն երկուսն էին հայրենիքում, ամուսինը՝ Հարութ Թոքաթլյանը մյուս որդու հետ ավելի ուշ միացավ իրենց: Վարձակալած բնակարանում առանց անհրաժեշտ պատրաստությունների էլ տիկին Զարմինեի համար Տարեմուտն աննկատ չանցավ:

 

ԽՈՂՈՎԱԿԸ՝ ՏՈՆԱԾԱՌ

«Չէի գիտեր, որ Կաղանդն ալ հոս պիտի անցնենք, բայց մենք սկսեցինք մեր ճամփան՝ մեր առաջին Կաղանդով: Հրավիրեցի մեր տունը հարազատներից ով որ այստեղ կային, սեղան սարքեցի, ուզեցինք նույն ձևով տոնել: Նույնիսկ ծառ չունեինք տունը, տան մեջ նորոգություն եղած էր, մի հատ խողովակ կար, խողովակը ծառ սարքեցի, զարդարանքներ դրի, լույս դրի ու ահա, ըսի, աս տարվա մեր ծառն աս է, հակառակ, որ Հալեպ ունեի մինչև առաստաղ հասնող ծառ, այդ ծառով գոհացանք, բայց շատ ուրախ, որովհետև հայրենիքի մեջ էինք»,-ուրախությամբ է պատմում տիկին Զարմինեն:

 

Երկար տարիների խոհարարը չէր կարող դատարկաձեռն տոնել Նոր տարին, պատրաստեց բոլոր ճաշատեսակները, որոնք Հալեպում էլ զարդարում էին սեղանը: Հայաստանում սիրիական մշակույթից առավելապես աչքի ընկավ խոհանոցային արվեստը, մեծ մասը հենց այս աշխատանքով շարունակեց իր գոյությունը հայրենիքում: Եւ այսօր էլ հենց սիրիահայերի ձեռքով պատրաստած, սիրիական համեմունքներով ուտեստներն են զարդարում շատերի սեղանները:

 

Սիրիահայ տանտիկիններից ոմանք հենց Հայաստանում որոշեցին զբաղվել այդ գործով, Հալեպում կարիք չունեին իրենց պատրաստածը վաճառելու, այստեղ այն դարձավ ապրուստի միջոց:  Զարմինե Մինասյանին, սակայն, սա չի վերաբերում: Հալեպում էլ նա ու ամուսինը ոչ միայն պատրաստում էին, այլև վաճառում սեփական խանութում: Ամեն ինչ թողած Սիրիայում՝ 6 ամիս անց ընտանիքը որոշեց նորից սկսել: Հայրենակիցների հորդորներով վերսկսեցին, այս անգամ ոչ թե սեփական, այլ վարձակալած խանութում:

 

Մեր հաճախորդներից, որ էստեղ էին, ասացին՝ ինչո՞ւ չեք աշխատում նույն գործին, մենք պետք ունինք ձեր ճաշատեսակներու, մեզ քաջալերեցին, բացեցինք խանութ

 

«Հալեպում արդեն նույն ձևով կաշխատեինք մեր խանութում, մեր հաճախորդներից, որ էստեղ էին, ասացին՝ ինչու չեք աշխատում նույն գործին, մենք պետք ունինք ձեր ճաշատեսակներու, մեզ քաջալերեցին, բացեցինք խանութ: Դժվար էր, որովհետև այնտեղ մեզ համար բոլորը սեփական էր, վարձ տալու չէինք վարժված, սկսեցինք զրոյից»,-ասում է սիրիահայ կինը:

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՄԻՋԵՎ

Դա չխանգարեց զարգացնելու գործունեությունը: Այսօր արդեն կանոնավոր աշխատում են, նախատոնական շրջանում՝ փոքր-ինչ ավելի ծանրաբեռնված: Բայց վերջին տարիների ծանրաբեռնվածությունը չի կարելի համեմատել սկզբնական շրջանի հետ: Հիմա սիրիահայերի միջև մրցակցություն կա.

 

Լավ ըրին, բան չեմ ասում, բայց մի քիչ մեր գործը թեթևցավ

 

«Առաջին երկու տարին շատ լավ աշխատեցանք, Ամանորի ատեն շատ մեծ թվով պատվերներ կունենայինք, մանավանդ սիրիական համեմունքներով, հակառակ, որ տարուն մեջ չէին առնե, մյուս օրերուն չեն ուզե: Երբ որ շատցավ, հիմա բավական նույն գործով կզբաղվին, հակառակ, որ Հալեպ աս մեր գործն էր: Անոնք, որ նոր սկսան, Հալեպ աս իրենց գործը չէր, շատ տանտիկիններ բնավ չէին զբաղվի դուրսի գործով, բայց հիմա եկան, ադ գործը կընեն, լավ ըրին, բան չեմ ասում, բայց մի քիչ մեր գործը թեթևցավ»,-ասում է անհատ ձեռնարկատերը:

 

15391026_991825504262481_6827299149133961471_nՆԱԽԱԳԱՀԻ ԿԻՆԸ

Ազդեց ծավալի, բայց ոչ որակի վրա, վստահեցնում է տիկին Զարմինեն, ով լավ է տիրապետում խոհարարական գաղտնիքներին, որոնք ուրիշներին գուցե հայտնի չեն: Պատահական չէ, որ սիրիահայերի համար կազմակերպվող տոնավաճառների ժամանակ իրենց ուտեստները չեն անտեսվում նույնիսկ երկրի առաջին դեմքերի կողմից. Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էլ է համտեսել ու գնահատել Զարմինե Մինասյանի պատրաստածը:

 

Նախագահին կինը երբ որ եկավ, բաստուրման, սուջուխը ինձմե վերցուց

 

13221702_839036802874686_8430286373585057717_n

«Նախագահին կինը երբ որ եկավ, բաստուրման, սուջուխը ինձմե վերցուց, մեր ճաշերը բոլորը կսիրեն, որովհետևր համեղ են, իրենք գիտեն արդեն, եթե մեկը գիտե, որ ադիկա լավ ձևով սարքված է, կսիրեն»,-հավատացնում է կինը:

 

Տեսականին շատ է, իսկ հայաստանցիներն ունեն իրենց նախընտրած սիրիական կերակրատեսակները. «Տեղացիները իշլի քյուֆթեն կսիրեն, ռուլետներ ունինք հավով, սունկով, համեմունքով, թե հավի տեսակով, շատ գեղեցիկ, քյուֆթայի տեսակները կսիրեն, պանիրով ուտեստ կա՝ խաչապուրի չէ, ուրիշ տեսակ, ան կսիրեն,  մենք սուջուխ, բաստուրմա կշինենք, մեր բաստուրման շատ աղվոր է»,-ներկայացնում է նա:

 

ՅՈԹՕՐՅԱ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հայաստանյան կերակուրներից հատկապես ձուկն է հավանել, որն այստեղ ուրիշ համ ունի, ասում է Զարմինեն, հայերի սովորություններն էլ զարմացրել են կնոջը, չի կարելի 7 օր տոնել ու սեղանին նույն կերակուրները պահել: Իրենք՝ սիրիացիները երկրորդ օրն արդեն սպառում են տոնական ուտեստը:

 

Ադ շատ լավ է, որ կու գան-կերթան, բայց սեղանի վրայի կերակուրներուն համը չի մնա, մենք չենք սիրե այդքան թողնել

 

«Ինծի զարմացրեց, որ 7 օր սեղանը մեջտեղ կմնա, գացող-եկող կըլլա, ադ շատ լավ է, որ կու գան-կերթան, բայց սեղանի վրայի կերակուրներուն համը չի մնա, մենք չենք սիրե այդքան թողնել: Մենք ի՞նչ կընենք. Առաջին օրը ով որ կըլլա սեղանի վրա, ուտելիքները ավելցած կըլլան, հաջորդ օրը նույն անձերուն ետ կհրավիրես,  որ ճաշերը վերջանան, կու գան, ինչ որ մնացած է, ետ կտաքցնենք, ամեն ինչ կդնենք, որ վերջանան»,-պատմում է հալեպահայը:

 

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽԵՐԸ

Իրենց սովորություններից շատ ավելի ընդօրինակելի է, կարծում է, այս մեկը. «Առաջին օրն անպայման պետք է երթան և խանութը մեկ հատ բանան ու ճրագը վառեն, որ Նոր տարվա օրհնությունը կամ խերը գա, մտնի ներս, ասիկա կարևոր ավանդություններ են, որ սորվել ենք, հոս մեկ շաբաթ ոչ խանութ բացող կըլլա, ոչ հարցնող»,-զարմանքն է արտահայտում արդեն 5 տարի Հայաստանում ապրող ու հայկական այս սովորույթը չընդունող սիրիահայը:

 

Հայրենիքում կենարար աղբյուրը նրա համար Արարատն է, որին  ամեն առավոտ  առավոտ պատշգամբից նայում է ու չի հագենում. «Կարծեմ ինծի ուժ կու տա, որ օրս շարունակեմ, կարող է ուրիշներու համար սովորական բան ըլլա, բայց մեզի համար շատ նշանակություն ունի, որովհետև այդ երազով մեծցած ենք»:

 

ԳՈՒՑԵ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ

Արարատին մոտ լինելու ձգտումն ու զգացողությունը, սակայն, չի ստիպում, որ Հալեպում ունեցած տնից ու խանութից հրաժարվեն ու Հայաստանում հաստատվեն. Այնտեղ իր 37 տարվա երջանիկ կյանքի, երկու զավակների մասին հուշերն են, որոնցից բաժանվելը հեշտ չէ, բացի դրանից, կարծում է, որ վաճառելու դեպքում ստիպված կլինեն իրական արժեքից ցածր գնով տալ, չեն կամենում կորցնել տունը. Երկու որդի ունեն, գուցե նրանք վերադառնան Հալեպ:

 

Առողջություն և ամենակարևորը խաղաղ կյանք ունենան: Մենք գիտենք խաղաղության արժեքը

 

Լինեն Հայաստանում, Սիրիայում, թե մեկ այլ վայրում, Զարմինե Մինասյանը բոլոր հայերին բարեկեցություն է ցանկանում ու ամանորյա լավագույն մաղթանքներ հղում՝ ասելով. «Ըլլա սիրիահայ, երևանահայ, ամերիկահայ, պարսկահայ…Թող Աստված մեր ժողովուրդին իր փափագները տա: Միայն լավ պայմաններու մեջ չէ, որ պիտի աղոթեն, ուրախ պայմաններու մեջ ալ միշտ Աստծուն աղոթեն, որ առողջություն և ամենակարևորը խաղաղ կյանք ունենան: Մենք գիտենք խաղաղության արժեքը»:

 

 

Ձեր կարծիքը

Comments