Home / Armenia  / Սփյուռքի պահանջված ներդրումներն ու Հայաստանի վտանգները. Գյուղատնտեսական ու բնապահպանական ոլորտների ռիսկերն ու ռեսուրսները

Սփյուռքի պահանջված ներդրումներն ու Հայաստանի վտանգները. Գյուղատնտեսական ու բնապահպանական ոլորտների ռիսկերն ու ռեսուրսները

Arcvik Minasyan Robert makaryan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Օտարերկրյա ներդրումների խրախուսմամբ Հայաստանի կառավարությունը փորձում է տնտեսական աճ ապահովել ու փոքր-ինչ մեղմացնել երկրի արտաքին պարտքի բեռը: Գրեթե բոլոր ոլորտներին հանձնարարվել էր աշխատել այս ուղղությամբ, իսկ տարեսկզբին վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ կոչ հղեց սփյուռքահայերին նպաստել հայրենիքի հզորացմանը նաև այս ճանապարհով:

 

Այսօր, երբ գերատեսչությունները փորձում են ի մի բերել տարվա կատարած աշխատանքը, Noranor.ca-ը տարին ամփոփող պաշտոնյաներից հետաքրքրվել է ներդրումային ծրագրերի ծավալներով, ինչպես նաև դրանցից բխող ռիսկերով: Ուշադրության կենտրոնում են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտները:

 

ԱՐԵՎՄՏԱՀԱ՞Յ ԿԼԻՆԻ, ԹԵ՞ ԱՐԵՎԵԼԱՀԱՅ

Գյուղատնտեսությունը Հայաստանում առաջիններից չէ, որտեղ սփյուռքահայը ցանկանում է բիզնես ծավալել, ռիսկերը շատ են, իսկ ներդրողի համար կարևոր է, որ հնարավորինս մեծ եկամուտներ ապահովի: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման, գյուղացիների օժանդակության ու փոխհատուցման ծրագրերին: Noranor.ca-ի հարցը, թե ինչ ծավալ են կազմում ոլորտում օտարերկրյա, մասնավորաբար Սփյուռքի ներդրումները, նախարարին անսովոր թվաց. Պարզվում է՝ նրա համար բոլորովին էական չէ ներդրողի ծագումը:

 

Գինեգործության ոլորտում բազմաթիվ սփյուռքահայեր կան, որոնք իրենց գործունեությունը ծավալում են

 

«Մեր համար տարբերություն չկա՝ սփյուռքահայ կլինի, արևմտահայ կլինի, թե արևելահայ կլինի, որովհետև գյուղտնտեսությունը ինչքան շատ ներդրում, այնքան լավ, որովհետև անընդհատ կլանող ոլորտ է և զարգացման պոտենցիալ ունի, բայց կարող եմ նշել, որ գինեգործության ոլորտում բազմաթիվ սփյուռքահայեր կան, որոնք իրենց գործունեությունը ծավալում են, որովհետև իրենք ունեն իրենց դրսի փորձը գինեգործական ապրանքների վաճառքի, արտադրության, մարկետինգի տարբեր շուկաներում»,-պատասխանեց Մակարյանը:

 

Փոխնախարարը ծավալներին չանդրադարձավ՝ նշելով, որ վարչապետը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 27-ը ամփոփել դրանք և գնահատել 2018թ-ի ակնկալիքները: Կանխատեսումների մասին արդեն հունվարին կարող են հստակ պատկեր ներկայացնել:

 

Մեր համար գերնպատակ չէ, որ անպայման արևմտահայերեն խոսի, որ ներդրում անի ոլորտում

 

Մակարյանը վստահեցնում է, որ այժմ նախարարությունը մի քանի ներդրումային ծրագրեր է մշակում հաջորդ տարի իրականացնելու համար, կարծում է, որ նոր գործարարական առաջարկների շնորհիվ ծավալները կաճեն: «Մեր համար գերնպատակ չէ, որ անպայման արևմտահայերեն խոսի, որ ներդրում անի ոլորտում, ուղղակի քանի որ նրանք ավելի տեղյակ են մարկետինգից, ավելի նպատակահարմար կլինի իրենք ներկայացնեն»,-ասում է փոխնախարարը՝ բոլորովին չկարևորելով ֆինանսական աղբյուրը:

 

Կան կոնկրետ ծրագրեր, որոնք ներկայացրել ենք, այսինքն՝ մարդկանց ասել ենք, որ այդ ոլորտը շահութաբեր է, կարող եք ներդրումներ իրականացնել

 

Իսկ թե որ ուղղություններից կարելի է բարձր արդյունավետություն ակնկալել, նշում է. «Ջերմոցաշինության ոլորտում, սառնարանային տնտեսության ոլորտում, բազմաթիվ ոլորտներ կան, որոնք շահութաբեր են, մենք հիմա տարբեր գործարարների հետ հանդիպում ենք՝ հասկանալու համար շահութաբերության մակարդակը տարբեր բիզնեսների, որպեսզի առաջարկենք իրենց: Կան ներդրումներ, որոնց 18թ-ի կանխատեսումը ունենք, և կան կոնկրետ ծրագրեր, որոնք ներկայացրել ենք, այսինքն՝ մարդկանց ասել ենք, որ այդ ոլորտը շահութաբեր է, կարող եք ներդրումներ իրականացնել»:

 

ՎՆԱՍԱԲԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ

Բնապահպանության ոլորտը հետաքրքրում է օտարերկրյա ներդրողներին, ովքեր այստեղ հիմնում են մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայաններ ու ջերմաէլեկտրակայաններ: Բայց շատ ավելի շահութաբեր համարվող ուղղություններից է հանքարդյունաբերությունը, որն այս ոլորտի հետ կապ ունի այնքանով, որ տարբեր ռիսկեր է պարունակում:

 

Ինչպես բազմաթիվ դեպքերից արդեն հայտնի է, հանքավայրերի շահագործումը սպառնալիք է դառնում բնության՝ անտառների, ջրամբարների և այլնի համար: Ամենաթարմ մտահոգիչ օրինակը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ռիսկն է, որի մասին առիթ ունեցել ենք ներկայացնել, անգամ Տորոնտոյում է այս հարցը բարձրացվել բնապահպանների կողմից:

 

Իսկ այն շահագործող Լիդիան Արմենիան ընկերությունը, որն արդեն կարողացել է ձեռք բերել ֆինանսական հովանավոր գործունեություն ծավալելու համար, պատրաստվում է շահագործել հանքը, որի արդյունքում թունավոր նյութերը կարող են տարածվել մի կողմից Սևանի, մյուս կողմից՝ Ջերմուկի ջրերի մեջ՝ սպառնալիք դառնալով կենդանական աշխարհի համար: Բնապահպանները վստահ են, որ կառավարությունը տեղյակ է խնդրին, սակայն որոշումը կայացրել է, իրավունքը՝ տվել, ակնկալում է ներդրումներ, հետևաբար նրանց բնորոշմամբ թակարդն է ընկել:

 

ԹԱԿԱՐԴԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ

Այսօր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Noranor.ca-ի հարցին ի պատասխան, ներկայացրեց գերատեսչության դիրքորոշումը:

 

Շարունակվում է կամ կանխամտախված կամ դիտավորության այլ դրսևորումներով մեր հայտարարությունները շեղել կամ չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնել նախարարության հասցեին

 

«Թակարդի խնդիր չկա, բազմիցս անդրադարձել եմ հարցին, բայց չգիտեմինչու շարունակվում է կամ կանխամտախված կամ դիտավորության այլ դրսևորումներով մեր հայտարարությունները շեղել կամ չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնել նախարարության հասցեին: Չկա այդպիսի բան, որ ասենք, թե քանի որ որոշումը կայացած է, մենք գնում ենք առաջ և վերջ, ժամանակի ցանկացած պահի, եթե ծրագրային շեղում է և այնպիսին է, որ վտանգ է սպառնալու, առաջին արձագանքողը մեր մարմինն է լինելու»,-վստահեցրեց Մինասյանը:

 

Նա նշեց, որ շնորհիվ կառավարության որոշման մեջ փոփոխության՝ հնարավորություն ունեն եռամսյակը մեկ ստուգելու գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մինչդեռ նախկինում դա կարող էին անել միայն ծրագրի ավարտին: Հիմա այլևս նման խնդիր չկա, և վստանգ տեսնելու դեպքում կդադարեցնեն շահագործումը, հավաստիացնում էնա:

 

Ցանկացած հարց մտահոգում է, դրա համար մենք մշտապես դնելու ենք մոնիտորինգի տակ

 

«Մենք նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնել, որ փորձագետները բանավիճեն, մեր նախնական պայմանավորվածությունը եղել է այն, որ հունվարին պետք է կայանա երկու փորձագետների հանդիպում, հուսանք՝ որևէ կողմ հետ չի կանգնի: Ցանկացած հարց մտահոգում է, դրա համար մենք մշտապես դնելու ենք մոնիտորինգի տակ: Այն, ինչ մասնագետները ներկայացրել են 10 հզր էջանոց փաստաթղթի մեջ, այլ հարց է, բայց  բավարա՞ր է, թե՞ ոչ, դրա համար պետք է հանդիպեն, հասկանանք: Այս պահին, որ նկարագրված լինի ռիսկը, կա»,-ասում է նախարարը:

 

ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒ ՆԵՐԴՐՄԱՆ ԾԱԳՈՒՄԸ

Ցանկացած բնապահպանական նպատակ չես կարող արդյունավետ իրականացնել, եթե հաշվի չառնես տնտեսական խնդիրը, շեշտում է Արծվիկ Մինասյանը: Իսկ լրագրողները հարց են հնչեցնում դարձյալ ներդրումային ոլորտից. Այս դեպքում խնդիրը առնչվում է քրեական հեղինակություններին ֆինանսավորելու համար մեղադրվող ռուսաստանաբնակ Ռուբեն Թաթուլյանը, ով պատրաստվում է կառուցել Շնողի հէկ-ը: սա վարչապետի նախաձեռնած ներդրողների ակումբի ձեռնարկն է:

 

Հարց է առաջանում՝ արդյո՞ք կառավարության անդամի համար էական չէ նման խնդրի առկայությունը, նախարարը արձագանքում է.

 

Որպես կառավարության անդամ՝ ես կոչ եմ անում բոլորին ներդրումներ իրականացնել երկրի ներդսում, առաջին հերթին բնապահպանության ոլորտում

 

«Եթե դուք ինձ հարցնում եք՝ որպես տնտեսագետի, ինձ համար չափազանց կարևոր է ներդրումների հոսքը Հայաստան, եթե ինձ հարցնում եք որպես իրավաբանի, չափազանց կարևոր է ծագումը այլ ուղղություններով ծախսվելու հետ կապված, եթե հարցնում եք՝ որպես կառավարության անդամի, քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է և հնարավորություն է տալիս, որ ներգրավվի միջոցներ, դա պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանը միացել է փողերի լվացման դեմ միջազգային կոնվենցիային, թույլ տվեք այդ շրջանակներում քննեն համապատասխան մարմինները, բայց որպես կառավարության անդամ՝ ես կոչ եմ անում բոլորին ներդրումներ իրականացնել երկրի ներդսում, առաջին հերթին բնապահպանության ոլորտում»:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments