Home / Canadahye  / Հայաստանաբնակ կանադահայերի փոքրիկ, բայց արժեքավոր ձեռքբերումները հայրենիքում. ամփոփում, բարեմաղթանքներ և կոչեր

Հայաստանաբնակ կանադահայերի փոքրիկ, բայց արժեքավոր ձեռքբերումները հայրենիքում. ամփոփում, բարեմաղթանքներ և կոչեր

Ancnox tarin

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան, Կապան, Ուշի (Նորանոր) _ Հայրենիքի ուղին բռնած սփյուռքահայերի թիվը տարեցտարի ավելանում է: Եթե հայաստանցիների մի մասը արտագաղթում է կամ առնվազն մտածում այդ մասին, ապա Սփյուռքում ապրողների մի մասի համար կարևոր նպատակ է մնում Հայաստան վերադառնալը: Կանադահայերը քիչ թիվ չեն կազմում: Ոմանք արդեն տասնյակ տարիներ հաստատվել են Հայաստանում, դժվարություններ կան, սակայն հաստատակամ են իրենց որոշման մեջ. Երկիր չի կարող ունենալ միայն թերությունները, առավելություններ ևս կան, որոնք պահում են նրանց հայրենիքում:

 

Տարեվերջին, երբ ի մի են բերում 365 օրերի աշխատանքի արդյունքները, ինչպիսի՞ն է լինում նրանց տրամադրությունը. Արդյո՞ք ձեռքբերումներն ավելի քիչ են Հայաստանում, քան Կանադայում էին, ի՞նչ արժեք ունի հայրենիքում ունեցած յուրաքանչյուր նվաճում, ի՞նչ խնդիրներ են տեսնում, և ինչպիսի՞ն էր անցնող տարին: Այս հարցերի շուրջ Noranor.ca-ն զրուցել է հայաստանաբնակ կանադահայերի հետ, ովքեր հղել են նաև Տարեմուտի բարեմաղթանքներ:

 

ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ԿՐԻԱՅԻ ՊԵՍ

Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանի հիմնադիր Մարգար Շարապխանյանն, ով 10 տարուց ավելի է՝ Հայաստանի Ուշի գյուղում է ապրում իր կնոջ հետ, այս ընթացքում կարևոր փոփոխություններ է տեսնում համայնքում, դանդաղ տեմպերով, բայց զարգացում կա:

 

Ամենեն վատը, որ կլսես, կըսեն՝ դրամ ունենայի, երկիրը կձգեի, կերթայի: Ասիկա մեծ, մեծ վերք մըն է, որ բացված է և չի գոցվիր

 

«Երբ ես 10 տարի առաջ եկա աս գյուղում տուն շինեցի, բնակեցի, բավական մեծ փոփոխություն տեսա, գյուղացիներս տնտեսապես ավելի առաջ գացած են, տուներն ավելի լավ են, աս կնշանակե, որ առաջադիմություն կա, ոչ ավելին, իսկ ամենեն վատը, որ կլսես, կըսեն՝ դրամ ունենայի, երկիրը կձգեի, կերթայի: Ասիկա մեծ, մեծ վերք մըն է, որ բացված է և չի գոցվիր»,-ցավով ասում է Շարապխանյանը:

 

Շարունակում է անցնող տարվա գլխավոր մտահոգությունը մնալ արտագաղթը երկրում: Սա ըստ Տորոնտոյի վարժարանի նախկին տնօրենի՝ ամենալուրջ խնդիրն է, որը մի շարք բացթողումների հետևանք է: Դրանք պետք է շտկի կառավարությունը, միայն խոսքով չէ, պետք է աշխատանք տանի հայաստանցիներին երկրում պահելու, ավելին, ներգաղթ կազմակերպելու համար, ասում է ուշիաբնակ կանադահայը:

 

Երկրին մեջ կառավարությունը ժողովուրդին կարևորություն տան, եթե ոչ, անկարելի է, որ Հայաստանը առաջադիմե

 

«Մենք չենք յուրացրած 25 տարի և ավելի հայրենիք ունենալու գաղափարը: Ես որ այսքան տարի Կանադան ձգել եմ, այդ փառավոր կյանքը ձգեցինք և եկանք հայրենիք, որովհետև մեր հողն է, մեր երկիրն է, մեր սեփականությունն է, ամենեն կարևորն ադ է, որ երկրին մեջ կառավարությունը ժողովուրդին կարևորություն տան, եթե ոչ, անկարելի է, որ Հայաստանը առաջադիմե: Բայց դժբախտաբար այդքան հառաջադիմություն չկա, դանդաղ կա, կրիայի պես կառաջանանք»:

 

ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ՝ ԵՄ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

2017թ-ին երկրի մեծագույն ձեռքբերումը համարում է Եվրամիության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը, բայց այն էլ միայն թղթի վրա չպետք է լինի, այլ հասարակությունը շոշափելի քայլեր տեսնի, ակնկալում է ու հավելում. «Մենք Եվրոպական քաղաքակրթված բոլոր երկիրներու նման պետք է երկիր մը ստեղծենք, որ չունենք տակավին, այս աստիճանին չենք հասած»:

 

Քրիստափոր Արթինը ևս երևանաբնակ չէ, նա էլ Կանադայից տեղափոխվելով հայրենիք՝ հաստատվել է Կապանում, այսօր զբաղվում է շինշիլաբուծությամբ: Մասնավոր գործունեության մեջ հաջողությունների մասին է խոսում, պատմում զարգացման հետանկարներ ունեցող ճյուղի ապագայի մասին, իսկ այս հարցում իրենք առանց աջակցության չեն մնում:

 

Նմանատիպ գործունեություն Կանադայում սկսելը շատ ավելի դժվար է, քան Հայաստանում

 

«PAPUK LTD ընկերությունը առաջատար ու միակ ընկերությունն է, որ ներմուծում ու զարգացնում է այս ոլորտը հայաստանում՝ որպես գյուղատնտեսության զարգացման ծրագիր: Նմանատիպ գործունեություն Կանադայում սկսելը շատ ավելի դժվար է, քան Հայաստանում: Մենք մեծ գոհունակությամբ վայելում ենք գյուղատնտեսության աջակցությունը մեր գործի հաջողության համար»,- վստահեցում է Քրիստափորը:

 

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՐՏԱՔԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ

Դժգոհ չէ անցնող տարվա ձեռքբերումներից ինչպես իր մասնավոր գործունեության, այնպես էլ Հայաստանի  արտաքին շուկաների հետ հարաբերությունների զարգացման հարցերում: Երկրի համար տարվա կարևոր ձեռքբերում նա էլ համարում է առևտրատնտեսական նոր հարաբերությունների հույս ներշնչող քայլերը:

 

«Մի քանի պետական փոխհամափձայնություններ կնքելը Պարսկաստանի ու Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական զարգացման առումով մեծ նշանակություն ունեն, հատկապես պարսկական շուկայում Հայաստանը շատ առաջ է գնում, բայց դանդաղ քայլերով, պատճառն այն է, որ խնդիրները շատ են, բայց 365 օրը շատ քիչ է դրանք լուծելու համար, հերթականությունը որոշելն էլ մեծ խնդիր է»,-ասում է գործարարը:

 

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Նա լուրջ խնդիր է տեսնում օրենսդրական դաշտում, նշում է. «Տակավին հետընթաց է կրում արդարադատության ոլորտը, ու ազգը անապահով ու անպաշտպան է զգում անարդարության հանդեպ: Ազգի ու հայրենիքի միակ ու հզոր եղել է ու կլինի մեր բանակը»:

 

Վարդգես Ավագյանը, Կանադայում ու այլ երկրներում բժշկական կրթություն ստանալուց հետո հաստատվեց ու կլինիկա հիմնեց հենց Հայաստանում: Երբ հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, ավելի շատ ձեռքբերումներ է հիշում.

 

Փորձում ենք Հայաստանի պատիվը բարձր պահել և Հայաստանի համար լավ գործ անել

 

«Փորձում ենք հնարավորին չափով կատարել նորամուծություններ, շարունակել մնալ շուկայում, դրսից բերել նորագույն մեթոդները, վերապատրաստումները: Մեր ձեռքբերումներից մեկն այն է, որ կլինիկան անցնում էր պրոցես, որի ժամանակ ստացավ իր սերտիֆիկացիան, միջազգային որակավորումը Մոնրեալում: Փորձում ենք Հայաստանի պատիվը բարձր պահել և Հայաստանի համար լավ գործ անել, քանի որ սիրում եմ Հայաստանը»:

 

ՓՈՔՐԻԿ, ԲԱՅՑ ԱՐԺԵՔԱՎՈՐ

Բժիշկ Ավագյանը չի ցանկանում այնպիսի պատասխանատու գնահատականներ հնչեցնել, որպիսին են երկրի կարևորագույն ձեռքբերումներն ու կորուստները, ինքն իր ոլորտում է փորձում օգտակար լինել երկրին: Իսկ Կանադայի համեմատ այստեղ ունեցած ցանկացած հաջողություն ավելի մեծ բավականություն է պաճառում:

 

«Այստեղի ձեռքբերումը շատ ավելի դժվար ու քաղցր է, որովհետև այս պայմաններում քայլել, ձեռքբերում ունենալ, դա ավելի մեծ արժեք ունի, քան մի փոքր փոփոխությունը այնտեղի, որտեղ դու անընդհատ գտնվում ես զարգացման մեջ, և այդ փոքր փոփոխությունը չի կարող արդեն զարգացած երկրի մեջ մեծ տեղ ունենալ, բայց այնտեղ էլ իր տեղն ունի, բայց Հայաստանի մեջ ավելի գնահատելի է, որովհետև մեր ժողովուրդը դրա կարիքն ավելի շատ ունի»,-համոզված է Մեփլ-լեֆս կլինիկայի տնօրենը:

 

ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՈՒ ԿՈՉԵՐ


Մարգար Շարապխանյան_ ԲԱՐԵՄԱՂԹՈՒՄ ԵՄ4

Գործ ըլլա, գործ ստեղծվի, միակ մաղթանքս է, որ ժողովուրդն ուրախ ըլլա և չմտածե երկիրը ձգելու մասին: Առանց ժողովուրդի հայրենիքն ի՞նչ է, ո՞վ պիտի պահե հայրենիքը:

 

 

Քրիստափոր Արթին_  ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ

Կանադահայերին և ընդհանրապես Սփյուռքում ապրող մեր հայերին վերանայեն իրենց կյանքն ապրելու ու հայրենիք հաստատվելու հնարավորությունները ու ծրագրեն իրենց ու հաջորդ սերունդների ապագան Հայաստանում. Իսկապես, տնից լավ տեղ չկա: Ոչ մի սփյուռքահայ թող չհամեմատի ու սպասի, որ Հայաստանը լինի իրենց ապրած երկրների նման, որ հետո գան հայրենիք: Դա չի լինելու, որովհետ Հայաստանը յուրահատուկ տեղ է: Եկեք միասին շենացնենք այն: Ինչ երազել ենք, որ ունենանք, այսօր 20637835_10159190010225584_3865513472065978335_nունենք՝ ի պատիվ մեր հերոսների թափած արյունի: Փառք ու պատիվ նրանց: Հողը հեռվից չեն ցանում, հայրենիքը հեռվից չեն սիրում: Միայն կարոտում ենք: Եկեք մեր կարոտն առնենք ու մշակենք մեր հողը:

 

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ

 

Որ 2018-ին կունենանք որոշակի քաղաքական առաջընթաց, տնտեսական մեծ զարգացում և ավելի շատ սփյուռքահայերի հոսք դեպի հայրենիք: Մենք նշելու ենք մեր անկախության 100-ամյակը և զգալու ենք այն հերոսներին ու նրանց կյանքի գնով կերտած հայրենիքը:

 

Վարդգես Ավագյան _ 3 ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆfile_5802_6237772

 

Առաջին հերթին կմաղթեմ բոլորիս խաղաղություն, սա ամենակարևոր մաղթանքը կլինի, որովհետև այսօր շատ լարված վիճակ է ամենուր, առավել ևս Հայաստանի համար: Երկրորդը՝  բոլորին առողջություն, երրորդը՝ արդեն հաջողություն, որը կբերի բոլոր ձեռքբերումներին: Հուսով եմ, որ այս բարի տարին՝ շան տարին կգա և մենք ավելի լավ կշարժվենք առաջ:

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments