Home / Armenia  / Կանադահայ գործարար Րաֆֆի Էլլիոթի բիզնեսը Հայաստանում. Առողջապահական տուրիզմը՝ հեռանկարային ոլորտ

Կանադահայ գործարար Րաֆֆի Էլլիոթի բիզնեսը Հայաստանում. Առողջապահական տուրիզմը՝ հեռանկարային ոլորտ

Raffi Elliot

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Երբ 2012թ-ին Րաֆֆի Էլլիոթը Կանադայից Հայաստան տեղափոխվեց, այնտեղ տարած անհաջող վիրահատության հետևանքները վերացրին հայ բժիշկները: «Բուժեցի, ու շատ հաջող եղավ»,-ասում է Րաֆֆին:

 

Բայց հայաստանյան բժշկության առավելությունների մասին հարկավոր է ոչ միայն խոսել, այլև այդ ուղղությամբ աշխատել: GetTreated բժշկական զբոսաշրջային startup-ի հիմնումը եղավ գործնական քայլը: Թիմը, որի հետ դեռ 5 տարի առաջ ՏՏ ոլորտում սկսել էր համագործակցել Էլլիոթը, այս անգամ անցավ այս նոր գաղափարի իրականացմանը: Մոտ երկուսուկես տարի առաջ սկսված նախաձեռնությունը մեկ տարի է՝ լուրջ բիզնեսի  է վերածվել:

 

Հայաստանում հիմնական բնակվելու հաստատակամությամբ տեղափոխված Րաֆֆին որոշել էր նորարար գաղափար առաջ քաշել, որն իսկապես արդյունավետ կլիներ: Նման ընկերությունը առաջինը չէր, բայց եզակիներից էր, որ լրջորեն աշխատում էր առողջապահական տուրիստներ Հայաստան բերելու ուղղությամբ:

 

ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ԳԻՆԸ

«Շուկան ուսումնասիրելով՝ հասկացանք, որ դրսում բժիշկները երկու տարբերություն ունեն՝ ժամանակն ու գինը: Այսինքն իրենց մոտ համ թանկ է, սովորական բուժման համար մոտ 40 հզր դոլար են ծախսելու, համ, եթե Կանադայում են ապրում, մի վեց ամիս սպասելու են, մինչև գոնե բժշկին տեսնեն: Այդպիսի մարդիկ գնում են դրսում բուժվելու, քանի որ ավելի մատչելի է, ավելի արագ է»,-պատմում է Էլլիոթը:

 

Սա էլ խթան հանդիսացավ, որպեսզի հայաստանյան մասնագետների որակյալ ու ժամանակակից տեխնոլոգիաներով մեթոդները առաջարկեն՝ հրավիրելով տուրիստներին Հայաստանում բուժվելու: Իսկ դրա համար անհրաժեշտ եղավ օտարազգիների համար երեք կարևոր խոչընդոտները վերացնել: Նշում է.

 

Գնում են Հայաստան, այիսնքն՝ մի երկիր, որի մասին չեն լսել, ինչպե՞ս են հասնելու, հյուրանոցի հարցը և այլն ինչպե՞ս են կազմակերպելու, եթե լեզու չգիտեն, մշակույթ չգիտեն

 

«Նախևառաջ վստահությունը, չգիտեն՝ ում մոտ են գնալու, այսինքն վստահելի՞ է բժիշկը, թե՞ ոչ, երկրորդ՝ լոգիստիկան:  Գնում են Հայաստան, այիսնքն՝ մի երկիր, որի մասին չեն լսել, ինչպե՞ս են հասնելու, հյուրանոցի հարցը և այլն ինչպե՞ս են կազմակերպելու, եթե լեզու չգիտեն, մշակույթ չգիտեն: Երրորդ՝ պաշտպանվածությունը, մենք երեք հարցերը հասկանալով՝ մտածեցինք մի հարթակ ստեղծել, որն ավելի հեշտացնում է բժշկական տուրիզմը»:

 

Այդ նպատակով ստեղծված կայքն օգնում է զբոսաշրջիկին, ով ի վերջո որոշել է իր երկրից դուրս բուժվել: Այնտեղ զետեղված տեղեկատվության միջոցով հաճախորդը ամբողջական տեղեկատվություն կարող է ստանալ: Շատ դեպքերում այն ռիսկային կարող է լինել: «Նույն ռիսկերն են, ինչ սովորական բժշկի մոտ ես գնում, կարող է վիրահատությունը լավ չստացվի, խնդիր լինի: Իհարկե դրանք չափազանցվում են, երբ երկրից երկիր ես գնում դրա համար, և ապահովագրությունը չի պաշտպանում: Ե՛ւ պացիենտների հետ պայմանագիր ենք կնքում, և՛ բժիշկների, նրանց խնդրում ենք, որ այդ պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն, որ եթե հաճախորդը գոհ չմնա, միասին քննարկում են և փորձում են լուծել»,-նկարագրում է կայքի հիմնադիրը:

 

Գրեթե չի հիշում դեպքեր, երբ այցելուները դժգոհ մնան, Հայաստանում մատչելի և ժամանակակից տեխնոլոգիաներով առաջարկվող բուժումները զարմացնում են, վստահեցնում է նա: Թեև իրենք դեռևս երեք ոլորտներում են աշխատում՝ ակնաբուժության, ատամնաբուժության և պլաստիկ վիրահատության, մտադիր են ընդլայնել ցանկը:

 

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ԱՃ

Հայաստանում առողջապահական տուրիզմով զբաղվել են նաև այլ ընկերություններ, Էլլիոթը ասում է, թե ոչ այս մասշտաբով: «Եթե Հայաստանում քո հորեղբայրը ատամնաբույժ է, քո ընկերը Մոսկվայում է ապրում, ընկերոջդ ուղարկում ես հորեղբորդ մոտ, դա կոչվում է բժշկական տուրիզմ , դա շատ փոքր ծավալով է աշխատում»:

 

Այս տարի մեկուվեց մլն մարդ է եկել, ուր նրանց մի քանի տոկոսը գալիս է բուժվելու նպատակով

 

Այնինչ լայն ծավալով աշխատելու դեպքում առաջարկությունների ավելի լայն փաթեթ են ներկայացնում: Իսկ Հայաստանը ունի նման հնարավոություն, նաև երկրի նկատմամբ հետաքրքրության աճն է նպաստում ընկերության զարգացմանը: «Հայաստանը վերջին  տարիներին հայտնաբերվում է իբրև հետաքրքիր տուրիստական վայր: Այս տարի մեկուվեց մլն մարդ է եկել, ուր նրանց մի քանի տոկոսը գալիս է բուժվելու նպատակով: Գալիս են Արևմտյան Եվրոպայից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, գալիս են Կանադայից, հատուկ իմ պատճառով, Ամերիկայից եմ ստացել ու Կատարից, Դուբայից, մենք այս շուկաների վրա ենք կենտրոնացել»,-ասում է կանադահայ գործարարը:

 

Չեն կենտրոնանում ռուսական շուկայի վրա, այս երկրից այցելուները քաջածանոթ են հայաստանյան առողջապահական համակարգին, հետևաբար իրենց ջանքերն այս դեպքում անարդյունավետ կլինեն:

 

Անկախ դրանից, հաճախորդների թիվը միջազգային ասպարեզում Հայաստանի վարկանիշի բարձրացմանը զուգահեռ աճում է: Ասում է. «Հայաստանը կամաց-կամաց ճանաչվում է որպես տուրիզմի կենտրոն, մեր ընկերությունն էլ միջազգային շուկայում ճանաչում է ձեռք բերում, մեր մասին մի քանի մեծ տուրիստական թերթեր գրել են»:

 

ԲԻԶՆԵՍ, ՈՉ ԹԵ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Սա այն ոլորտներից է, որտեղ բիզնեսը հեռանկար ունի, սակայն հայտնի են դեպքեր, երբ սփյուռքահայ ներդրողները հաջողության չեն հասնում, որքանո՞վ են արդարացված նրանց դժգոհությունները, որո՞նք են պատճառները. Մասնագիտությամբ քաղաքագետ գործարարը ասում է.

 

Ես երբեք չէի գնա Թաիլանդ , 100 հազար դոլար ներդնեի ու իմ հարևանին տայի առանց որևէ պայմանագիր ստորագրելու, բայց քանի որ Հայաստան է, քանի որ մեր ախպերներն են, դա կա

 

«Սփյուռքահայերը Հայաստանում բիզնեսին չեն վերաբերում որպես բիզնես, բարեգործություն են տեսնում դրա մեջ: Հայաստանում այնպիսի բիզնես որոշումներ են անում, որ երբևէ ուրիշ տեղ չէին անի: Ես երբեք չէի գնա Թաիլանդ , 100 հազար դոլար ներդնեի ու իմ հարևանին տայի առանց որևէ պայմանագիր ստորագրելու, բայց քանի որ Հայաստան է, քանի որ մեր ախպերներն են, դա կա, հետո նաև մարդիկ լավ պետք է հասկանան Հայաստանի շուկան, որպեսզի հասականաս, թե ինչ ես անում, օրինակ ես Հայաստանում երբեք շաքարավազի գործ չէի անի»:

 

Այսինքն՝ կարևոր է նաև ոլորտը, որտեղ փորձում ես ներդրում անել, բայց մյուս կողմից, անհաջողության օբյեկտիվ պատճառներ էլ կան, որոնք արդեն կախված են կառավարության քայլերից: Այս հարցում Էլլիոթը ակնկալում կառավարությունից:

 

Ես կառավարությունից մի շատ կոնկրետ քայլ եմ ուզում

 

«Ես կառավարությունից մի շատ կոնկրետ քայլ եմ ուզում. Եթե նայում եք, վերջին քանի տարվա մեջ Հայաստանը բարձրանում է, միակը, որ չի բարձրանում օրենսդրական դաշտն է: Եթե Հայաստանի վարչապետը քաջալերում է, որ դրսից գան, ներդնեն Հայաստանում, սպասում է մեծ ներդրումների, բայց դրա համար պետք է վստահ լինես, որ պաշտպաված ես: Շատ հեշտ է Սփյուռքի հայրենասիրական ականջը կանչել, բայց պետք է իսկական քայլեր տեսնեն մարդիկ, պետք է պրոյեկտին հավատան, Հայաստանի զարգացման պրոեկտին»,-նշում է հաջողության հասած գործարարը:

 

 

Ձեր կարծիքը

Comments