Home / Canadahye  / Երկու թեմերն Սփյուռքի մեջ իրար չեն խաչաձևեր, այլ կզորացնեն. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը՝ հայոց թեմերի ու 2018թ-ի ծրագրերի մասին

Երկու թեմերն Սփյուռքի մեջ իրար չեն խաչաձևեր, այլ կզորացնեն. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը՝ հայոց թեմերի ու 2018թ-ի ծրագրերի մասին

Babken arqepiskopos Charyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ Առաջիկայում Կանադայի երկու խոշոր քաղաքներում՝ Մոնրեալում ու Տորոնտոյում կկայանա հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին նվիրված գիտաժողով, տեղի կունենա ֆիլմի պրեմիերա: Նախաձեռնությունը Կանադայի Հայոց թեմինն է:

 

Թեև 1666թ-ին է սկսվել Աստվածաշնչի տպագրությունը, սակայն թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը հավատում է, որ այն տևել է 2-2,5 տարի, ավարտվել է 1668թ-ին: Այսինքն՝ տեղին է հիմա նշել այս կարևոր իրադարձությունը և օտարազգիներին պատմել քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի հոգևոր մշակույթի այս դրվագը:

 

«Կհրավիրեն դեսպաններ, որոնք իրենց երկիրներու մեջ ադ աշխատանքները կատարեցան, օտար ղեկավարներ, որ ծանոթ ըլլան, թե հայերեն Աստվածաշունչի տպագրությունը երբ կատարված է մեր ժողովրդի մեջ և ինչ ազդեցություն ունեցած է մեր հավատքի ամրապնդման, քաղաքականության և մեր ազգակերտման գործում»,-ասում է Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը:

 

Սա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ներկայացնող Հայոց թեմի նախաձեռնություններից մեկն է: Մի շարք այլ ձեռնարկներ էլ ունեն, որոնց 2018թ-ին մտադիր են կյանքի կոչել, այս ամենը արվում է զուգահեռ այն աշխատանքների, որոնք կատարվում են թեմի խնդիրներն ու հայ համայնքի մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

 

Աշխատանքների, Կանադայում երկու թեմերի միասնականության, դրանց անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ Noranor.ca-ն զրույց է ունեցել Բաբկեն Սրբազանի հետ:

 

2018թ-ի կարևոր անելիքներից է նաև «Նարեկ»-ի նորովի հրապարակումը, կշարունակվի եկեղեցական «Լուսավորիչ» հանդեսի հրապարակումն ու տարածումը կանադահայերի ընտանիքներում, տեղի կունենա նաև Առաջնորդարանի ընթրիքը: «Այն Տորոնտոյի ու Մոսնրեալի մեջ մեր ազգայիններու, բարերարներու և մեր ժողովուրդի այն զավակներու հավաքն է, որոնք մեր շուրջն են, մեր Առաջնորդարանի զորավիգ են և ծրագիրներու իրականացման կօժանդակեն: Ձևով մը հաշվետվություն է»,-ներկայացնում է Բաբկեն Սրբազանը:

 

ՄԱՐԴՈՒԺԻ ՑԱՆԿԱԳՐՈՒՄ

Յուրաքանչյուր թեմի համար կարևոր է հասկանալ, թե ինչպիսի հետևորոդներ ունի, մարդուժի ինչպիսի պոտենցիալ: Սա պարզելու նպատակով ընթացիկ տարում Առաջնորդարանը մտադիր է իրականացնել մարդուժի ուսումնասիրություն ու հավաքագրում: Սա հնարավորություն կտա նոր նախաձեռնություններ իրականացնել: Թեմի առաջնորդը մանրամասնում է այսպես.

 

Գիտնալ, թե մեր շուրջն ինչ մարդուժ կա տարբեր բնագավառների մեջ, այդ ուժն օգտագործել ու ներառել մեր հոգևոր-կրթական դաստիարակության մեջ

 

«Բոլոր շրջաններու մեջ հանձնախումբեր կձևավորենք, ուր պիտի կարողանանք մարդուժի ցանկագրում կատարել, գիտնալ, թե մեր շուրջն ինչ մարդուժ կա տարբեր բնագավառների մեջ, այդ ուժն օգտագործել ու ներառել մեր հոգևոր-կրթական դաստիարակության մեջ, որպեսզի իրենք էլ իրենց լուման դնեն ազգակերտման գործում»:

 

Կրթության ոլորտում ևս թեմի առաջնորդը անելիքներ է տեսնում, թեև գոհունակությամբ շեշտում է, որ երկու մեծ քաղաքաներում էլ հայ համայնքը հիմնականում հայախոս է, մոտ 1600 երեխա է հաճախում հայկական վարժարաններ, առաջիկայում մտադիր են ավելացնել դասարանների թիվը:

 

 10 դասարաններ ավելցնեն, ևս 1000 աշակերտի կարողանան ընդունիլ

 

«Մեր դպրոցներում բարվոք վիճակ է, մեծ թիվով աշակերտություն ունինք, Մոնրեալում 1000, Տորոնտոյում՝ 600, և ծրագիր կա, որ 10 դասարաններ ավելցնեն, ևս 1000 աշակերտի կարողանան ընդունիլ, այս աշխատանքները կկատարվին: Հայախոս գաղութներ են, նորեկները՝ հատկապես սիրիահայերը, տարբեր աշխություն տվին, տարբեր ավյուն մը ներարկեցին, որ հայությունը պահպանվի»,-վստահ է թեմի առաջնորդը:

 

ՀԱՄԱԴՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ

Այս աշխատանքները Առաջնորդարանի ծրագրերն են, որոնք անկախ է իրականացնում, յուրաքանչյուր թեմ ունի իր ծրագրերը, և այդ հարցերում չեն համագործակցում կաթոլիկ կամ, ասենք, էջմիածնական թեմի հետ:

 

«Հանդիպումներ կան պրոտոկոլային, բարեկամական, անձնական, սակայն ծրագիրներու մեջ համադրված աշխատանք չկա, յուրաքանչյուրն իր համայնքի, իր ժողովրդի աշխատանքները կկատարի, բայց հիմնական մեր նպատակներուն կապված, իրավունքներուն կապված, օրինակ Ապրիլի 24 կամ տոներ, մենք կփորձենք միասնական տոնակատարություններ կատարենք»,-վստահեցնում է հոգևոր առաջնորդը:

 

ՄԵԿ ԹԵՄԸ ՄՅՈՒՍԻՆ ԿԶՈՐԱՑՆԵ

Նա կարծում է, որ տարբեր թեմերի ներկայությունը մեկ գաղութում անհրաժեշտ է, թեև շատ են բացասական արձագանքներ լինում երկփեղկվածության մասին, Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը դա բնական է համարում և վստահ է, որ երկու թեմերի գոյությունը միայն օգնում է, այլ ոչ խանգարում:

 

Եթե յուրաքանչյուրն իր աշխատանքը կատարե, ես կհավատամ, որ մենք ոչ մեկ դժվարություն կունենանք, որովհետև մենք անձնական որևէ մեկ խնդիր չունինք

 

«Մեր ժողովուրդի կյանքին մեջ հանգամանքներ կան, որ ժողովուրդն ինքն ստեղծած է իբրև իր կյանքի դրևորումը: Ես չեմ կարծած, որ մեկը մյուսին կխաչաձևե, մեկը մյուսին կտկարացնե, ընդհակառակը, կհավատամ, մեկը մյուսին կզորացնե: Անթիլիասը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչ-որ կընե Սփյուռքի մեջ, ադիկա կօգնե թե Էջմիածնին, թե Հայաստանի հզորացմանը, ես կհավատամ, որ չի տկարացնե, տարբեր ազգերու մեջ ալ նման երևույթներ կան, և ոչ մեկ ձևով զիրար կվնասեն, եթե յուրաքանչյուրն իր աշխատանքը կատարե, ես կհավատամ, որ մենք ոչ մեկ դժվարություն կունենանք, որովհետև մենք անձնական որևէ մեկ խնդիր չունինք, վարչական տարբեր կենտրոններ կան, միմյանց չեն խաչաձևե»,-նշում է Մեծի Տանն Կիլիոկիո կաթողիկոսության Կանադայի ներկայացուցիչը:

 

Բաբկեն Սրբազանն, ով արդեն մեկուկես տարի է՝ Կանադահայ թեմն է ղեկավարում, լավ է ծանոթ թեմի խնդիրներին, մինչ այդ էլ, վստահեցնում է, իրեն հայտնի էին շրջանի սովորույթներն ու արժեքները, հետևաբար այս տարիներին անակնկալներ չեն եղել: Այն ամենը, ինչն անցնող տարում արդյունավետ է եղել, շարունակություն կունենա, իսկ այս տարի բաց թողնվածին հասնելու ձգտումով են առաջնորդվելու. «Ձգտումը մարդկային ամենամեծ առաքինությունն է»-, ասում է Սրբազանն ու հորդորում նաև ամբողջ հայ ժողովրդին 2018թ-ին այդ առաքինությամբ առաջնորդվել:

 

ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ՍԱՐԿԱՎԱԳ

Օրեր առաջ Թեհրանում տեղի էր ունեցել աղջիկների՝ սարկավագ օծման արարողություն: Բաբկեն Սրբազանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նախկինում էլ նման նախադեպեր եղել են, հոգևոր առաջնորդը պարզաբանեց արարողության ու ավանդույթի վերականգնման նշանակությունը:

 

Եթե օրինակի համար սարկավագներ չկան, նվազած են, աղջիկներն ավելի ակտիվ են, կարելի է վերականգնել

 

«Թեհրանի մեջ Սեպուհ սրբազանը ձեռնադրած է, մասնավոր արտոնություն ստացած է հավանաբար Վեհափառ հայրապետեն, սակայն սա նոր երևույթ չէ հայկական եկեղեցու մեջ, անցյալին ունեցած ենք կուսանոցներ Նոր Ջուղայի մեջ, Երուսաղեմի մեջ, կույսեր ունեցած ենք, որոնք վանքեու մեջ կապրեին և պատարագներուն ալ կսպասարկեին: Երբ փակվեցան, կույսերը նվազեցան, երևույթը մնաց անցյալին: Իգական սեռը մեր ազգային եկեղեցական կյանքի մեջ մեծ ներդրում ունի, ինչո՞ւ չէ, կարելի է: Եթե օրինակի համար սարկավագներ չկան, նվազած են, աղջիկներն ավելի ակտիվ են, կարելի է վերականգնել, հավանաբար պետք է ամեն տեղ ալ նույն ձևով կատարվի, որպեսզի ժողովուրդի մտքին մեջ շփոթ չստեղվի»,-ասաց հոգևոր հայրը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments