Home / Canadahye  / Հայության վերապրումին համար ապահով միակ վայրը Հայաստանն է. Վրեժ-Արմեն Արթինյանի «Ոստայն»-ների գույները

Հայության վերապրումին համար ապահով միակ վայրը Հայաստանն է. Վրեժ-Արմեն Արթինյանի «Ոստայն»-ների գույները

Vrej-Armen Artinian1

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) – Սփյուռքի տարբեր ոստայնները Վրեժ-Արմեն Արթինյանի պատումներում ներկայանում են իրենց ամենախիտ գույներով: Իրական հանդիպումներ են, իրական զրույցներ ու կենդանի շփումներից ծնունդ առած պատմություններ, որոնք նրա ժողովածուներում մեկտեղվում են: Առայժմ վերջին ժողովածուն «Ոստայն-7. Համաստեղություն»-ն է, որտեղ ներկայացված են Սիրիա, Լիբանան, Ավստրալիա, Ամերիկայի տարբեր քաղաքներ այցելություններից կարևորագույն դրվագները:

 

Եթե «Ոստայն» կկոչեմ գրություն մը, կնշանակե, որ ապրված պահեր են

«Կարմիր գիծը՝ բոլոր պարագաներուն ալ ապրված պահեր են, ոստայնները երևակայական պատմություններ չեն, բոլորն ալ կապված են կյանքիս ընթացքին հանդիպած երևույթներու, դեպքերու, դեմքերու: Եթե «Ոստայն» կկոչեմ գրություն մը, կնշանակե, որ ապրված պահեր են, տակավին շարունակություն կա»,- Noranor.ca-ի հետ զրույցում վստահեցնում է Վրեժ-Արմեն Արթինյանը:

 

Նախորդներից երկուսը նվիրված են Հայաստան այցելություններին, մեկը նամակների ժողովածու է, մյուսները ամփոփում են տարբեր գաղթավայրերի տպավորությունները և շատ այլ նյութեր: Այս բոլորը մեկ ընդհանրություն ունեն. Տեսանելի օրինակներով փոխանցում են հավաքական Սփյուռքի իրական պատկերը՝ իր գույներով ու մարտահրավերներով:

 

Վրեժ-Արմեն Արթինյանը ծնվել է Եգիպտոսում, 1966թ-ից տեղափոխվել Կանադայի Մոնրեալ քաղաք, խմբագրական գործունեությունը սկսել է դեռ 6 տասնամյակ առաջ՝ աշխատակցելով  տարբեր պարբերականների, իսկ հետագայում իր մասնակցությունն է ունեցել  Հորիզոն շաբաթաթերթի հիմնադրման գործում, որի խմբագիրն է եղել երկար տարիներ:

 

Նա մեծ ներդրում ունի նաև ճարտարապետության ոլորտում, Քվեբեկի ճարտարապետների միության անդամ է: Հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել ՀՅԴ շարքերում, արժանացել է բազմաթիվ պարգևների: Վրեժ-Արմենը շարունակում է իր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել Սփյուռքում հայ համայնքի զարգացմանը, որի օրինակներից հենց «Ոստայն» ժողովածուների շարքն է:

 

ԱՊԱՀՈՎ ՎԱՅՐԸ – ՀԱՅԱՍՏԱՆ

Հասարակական աշխատանքի բերմամբ է հաճախ այցելել տարբեր գաղթօջախներ՝ առիթ ունենալով նաև տպավորություններ քաղել, բայց  «Ոստայն 8»-ը, խոստանում է, անձնական ուղեգրությունների ամփոփումը պիտի լինի, որտեղ դարձյալ հայկական ջիղը կգերակայի:

 

«Բոլոր գաղութները նմանություն ունին ՝ ըլլա հայապահպանման տեսակետեն, ըլլա Հայ Դատի տեսակետեն, բայց մեծերու ու փոքրերու մոտ տարբերություններ կան, ինչպես բուռ մը հայեր կփորձեն իրենց կռվանները ստեղծել՝ դպրոց, եկեղեցի, իսկ ուրիշ տեղեր, որ արդեն պատմություն կա, անցյալ կա, այդտեղ թե տեսածս, թե պատմածս տարբեր կըլլան»,- ասում է հեղինակը:

 

Հայության վերապրումին համար ապահով միակ վայրը Հայաստանն է, մենք բոլորս ալ ենթակա ենք տեսակ-տեսակ ազդեցություններու կամ մաշումի

 

Նույն՝ հայապահպանման խնդրին առջև են բոլոր գաղութները, թեև փոքրերում վտանգն ավելին է, միակ դարմանը, որը տեսնում է կանադահայ մտավորականը, հետևյալն է. «Հայության վերապրումին համար ապահով միակ վայրը Հայաստանն է, մենք բոլորս ալ ենթակա ենք տեսակ-տեսակ ազդեցություններու կամ մաշումի»:

 

ՍՓՅՈՒՈՔԸ՝ ՕՐԳԱՆԻԿ

Բայց սա չի նշանակում, թե Սփյուռքի դերն ավարտված է, ընդհակառակը, այն կենդանի մնալու ու զարգանալու խնդիր ունի այնքան ժամանակ, քանի չի հանգրվանել հայրենիքում: «Սփյուռքը կենդանի պիտի ըլլա, պիտի մնա և պիտի պահենք, որքան կրնանք, որպեսզի ապագա Հայաստանը լենցնենք այն Սփյուռքով»: Այս համոզմունքին է վաստակաշատ խմբագիրը:

 

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ՀՀ նախագահի կողմից հնչած միտքը 4 մլն-ոց Հայաստան ունենալու վերաբերյալ դաշնակցական խմբագիրը մեկնաբանել չի փորձում, բայց գաղափարը ողջունելի է համարում, միայն թե այն կյանքի կոչելու համար բազմաթիվ ազդակներ են պետք Հայաստանին:

 

Եթե մեր զավակները կրցան այդ քայլը առնել և հաստատվիլ Հայաստան, արդեն մեծ գործ ըրած կըլլանք

 

«Ամենեն կարևորն այն է, որ երիտասարդը զգա, որ իր արմատները հոն պիտի նետե, եթե այդ զգացումը Սփյուռքի մեջ մենք մեր զավակներուն մեջ կրցանք ստեղծել, և անոնք կրցան այդ քայլը առնել և հաստատվիլ Հայաստան, արդեն մեծ գործ մը ըրած կըլլանք, մնացած բոլոր հարցերը լուծվելիք են՝ ընկերային, տնտեսական, քաղաքական հարցերը, կարևորը մեր զավակներուն մեջ այդ զգացումը արմատանա»,- ասում է Հորիզոն շաբաթաթերթի ավագ խմբագիրը:

 

Ասել է, թե Սփյուռքը ևս լուրջ անելիք ունի: Բայց Հայաստանում դրանք որքան իշխանությունների գործողություններից, նույնքան էլ հասարակության մտածելակերպից են կախված: Խմբագիրը կանգ է առնում այսօրվա ամենացավալի հարցի վրա. Խնդիրներից ազատվելու միակ ճանապարհը չպետք է լինի արտագաղթը:

 

Արտագաղթ Հայաստանում դեռ Խորհրդային վերջին տարիներից էր սկսվել, պարոն Արթինյանը մի պատմություն է հիշում՝ օրինակ բերելով.

 

Այն ատեն ալ արտագաղթ կար, ըսավ՝ իմ ոտքերս Հայաստանի հողին մեջ այնպես մխրճված են, որ ոչինչ դուրս կբերե

 

«Մոնրեալի մեջ Հայաստանի խորհրդային օրերուն այնտեղեն եկած ցուցահանդես կար, ես ալ հաճախ կերթայի, հոն մնացող հայաստանցիներու հետ կապի մեջ էի: Անոնցմե մեկը Սահակ Սահակյան անունով ժողովրդային արվեստագետ մըն էր, որ փայտի վրա աշխատանքներ կըներ, և այդ օրերուն ինքը իր շապիկին վրա շատ մանր երեք գույն թել կապած էր՝ կարմիր, կապույտ ծիրանագույն: Այն ատեն ալ արտագաղթ կար, ըսավ՝ իմ ոտքերս Հայաստանի հողին մեջ այնպես մխրճված են, որ ոչինչ դուրս կբերե: Այդ տեսակ զգացում կար մարդկանց մեջ: Կհավատամ, որ այսօր Հայաստանի մեջ այդպես զգացող մարդ կա, պետք է որ ըլլա, որովհետև եթե չըլլա, իրապես հուսահատական կըլլա վիճակը»:

 

ՄԵՐ ԳԼՈ՞ՒԽԸ ՊԱՀԵՆՔ, ԹԵ՞ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Իսկ խնդիրները՝ լինեն սոցիալ-տնտեսական թե քաղաքական, ժամանակավոր են արժեքների դիմաց, համոզված է Կանադայի Հայեցի դաստիրակության Կենտրոնական մարմնի անդամը: Դրանք չպետք է արտագաղթի պատճառ դառնան, ասում է, թեև ինքն էլ վերհիշում է հայաստանյան ամենատխուր իրական պատմություններից մեկը: Պատմում է.

 

Ըսի՝ մայրի՛կ, լա՛վ նայեցեք այս հուշարձանին, մեր հարստությունն է, ըսավ՝ մենք մեր գլուխը չենք կրնար պահել, ինչպե՞ս այդ հուշարձանները պահենք

 

«Հաղպատ էինք, երեկո էր, մտանք և դուրս եկանք: Դուրսը տարեց կին մը կար, տնակին մեջ ապրող, հյուղակներ կային մի քանի հատ: Ըսի՝ մայրի՛կ, լա՛վ նայեցեք այս հուշարձանին, մեր հարստությունն է, ըսավ՝ մենք մեր գլուխը չենք կրնար պահել, ինչպե՞ս այդ հուշարձանները պահենք: Այդ մնաց մտքիս մեջ»:

 

Երբ որ քու հայրենի հողի վրա կեցած այդ վեհությունը կզգաս, մնացած ամեն բան երկրորդական է

 

Այսքանով հանդերձ՝ հայրենիքը զորություն ունի, որի շնորհիվ ուժ պետք է ստանա յուրաքանչյուրը, այդ զորությունն անձամբ է զգացել Վրեժ-Արմեն Արթինյանը, երբ կանգնել է Քասախի կիրճի բարձունքին: «Առաջին այցս էր Հայաստան, զիս տպավորեց ամենաշատը Սաղմոսավանքեն դիտված Քասախի կիրճը աշնան ոսկե գույներով, ուր արծիվները կտեսնեք, որ ձեզմե ցած կթռչին, այդ պատկերը մինչև կյանքիս վերջ պիտի մնա մտքիս մեջ: Երբ որ քու հայրենի հողի վրա կեցած այդ վեհությունը կզգաս, մնացած ամեն բան երկրորդական է»,-համոզված է մոնրեալահայ գործիչը:

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՓՅՈՒՌՔԵՆ

Սփյուռքը այս ամենին պետք է հաղորդակից դառնա, ոչ միայն զգացական կապով, այլև գիտելիքներով, ներուժով, հնարավորություններով: Այս ամենին Վրեժ-Արմեն Արթինյանը դեմ չէ, ավելին, վստահ է, որ Սփյուռքը պետք է մասնակցի, ներքաղաքական զարգացումներին իր ներդրումն ունենա՝ ձեռք բերելով քվերակելու ու նույնիսկ Ազգային ժողովում ներկայացուցիչ ունենալու իրավունք:

 

Մի հարցում, սակայն, Արթինյանը դեմ է, նա կարծում է, որ Սփյուռքում ընդդիմությունը չի կարող օգտակար լինել Հայաստանին: Ինչպես հայտնի է, 2016թ-ի Սասնա ծռերի գործողություններից հետո Սփյուռքում ձևավորվեց Հայկական վերածնունդ շարժումը, որը իր խոսքն ու պահանջն էր փորձում հասցնել հայաստանյան իշխանություններին: Կանադահայ գործչի համոզմամբ՝ այն ձևական բնույթ է կրում: Ասում է.

 

Սփյուռքը կրնա իր մասնակցությունը բերե, բայց ընդդիմություն դառնա, ատիկա նույնիսկ վտանգավոր կըլլա

 

«Ես կարծեմ, որ ընդդիմությունը Սփյուռքեն չի կրնար ըլլալ, ներսեն պիտի ըլլա, դուրսը նստած՝ շատ դյուրին է քննադատելը, ներսը կըլլա և՛ իշխանությունը, և՛ ընդդիմություն, Սփյուռքը կրնա իր մասնակցությունը բերել, բայց ընդդիմություն դառնալ՝ ադիկա նույնիսկ վտանգավոր կըլլա: Պետք չէ հակադրել Սփյուռքը Հայաստանին, պետք է այնպես ըլլա, որ Սփյուռքը ամեն մարզի մեջ իր մասնակցությունը բերե»:

 

 

Ձեր կարծիքը

Comments