Home / Armenia  / Ձեռք բերել ՀՀ քաղաքացիությո՞ւն, թե՞ հրաժարվել քաղաքացիությունից. Տենդենցներն ու տրամադրությունները՝ ըստ քաղաքացիների և անձնագրային վարչության պետի

Ձեռք բերել ՀՀ քաղաքացիությո՞ւն, թե՞ հրաժարվել քաղաքացիությունից. Տենդենցներն ու տրամադրությունները՝ ըստ քաղաքացիների և անձնագրային վարչության պետի

Mnacakan Bichaxchyan

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Անուշ Մկրտչյանի միայն հայրն է ազգությամբ հայ, ինքը երկար տարիներ Անապայում է բնակվել, բայց համոզմունքը չի փոխել. «Ես հայ կողմս ավելի եմ սիրում, քան ռուսների»,-անկեղծանում է նա:

 

20180117_104412Սերն ավելի է խորացել, երբ վերջին մեկ տարում ապրել է հայրենիքում: Արևոտ Երևանը, հայրենակիցների ջերմությունը հարազատ են դարձել այնքան, որ որոշել է հաստատվել Հայաստանում: Հիմա էլ ժամանակ առ ժամանակ կայցելի ՌԴ-ում ապրող զավակներին, բայց մնալ այնտեղ չի պատրաստվում, հետևաբար որոշել է Հայաստանի քաղաքացիություն էլ ձեռք բերել:

 

Ես երկքաղաքացի եմ լինելու, ուզում եմ Հայաստանում մնալ, որովհետև սիրում եմ Հայաստանն ու իմ հայ ժողովորդին

 

«Ես երկքաղաքացի եմ լինելու, ուզում եմ Հայաստանում մնալ, որովհետև սիրում եմ Հայաստանն ու իմ հայ ժողովորդին, դրա համար էլ եկել եմ: Մի շաբաթ է՝ դիմել եմ քաղաքացիություն ստանալու համար, ոչ մի խնդրի չեմ հանդիպել, նորմալ պատասխանում են, ասացին՝ նկարներդ բեր, հետո մյուս քայլերը կկատարենք»,-պատմում է տիկին Անուշը:

 

Զարմանում է նրանց վրա, ովքեր հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից:

 

ՉԵՄ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Մասնագիտությամբ օդաչու Հենրիկ Սարգսյանը կիսում է նրա մտահոգությունը, բազմաթիվ առիթներ է ունեցել տեղափոխվել Հայաստանից, բայց գոհացել է իր աշխատանքի վաստակով:

 

Մի պահ հիասթափվել էի, բայց ասի՝ չէ, չեմ գնա, տղաներս էլ նույն ձևով

 

«Իմ աշխատանքս էնպես է, որ կարող էի դրսում աշխատել, շատ էին առաջարկում, բայց չէի ցանկանում, ես ուզում էի Երևան գալ: Մի պահ հիասթափվել էի, բայց ասի՝ չէ, չեմ գնա, տղաներս էլ նույն ձևով, երկուսի մասնագիտությունն էլ Հայաստանին պետք է, բայց աշխատանք չկա, մեկը շատ լավ օդաչու է, Հնդկաստանում է աշխատում, մյուսն էլ լավ խիրուրգ է, դուրս գնացին ստիպված, բայց կվերադառնան անպայման»,-իր դաստիարակությունը ստացած զավակների հարցում վստահ է Սարգսյանը:

 

Չի մեղադրում նրանց, ովքեր այլ երկրներում են աշխատանք փնտրում, բայց վերջնականապես կտրվել հայրենիքից անթույլատրելի է համարում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՓՈԽԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ20180117_110216

Սվետլանա Շկանիկովայի միայն մայրն է հայ, ապրում է Վրաստանում, բայց Հայաստանում շատ հարազատներ ունի, դիմում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, իր դեպքում նպատակը Հայաստանում բնակվելը չէ, միջպետական կոնֆլիկտի պատճառով է այս լուծմանը հանգել: Պարզաբանում է. «Ուզում եմ քաղաքացիություն ստանալ, որպեսզի կարողանամ Ռուսաստան գնալ՝ որդուս մոտ, Վրաստանից չեմ կարող գնալ, իսկ այստեղից կարող եմ»:

 

Բազմաթիվ հարազատներ ունի Հայաստանում ու չի բացառում, որ մի օր էլ կարող է վերադառնալ այստեղ ապրելու:

 

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ

20180117_105640Իսկ Հայաստանի քաղաքացին հայրենիքից կտրվելու խնդրի առջև է կանգնում, երբ զգում է, որ ոտնահարվում են իր իրավունքները:  Ստեփանը, ով խնդիրներից խուսափելու նպատակով չցանկացավ նշել ազգանունը, անձնագրերի և վիզաների վարչություն էր եկել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացնելու:

 

Նա երեք տարի ծառայել է Քելբաջարում, այնուհետև ևս 13 տարվա ծառայություն անցել հայոց բանակում, հայրենիքը համարում է իր տունը, որից երբեք չի հրաժարվի, բայց երբ հասկացել է, որ ոտնահարվում են իրավունքները, կանգնել է քաղաքացիությունից հրաժարվելու խնդրի առջև:

 

ՀՀ-ն ասում է՝ ինձ մոտ ծառայի, Ռուսաստանն ասում է՝ ինձ մոտ, բանից դուրս է գալիս՝ երեք տարի պետք է ծառայի երեխան

 

«Իմ երեխաները՝ երկու տղա, երկքաղաքացիություն ունեն, ՀՀ-ն ասում է՝ ինձ մոտ ծառայի, Ռուսաստանն ասում է՝ ինձ մոտ, բանից դուրս է գալիս՝ երեք տարի պետք է ծառայի երեխան, դա չի՞ հակասում մարդու իրավունքներին, այդ հարցը ո՞նց պետք է լուծվի, ես էդ հարցի առջև եմ կանգնած, չգիտեմ ինչ անել, եթե երկքաղաքացիություն է, կամ ստեղ պետք է ծառայի, կամ այնտեղ»,-ասում է Ստեփանը:

 

Դիմումներ է ներկայացրել տարբեր անձանց, որպեսզի երեխաները երկրներից մեկի բանակում ծառայեն, սակայն չեն ընդառաջում, ինքն էլ ընտրում է այն ճանապարհը, որի դեպքում նաև սոցիալապես ապահովված կլինի:

 

Ես հենց հիմա հրաժարվում եմ քաղաքացիությունից

 

«Ես հենց հիմա հրաժարվում եմ քաղաքացիությունից, որովհետև ունեմ 16 տարվա ծառայություն ու այսօր ոչինչ չեմ ստանում»,-նեղսրտում է առայժմ Հայաստանի քաղաքացին:

 

5 ՏԱՐՈՒՄ 15 ՀԶՐ ՔԱՂԱՔԱՑԻ

Ստեփանի նման ևս 5250 քաղաքացի է 2017թ-ին ՀՀ անձնագրերի և վիզաների վարչություն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում ներկայացրել, այս ցուցանիշը մոտ 1500-ով ավելին է 2016թ- թվից: Ընդհանուր առմամբ քաղաքացիությունից հրաժարվողների թվի աճման միտում է նկատվում. վերջին 5 տարիներին մոտ 15 հզր մարդ:  Ովքե՞ր են հրաժարվում քաղաքացիությունից, արդյո՞ք մտահոգիչ չէ, որ արտագաղթողները նաև հիմնովին հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից: Վարչության պետ Մնացական Բիչախչյանը կիսում է մտահոգությունը, բայց պատճառների մասին հստակ տեղեկություն տալ չի կարող: Ասում է.

 

Որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ համար մեկ քաղաքացու դուրս գալը սրտի ցավ է

 

«Որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ համար մեկ քաղաքացու դուրս գալը սրտի ցավ է, ավելի լավ է, որ շատ դիմեն, շատ քաղաքացիություն ստանան, չեմ կարող ասել այս թիվը մտահոգիչ է կամ ոչ, ուղղակի քաղաքացիություն ստացողների թիվը մի քանի անգամ ավելին է»:

 

Իսկ քաղաքացիությունը փոխելու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ, հետևաբար դիմում ներկայացնողն իրավունք ունի չխոսել պատճառների մասին, միակ պայմանն այն է, որ ունենա մեկ այլ երկրի քաղաքացիություն կամ ներկայացնի հավաստագիր այն առաջիկայում ստանալու մասին:

 

Այնպես չէ, որ հրաժարվեցին, վերջ, ՀՀ-ն իրենց համար կենսական շահ ներկայացնող երկիր չի

 

«Լինում են, որ նույնիսկ այդ քաղաքացիները, որ հրաժարվում են, հետո վերականգնում են, պետություն կա, որ պարտադրում է, որ դադարեցնի, հետո ստանա իր երկրի քաղաքացիություն: Քաղաքացին ստանում է տվյալ երկրի քաղաքացիությունը, հետո վերականգնում, այդպիսի անձինք էլ կան: Այնպես չէ, որ հրաժարվեցին, վերջ, ՀՀ-ն իրենց համար կենսական շահ ներկայացնող երկիր չի»:

 

Իսկ քաղաքացի Ստեփանի ներկայացրածը պատճառներից մեկը կարող է լինել: Մնացական Բիչախչյանը վստահեցնում է, թվերն էլ դա են հավաստում, որ ավելին է քաղաքացիություն ստացողների թիվը: Անցած տարի դիմել է 10040 անձ 2016 թ-ի 7274-ի դիմաց, իսկ վերջին շրջանի ամենաբարձր ցուցանիշը 2012թ-ին էր, Սիրիական պատերազմի հետևանքով վերադարձածների պատճառով նրանց թիվը կազմել է 20248 քաղաքացի:

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԿԱ

Արդյո՞ք հեշտությամբ է կատարվում գործընթացը, թե՞ արդարացված են որոշ քաղաքացիների դժգոհությունը, թե տրամադրումը ձգձգվում է: Վարչության պետը պարզաբանում է,

 

2012-ից մինչ այժմ դիմել է 74534 քաղաքացի և քաղաքացիություն ստացել 75650՝ նկատի ունենալով նաև 2011-ի դիմումները

 

«Քաղաքացիություն ստանալու համար որևէ արհեստական խոչընդոտ չկա, ընդհակառակը պարզեցված է գործընթացը: Եթե 6 ամիս ժամկետը անձի համար դժվար է սպասել, դա չի նշանակում, որ ձգձգվում է: ՀՀ նախագահն է որոշելու ինքնուրույն, այնպես որ որևէ արհեստականորեն ձգձգելու խնդիր չկա, օրինակ 2012-ից մինչ այժմ դիմել է 74534 քաղաքացի և քաղաքացիություն ստացել 75650՝ նկատի ունենալով նաև 2011-ի դիմումները»:

 

ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս տարվա հունվարի 6-ից ուժի մեջ են մտել նաև օրենքի մի շարք փոփոխություններ: Օրինակ՝ եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողներից մեկի համաձայնությամբ, նախկինում դա արվում էր միայն երկուսի համաձայնությամբ:

 

«Պրակտիկայում լինում էին դեպքեր, երբ տարիներ շարունակ երեխան բնակվում էր ՀՀ-ում մի ծնողի հետ, օրինակ՝ մի ծնողը ՀՀ քաղաքացի է, մյուս ծնողից տեղեկություն չկա, և համաձայնությունը չի տալիս, որ երեխան դառնա ՀՀ քաղաքացի: Որպեսզի երեխան չունենա անձնագրի բացակայության պատճառով մի շարք խնդիրներ, իրավունքները իրացնելու նպատակով սահմանվեց այս կարգը»,-ասում է Ոստիկանության համապատասխան վարչության պետը:

 

Եթե ընտանիքում կինը ՀՀ քաղաքացի է, նաև երեխան ունի ՀՀ քաղաքացիություն, հայրը կարող է դիմել և ստանալ: Նոր փոփոխություններից մեկը ձևական ամուսնությունների հիմքով քաղաքացիության ձեռքբերումը կանխելու նպատակ ունի:  «Օտարերկրյա քաղաքացին պետք է առնվազն 2 տարվա օրինական կարգով ամուսնության մեջ գտնվի տվյալ անձի հետ և այդ ժամանակում գոնե 365 օր բնակված լինի ՀՀ-ում»,-նշում է ոստիկանության փոխգնդապետը:

 

Այլ փոփոխություններ քաղաքացիություն տրամադրելու կարգում տեղի չեն ունեցել, հետևաբար Սփյուռքի հայրենակիցները կարող են դիմել և 6-ամսյա ժամկետում ստանալ երկքաղաքացիություն:

 

 

Ձեր կարծիքը

Comments