Home / Armenia  / Հայաստանը հավակնում է լինել համայն հայության հայրենիք. Կիրո Մանոյան

Հայաստանը հավակնում է լինել համայն հայության հայրենիք. Կիրո Մանոյան

giro-manoyan-3

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ Մինչև 2018թ-ը Սփյուռքի ոչ բոլոր գաղութներն են տարիների ընթացքում նշել Առաջին Հանրապետության հիմնադրման տոնը, այս տարի՝ 100-ամյակի կապակցությամբ ևս ակտիվ են հիմնականում այն համայնքները, որտեղ կարևորել են 1918թ-ի մայիսքսանության ձեռքբերումը: Կանադան ևս բացառություն չէ, սա հաստատում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով նաև 100-ամյակը նշելու նպատակով Անթիլիասում ստեղծված հանձնախմբի անդամ է:

 

Մանոյանը երկար տարիներ բնակվել է Մոնրեալում և ծանոթ է հայ համայնքի համախմբվածությանը համահայկական տոները նշելու հարցում, բայց նախընտրում է ընդհանուր Սփյուռքի մասնակցության մասին խոսել: Ասում է.

 

«Ինչպես Կանադայում, այնպես էլ Լիբանանում և այն վայրերում, որտեղ տոնը նշվում էր  համագաղութային նախաձեռենություններով, կլինեն միջոցառումներ, ինչը շատ դրական է, որովհետև կար մտահոգություն, որ այդպես չէր լինի. Բոլորը չէ, որ մինչև 100-ամյակ Հանրապետության տարեդարձը նշել են, բայց արդեն այդ միասնականությունը ձևավորվում է»:

 

Տեղի կունենան գիտաժողովներ, բանախոսություններ, մշակութային միջոցառումներ. Անկախ դրանց բնույթից, գաղափարը կփոխանցվի համայնքներին, կարծում է Մանոյանը՝ կարևորելով հատկապես պետությանը վերապահված դերը կարևորելու քայլը:

 

Մենք չէինք ունենա սեպտեմբերի 21, եթե չունենայինք մայիսի 28, սա պետք է որ բոլորս ընդունենք ու առաջ անցնենք, ոչ թե տանք քաղաքական ու կուսակցական բնույթ

 

«Առնվազն երեք կուսակցությունները համախմբվել են, եթե անեն, մյուսներն էլ կմիանան և միասնաբար կնշեն, անհրաժեշտ է, որ 100-ամյակը համախմբող դերը ունենա: Հատկապես սովետական տարիներին Սովետական Հայաստանի նկատմամբ տարբեր ուժերի կեցվածքն էր, որ բաժանարար գիծ էր հանդիսանում, իսկ անկախ Հայաստանը միավորողը պետք է լինի: Մենք չէինք ունենա սեպտեմբերի 21, եթե չունենայինք մայիսի 28, սա պետք է որ բոլորս ընդունենք ու առաջ անցնենք, ոչ թե տանք քաղաքական ու կուսակցական բնույթ»,-վստահ է Անթիլիասի հանձնախմբի անդամը:

 

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Տնտեսապես շրջափակված, երկկողմանի կոնֆլիկտներ ունեցող ու սոցիալական խնդիրների հետևանքով արտագաղթի վտանգի առջև հայտնված Հայաստանին ինչպիսի՞ նվաճում է հարկավոր. Պետականության ստեղծման 100-ամյակի առիթով Կիրո Մանոյանը ինչպիսի՞ ձեռքբերում կցանկանար ունենալ երկիրը,  Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն նշում է.

 

ՀՀ-ն հավակնում է լինել համայն հայության հայրենիք և համայն հայությունն էլ պետք է ընդունի ՀՀ-ն որպես այդպիսին

 

«Առաջին Հանրապետության՝ մեզ ժառանգ թողնված խորհուրդներից  մեկը այն է, որ ՀՀ-ը համայն հայության հայրենիքն է: Այս ժամանակ այնքան շատ դա չի արծարծվել, բայց հատկապես 100 տարի առաջ ոմանց մոտ հարց էր, թե արդյո՞ք այդ Հանրապետությունը համայն հայության հայրենիքն է: Մեր ժամանակներում, երբ 91-ին հռչակվեց ՀՀ-ը, իշխող քաղաքական ուժի մոտեցումը այդպես չէր, սա համայն հայության հայրենիքն է, մենք տեսանք՝ ինչպես հետզհետե փոխվել է, ՀՀ-ն հավակնում է լինել համայն հայության հայրենիք և համայն հայությունն էլ պետք է ընդունի ՀՀ-ն որպես այդպիսին»:

 

ՄԻՆՉԵՎ ԳԱՐՈՒՆ

Նվաճում չէ, բայց կարևոր քայլերից կլինի հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, որը առոչինչ կհայտարարվի երրորդ նախագահի լիազորությունները դադարեցնելուն պես: Դաշնակցական գործիչը կարծում է, որ դրանք ավելի շուտ պետք է չեղարկվեին, ի սկզբանե ՀՅԴ-ն դեմ էր արձանագրություններին՝ վստահ լինելով Թուրքիայի կողմից առաջադրվբող նախապայմանների հարցում, իսկ ավելի ուշ հաստատեց իր համոզմունքը:

 

Հիշեցնենք, որ 2009թ-ին Ցյուրիխում երկու երկրների նախագահները ստորագրեցին Հայ-թուրքական արձանագրությունները, որոնցով ենթադրվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սակայն հետագայում Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց՝ դրանց վավերացումը պայմանավորելով ԼՂ հարցի կարգավորմամբ, ինչի հետևանքով էլ ՀՀ-ը չվավերացրեց դրանք:

 

Ի՞նչ կունենար այսօր Հայաստանը, եթե չլինեին Թուրքիայի նախապայմանները: Կիրո Մանոյանը մեծ ակնկալիքներ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր չունի:

 

Արձանագրությունները վավերացված վիճակով էլ շատ ծանր էին, բայց ստորագրված-չվավերացվածը իսկապես ավելի վատ էր

 

«Պետք է որ Թուրքիան առնվազն դիվանագական հարաբերություններ հաստատած լիներ Հայաստանի հետ: Այսպես չվավերացված վիճակով առանց այդ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու էլ Թուրքիան մինչև 2014թ-ը ստանում էր այն, ինչ ստանալու էր դրանից հետո: Դրա համար էլ տարբեր առիթներով ասել ենք, որ արձանագրությունները վավերացված վիճակով էլ շատ ծանր էին, բայց ստորագրված-չվավերացվածը իսկապես ավելի վատ էր, ամեն դեպքում անհրաժեշտ է առոչինչ հայտարարել և իզուր տեղը ճիգ չվատնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որովհետև Թուրքիան միշտ էլ փորձում է նախապայմանները առաջ քաշել»,-ասում է Դաշնակցական գործիչը:

 

Իսկ Հայաստանի ճիգերն, ըստ նրա, իզուր կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում նշված մոտեցումն ունեցող իշխանություն է գործում:

 

ԵՄ-Ի ՕԳՈՒՏՆԵՐԸ ՄՈՏ ՉԵՆ

Տնտեսական մեծ օգուտներ ևս չէր քաղի Հայաստանը, ինչպես այսօր, երբ արդեն ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատված է, Հայաստանը չի կարող ամբողջությամբ օգտվել հնարավորություններից, քանի դեռ սեփական արտադրանքի որակը չի հասցրել պահանջվող մակարդակին:

 

Հարաբերությունների սերտացումը կբարձրացնի երկրի անկախության մակարդակը

 

«Այս սկզբնական մի քանի ամիսը ժամանակ է պետք, որ համաձայնագիրը վավերացվի ոչ միայն ԵՄ կողմից, այլև անդամ յուրաքանչյուր պետության կողմից: Դա կհանդիսանա մղիչ ուժ, որ մենք Հայաստանի ներսում հատկապես բարեփոխումները կատարենք արագ և փորձենք ունենալ տնտեսական ավելի լավ հարաբերություններ ԵՄՙ հետ, մենք մինչև այս համաձայնագիրը ունեցել ենք արտոնություններ ԵՄ հետ, ինչը ցավոք չենք օգտագործում, որովհետև մենք համապատասխան արտադրանք չունենք, անհրաժեշտ է մակարդակը բարձրանելը, իսկ ընդհանրապես հարաբերությունների սերտացումը կբարձրացնի երկրի անկախության մակարդակը»,-նշում է ՀՅԴ բյուրոյի անդամը:

 

 

Ձեր կարծիքը

Comments