Home / Canadahye  / Հայերենին տրվող առավելությունը Օնտարիոյում. Անհրաժեշտությո՞ւն, թե՞ օրենքի սիմվոլիկ փոփոխություն

Հայերենին տրվող առավելությունը Օնտարիոյում. Անհրաժեշտությո՞ւն, թե՞ օրենքի սիմվոլիկ փոփոխություն

Vanik Karapetyan, Nazaret Elmajian

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո, Մոնրեալ (Նորանոր) _ Սիրիահայ Վանիկ Կարապետյանը, ով երկու տարի առաջ է տեղափոխվել Կանադա, հայկական դպրոց է ավարտել, սակայն վարորդական քննություն հանձնելու համար հալեպահայ բժշկի համար շատ ավելի նախընտրելի է արաբերենը: Պատճառը ոչ թե մայրենի լեզվից օտարանալն է, այլ քննության համար անհրաժեշտ տերմինոլոգիան կիրառելու դժվարությունը:

 

Հայաստանցին, որ հոս նոր կու գա, քառուղի բառը գիտե, բայց սիրիահայը քառուղին չգիտե

 

Սիրիահայերն իրենց երկրում արաբերենով են քննություն հանձնել, հետևաբար շատ ավելի ծանոթ են այս լեզվով ճանապարահային երթևեկության տերմիններին: «Հայաստանցին, որ հոս նոր կու գա, քառուղի բառը գիտե, բայց սիրիահայը քառուղին չգիտե: Կնախընտրե ադոր արաբերեն բառը: Ուրեմն սիրիահայերը իրենց դրայվ թեստը Սիրիո մեջ արաբերենով անցուցած են, հայերեն այդ տերմինոլոգիան շատ զորավոր չէ»,-ասում է Վանիկ Կարապետյանը:

 

Իսկ արաբերեն վարորդական քննություն հանձնելու իրավունք Օնտարիո տեղափոխված սիրիահայերը ստացել են դեռ անցյալ տարեսկզբին, առաջիկա գարնանից այս նահանգ տեղափոխված հայերը հնարավորություն կունենան վարորդական քննություն հանձնել նաև հայերենով: Այս մասին օրեր առաջ հայտարարել էր Օնտարիոյի տրանսպորտի նախարար Սթիվեն Դել Դուկան` Տորոնոյի հայկական համայնքի կենտրոնում ելույթ ունենալիս:Նա նշել էր.

 

Օնտարիոն ճանապարհային երթևեկության անվտանգության առումով կշարունակի մնալ առաջատարը Հյուսիսային Ամերիկայի մեջ

 

headshot«Սա մեր կառավարության լավ աշխատանքի օրինակներից մեկն է, որը կնպաստի նորեկների համար խոչընդոտների նվազեցմանը: Մենք մեր համայնքների ժողովրդագրական իրավիճակի փոփոխությանը զուգահեռ անընդհատ ձգտում են ներառել նոր լեզուներ, որոնց շնորհիվ Օնտարիոն ճանապարհային երթևեկության անվտանգության առումով կշարունակի մնալ առաջատարը Հյուսիսային Ամերիկայի մեջ»:

 

 

ՍԻՄՎՈԼԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Իսկ որքանո՞վ այս փոփոխությունը օգտակար կլինի նորեկ հայերի համար: Վանիկ Կարապետյանն արդեն պարզաբանեց, որ սիրիահայերը թերևս դրա կարիքն այնքան չունեն, շատ ավելի արդյունավետ է հենց հայաստանցիների համար: Մյուս կողմից ոչ պակաս կարևոր է այս պետության վերաբերմունքը հայ ժողովրդի ու հարգանքը՝ լեզվի նկատմամբ:

 

Կընդունին գաղութն ու ազդեցությունը երկրի մեջ և հայությանը ավելի իրավունքներ տալու և հայերենը ընդունելու իմաստներով

 

«Աս արժեքավոր է բոլոր հայության համար, այսինքն՝ կընդունին, որ աս համայնքը թիվ մը կկազմե, արժեք ունի քաղաքի մեջ և մենք պիտի հարգենք, աս սիմվոլիկ է: Այսինքն՝ կընդունին գաղութն ու ազդեցությունը երկրի մեջ և հայությանը ավելի իրավունքներ տալու և հայերենը ընդունելու իմաստներով»,-նշում է սիրիահայը:

 

Նշենք, որ Օնտարիոյում քննությունը կարելի է հանձնել ևս 20 լեզվով, իսկ ինչ վերաբերում է հայերենի արժեվորմանը կամ ներգաղթյալների հանդեպ պետության կողմից անհրաժեշտ հարգանքի ցուցաբերմանը, Կարապետյանը մեկ այլ օրինակ է բերում:

 

Բոլոր հայության արժեք տալու համար Օնտարիոյի մեջ, ամեն ասպարեզներուն մեջ կմտցվի հայերենը

 

«Հիվանդանոցներ կերթամ, բացատրություն գրված է բառերի, հայերեն էլ գրված է, այսինքն՝ ոչ միայն վարորդների քննության համար է, այլև բոլոր հայության արժեք տալու համար Օնտարիոյի մեջ, ամեն ասպարեզներուն մեջ կմտցվի հայերենը», -ասում է սիրիահայ բժիշկը:

 

Ինչ վերաբերում է անգլերենին, ապա սիրիահայ մեծահասակների համար թերևս փոքր-ինչ դժվար է լեզվին տիրապետելը, երիտասարդները երկու տարի անց այս հարցում այլևս դժվարություն չեն ունենում:

 

ՕՐԵՆՔԸ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ

Որքանո՞վ է կարևոր նման քայլը հայերի համար, արդյո՞ք անհրաժեշտ է Կանադայի մյուս հայաշատ համայնքներում ևս ներառել հայերենը վարորդական քննություն հանձնողների համար: Պարզվում է՝ Մոնրեալում վաղուց գործում է այս կարգը, այս մասին մեզ վստահեցրեց Մոնրեալում բնակվող սիրիահայ Նազարեթ Էլմաջյանը, ով ավելի քան 3 տարի է՝ ապրում է այստեղ:

 

«Այս օրենքը Մոնրեալում վաղուց կա, նաև արաբերենով կարող են սիրիահայերը քննություն հանձնել»,-նշեց Էլմաջյանը:

 

Էմիգրանտը մենակ առաջին երկու տարիները կարող է հայերեն լեզվից օգտվի, իսկ հետո ստիպված կլինի ֆրանսերեն կամ անգլերեն քննություն հանձնել

 

Բայց նա հավելեց մի կարևոր հանգամանք ևս, որի մասին Օնտարիոյի տրամսպորտի նախարարի հայտարարության մեջ խոսք չկա, համայնքային կյանքում բավական ակտիվ ու նորություններին քաջատեղյակ հայը մանրամասնում է. «Էմիգրանտը մենակ առաջին երկու տարիները կարող է հայերեն լեզվից օգտվի, իսկ հետո ստիպված կլինի ֆրանսերեն կամ անգլերեն քննություն հանձնել»:

 

Համենայնդեպս արաբերեն լեզվի դեպքում այս կարգն է գործում, հայերենի հարցում վստահ չէ, բայց նահանգի ղեկավարությունն այս պահանջն առաջ է քաշել, որպեսզի երկու տարում ներգաղթյալն արդեն կարողանա տիրապետել լեզվին:

 

Ոչ միայն Օնտարիոն կամ Քվեբեկը, այլև Կանադան ընդհանրապես ընդառաջում է ներգաղթյալներին, քաղաքացու իրավունքները առաջնային համարելով՝ հաշվի առնում ազգային առանձնահատկությունները, վստահեցնում են ներգաղթյալ հայերը, իսկ մոնրեալահայ Էլմաջյանը, ով Դամասկոսից է գաղթել Կանադա, ասում է.

 

«Օրենքի այս փոփոխությունը նշանակում է, որ Կանադայի կառավարությունը միշտ աշխատում է միգրանտներին ընդգրկի երկրի կյանքում՝ օրենքներ ձևակերպելով, լեզուներ սովորելու տարբեր պրոգրամներ իրականացնելով»:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments