Home / Armenia  / Անգամ Ղարաբաղ հետը կգնայի. Սիրահար զույգի պատկերացումն ապագա ընտանիքի մասին, աղի բլիթը՝ սիրառատ բարեմաղթանքներով

Անգամ Ղարաբաղ հետը կգնայի. Սիրահար զույգի պատկերացումն ապագա ընտանիքի մասին, աղի բլիթը՝ սիրառատ բարեմաղթանքներով

Manan, Vaginak

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) _ 11 ամիս շարունակ յուրաքանչյուր ամսվա 14-ին Մանանան անակնկալի է սպասում. Վաղինակը երբեք չի մոռանում մարտի 14-ին Մանանայի տված համաձայնությունը՝ իր  կողմից արված սիրո առաջարկությանը: Անակնկալը պարտադիր զուգակցվում է տորթով ու մոմերով, այնուհետ ապագայի մասին երազանքներով:

 

Մանանան՝ բարձրահասակ, նրբակազմ ու լայն ժպիտը դեմքին, հայկական ավանդական գործվածքով բարձն ամուր է գրկել. Այն նվեր են ստացել բարեմաղթությամբ՝ մի բարձի ծերանաք: Շահել են մրցույթում, որի ժամանակ փորձել էին բացահայտել ունակությունները, թե որքան արագ մի զուգընկերը կգուշակի մյուսի բացատրած բառը. Նրանց դեպքում խնդիրը հաղթահարելը մի քանի րոպե է պահանջել. Մոտ 1 տարին բավական է եղել միմյանց կես խոսքից հասկանալու համար:

 

Ամենաթանկ բանն այս աշխարհում ընտանիքն է

 

«Երկուսը մի գաղափարի շուրջ, հարգանք միմյանց նկատմամբ:  Ամենաթանկ բանն այս աշխարհում ընտանիքն է, որ մարդկանց ուժ է տալիս, բարձրացնում և իջեցնում է միաժամանակ»,-համոզված է Վաղինակը:

 

Ոչ միայն մի գաղափարի շուրջ, այլև միշտ միասին. Այս համոզմունքով են սիրո խոստում տվել երիտասարդները: Միայն այդ դեպքում ընտանիքն ամուր կլինի, վստահ են նրանք: Հայ ընտանիքներում շատերն ունեն այս համոզմունքը, սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ հնարավոր է լինում պահել խոստումը: Հատկապես գյուղական բնակավայրերում տան տղամարդիկ նախընտրում են արտագնա աշխատանքի մեկնել՝ մենակ թողնելով կնոջն ու երեխաներին:

 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Սուրբ Զատիկից  63 օր առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, ով համարվում է երիտասարդների և սիրահար զույգերի բարեխոսը: Տոնի նախօրեին երիտասարդները աղի բլիթ են ուտում, ծարավ քնում և միայն երազում են ջուր խմում, երբ ապագա ամուսինը կամ կինը ջուր է տալիս: Այս ավանդապատումի հանդեպ հավատը հայ ընտանիքներում խորն է, շատերն իրենց իսկ երազներով են ապացուցում տոնի հավաստիությունը:

 

Ես կերա աղի բլիթ, քնեցի, ինքը ջուր չտվեց, բայց իրենց տան մոտի աղբյուրից ջուր եմ խմել

 

«Սա հնուց եկած բան է, եթե այս տարում երիտասարդը պիտի ամուսնանա, անպայման երազ կտեսնի: Դա ինքս իմ վրա փորձել եմ ու կատարվել է: Ես կերա աղի բլիթ, քնեցի, ինքը ջուր չտվեց, բայց իրենց տան մոտի աղբյուրից ջուր եմ խմել ու մտածել եմ՝ հաստատ էդ տղան կգա, ինձ կառնի, ըտենց էլ եղավ»,-պատմում է տիկին Հասմիկը:

 

Սիրել է ու սիրած տղայի հետ ամուսնացել, ինչը մեծ բախտավորություն է համարում, նույնը մաղթում է երիտասարդներին: Բարեմաղթանքները միայն խոսքերով չեն, այլև թղթին հանձնած: Թոռնիկներն են դրանք փակցրել աղի բլիթների կողքին, որոնք տիկին Հասմիկը պատրաստել է ու Բյուրականից հասցրել Երևան՝ վաճառելու սիրո ճամփին սպասող երիտասարդներին:

 

«Երիտասարդներին մաղթում եմ կանաչ ճանապարհ, պատերազմ չլինի, իրենք իրենց սիրած անձնավորությանը առնեն,  լավ ընտանիք կազմեն ու երջանիկ ապրեն, ոչ թե ամուսնանան ու բաժավեն»,-բարեմաղթում է կինը:

 

ԵՐՋԱՆԻԿ՝ ՉԱՐՈԽՆԵՐՈՎ ՈՒ ՏՐԵԽՆԵՐՈՎ

Եթե կա սեր, ընտանիքը կպահպանվի, վստահ է նա, նույնիսկ սոցիալական խնդիրները չեն կարող պատճառ դառնալ: Նման խնդրի առջև կանգնածները թող հետևեն հին հայկական ընտանիքների օրինակին, որտեղ չկային կյանքի ճոխությունները, բայց կային սեր ու մի տուն լիքը մանուկներ:

 

Հին շորերով ապրել են, բայց իրենց սերը պահել են, սերը հավիտենական է

 

«Էն սոված-ծարավ տարիներին մենք տեսել ենք, չէ՞, հո հիմիկվա երիտասարդության նման ճոխ չե՞ն ապրել: Չարոխներով, տրեխներով, հին շորերով ապրել են, բայց իրենց սերը պահել են, սերը հավիտենական է, ես էլ եմ սիրել»,-երանությամբ է հիշում Հասմիկ տատը երիտասարդ տարիների սերը:

 

ՇՈՐԵՐՈՎ ԼՈՂԱՑՈՂԸ

Վաղինակն ու Մանանան անկեղծ սիրո ապացույցներ շատ են տվել միմյանց, դրանք որքան լուրջ, նույնքան էլ զավեշտալի են եղել, որոնց մասին ծիծաղով են պատմում:

 

Մասնագիտությամբ սոցիոլոգ ու երաժիշտ՝ ֆլեյտահար Մանանան առիթներ ունենում է մեկնել արտերկիր համերգների: Նման մի համերգի ժամանակ էլ իրենց սիրո հերթական տարեդարձն էր, երբ Վաղինակը որոշում է մեկնել Վրաստան: Պատմում է.

 

Երբ նա դուրս եկավ և տեսավ, որ չունեմ փոխնորդ, իր շորերը մտցրեց ջուրը, հանեց, հագավ, ու նստեցինք մեքենան

 

«Մտավ լողալու, շորերով,-Թույլ տուր ես շարունակեմ, – միջամտում է կենսուրախ Մանանան ու լրացնում,-Ինքը մտավ ջուրը, ինչպես սովորաբար մարդիկ մտնում են ծովը՝ լողազգեստով, ես քանի որ չունեի  այդ պահին լողազգեստ ինձ մոտ, շորերով մտա ջուրը: Երբ նա դուրս եկավ և տեսավ, որ չունեմ փոխնորդ, իր շորերը մտցրեց ջուրը, հանեց, հագավ, ու նստեցինք մեքենան, էդպես մենք սրթսրթալով եկել ենք, հետո էլ հիվանդ պառկեցինք բավական ժամանակ»:

 

ԱՆԳԱՄ ՂԱՐԱԲԱՂ ԿԳՆԱՅԻ

Ծիծաղում են իրենց արկածների վրա, հիշում, պատմում, թե ինչպես իրենց ծանոթության օրը, երբ Վաղինակը գնացել էր աշխատանքի ընդունվելու դպրոցում, փակվեց այն: Աղջիկն այնտեղ էր աշխատում՝ որպես սոցաշխատող, տղան զինվորական է՝ կապիտանի կոչումով, գնացել էր դպրոցում աշխատելու: Հիմա երիտասարդը չի ծառայում, աշխատում է անվտանգության համակարգում, բայց ունի այլ երազանքներ ու ձգտումներ, որոնց, շեշտում է, պատրաստ է հասնել դժվարություններ հաղթահարելով:

 

Անգամ Ղարաբաղ հետը կգնայի, միանշանակ ես իր հետ եմ

 

Որտեղ ամուսինը, այնտեղ էլ ինքը, այսպես է պատկերացնում իր ընտանիքը Մանանան, ով նույնիսկ զինվորական ծառայության մեջ լինելու դեպքում պատրաստ էր Վաղինակի կողքին լինել: Ասում է. «Էլ զինվորական չէ, բայց եթե լիներ էլ, անգամ Ղարաբաղ հետը կգնայի, միանշանակ ես իր հետ եմ, եթե մարդ մասնագիտության մեջ կայացած է, ունի գաղափարներ կարիերայի շուրջ, ես միանշանակ կուզեմ, որ ինքը առաջ գնա»:

 

Սա հարցեից մեկն է, որի շուրջ անհամաձայնություններ են լինում երիտասարդների միջև. Եթե Մանանան պատրաստ է ընդառաջել ամուսնուն, ապա հայ տղամարդը նույնքան հանդուրժող չէ ընկերուհու մասնագիտության նկատմամբ. Պատրաստ չէ նրան թույլ տալ շրջագայել առանց իրեն:

 

«Դեմ չեմ, ուղղակի կարիերան, մասնագիտությունը ավելի ծանրակշիռ է, իսկ երաժիշտի շրջանակները խանգարում է շատ հարցերում, բայց հարմարվում ենք: Մասնակիորեն կարգելեմ, ասենք՝ շրջագայել ինչ-որ մեկի հետ, ոչ, ես իր հետ եմ, խնդիր չկա»,-ասում է զինվորական կարգուկանոնով առաջնորդվող երիտասարդը:

 

ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ՄԻ ՀՈԳԻ, ԿԱՐԱՆՔ ՆԱԵՎ ՄԵՆՔ

Միասին ոչ միայն շրջագայությունների ժամանակ. Ընտանիքը միշտ միասին պետք է լինի, հակառակ դեպքում տարաձայնություններն անխուսափելի կլինեն: Այսօր հայ ընտանիքներից շատերն են կիսվում, ոչ թե բաժանվում, այլ ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի. Սա նրանց համար անընդունելի է: Երիտասարդ կապիտանն ասում է.

 

«Շատ վատ է անդրադառնում, 100 անձից 80-ը գալիս է ընտանիքը պառակտված վիճակում: Ավելի լավ է մի պատառ հաց ուտես ընտանիքում, քան կուշտ ուտես մենակ,-Որտեղ ամուսինը այնտեղ էլ կինը,-շարունակում է աղջիկը,- եթե գնում է, ուրեմն գնում ենք, միասին պիտի հաղթահարեն և գնան առաջ, եթե մնում է, էլի միասին փորձում ենք ստեղծել մեր թեկուզ չնչինը»:

 

Անկախ այս մտորումներից՝ նրանք չեն էլ մտածում հայրենիքից հեռու ապագա կառուցել, այստեղ են տեսնում ապագան, որտեղ սեր ու հարգանք են վայելում, աշխատանք ունեն, դժվարությունները հաղթահարելու պատրաստակամություն և իրենց վստահ են զգում: Հայրենիքում լայն հնարավորություններ են տեսնում.

 

«Բայց ո՞վ է ասել, որ Հայաստաում չկա հնարավորություն, Հայաստանում ևս կա, ուղղակի պետք է գտնել ճանապարհները առաջ գնալու, չկա հասկացողություն՝ ոչ: Կարողացել է մի հոգի, կարանք նաև մենք, չի կարողացել ոչ ոք, մենք կլինենք առաջինը»,-վստահ են հայ երիտասարդները, ովքեր պատրաստում են մինչև տարեվերջ ևս մեկով ավելացնել հայ կայուն ընտանիքներից թիվը:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments