Home / Canadahye  / Կանադայի ազգային թիմում ընդգրկված մոնրեալահայ ֆուտբոլիստ Լարա Ղազանչյանի մարզահագուստի վրա Կանադայի դրոշն է, սրտում՝ Հայաստանը

Կանադայի ազգային թիմում ընդգրկված մոնրեալահայ ֆուտբոլիստ Լարա Ղազանչյանի մարզահագուստի վրա Կանադայի դրոշն է, սրտում՝ Հայաստանը

Lara Gazanjyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մոնրեալ (Նորանոր) _ 15-ամյա Լարա Ղազանչյանը Մոնրեալի Սուրբ Հակոբ Ազգային վարժարանի սան է եղել, մինչև վեցերորդ դասարան է հաճախել, այժմ Մոնրեալի քոլեջում է շարունակում կրթությունը, մի ուսումնական հաստատություն, որտեղ հնարավորություն ունի ուսումնառությունը համատեղել մարզումների հետ: Աղջնակը ոտնագնդակի կամ ֆուտբոլի արդեն 11 տարիների մարզիկ է:

 

ՖՈՒՏԲՈԼԸ՝ ԳՐԱՎԻՉ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Տղաներին ավելի բնորոշ մարզաձևում աղջիկն իրեն նույնքան ինքնավստահ է զգում. Նպատակակետը մրցակցի դարպասն է, գոլերը՝ հաղթանակի գրավականը: Դեռ 4 տարեկանից է նա մարզվել հայրիկի ցանկությամբ, բայց արդեն իսկ առաջին քայլերից ի հայտ են եկել ընդունակությունները, պատմում  է մայրը՝ Ռաշել Խալաֆյանը:

 

27583746_10211224975326134_2102158285_n«Փոքրուց շատ ընդունակ էր, ցույց տվավ, որ շատ լավ կարող է խաղալ, ուժեղ խաղացող է, սերը մեծ էր, և այդ տարիքից ամուսինս սկսավ իրեն տանել մարզումների, 12 տարեկանից էլ սկսավ ավելի բարձր խումբերի հետ խաղալ: Տեսանք, որ ընդունակություն ունի, շարունակեցինք, հիմա էլ մեծ սեր կա մեջը և մեծ գոլեր կան իր մտքի մեջ, որ կուզի ավելի բարձր տեղեր հասնել»,-պատմում է նա:

 

Նախկինում դեռ մարզաձևով զբաղվող աղջիկների թիվը մեծ չէր, հիմա արդեն ֆուտբոլի դաշտում փայլել ցանկացող աղջիկների թիվն ավելացել է, մրցակցությունը՝ մեծացել: Լարան թեև այդ շարքերում առանձնանում է, բայց ասում է, որ հաջողության հասնելու համար ավելի շատ ջանքեր են պահանջվում:

 

Երբ որ պստիկ էի, այդքան աղջիկ չկար, որ խաղար, երբ որ մեծացանք, աղջիկներն ավելի սկսան խաղալ

 

«Ես առաջին անգամ որ խաղացի, շատ սիրեցի, բայց իրավ դժվար է աղջիկների համար, որովհետև երբ որ պստիկ էի, այդքան աղջիկ չկար, որ խաղար, երբ որ մեծացանք, աղջիկներն ավելի սկսան խաղալ, հիմա շատ աղջիկ է խաղում և ամենն ալ ուզում է, որ իրեն ավելի շատ նկատեն»,-պատմում է Լարան:

 

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԸ

Մարզումներից չի հոգնում, հասցնում է զուգահեռ պարապել և սովորել, իսկ ազատ ժամանակ գրեթե չի ունենում: Հազվադեպ է պատահում, երբ հանգստանալու ժամանակ է ունենում, այն էլ անցկացնում է ընկերների հետ կամ ընթերցանությամբ:27661944_10211224949485488_1968459132_n

 

«Շատ ժամ չունեմ ուրիշ բան ընելու, որովհետև դպրոցը և օժանդակը ամենամեծ բաներն են կյանքիս մեջ, պետք է շատ կենտրոնանամ իրենց վրա»,-ասում է աղջիկը:

 

Առավել մեծ կենտրոնացում ու ջանքեր պահանջվեցին, երբ մոնրեալահայ մարզիկը Կանադայի թիմում խաղալու առաջարկ ստացավ. Սա նրա մեծագույն ցանկություններից մեկն էր, որից հետո հասկացավ, որ աշխատանքը պետք է կրկնապատկի:

 

Միշտ է եղել երազս, որ Կանադայի հետ խաղամ, շատ ուրախ եմ, որ ունեցա հրավեր

 

«Աղջիկները մեկ տարի մեծ են ինձնից, բայց միշտ է եղել երազս, որ Կանադայի հետ խաղամ, շատ ուրախ եմ, որ ունեցա հրավեր: Սա ավելի դժվար է, որովհետև ամեն օր խաղում ենք, գործերս շատ է լինում, աշխատում եմ և միշտ կուզեմ ամենալավը լինեմ, հիմա, որ հրավիրել են, չեմ կարա ասեմ, որ վերջ, էլ անելու բան չկա, պետք է շարունակեմ գործել և ամեն օր ուզենամ ավելի լավ լինեմ»,-ասում է մարզուհին:

 

«Այդտեղ ուր ինքը թրեյնինգ էր անում ամեն օր, որ ուժեղ խաղացողներն են, միշտ Կանադայի կողմից մասնագետներ կան, որ գալիս են և խաղացողներին նայում, իրենք են որոշում՝ ում կուզեն հրավիրեն մյուս խաղերին: Այդպես որոշում են, թե ով Կանադայի համար կխաղա, 14 տարեկան էր, որ իրեն ընտրեն, որ Կանադայի թիմի համար խաղա, Ֆլորիդա գնա»,-պատմում է մայրը:

 

ՆՊԱՏԱԿԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Այս առաջարկությունը նոր դռներ է բացում աղջկա առջև, բացի նրանից, որ հնարավորություն ունի ճամփորդելու տարբեր երկրներ ու մասնակցելու մրցումների, նաև ավելի համարձակ երազանքներ է պահում: Մայրը՝ տիկին Ռաշելն է պատմում.

 

«Իր ամենամեծ նպատակն այն է, որ գործի մինչև մյուս օլիմպիկը և մյուս կետը բարձրանա: Իսկ մոտ ապագային Նիկարագուայի խաղերը պիտի սկսին, որտեղ հաղթող թիմը կերթա աշխարհի առաջնության, որ հոկտեմբերին է»:

 

27720673_10211225125649892_952496640_nԻսկ աղջիկը հիշում է մինչ այս ունեցած լավագույն հաղթանակները՝ առանձնացնելով երկուսը. «Երբ որ ամռանը գնացինք Չինաստան Կանադայի հետ, ամենալավն էր, առաջին անգամ էր, որ այդքան հեռու գնացինք: Շատ լավ անցավ, շատ ուրախ էինք, որ կարող ենք Կանադան ներկայացնել, որ կարող ենք մրցել Ամերիկայի, Չինաստանի, Ճապոնիայի դեմ: Ամենալավ հաղթանակս էլ 2016թ-ի ամռանն էր, երբ որ գնացինք Ֆլորիդա և երկրորդ տեղ գրավեցինք արծաթե մեդալ»:

 

ԻՆՉՊԵՍ ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

Այս ամենը դեռ սկիզբն է, խոստանում է Կանադայի թիմում հանդես եկող հայազգի աղջիկը, ով հպարտ է, որ այս մակարդակին է հասել, բայց նույնքան հպարտ է իր ազգությամբ:

 

Հպարտ եմ, որ հայ եմ, միշտ Հայաստանը սիրտիս մեջ է

 

«Ուրախ եմ, որ հայ եմ և որ կարող եմ Կանադան ներկայացնեմ, այսպես շատ հայ չկա, հպարտ եմ, որ հայ եմ, միշտ Հայաստանը սիրտիս մեջ է»,-վստահեցնում է մոնրեալահայ մարզուհին ու հպարտությամբ խոսում հայազգի ֆուտբոլիստի մասին, ով ամբողջ աշխարհի հայության պարծանքն է դարձել, հետևաբար Լարան չէր կարող չերազել նրան նմանվելու մասին:

 

Շատ եմ սիրում իրեն ու հետևում եմ, ինքը սիրած հայն է ու սիրած մարզիկը

 

«Մխիթարյանը, որ հայ է, ու խաղում է շատ լավ ոտնագնդակ, Անգլիա է խաղում, ինքը շատ լավն է, շատ եմ սիրում իրեն ու հետևում եմ, ինքը սիրած հայն է ու սիրած մարզիկը»:

 

Անկախ ունեցած հաջողություններից՝ կանադահայ մարզուհին չի մեծամտանում, համեստ է ու աշխատասեր, հավաստիացնում է մայրը ու վստահություն հայտնում, որ այս արժանիքների շնորհիվ աղջիկը կարող է ավելիին հասնել: Ու ոչ միայն Լարան: Ընտանիքի մյուս զավակները՝ 12-ամյա Լիզան ու 9-ամյա տղան էլ են ֆուտբոլ խաղում ու դարձյալ լուրջ հաջողություններ են գրանցել: Սպորտաձևը ընտանիքի տարերքն է, բայց նաև չեն մոռանում ուսման մասին:

 

Լարան արդեն իսկ ամերիկյան համալսարաններից առաջարկներ է ստանում իրենց մոտ ուսանելու ու համալսարանական թիմերը ներկայացնելու, մտորում են դրանց շուրջ և մտադիր են լավագույն հաստատություններից մեկն ուղարկել, որպեսզի լինի ոչ միայն տաղանդավոր, այլև ուսյալ ու կիրթ մարզիկ:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments