Home / Canadahye  / Երգչախմբի նախկին խմբավար, ներկայում Վանկուվերի առաքելական եկեղեցու հովիվ Գարեգին վարդապետ Շխրտմյանը մտադիր է նաև Վանկուվերում երգչախումբ հիմնել

Երգչախմբի նախկին խմբավար, ներկայում Վանկուվերի առաքելական եկեղեցու հովիվ Գարեգին վարդապետ Շխրտմյանը մտադիր է նաև Վանկուվերում երգչախումբ հիմնել

Garegin vardapet Shkhrtmyan

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Վանկուվեր (Նորանոր) _ Առաջինն, ինչ Վանկուվեր տեղափոխվելիս զգացել է Սիրիայում ծնված ու 12 տարեկանից Լիբանանում ուսանած Գարեգին վարդապետ Շխրտմյանը, ընտանեկան ջերմությունն է. Հայերի փոքրաթիվ ու տարածված լինելը բոլորովին չի խանգարել մթնոլորտին: Միջին Արևելքում, որտեղ համայնքը մեծ է ու Հայաստանին մոտ, այլ էր իրավիճակը, այստեղ՝ բոլորովին այլ:

 

«Նկատի առնելով, որ պստիկ գաղութ մըն է, ընդհանրապես հայության նկատմամբ սերն ու կարոտը քիչ մը ավելի հայտնի է: Ամեն ինչի հանդեպ, որ հայկական է, սեր ունի,»,- Noranor.ca-ին ասում է Գարեգին վարդապետ Շխրտմյանը:

 

Հոգևորականը Վանկուվերի երկու եկեղեցիներից մեկի՝ Անթիլիասական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվն է: Դեռ մի քանի ամիս է՝ այստեղ է ծառայությունն իրականացնում, որոշ չափով հասցրել է հասկանալ համայնքի խնդիրները, իսկ ավելի հստակ են իր ծրագրերը՝ կապված համայնքի զարգացման հետ:

 

ԽՄԲԱՎԱՐ-ՎԱՐԴԱՊԵՏԸ

Հայր Սուրբը, ով 12 տարեկանից արդեն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Դպրեվանք է հաճախել, իսկ քահանայական կարգ ստանալուց հետո որպես հսկիչ ու տեսուչ՝ պաշտոնավարել Դպրեվանքում, միաժամանակ եղել է Մայր Տաճարի դպրապետն ու կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախմբի խմբավարը:

 

Եկեղեցին գործակցությամբ Վանկուվերի Համազգայինի հետ երգչախումբ մը կկազմե, որպեսզի անոր միջոցով թե մշակույթին զարկ տանք, թե նաև պահենք հայկական ոգին ժողովուրդին մեջ

 

Հետևաբար պատահական չէ, որ նրա առաջին նպատակներից մեկը Վանկուվերի եկեղեցուն կից երգչախումբ հիմնելն է: Նրա անցած տարիների փորձառությունը հաշվի առնելով՝ բոլորն են նման եզրակացության հանգել: Պատմում է. «Մեր հաջորդ ծրագիրն այն է, որ Վանկուվերի գաղութի մեջ երգչախումբ մը ունենանք, որպեսզի հայ մշակույթը պահենք: Եկեղեցին գործակցությամբ Վանկուվերի Համազգայինի հետ երգչախումբ մը կկազմե, որպեսզի անոր միջոցով թե մշակույթին զարկ տանք, թե նաև պահենք հայկական ոգին ժողովուրդին մեջ»:

 

Իսկ երգչախումբ հիմնելու համար համայնքը պոտենցիալ ունի. Ամենամյա «Սասուն» ճամբարը, որը համախմբում է համայնքի 50 մանուկներին ու պատանիներին, նրանց շնորհները  բացահայտելու հնարավորություն էլ է տալիս: «Անոր ընթացքին ավելի քան 50 մանուկներ ու պատանիներ կհավաքվին քով քովի, որպեսզի հանդիսությամբ մը հանդես գան, անոր ընթացքին պիտի երգեն հայերեն երգեր ու պարեն հայկական պարեր»,-ասում է համայնքի հոգևոր հովիվը:

 

aՄԵԿՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Մանուկները նաև շաբաթը մեկ անգամ դպրոցում հայերեն սերտելու հնարավորություն ունեն, թեև քիչ է հայեցիությունը պահպանելու համար, բայց լավ է, որ գոնե դրա հնարավորությունն ունեն, իսկ ամենօրյա վարժարան հիմնելը դյուրին չէ.

 

Սկսանք ուսումնասիրել այդ գծով ու կհուսանք, որ օր մը կիրագործենք

 

«Հիմա որ ասենք գաղութն ավելի կմեծնա և կզարգանա, անհրաժեշտությունը բոլորը կտեսնեն, սկսանք ուսումնասիրել այդ գծով ու կհուսանք, որ օր մը կիրագործենք: Դյուրին չէ, ծախսեր ու ուրիշ բաներ կպահանջին»,-նշում է Հոգեշնորհ Հայր Սուրբը:

 

Շաբաթօրյա դպրոցները ոչ միայն հայերեն ուսուցանելու, այլև եկեղեցու ու հայոց պատմությունները սերտելու ճանապարհ են, որոնց անպայման իր մասնակցությունն ունենում է եկեղեցին: Համայնքում գործող էջմիածնական եկեղեցին ևս նույն գործառույթն իրականացնում է:

 

Իսկ ազգային տոները ոչ միշտ է հաջողվում տոնել, բայց անպայման նշում են, եկեղեցական ծիսակարգ կատարում: Խնդիրն այն է, որ վանկուվերահայերից շատերը հնարավորություն չեն ունենում աշխատանքային օրերին մասնակցել արարողություններին, ինչի պատճառով որոշ տոներ միայն շաբաթավերջին են նշում:

 

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ԽՏԱՑՐԵԼ ԵՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Հաջորդ առաքելությունը համայնքում գոյություն ունեցող ընտանեկան ջերմությունը պահպանելն է: Այն ավելի է խտացել, երբ սիրիահայերն են հաստատվել այստեղ: Իսկ նրանց թիվը քիչ չէ, վստահեցնում է Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետը: Հստակ թվեր չի նշում, բայց վստահեցնում է, որ բավական սիրիահայեր են հաստատվել, իսկ այս հարցում նրանց աջակցել է եկեղեցին:

 

Անոնք բերին իրենց փորձառությունը, և ամեն ինչով օգտակար եղանք, որ գան

 

«Թեև Հայաստանեն կան Վանկուվերի մեջ, սակայն Վանկուվերի եկեղեցին ստանձնեց սիրիահայ ընտանիքների տեղափոխումն ու հաստատվելը Վանկուվեր, և բավական ընտանիքներ Վանկուվեր հաստատվեցան եկեղեցվո քով, և տակավին կան, որ պիտի գան: Բնականաբար անոնք բերին իրենց փորձառությունը, և ամեն ինչով օգտակար եղանք, որ գան»,-ներկայացնում է սիրիահայ հոգևորականը:

 

ՏԱՔ Է ՆԱԵՎ ԵՂԱՆԱԿԸ

Իր տեղափոխությունը Լիբանան, ապա Կանադա երկրի ճգնաժամային իրավիճակի հետ չէր առնչվում, սակայն հայրենակիցների մասին հոգ տանելը իր պարտականությունն է համարում: Իսկ ինչ առավելություններ ունի Վանկուվերը մյուս՝ մեծ քաղաքների համեմատ, թվարկում է.

 

Վանկուվերը ավելի հարմար է թերևս իր բարեխառն օդով, հոստեղը քիչ է ձյունը, քիչ մը անձրև կա և այնքան պաղ չէ

 

«Վանկուվերը ավելի հարմար է թերևս իր բարեխառն օդով, հոստեղը քիչ է ձյունը, քիչ մը անձրև կա և այնքան պաղ չէ: Համեմատաբար Տորոնտոյի և Մոնրեալի շատ ավելի բարեխառն է: Իսկ կենցաղային իմաստով ամեն տեղ ալ դժվարություն կա, անոնք, որոնք աշխատին, կրնան հանգիստ կյանք ապահովել, իսկ անոնք, որոնք  չեն աշխատիլ, դժվարություններու պիտի հանդիպին»:

 

ԳՈՐԾԱԿՑՈՂ ԵԿԵՂԵՑԻՆԵՐIMG_0741

Դժվարություններ ու խնդիրներ չեն հանդիպում, սակայն, եկեղեցիների միջև, որոնք քաղաքի տարբեր հատվածներում են գտնվում, բայց ոչ միայն չեն փորձում մրցել, այլև համագործակցում են: Օրինակ է բերում Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Շխրտմյանը.

 

Տուները հեռու են իրարմե, անոր համար կկարծեմ, որ ոչ մեկ ձևով արգելք է եկեղեցիներու գոյությունը

 

«Երբ որ մահ մը պատահի, շատ ընտանիքներ կուզեն նաև Տեր Հայրը մասնակցի իմ հետս, կամ ես մասնակցիմ Տեր հոր հետ, և բարեկամական կամ գործակցության ոգին կա, անոր համար դրական ձևով կդիտենք, որովհետև եկեղեցիները աշխարհագրական իմաստով իրարմե մոտ չեն, և բոլոր եկեղեցիներուն քով ընտանիքներ կան: Ադիկա աշխարհագրական իրենց դժվարությունները կլուծե, տուները հեռու են իրարմե, անոր համար կկարծեմ, որ ոչ մեկ ձևով արգելք է եկեղեցիներու գոյությունը, մինչև այն ատեն, որ երկու եկեղեցիներուն, ինչու չէ, երկու աթոռներուն միշտ գործակցության ոգին եղած է»:

 

Իսկ ոչ միայն մեկ երկրում, այլև փոքր համայնքում երկու աթոռների ներկայացուցչություններ ունենալը շատերը հայ ժողովրդի համար ամոթալի են համարում, մրցակցություն չպետք է լինի, համոզված են շատ կանադահայեր, նրանց ի պատասխան՝ Հայր Սուրբն ասում է.

 

«Ոմանք թերևս այդպես կրնան տեսնել, բայց եթե ջուրն իր աղբյուրեն խմես, ես կհայտարարեմ, որ երբեք իմ և մեր եկեղցվո ընտանիքի կողմե այդ հասկացողությունը, ոգին և նույնիսկ ժամանակը չունինք այդ բանին մասին մտածել»:

 

 

 

Ձեր կարծիքը

Comments