Home / Canadahye  / Կանադայում հյուպատոսական ծառայություններ մատուցող ՀՀ միակ կառույցի՝ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունների մատչելիությունը. Սասուն Հովհաննիսյան

Կանադայում հյուպատոսական ծառայություններ մատուցող ՀՀ միակ կառույցի՝ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունների մատչելիությունը. Սասուն Հովհաննիսյան

Sasun Hovhannisyan..

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Օտտավա (Նորանոր) _ Կանադայի Սասկատուն քաղաքում հաստատված հայաստանցի քաղաքացիներից մեկն օրեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հարց էր բարձրացրել հյուպատոսական ծառայություններից օգտվելու կարգի

 

Image 10

վերաբերյալ: Նրան հատկապես հետաքրքրում է անշարժ գույքի վերաբերյալ գործարքներ իրականացնելու համար Հայաստան ուղարկվելիք փաստաթղթերի հարցը, իսկ որ ոչ պակաս կարևոր է, այն, թե դրանք ձեռք բերելու համար արդյո՞ք պետք է մեկնի Օտտավա, թե՞ տեղից կարող է լուծել խնդիրը:

 

«Ինձ այն ժամանակ ասացին, որ պետք է անպայման գնալ դեսպանատուն»,-նրա հարցին այսպես է արձագանքում 3 տարի առաջ նույն խնդիրն ունեցած քաղաքացին: Այսինքն՝ եթե քաղաքացին հնարավորություն չունենա էլեկտրոնային տարբերակով կամ փոստի միջոցով ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը, ստիպված կլինի կտրել-անցնել տվյալ դեպքում 2931 կմ, ասել է, թե՝ 1 օր 10 ժամվա ճանապարհ:

 

 

Արդյո՞ք այժմ էլ Կանադայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը նույն եղանակով է համագործակցում քաղաքացիների հետ, ի՞նչ փոփոխություններ են կատարվել վերջին շրջանում, առավել շատ ի՞նչ բնույթի հարցերով են քաղաքացիները դիմում դեսպանություն, ի՞նչ խնդիրների են բախվում. Այս և հյուպատոսական ծառայությունների կարգի վերաբերյալ Noranor.ca-ն զրուցել է Կանադայում ՀՀ դեսպանության հյուպատոս Սասուն Հովհաննիսյանի հետ:

 

ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՓՈՍՏՈՎ

Շուրջ 100 հզր հայերից բաղկացած համայնքը տարածված է Կանադայի տարբեր քաղաքներում. Տորոնտո, Մոնրեալ, Լավալ, Սեն Քեթրինզ, Վանկուվեր, Համիլթոն, Քեբեք Սիթի, Օտտավա և այլն: Ինչպես հյուպատոսն է ներկայացնում, տարեկան մի քանի հազար քաղաքացի է օգտվում դեսպանության հյուպատոսական ծառայություններից, իսկ Հայաստանի քաղաքացի հանդիսացողները զգալի թիվ են կազմում:

 

Մի շարք հյուպատոսական ծառայություններ իրականացվում են փոստի միջոցով` դրանք առավել արագ և դյուրին դարձնելով քաղաքացիների համար

 

«Քանի որ Կանադան տարածքով մեծ երկիր է, և ներկայումս երկրի տարածքում հյուպատոսական ծառայություններ իրականացնող մեր միակ մարմինը հանդիսանում է Օտտավայում տեղակայված ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը, ապա մի շարք հյուպատոսական ծառայություններ իրականացվում են փոստի միջոցով` դրանք առավել արագ և դյուրին դարձնելով քաղաքացիների համար»,-հավաստիացնում է Սասուն Հովհաննիսյանը:

 

Թե ինչպիսի փոփոխություններ են կատարվել վերջին տարիներին հյուպատոսական ծառայությունների կարգում, հյուպատոսը բավարար է համարում նշել, որ էական առաջընթաց է տեղի ունեցել շնորհիվ թվային տեխնոլոգիաների զարգացման, արդյունքում՝ քաղաքացուն իրազեկելը դյուրացել է, տեղեկատվությունը՝ դարձել արագ հասանելի:

 

Ամենօրյա հաճախությամբ պատասխաններ են տրվում ստացված բազմաթիվ հեռախոսազանգերի և էլեկտրոնային նամակների

 

«Հյուպատոսական հարցերին վերաբերող պարզաբանումների նպատակով ամենօրյա հաճախությամբ թարմացվում են ՀՀ դեսպանության պաշտոնական կայքը, ֆեյսբուքի և թվիթերի պաշտոնական էջերը, պատասխաններ են տրվում ստացված բազմաթիվ հեռախոսազանգերի և էլեկտրոնային նամակների: Նախորդ տարի Երևանում կայացած դեսպանահավաքի ընթացքում ՀՀ Նախագահը նշեց, որ ՀՀ քաղաքացուն տրամադրված անձնագրում գրված է, որ անձնագրի կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը, և արտերկրում Հայաստանի քաղաքացիները պետք է զգան, որ այդ բառերի հետևում կանգնած է իր հովանավոր պետությունը՝ բոլոր ծառայություններով և հնարավորություններով։ Մենք մեր ամենօրյա աշխատանքում հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում ենք»,-վստահեցնում է դեսպանության հյուպատոսը:

 

ԿԱՊԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ

Տեղեկատվական աշխատանքը ոչ միայն դյուրացնում է քաղաքացիների աշխատանքը, այլև իր դերն ունենում նրանց կողմնորոշման հարցում: Դրա արդյունքում շատ քաղաքացիներ ձգտում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, որից հետո ամրապնդել կապը հայրենիքի հետ՝ անշարժ գույք ձեռք բերելով:

 

Քիչ չեն Կանադայում բնակվող մեր այն հայրենակիցները, ովքեր, ՀՀ քաղաքացիություն ստանալով, անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանում, բնակարան են գնում

 

«Մենք իրազեկում ենք մեր հայրենակիցներին, որ նրանք կարող են պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն, ինչը հեշտացնում և հաճախակիացնում է նրանց այցելությունները Հայաստան և հայրենիքի հետ նրանց ամուր կապող մեկ այլ գործոն է հանդիսանում: Քիչ չեն Կանադայում բնակվող մեր այն հայրենակիցները, ովքեր, ՀՀ քաղաքացիություն ստանալով, անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանում, բնակարան են գնում` յուրաքանչյուր տարի մի քանի ամիս ապրելով հայրենիքում: Կան նաև այնպիսիները, ովքեր մի քանի տարի այդպիսի փորձ ունենալով` տեղափոխվում են Հայաստան`մշտական բնակության»,-վստահեցնում է դիվանագիտական կառույցի պաշտոնյան:

 

Հենց սրա արդյունքում է, որ երկքաղաքացիության հարցերով ամենաշատն է հյուպատոսական բաժինը դիմումներ ստանում, Դրանց մեծ մասն առնչվում են անձնագրերի կամ դրանց վավերականության ժամկետների փոփոխություններին:

 

Շնորհակալ ենք կանադական իշխանություններին` արագ արձագանքի և համագործակցության համար

 

Քիչ չեն լինում նաև հատուկ իրավիճակները, որոնց պարագայում նշանակալի է լինում կանադական իշխանությունների օժանդակությունը. Հյուպատոսը մանրամասնում է. «Լինում են դեպքեր, երբ մեր քաղաքացիները Կանադայի տարբեր նահանգներում ֆորսմաժորային վիճակներում են հայտնվում: Նմանատիպ դեպքերում ՀՀ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատում քաղաքացու հետ և տեղական իշխանությունների հետ համագործակցաբար` փորձում խնդրին լուծում տալ: Մենք շնորհակալ ենք կանադական իշխանություններին`նմանատիպ հարցերում արագ արձագանքի և համագործակցության համար»:

 

2017թ. անցկացվել է շուրջ 200 միջոցառում` նվիրված Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայ-կանադական երկկողմ կապերին

 

Բացի հյուպատոսական ծառայություններից, դեսպանությունը նաև բազմաթիվ մշակութային միջոցառումներ է իրականացնում` Կանադայում Հայաստանի պատմության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ: «Մի կարևոր փաստ կարող եմ նշել: 2017թ. կանադահայ կազմակերպությունների և Կանադայում բնակվող մեր հայրենակիցների ջանքերով երկրի տարբեր քաղաքներում անցկացվել է շուրջ 200 միջոցառում` նվիրված Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայ-կանադական երկկողմ կապերին: Կարծում եմ` սա բավական խոսուն թիվ է: Ընդ որում, այդ միջոցառումների աշխարհագրությունը խիստ ընդգրկուն է` Վանկուվերից մինչև Քվեբեկ Սիթի»,-ամփոփում է դիվանագետը:

 


Ի դեպ, Սասուն Հովհաննիսյանը նաև արձագանքել է Կանադայի Սասկատուն քաղաքում բնակվող վերոնշյալ քաղաքացու կողմից բարձրացրած հարցադրմանը՝ մեկնաբանություններում մանրամասն բացատրելով կարգը. Մեջբերում ենք. «ՀՀ դեսպանության միջոցով լիազորագիր հաստատելու համար հարկավոր է, նախապես հանդիպում վերցնելով, անձամբ ներկայանալ դեսպանություն: Եթե անձամբ ներկայանալու հնարավորություն չկա, ապա պիտի լիազորագիրն անգլերենով հաստատեք կանադական որևէ նոտարի մոտ և պատվիրված փոստով ուղարկեք դեսպանություն` հյուպատոսական վավերացման համար: Երկու տարբերակների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` կապվելով ՀՀ դեսպանության հետ +1 613 234 3710 x3 հեռախոսահամարի կամ armconsottawa@mfa.am էլ.փոստի միջոցով»:

 

 

 

 

 

Ձեր կարծիքը

Comments