Home / Armenia  / Բնականոն կյանք կա՞ Արցախի «ազատագրված տարածքներում». Դավիթ Բաբայանը պարզաբանում է

Բնականոն կյանք կա՞ Արցախի «ազատագրված տարածքներում». Դավիթ Բաբայանը պարզաբանում է

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Ստեփանակերտ-Երեւան (Նորանոր) – ԼՂՀ «ազատագրված տարածքները» անկախության դիմաց որպես փոխզիջումային տարբերակ Ադրբեջանին հանձնելը վերջին շրջանում ԼՂՀ գործընթացի կարգավորման շրջանակներում քննարկվող առաջնային հարցն է:

 

Իրականում ինչպիսին է ԼՂՀ «ազատագրված տարածքների» վիճակը, արդյո՞ք բնականոն կյանքով են ապրում մարդիկ այնտեղ, եւ ինչ հավակնություններ կարող է ունենալ Ադրբեջանը դրանց նկատմամբ: Noranor.ca-ի հետ զրույցում, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ասել է որ նա համաձայն չէ «ազատագրված տարածքներ» արտահայտության հետ: Նա համարում է, որ ամբողջ Արցախն է ազատագրված:

 

Ինչ վերաբերում է 7 շրջաններին, ապա նշում է, որ կյանքն այնտեղ զարգանում է համաչափորեն: Օրինակ Քաշաթաղը ամենալավ զարգացող շրջաններից է: Բաբայանը ոգևորությամբ է նկարագրում. «Այնտեղ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում՝ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխանող բազմաթիվ տներ: Օրինակ՝ Քաշաթաղի շրջանը 3 տարի առաջ ցորենի համախառն բերքի քանակով ցածր տեղ էր զբաղեցնում, այս տարի այնքան բերք է հավաքվել, որ անկախության տարիներին որևէ շրջան այդքան բերք չի ապահովում»:

 

ՍՈԹՔ-ՄԱՐՏԱԿԵՐՏ ՄԱՅՐՈՒՂԻ

 

Շահումյանի շրջանում ևս կարևոր ծրագրեր են իրականացվում: Կարևոր է օրինակ՝ Սոթք-Մարտակերտ մայրուղու կառուցումը, որն անցնում է նաև Շահումյանի շրջանով: Կառուցվում են նաեւ հիդրոէլեկտրակայաններ:

 

Իսկ բնակչությունը բաղկացած է ոչ միայն հայերից, այլ նաև եզդիներից, ռուսներից, նաև քիչ թվով ադրբեջանցիներից:

 

Այլ է տրամադրությունը, երբ խոսք է գնում պատերազմի բացասական հետևանքների մասին: Օրինակ Ֆիզուլիի կամ Ջիբրայիլի դեպքում ծրագրերից խոսելու իմաստ չկա: «Ֆիզուլի քաղաքը, գիտենք, պատերազմի ժամանակ վերացել է, եւ ինչու եք շրջանառում դա: Չկա, սա պատերազմի հետևանքն է, Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքն է, որի արդյունքում բնակավայրերը վերածվել են հենակետերի: Հիմա կրում ենք պատասխանատվությունը այդ պատերազմի եւ հետևանքների համար»,– նշեց Բաբայանը:

 

Կան տարածքներ, որոնք միայն ռազմավարական նշանակությունն են պահպանել, մյուսները՝ զարգացող բնակավայրեր են, Բաբայանն ավելացրեց։

 

ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

 

Փոխզիջումների վերաբերյալ քննարկումներն այնքան թեժացան, որ խոսք հնչեց ԼՂՀ տարածքի բավականաչափ մեծ լինելու մասին: Մասնավորապես սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էր արտահայտվել, թե 150,000 բնակչության ինչին է պետք 12,000 քառ. կմ տարածքը:

 

«Բնակչությունն ու տարածքը իրար հետ կապ չունեն,» պարզաբանեց Բաբայան. «Կա տարածք, օրինակ Ավստրալիան, որը բացառիկ է բնակեցվածության առումով: Բնակչության 99.9% ապրում է շատ փոքր տարածքի վրա, այսինքն՝ նրանք ունեն մոտավորապես 7.7 մլն. քառ. կմ տարածք եւ մոտ 23 մլն. բնակչություն: Ի՞նչ է՝ հիմա մենք պետք է ասենք՝ Ավստրալիա ջան, այն տեղերը, որտեղ բնակչություն կա` քոնն է, մնացածը տանք ուրիշի: Բնակչության քիչ լինելը չի նշանակում, որ տարածքի մեծամասնությունը բնակեցված չէ: Արցախի պարագայում  այդպես չէ: Արցախի մեծ մասը բնակեցված է, բայց նույնիսկ եթե բնակեցված էլ չլինի, չի նշանակում, որ մեր տարածքից պետք է հրաժարվենք»:

 

Օգոստոս ամսին Բաքու կատարած այցի ժամանակ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ձգտելու է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային կլինի, բայց ընդունելի երկու կողմերի համար էլ»:

 

Փոխզիջումների ու տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող, Բաբայանը համոզմունք է հայտնում. «Եթե Ադրբեջանը պատրաստ չէ որևէ հարցի շուրջ բանակցել, մենք ինչի՞ մասին պետք է խոսենք: Մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորման, դա չի նշանակում, որ վախենում ենք պատերազմից: Չի կարող լինել վերադարձ դեպի անցյալ՝ ինչպես կարգավիճակի, այնպես էլ պատմության»: