Home / Canadahye  / IT մասնագետ Գուրգենը, ով Կանադայում զբաղվում է վարորդ-առաքիչի աշխատանքով

IT մասնագետ Գուրգենը, ով Կանադայում զբաղվում է վարորդ-առաքիչի աշխատանքով

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Տորոնտո (Նորանոր) – Առավոտյան 11:30-ին է սկսվում Գուրգենի աշխատանքը: Ազգությամբ հայ վարորդ-առաքիչն այն բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներից է, ով, որպես բնակության ու աշխատանքի հիմնական վայր, ընտրել է Կանադան: Ամեն օր ոչ թե հայի, այլ կանադացու պարտաճանաչությամբ է գնում աշխատանքի, իսկ տուն վերադառնալիս նրան դիմավորում են կինն ու 5 և 7 տարեկան զավակները:

 

Գուրգեն Հակոբյանը 3.5 տարի առաջ որոշեց ընտանիքով տեղափոխվել ու հաստատվել Կանադայում: Այնպես չէ, որ հայրենի երկրում ապրուստի միջոց չուներ: Հացի խնդիր չուներ, բայց Հայաստանում մշտապես բնակվելու ցանկությունն էր պակասում: Պարզապես այս երկրում աշխատելն ավելի հեռանկարային էր համարում:

 

«Ուղղակի այստեղ ներվատրյոպկեն չկա, ժողովրդի դեմքերին ուրախություն կա, փողոցում ման ես գալիս, մռայլ դեմքեր համարյա չես տեսնում: Ստեղ ինչ էլ աշխատես, կարող ես ընտանիքդ պահել: Եթե ինչ-որ գործ ունես, կոպիտ ասած, կարող ես մի քանի տարի գումար հետ գցել, ու մեքենա էլ ունենալ, ընտանիքդ էլ լավ պահես, այսինքն՝ հացի խնդիրը չկա: Չես մտածում, որ վաղը կարող է սոված մնաս»,–այսպես է բացատրում հայրենիքը լքելու իր որոշումը Գուրգենը:

 

Գուրգենն անգամ պատրաստ էր մասնագիտությունից հրաժարվել ու ընտրել այն աշխատանքը, որն իրեն կառաջարկեն: Հենց այդպես էլ եղել է: Կինը դիմել է Կանադա տեղափոխվելու ու բնակություն հաստատելու հարցով: Մի քանի չափանիշների համապատասխանելուց հետո հավանություն է տրվել, ու տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գուրգենին առաջարկել են զբաղվել վարորդ-առաքիչի աշխատանքով: Համաձայնել է անմիջապես:

 

«Չեմ ափսոսում, մասնագիտականն այստեղ ուրիշ է, կապ չունի՝ դու ինչ գործ ես անում, մինիմալ աշխատավարձը 2,000 դոլար է: Իսկ իմ մասնագիտությունն արդեն հոբբի է դարձել: Որ ասեմ՝ նեղվում եմ, որ մասնագիտությամբ չեմ աշխատում, չէ»: Հայրենիքում Գուրգենն իր անելիքը չի պատկերացնում. «Ասենք հիմա եկա, մի քիչ ապրեցի, բա հետո՞… Այդ հետո-ի համար էլ չեմ գալիս»:

 

«ՊՈԼԵՐԸ ՄԱՔՐԻ»

 

Գուրգենի համար հեշտ չի եղել, անգամ զավեշտալի իրավիճակներում է հաճախ հայտնվել: Առաջին իսկ օրվանից միջավայրերի տարբերությունն ակնհայտ է եղել: Եթե այն ժամանակ զարմացել էր, հիմա արդեն ծիծաղելով է պատմում. «Այստեղ որ գնացիր աշխատանքի, իրենց ստրուկն ես, պիտի աշխատես, այլ բանով զբաղվելու իրավունք չունես: Երբ ընդունվեցի, երկու պարսիկ էին, ասացին մի քանի պատվեր տար, նորմալ էր, մի ժամ, երկու ժամ եւ այլն, էլ անելու բան չկար: Ազատ ժամին հեռախոսով խոսում էի մեկի հետ, մեկ էլ հարցնում է՝ գործ չունե՞ս, ասի՝ չէ, դե ասում է, շորը վերցրու, պոլերը մաքրի, ասի՝ ո՞նց, ասում է՝ այստեղ էդպես է: Ասեցի՝ հաշիվս փակեք, ես գնամ: Գնացի: Մի հինգ օր հետո զանգեցին, թե արի աշխատի, ասեցի՝ պայմանները վերանայեք, կգամ»:

 

Աշխատանքի պայմանները վերանայում են, Գուրգենը վերադառնում է աշխատանքի, բայց դրանով չի բավարարվում: Գուրգենը Կանադայում սեփական բիզնեսն է հիմնել ու փորձում է զարգացնել: Աշխատանքից հետո դրանով է զբաղվում և դժգոհ չէ: Ռեզիդենտի կարգավիճակից էլ չի նեղվում. «Քաղաքացուց ոչնչով չենք տարբերվում, միայն չենք քվեարկում»,– ասում է նա՝ ավելացնելով, որ կարևորն այն է, որ ապրելու և աշխատելու իրավունք ունի:

 

2009 թ-ի տվյալներով՝ Կանադայում բնակվում է շուրջ 81.5 հազար հայ։ Կենտրոնացված են Մոնրեալ, Տորոնտո քաղաքներում, բնակվում են նաև այլ քաղաքներում։ Հիմնականում արհեստավորներ են, առևտրականներ, աշխատում են նաև արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ։ Զգալի թիվ են կազմում գիտնականները, ճարտարապետները, բժիշկները, արվեստի, գրականության և մամուլի բնագավառի աշխատողները։ Հայերի հոսքն այս երկիր շարունակվում է նաև այսօր: