Home / Armenia  / Սեպտեմբերի 1-ը Երևանում. Տոնական տրամադրություն ծանր ամառվանից հետո

Սեպտեմբերի 1-ը Երևանում. Տոնական տրամադրություն ծանր ամառվանից հետո

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

Երևան (Նորանոր) – Հուլիսյան ծանր իրադարձություններից հետո այսօր առաջին անգամ տոնական տրամադրությունն էր իշխում Երևանի փողոցներում: Իսկ տոնի հերոսները դպրոցականներն էին, ուսանողները և բոլոր նրանք, ովքեր կապ ունեն ուսումնական գործընթացի հետ:

 

Երևանի Մ. Նալբանդյանի անվան դպրոցի սաներն այսօրվա համար հատուկ պատրաստել էին իրենց սև ու սպիտակ համազգեստները, երաժշտությամբ, ծաղիկներով ու փուչիկներով ապահովել տոնական տրամադրող միջավայր:

 

«Շատ լավ տրամադրությամբ եմ վերադառնում դպրոց: Նախ այստեղ տեսնում եմ իմ լավ ընկերներին, իրենց հետ շատ լավ է անցնում, բարձր տրամադրությամբ: Մենք անհամբեր սպասում էինք սեպտեմբերի 1-ին »,– ոգևորված պատմում էր 8-րդ դասարանցի Ասյա Զարգարյանը, ով ուսման առաջատար է ու դպրոց է վերադարձել նոր գիտելիքներով զինվելու ցանկությամբ:

 

Համադասարանցի Դիանան ևս լավ է սովորում: Նա ևս կիսում է իր ուրախությունը՝ ասելով. «Ոգևորությունը մեծ է, սպասումները՝ շատ: Գիտելիքներս կրկնապատկելու ցանկությամբ եմ վերադառնում դպրոց: Որքան մոտենում ենք ավարտական դասարանին, այնքան պատասխանատվությունն ավելանում է»:

 

Նույնը չի կարելի ասել առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների մասին: 6-ամյա փոքրիկները մի փոքր վախվորած ու հետաքրքրասիրությամբ են գալիս դպրոց: Նրանց համար տարիներն անցել են թեթև, ամառն էլ՝ հաճելի:

 

ԾԱՆՐ ԱՄԱՌՎԱՆԻՑ ՀԵՏՈ

 

2016թ-ի առաջին կիսամյակի իրադարձությունները բուռն էին. քառօրյա պատերազմ, զինված ապստամբություն: Սրանք մեծ տպավորություն են գործել ապագա սերնդի վրա: Նրանցից շատերի ընտանիքներն իրենց վրա են զգացել այս ամենի հետևանքները:

 

«Հենց մեր տան կողքին էր այդ ամենը տեղի ունենում, ցույցերը, շատ վատ էր, ես չեմ ուզում մեր երկրում նման բախումներ լինեն, որովհետև շատերն են տուժում, իսկ ապրիլյան պատերազմի օրերին շատ տխուր էի, ամեն օր ասում էին՝ զինվոր է մահացել, դա շատ ծանր էր ազդում ինձ վրա»,– պատմեց բարձր դասարանցի աշակերտներից մեկը, մյուսն էլ շարունակեց. «Հուլիսյան դեպքերի ժամանակ իմ պապային էին ոստիկանները բերման ենթարկել, և երբեք չէի ցանկանա, որ այդ ապրումները ո կրկնվեն, իսկ քառօրյա պատերազմի ժամանակ զոհեր ունեցանք, ցավալի էր, բայց հասկացանք, որ մեր երկիրն ուժեղ է»:

 

Երկիրը հզորացնելու գրավականը նոր սերունդը համարում է գիտելիքը, որով զինվելու համար մեծ ոգևորությամբ են սկսում ուսումնական պրոցեսը: Ոչ միայն աշակերտները, նաև համալսարանականներն են վստահ դրանում:

 

«Մենք ենք մեր երկրի ապագան, եւ հիմա, եթե լավ չսովորենք, հետագայում ևս նման բախումներ շատ կլինեն: Այդ տրամադրվածությամբ որոշել ենք ընդունվել: Երկրի, հասարակության և, առաջինը, մեր առաջ պարտք ունենք»,– վստահ ասաց մի ուսանող՝ շեշտելով, որ ծանր ամառվանից հետո փորձում են ուժ հավաքել:

 

Երևանի մանկավարժական համալսարանում ուսանողներ էլ կային , ովքեր միայն լավ դեպքերով են հիշում ամառը: «Լավ էր ամռանը, բայց սպասում էինք սեպտեմբերի 1-ին: Մենք առաջին անգամ ենք ոտք դնում համալսարան. նոր ծանոթություններ, նոր սպասումներ, նոր գիտելիքներ: Թեև դեռ լավ չենք պատկերացնում, բայց սպասումներով ենք եկել»:

 

Նրանք այն առաջին կուրսեցիներն են, ովքեր փորձում են վերադարձնել դպրոցական ապրումները, իսկ ընդհանուր առմամբ Noranor.ca-ի զրուցակիցները շեշտադրում էին մի կարևոր հանգամանք: Նրանք հասկացել են, որ լավ պետք է սովորել, քանի որ մեր երկրին ուժեղ և խելացի քաղաքացիներ են հարկավոր:

 

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) տվյալներով՝ այսօր ՀՀ-ում դպրոց է հաճախել նախնական տվյալներով շուրջ 40,000 առաջին դասարանցի: Այս թիվն անցած տարվա համեմատ մի փոքր ավելին է: Այդուհանդերձ, Հայաստանում կան դպրոցներ, որոնք չեն ընդունել ոչ մի առաջին դասարանցի: Խոսքը հեռավոր գյուղական համայնքների դպրոցների մասին է, որտեղ միգրացիայի ու ծնելիության նվազման պատճառով առաջին դասարաններ չեն բացվում: