Home / Armenia  / Տորոնտոյում սեպտեմբերի 10-ին կկայանա «Հայաստան-Սփյուռք. Սասնա ծռերից հետո» միջոցառումը

Տորոնտոյում սեպտեմբերի 10-ին կկայանա «Հայաստան-Սփյուռք. Սասնա ծռերից հետո» միջոցառումը

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Տորոնտո-Երևան (Նորանոր) – Սեպտեմբերի 10-ին Կանադայի Տորոնտո քաղաքում ընդդիմադիր «Հայկական վերածնունդ» շարժման նախաձեռնությամբ տեղի կունենա մի միջոցառում, որը կրում է «Հայաստան-Սփյուռք. Սասնա ծռերից հետո» խորագիրը: Միջոցառումը նախատեսված է քաղաքական ու հասարակական գործիչների, ինչպես անմիջական մասնակցությամբ, այնպես էլ տեսակապի միջոցով:

 

Մասնավորապես նախատեսված է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի, ամերիկահայ իրավաբան Կարո Ղազարյանի, քաղաքական վերլուծաբան, Հայաստանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչար Կիրակոսյանի, ամերիկացի տնտեսագետ Տարոն Աճեմօղլու, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի և այլոց մասնակցությունը:

 

Հարկ է նշել, որ միջոցառման հայտարարությունը, որը տարածվել է երկու՝ հայերեն և անգլերեն տարբերակներով, հակասական տեղեկություններ է պարունակում: Անգլերեն տարբերակում հայտարարված է «համագումար»ի մասին, հայերենում նշված է, որ տեղի է ունենալու «հանրահավաք»:

 

Թե իրականում ինչ ձևաչափով է տեղի ունենալու միջոցառումը, դրա հայաստանյան մասնակիցները ևս դժվարացան պատասխանել:

 

Noranor.ca-ը զրուցել է Հայաստանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ամերիկահայ քաղաքական վերլուծաբանը ավելի քան 12 տարի է, ինչ իր գործունեությունն է ծավալում Հայաստանում: 2009-ի փետրվարից ի վեր նա աշխատել է որպես Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, 2011-ին հիմնել է իր անկախ փորձագիտական-վերլուծական կենտրոնը, որի ղեկավարն է առ այսօր:

 

Նա ինքն էլ զարմանքով ընդունեց միջոցառման վերաբերյալ հակասական տեղեկությունը և նշեց, որ իրեն հայտնել են համագումարի մասին: «Իհարկե, ինձ համար տարբերություն կա, եթե դա կոնֆերանս է, դա բացատրելի է և հասկանալի, բայց եթե հանրահավաք, ապա ինչի դեմ կամ ինչի համար»,– նշեց նա:

 

Միաժամանակ, «Հայկական վերածնունդ» շարժման ներկայացուցիչ Անաբել Շարոյանը չի կարծում, որ միջոցառման երկլեզու ազդագրերում եղած տարբերությունը լուրջ ուշադրության է արժանի. «Տեղի է ունենալու ոչ թե հանրահավաք, այլ համաժողով: Հայտարարության հայերեն տարբերակում ընդամենը վրիպում է եղել»,– նշեց նա:

 

Շարոյանը հավելեց նաև, որ այս միջոցառման գլխավոր կազմակերպիչը Տորոնտոյի Հայկական վերածնունդ շարժումն է, որը նախկինում հեղինակն է եղել այնպիսի ձեռնարկների, ինչպիսիք, օրինակ, 2015-ին անցկացված «Իրականության ստուգում» կամ 2014-ին տեղի ունեցած «Կոռուպցիան Հայաստանում և Սփյուռքի դերը» միջոցառումներն են: Սրանց նպատակը ևս եղել է Սփյուռքին ծանոթացնել ու մասնակից դարձնել հայաստանյան իրականությանը:

 

ՈՉ` ԶԻՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

Կիրակոսյանի խոսքերով, նա չի պատրաստվում կողմ հանդես գալ որևէ զինված գործողության, ինչպիսիք էին «Սասնա ծռերի» գործողությունները: «Իրականում ես չեմ աջակցում ոչ մի զինված գործողության, դա միայն վնասում է ՀՀ-ում դեմոկրատիային և մարդու իրավունքներին, և դեպի դեմոկրատիա տանող ճանապարհը Հայաստանում ավելի շատ այդ իրադարձությունների միջոցով է արվում»,– հայտնեց Կիրակոսյանը:

 

Նա իրեն Սփյուռքի ներկայացուցիչ չի համարում, քանի որ երկար ժամանակ է ինչ ապրում է Հայաստանում, հետևաբար խոսելու է Հայաստանի մասին, մանրամասներ է հաղորդելու Հայաստանում ժողովրդավարական իրավիճակի, քաղաքական մարտահրավերների ու ընտրական գործընթացների վերաբերյալ:

 

«Ես սկեպտիկորեն եմ մոտենում այն բանին, որ հայկական կառավարությունը և սփյուռքահայությունը կարող են իրար հասկանալ, բայց միգուցե սա սփյուռքահայության համար լավ հնարավորություն է, որ ավելի կենտրոնանան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Սփյուռքը պետք է հետաքրքրված լինի այն ամենով, ինչ կատարվում է ՀՀ-ում և փորձի փոփոխություն մտցնել, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության հարցերում, այլև դեմոկրատիայի»,– հայտնեց քաղաքական վերլուծաբանը:

 

Թեև Սփյուռքում ևս տարակարծություն է տիրում և այնտեղ էլ հակասական բևեռներ կան, բայց գոնե նման հարցերում, կարծում է, պետք է համաձայնության գան: Խոսքը քաղաքական կուսակցությունների հետևորդների մասին է, որոնք մի շարք այլ հարցերի վերաբերյալ ընդհանուր հայտարարի չեն գալիս ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում:

 

Վերլուծաբանը այստեղ նաև ժողովրդավարական բարեփոխումների հեռանկար է տեսնում և հայտարարում. «Եթե ասենք, որ այստեղ ռեֆորմներ չկան, դա հաճոյախոսություն չի լինի մեր կառավարությանը: Ռեֆորմները տեղի են ունենում հասարակության պահանջների հիման վրա, այլ կերպ ասած, մենք ունենք ակտիվ հասարակություն և լրատվություն, որոնք դրդում են, որպեսզի տեղի ունենան քաղաքական փոփոխությունները»:

 

ԵՆԻԳՈՄՇՅԱՆ

 

Նույն կարծիքին չէ, սակայն, քաղաքական, հասարակական գործիչ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին անդամ է և մշտապես կոչ է անում հայությանը վերադառնալ հայրենիք: Սփյուռքահայության հետ ևս հույսեր է կապում: Noranor.ca-ի հետ զրույցում Ենիգոմշյանը այսպիսի տեսակետ հայտնեց.

 

«Այն, թե Հայաստանի Հանրապետությունը որ ուղղությամբ կգնա, կբարգավաճի թե կգլորվի անդունդը, միայն ՀՀ քաղաքացու խնդիրը չէ. սփյուռքահայությունը ևս պետք է ստանձնի պատասխանատվություն, պետք է հասկանա ինչ է կատարվում ՀՀ-ի ներսում»:

 

Ենիգոմշյանը հատուկ ուշադրության է արժանացնում այն հանգամանքը, որ Հայաստանը Սփյուռքում ներկայացնում են երկրի ղեկավարները, իսկ իրենք այդ հնարավորությունը չունեն: Այնինչ, ըստ նրա, իշխանավորները հանդես են գալիս հայկական պետականության անունից, բայց մտահոգ չեն հասարակության ճակատագրով: Սա որպես ի գիտություն, նա կներկայացնի նաև համաժողովի ժամանակ:

 

Նա վստահ է, որ այս շրջանը շատ կարևոր է Սփյուռքահայերի համար, նրանք պետք է իրականությունը ճիշտ ընկալեն, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն, այս մասին նշում է Ենիգոմշյանը. «Այսօր ջրբաժան է առաջացել, մարդիկ պետք է կողմնորոշվեն՝ որ կողմ: Մի փոքր ժամանակ է պետք իրականությանը ծանոթանալու, իսկ այդ կոնֆերանսը հույս ունեմ, որ սփյուռքահայերի անելիքների առումով որոշիչ դեր պետք է ունենա»:

 

Ենիգոմշյանը պատրաստվում է համաժողովի ժամանակ նաև տեսակապի միջոցով ներկայացնել «Սասնա ծռերի» նկատմամբ իրականացված գործողությունները: