Home / Uncategorized @hy  / Վանկուվերի առափնյա ջրերից 40 տոննա աղբ է դուրս բերվել

Վանկուվերի առափնյա ջրերից 40 տոննա աղբ է դուրս բերվել

Վանկուվեր (Նորանոր) — Վանկուվեր կղզու արևմտյան ափի հարյուրավոր կամավորներ 40 տոննա ծովային աղբ են հավաքել: Բեռնատար նավով աղբը դուրս է բերվել Ռիչմոնդ: Այս մասին հաղորդում է Global News-ը:

 

Աղբի գերակշիռ մաս են կազմում ձկնորսական պարագաները, արդյունաբերական աղբը, ինչպես նաև 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի հետևանքով օվկիանոսում հայտնված պենոպլաստները: Աղբի կույտերը ցունամիից հետո Խաղաղ օվկիանոսով տարածվել էին և հասել Բրիտանական Կոլումբիայի ափեր:

 

Վանկուվեր կղզու բնակիչները և խնդրով մտահոգված խմբերը տարիներ շարունակ բարձրաձայնել են աղտոտվածության խնդրի մասին:

 

Այս ամիս Վանկուվեր կղզու Ծովային աղբի աշխատանքային խումբը՝ Բնապահպանության նախարարության, բազմաթիվ բիզնեսների և կամավորների հետ միասին, համատեղել են ջանքերը՝ Վանկուվերի առափնյա ջրերը ծովային աղբից ազատելու ուղղությամբ: Այս արշավը 1 մլն. դոլարով ֆինանսավորել է նաև Ճապոնիայի կառավարությունը:

 

Աղբի հավաքման աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 20-ին: Նշենք, որ աղբի տեսակավորման աշխատանքները նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 1-ին և 2-ին: