Home / Armenia  / Կանադահայ գործարանատերն ամեն ձմեռ Կանադան լքելու ցանկություն է ունենում

Կանադահայ գործարանատերն ամեն ձմեռ Կանադան լքելու ցանկություն է ունենում

 

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) — Նախկին եգիպտահայ, արդեն 48 տարի Մոնրեալի բնակչուհի Սոնյա Ջանջիկյանը մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ է, բայց վաղուց մոռացել է մասնագիտական հմտություններն ու զբաղվում է այլ աշխատանքով: Նրան մենք հանդիպեցինք Հայաստանում Երևանում, երբ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից 15 օր ժամանակ էր գտել ու ժամանել Հայաստան՝ հայրենիքը տեսնելու:

 

Տիկին Սոնյան համակարգող է քիմիական նյութերի արտադրությամբ զբաղվող գործարանում, որը ամուսինն է հիմնել: Այս աշխատանքը նրան է բաժին հասել մեկուկես տարի առաջ՝ ամուսնու՝ Հակոբ Ջանջիկյանի մահվանից հետո: Հիմա նա իր երկու դուստրերի հետ շարունակում է վերջինիս գործը:

 

25 տարի առաջ էր, երբ մասնագիտությամբ քիմիկ Հակոբ Ջանջիկյանը Քվեբեկ նահանգում հիմնեց Chemisphere Inc գործարանը: Մինչ այդ նա զբաղվել էր քիմիական նյութերի արտադրությամբ, բայց սեփական արտադրությունը ծավալել որոշել է 1991 թվականից: Ծավալները սկզբնական շրջանում փոքր էին, հետագայում պահանջարկը մեծացավ, արտադրությունը՝ ևս: Այսօր արդեն 400 ապրանքատեսակներ են թողարկում՝ օգտագործելով քիմիական նյութերի տեխնիկական բոլոր հնարավորություններն ու առավելությունները:

 

ԿԱՆԱԴԱՆ ԼՔԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

 

Տիկին Սոնյան ընդամենը 18 տարեկան էր, երբ նրա ընտանիքը, ըստ պատմական տվյալների, հազարավոր հայ ընտանիքների նման Եգիպտոսում ստեղծված խառնակ իրավիճակի պատճառով լքեց երկիրը և տեղափոխվեց Կանադա: Միևնույն ժամանակ Կանադա տեղափոխվեց նաև Ջանջիկյանների ընտանիքը: Տիկինը սիրով է հիշում այն օրերը, երբ իրենք ապագա ամուսնու հետ հանդիպում էին: Հանդիպումները սկսվել էին դեռևս Եգիպտոսում, բայց ամուսնացան Կանադայում:

 

«Կանադայի մեջ մեծցած եմ. ամեն երկիր դուրսեն շատ գեղեցիկ, աղվոր կերևա, բայց ամեն երկիր իր դժվարություններն ունի, չեմ կարծեր, որ երկիր մը կա, ուր ամեն բան հանգիստ ըլլա, եթե այդպես ըլլա, դրախտավայր կըլլա», – այս համոզման է եկել 66-ամյա կինը, ով չի կարծում, որ Կանադայում աշխատելն ու ապրելը հեշտ է:

 

Պետք է ցած կենաս, ձգես վրայեդ ալիքն անցնի, և վերջը ժամանակ կուգա, որ կլավանա

 

Նրա մոտ ևս երբեմն եղել է այլ երկրում ապրելու ցանկություն: Կարծում է, որ հենց իր ծննդավայրից՝ Եգիպտոսից իզուր են գաղթել, այսպես է բացատրում. «Պետք է ցած կենաս, ձգես վրայեդ ալիքն անցնի, և վերջը ժամանակ կու գա, որ կլավանա»: Այսպես հորդորում է նաև Հայաստանի հայրենակիցներին, ովքեր որոշում են հեռանալ երկրից: Այն հարցին, թե ե՞րբ է իր մոտ ցանկություն առաջանում Կանադայից տեղափոխվել այլ երկիր, կեսլուրջ-կեսկատակ պատասխանում է.

 

«Ամեն ձմեռ կմտածեմ այդ մասին, որովհետև ձմեռը երկար կտևե Կանադայի մեջ, բայց դյուրին չէ փոխադրվիլ այլ երկիր. ամբողջովին արմատախիլ կըլլաս, ամբողջ կյանքիդ ձևը կփոխվի: Բավական հանգիստ կյանք ունեինք, բայց այդ ժամանակ լավ չէր. շատերը Եգիպտոսեն փոխադրվեցան. մինչդեռ այն մարդիկը, որոնք Եգիպտոս մնացին, այդքան ալ գեշ չէր իրենց համար, քանի մը տարի ետքը լավացավ: Հանգիստ կապրին»:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ «ՈՏՔԻ ՄԱՏՆԵՐՈՒ ՎՐԱ»

 

Մեծածախ արտադրություն և առևտուր Chemisphere Inc ընկերությունը իրականացրել է ի սկզբանե: Առանձին խանութներին ապրանք հասցնելն իրենց գործը չէ, գործարանը մեծաքանակ՝ բարելներով է արտադրություն տալիս: Այլ ընկերությունները երբեմն նույնիսկ իրենց անվան տակ են նրանց արտադրանքը վաճառում: Հոգ չէ, կարևորն այն է, որ սպառում կա, եկամուտ՝ ևս, թեև ընկերության համակարգողը մի շարք դժվարություններ է թվարկում, որոնք առավել շատ էին սկզբնական շրջանում, երբ նոր էին սկսել աշխատանքը:

 

Երկիր չկա, ուր ծառերուն վրա դրամ բուսնի

 

«Հաճախորդներն ամենքը կրեդիտով կգնեն և նույնիսկ 3-4 ամիս կուշացնեն. քանի մեծ ըլլա հաճախորդը, այնքան երկար կքաշքշե, այնպես որ դրամներու հավաքելը բավական դժվար գործ մըն է, միշտ պետք է նայիս, որ դրամ մտնա, որպեսզի կարենաս ծախսել: Կկարծեմ, որ երկիր մը չկա, ուր ծառերուն վրա դրամ բուսնի. պետք է աշխատիս. նույնիսկ Կանադայի մեջ դժվարություն ունինք, առտուն գործի երթալու համար կարթննաս, ձյուն, մրրիկ եկած», – այսպես է ներկայացնում իրավիճակը:

 

Այսքանով հանդերձ կարողացել են քառորդ դար պահպանել ու զարգացնել բիզնեսը, իսկ դրա գաղտնիքը մասնագիտական գիտելիքների մեջ է, համոզված է գրաֆիկ-դիզայները, թեև իր գիտելիքները քիմիայից այնքան են, որքան դպրոցում է սովորել: Քիմիկ ամուսնու գործն այժմ աղջիներից մեկն է շարունակում, ով նույն մասնագիտությունն ունի և կարողանում է աշխատել:

 

«Ամեն տեսակի մաքրության վերաբերյալ, ամեն ինդուստրիա, որևէ քիմիական ապրանք, որ պետք է տունը, նույնիսկ եթե պետք ըլլա, կպատրաստենք: Մաքրության վերաբերյալ գորգերու մաքրության վերաբերյալ, մեքենաներու մեջ գործածվելիք օճառները, խոհանոցներու, հիվանդանոցներու մեջ գործածվելիք: Նույնիսկ ջուր զտելուն վերաբերյալ միջոցներ, մանավանդ գործարաններուն մեջ ջուրերը, որ կզտեն, կարտադրենք»,- թվարկում է նա:

 

400 տեսակ, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտական հմտություններ է պահանջում: Հիմնադիր Ջանջիկյանը կիրառել է ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան փորձը: Իսկ արտադրանքը շրջանառվում է նաև Կանադայից դուրս՝ Չինաստանում, Եգիպտոսում, Սաուդական Արաբիայում:

 

Կարևոր են այս գործում պարտականությունները, որոնք ներկայիս ղեկավարները փորձում են լավ կատարել: Սոնյա Ջանջիկյանը խոսում է, օրինակ, բանկային պարտականությունների մասին: Անկախ ֆինանսական միջոցները հավաքագրելու դժվարություններից՝ իրենք ժամանակին են կատարում բոլոր պարտականությունները: Լարված ու ծանրաբեռնված աշխատանք, որն արդյունք տալիս է, միայն թե այդ արդյունքին հասնելու համար, մեր զրուցակիցն ասում է՝ «պետք է անընդհատ ոտքիդ մատներուն վրա ըլլաս»: