Home / Armenia  / «Այս իշխանութենեն ստանալ որևէ մեկ կոչում ինծի հետաքրքրական չէ». Բացառիկ հարցազրույց Արսինե Խանջյանի հետ

«Այս իշխանութենեն ստանալ որևէ մեկ կոչում ինծի հետաքրքրական չէ». Բացառիկ հարցազրույց Արսինե Խանջյանի հետ

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ


Երևան (Նորանոր) – Սփյուռքն այլևս միայն Հայ Դատի, Հայոց ցեղասպանության և Հայաստանի ֆինանսական օժանդակության հարցերում չէ, որ դիրքորոշում է արտահայտում. ձևավորվում է ակտիվ ընդդիմություն, որը որոշել է լուրջ ներգրավվածություն ունենալ Հայաստանում 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

 

Այս և հայաստանյան ժողովրդավարական գործընթացներին իր մասնակցության հարցերի շուրջ Noranor.ca կայքին բացառիկ հարցազրույց է տվել կանադահայ դերասանուհի, արդեն նաև հասարակական գործիչ Արսինե Խանջյանը:

 

Դերասանուհին Հայաստանում էր «Հայ ֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում: Բեմադրվում էր Հայոց ցեղասպանության թեմայով նրա՝ «Հոգիների աճուրդ» ներկայացումը:

 

ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՉԻ ՁԳՏՈՒՄ

 

Արսինե Խանջյանին Հայաստանում ջերմությամբ ու սիրով են սպասում՝ գոնե նրա հանդիսատեսը, ով իրավունքների համար պայքարի ջատագով է: Շատերն են վստահ, որ նա բարձր կոչումների արժանի դերասանուհի է, ավելին՝ 2011 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Հուլիսյան դեպքերի ժամանակ, սակայն, ինչպես ինքն է բազմիցս նշել, պաշտպանություն չզգաց: Իր ընդդիմադիր դիրքորոշման մեջ դերասանուհին վստահ է և որևէ մեդալ կամ կոչում ստանալու հավակնություններ նման իշխանություններից չունի:

 

«Ո՜չ, ո՜չ,- արձագանքում է Խանջյանը,- ըսեմ ինչու, բացարձակ չի հետաքրքրեր ինծի, որովհետև պիտի ընդունեի, եթե իշխանություն մը ըլլար, որուն հետ ես համաձայն էի իր քայլերով, ինծի համար որևէ մեկ ուշադրութենե, կոչումե անկախ ամենամեծ կոչումը պիտի ըլլա, եթե իշխանությունը կոչե ինքզինքը լավ հովիվ, եթե ոչխար է այս ժողովուրդը, և կարծեմ պարոն նախագահը գիտե՝ ինչի մասին է խոսքս»,-անդրադառնալով Հայաստանում անկախությունից հետո ստեղծված իրավիճակին` ասում է Խանջյանը՝ չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ գիտի նախագահը:

 

Հինգ տարի առաջ դերասանուհին արժանացավ մեդալի` հայրենիքին մատուցած ծառայությունների համար, այսօր նա պատրաստ է հայրենիքին ու իր հայրենակիցներին ծառայել որպես սփյուռքահայ, ով թույլ չի տալու, որպեսզի իշխանությունները ոտնահարեն մարդկանց իրավունքները: 58-ամյա դերասանուհին նշում է, որ անկախությունը պետք է ժողովրդին հաճույք պատճառեր, այնինչ Հայաստանում տիրող աղքատությունն ու անօրինությունները այլ ելք չեն թողնում ժողովրդին, քան լքել երկիրը:

 

«Վերջիվերջո ինչ է իշխանությունը, եթե չծառայե իր ժողովրդին, եթե ոչ՝ ինչու իշխանություն, որուն իշխանությունն է այս մեկն: Այդ իշխանութենեն ինծի բացարձակապես հետաքրքրական չէ ստանալ որևէ մեկ արժեք, կկարծեմ, որ լավագույն արժեքը, որ պիտի ստանայի, եթե տեսնեի փոփոխություն մեր ժողովրդին մոտ, որ երիտասարդները մնան երկրին մեջ, որ արտասահմանը՝ Սփյուռքը, կարենա մասնակից դառնալ, ոչ թե անկյուն մը հրվի՝ ըսելով, դուք քանի մը գործերով միայն կրնաք հետաքրքրվիլ: Մենք մեկ ազգ ենք՝ շատ փոքր թվով, բնական չի թվիր ինծի, որ կրնանք 8 մլն հայություն ունենալ Սփյուռքին մեջ, և հազիվ 2.5 մլն հայություն Հայաստանում, եթե կա, տակավին կդատարկվի երկիրը»,- մտահոգված է Խանջյանը:

 

ՍՓՅՈՒՌՔԸ ՝ ԹԻԿՈՒՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

 

100 տարվա ընթացքում Սփյուռքը պայքարել է հայ ժողովրդի, քաղաքացիների իրավունքների համար, յուրացրել է թշնամու՝ տվյալ դեպքում թուրքի դեմ դրանք գործի դնելու միջոցները, հայոց պատմությունն ու պատմական ճշմարտությունները մերժողներին ստիպել է հաշվի նստել հայ ժողովրդի իրավունքների հետ, վստահ է դերասանուհին, որի համոզմամբ, որքան էլ ցավալի է, բայց այդ միջոցները գործի են դրվելու հայ ժողովրդի ներքին հակառակորդների դեմ:

 

Նա վստահ է, որ Սփյուռքը պարտավոր է ակտիվ ներգրավվածություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացներին: Սա միայն ի նպաստ հայրենիքի և Հայաստանի կլինի, ասում է Խանջյանը. «Չեմ կարծեր՝ պիտի փափագեինք, որ օտարը գա և մեզի ձևով մը ցույց տա՝ ինչ է ճիշտ ճանապարհը, գոնե իբրև ազգ կրնանք այդ ձևով իրարմե օգտվիլ և իրարու հառաջացնե լավագույն պայմաններուն մեջ՝ հանուն ժողովուրդին, հայ ազգին՝ աշխարհի չորս կողմ»:

 

Կասկած անգամ չունի, որ պայքարի համար բազմաթիվ միջոցներ կան, նույնիսկ դրսից՝ Սփյուռքից է հնարավոր պայքարել արդարության ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար: Դերասանուհին համոզված է, որ Սփյուռքում շատերը կան, որ պատրաստ են ծանոթանալ ու սովորել արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու մեխանիզմները, գալ և հայրենիքում կիրառել դրանք:

 

«Սփյուռքեն շատ անհատներ կան, պիտի հետաքրքրվին, գան և ծառայեն, դուք հոս՝ Հայաստանի մեջ ունիք զորավոր խմբավորումներ, որոնք շատ տարիներ ջանք թափած են, բայց դժբախտաբար թիկունք կանգնող չկա, և մինակ վիճակի մեջ կգտնվի Հայաստան: Ինչու մինակ, որովհետև որոշ ուժերե անկախ, որոնք շրջանային ուժեր են, ոևէ մեկը աշխարհի մեջ, արտասահմանի մեջ՝ Հայաստանով հետաքրքրված չէ, և եթե այդ է իրողությունը, նորմալ չէ՞, որ գոնե Սփյուռքը, որ աշխարհի չորս կողմը տարածված է, ուշադրությունը բերե Հայաստան, ո՞վ, եթե ոչ Սփյուռքը, թիկունք պիտի կանգնի Հայաստանին»,- եզրափակում է հասարակական գործիչը: