Home / Armenia  / Ինչպե՞ս շենացնել Գյումրին` Կանադական «ԴԵՊՈՊ» խմբի նոր ծրագիրը. Հարցազրույց Կամո Մայիլյանի հետ

Ինչպե՞ս շենացնել Գյումրին` Կանադական «ԴԵՊՈՊ» խմբի նոր ծրագիրը. Հարցազրույց Կամո Մայիլյանի հետ

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Տորոնտո (Նորանոր) – 2012 թվականին կանադահայ գործարար Վահան Գոլոլյանի հովանավորությամբ ստեղծվեց «ԴԵՊՈՊ» հետազոտական խումբը, որի նպատակն էր գնահատել Հայաստանում արտագաղթի աճի տեմպերը և ուսումնասիրել պատճառները: Նման մեծածավալ հետազոտության համար հիմք էին հանդիսացել Գելլափ կազմակերպության տվյալները: Ըստ այդմ Հայաստանի բնակչության 40%-ի մոտ առկա է եղել արտագաղթելու ցանկություն: Այս ցուցանիշն ամենաբարձրն էր նախկին Խորհրդային Միության այն մեկ տասնյակից ավելի երկրների շարքում, որոնցում կատարվել էր տվյալ ուսումնասիրությունը:

 

Հետազոտությունները կատարվեցին, դրանցում ընդգրկվեցին հայաստանյան չորս հետազոտական խմբեր. Ռուս-հայկական «Սլավոնական» համալսարանի, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի հետազոտական խմբերը, «Հրայր Մարուխյան» հիմնադրամը և մեկ այլ` առանձին ձևավորված խումբ։

 

Ի՞նչ առաջարկություններ եղան և ի ՞նչ ընթացք տրվեց հետազոտություններին, արդյո՞ք ծրագրի շրջանակներում նոր ուսումնասիրություններ սպասվում են առաջիկայում: Այս և այլ հարցերի շուրջ Noranor.ca-ը զրուցել է www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանի հետ:

 

Մեր զրուցակիցը Հայաստանից 4 տարի առաջ՝ 2012 թվականին է մեկնել Կանադա` նշված ծրագրում ընդգրկվեց և հետազոտական աշխատանքներին մասնակցեց: Մինչ այդ ևս նա ծավալել է հասարակական գործունեություն, ընդգրկված է եղել «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունում, այնուհետև աշխատանքը շարունակել է ԱՄՆ «Ազգային ժողովրդավարական ինստիտուտ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակում՝ որպես ծրագրերի օգնական։


ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ

 

Հայաստանում արտագաղթի տեմպերի ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի հայ հասարակությանը: Խմբի ներկայացուցիչը վստահեցնում է, որ բոլոր քաղաքներում՝ Երևանում, Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում կազմակերպված վեհաժողովների ժամանակ թեման մեծ արձագանք է ստացել:

 

Մայիլյանը վստահեցնում է, որ այն, ինչ ցույց են տվել հետազոտությունները, արդիական է նաև այսօր՝ 4 տարի անց: Արտագաղթի ծավալներն են ավելացել, պատճառներն ու հետևանքները մնացել են նույնը: Արտագաղթի հիմքում ընկած գործոնների շարքում նա առանձնացնում է հատկապես արդարության պակասը, սոցիալական և տնտեսական վիճակը, ինչպես նաև Հայաստանում ապագայի հետ հույս կապելու բացակայությունը։

 

Որքան եկամուտներն աճում են, այնքան ավելանում է Հայաստանը լքելու ցանկությունը

 

«18-30 տարեկանների շրջանում արված հարցումները ցույց տվեցին, որ ինչքան երիտասարդ ընտանիքների եկամուտներն աճում են, այնքան աճում է նաև արտագաղթելու հավանականությունը, այսինքն երկրի հետ մարդիկ հույս չեն կապում։ Հիմնականում հեռանում են երիտասարդ ընտանիքները, ովքեր ունեն երեխա կամ երեխաներ, և պարտադիր չէ, որ սոցիալապես վատ դրության մեջ լինեն»,- նշում է «ԴԵՊՈՊ»-ի խմբագիրը։

 

Վերջին տարիներին, հատկապես Հայաստանում, բազմաթիվ խնդիրների շուրջ հասարակական ակտիվություն էր նկատվում: Դրանք հաջորդում էին իշխանությունների անօրինական գործողություններին: Երիտասարդները դուրս են գալիս փողոց և փորձում պայքարել իրենց իրավունքների ու օրինականության վերականգնման համար, սակայն մեծամասամբ դրանք արդյունք չէին տալիս: Մայիլյանն ու խմբի մյուս անդամները համոզված են՝ այս ամենին հաջորդել է, այսպես կոչված, ուղեղների արտահոսքը:

 

«Անդրադառնամ Հայաստանում բողոքների ժամանակացույցին` սկսած Մաշտոցի պուրակի դեպքերից, հոսանքի թանկացման բողոքներով և այլն։ Երբ անտեսվում են մարդկանց արդարացի պահանջները, նրանցից շատերը լուծումը գտնում են արտագաղթի մեջ, ասում են «երկիրը երկիր չի» և հեռանում են։ Բնական է նաև, որ կգտնվեն խիզախ և պահանջատեր մարդիկ, ովքեր լուծումներն այլ համատեքստում են պատկերացնում։ Ես ինքս դեմ եմ բռնությանը, սակայն բռնությունն է ծնել բռնություն։ «Սասնա Ծռեր» խումբը հենց այս երևույթի ծնած արդյունքն է»,- համոզմունք է հայտնում Մայիլյանը։

 

ԳՅՈՒՄՐԻԻ ՇԵՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի արդյունքներից մեկը եղավ «Գյումրիի շենացման ծրագրի» ծնունդը: Սա մի նոր նախաձեռնություն է, որը հնարավորություն կտա ուսումնասիրել Գյումրիի զարգացման հնարավորություններն ու շենացնել Հայաստանի երկրորդ քաղաքը, որն աչքի է ընկնում իր պատմական, մշակութային հզոր ժառանգությամբ, սպորտային լուրջ հաջողություններով, սակայն որն այսօր աղքատության ու արտագաղթի տեմպերով առաջատարներից մեկն է Հայաստանում:

 

Սրա վերաբերյալ ծրագրի ղեկավար և հովանավոր Վահան Գոլոլյանը ևս պատասխանել է Noranor.ca-ի հարցմանը՝ մասնավորապես նշելով, որ նկատելի է եղել օրենքի իշխանության պակասը: «Ընդհանուր ազգաբնակչությունն իրեն կոտրված է զգում, որի հիմնական պատճառը հույսի պակասն է։ Գյումրիի շենացման ծրագիրը սկսելու պատճառը հենց դա էր, որի միջոցով նախատեսվում է Գյումրիի վերականգնում, փուլ առ փուլ՝ քաղաքի բնակչության անմիջական մասնակցությամբ։ Քաղաքապետ Բալասանյանի հետ համագործակցությունն այս հարցում հաջող հունով է ընթանում»,- ասում է Գոլոլյանը:

 

Սփյուռքում ընդդիմության ծնունդն ու գործունեությունը, որը, ինչպես հայտնի է, պատրաստվում է վերահսկել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, ևս Մայիլյանը համարում է «ԴԵՊՈՊ» ծրագրի արդյունքներից մեկը: Նորաստեղծ համահայկական հիմնադրամին առաջիններից մեկը նվիրատվություն պատրաստ է ցուցաբերել Վահան Գոլոլյանը, ով այս մասին հայտարարեց սեպտեմբերի 10-ին Տորոնտոյում կայացած համաժողովի ժամանակ:

 

«Հուսով եմ այս նախաձեռնությունները աջակցություն կստանան Հայաստանի ներքին և սփյուռքի շրջանակներում, այլապես ժամանակը և գործոնները մեր դեմ են աշխատում»,- նշում է Մայիլյանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԱՆՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ 

 

«Հենց այն ժամանակ, երբ զեկույցը պետք է հրապարակվեր, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր արտագաղթի հիմնախնդրով զբաղվող հանձնաժողով»,- պատմում է ծրագրի ներկայացուցիչը՝ ավելացնելով.«Դա մեզ ուրախացրեց, և մենք հույս ունեինք, որ աշխատանքներ կտարվեն կոնկրետ արդյունքներ ունենալու համար, այլ չեն լինի քննարկումներ հանուն քննարկման։ Սակայն, ցավոք, այդ ոգևորությունը կարճ տևեց, և հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարությունից հետո ոչինչ չենք լսել այդ հանձնաժողովի մասին»: Նաև Սփյուռքի նախարարության վերաբերմունքն է, նշում է Մայիլյանը:

 

Հիմա հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ անհրաժեշտ է կազմակերպված հայրենադարձություն նախաձեռնել, միջազգային փորձը որպես արտագաղթի կանխման և իրավիճակի շտկման ելք օգտագործել: Սակայն այս հարցում Մայիլյանը լավատես չէ:

 

«Ուսումնասիրվել է Իսրայելի պետական շինարարության և հայրենադարձության փորձը։ Իսրայելը անապատ ժառանգեց և անապատը ծաղկեցրեց և օազիս կառուցեց. «Մենք քանդեցինք այն, ինչ ժառանգել էինք և դեռ շարունակում ենք քանդել»։ Իսրայելը կազմակերպված հայրենադարձություն կազմակերպեց և ազգաբնակչության թիվն աճեցրեց երկրի ներսում, իսկ մենք հեռացանք և դեռ շարունակում ենք հեռանալ։ Հրեական սփյուռքը ինքնակազմակերպվեց և օժանդակեց երկրում պատշաճ իշխանության, ընդդիմության և ինստիտուտների կառուցմանը, իսկ մեր սփյուռքը դեռևս գտնվում է «Արի՛տուն» դեկլարատիվ բանավոր սիրախաղերի մակարդակում»,- եզրափակում է նա։