Home / Canada  / Ներգաղթյալների թվի աճը կարևոր է Կանադայի բարգավաճման համար. Toronto Star-ի խմբագրական

Ներգաղթյալների թվի աճը կարևոր է Կանադայի բարգավաճման համար. Toronto Star-ի խմբագրական

 

Տորոնտո (Նորանոր) — Կանադայի ներգաղթի հարցերով նախարար Ջոն ՄքՔալումը դժվարին իրավիճակում է հայտնվել. Կանադայի բնակչության մի մասը ողջունում է նոր ներգաղթյալներին, իսկ մյուս մասն այլևս չի ցանկանում, որ Կանադան նոր ներգաղթյալներ ընդունի, գրված է Toronto Star-ի խմբագրականում:

 

Շաբաթներ առաջ նախարար ՄքՔալումն ակնարկել էր, որ Լիբերալ կառավարությունը մտադիր է 2017 թվականին էականորեն մեծացնել ներգաղթյալների թիվը: 2016 թվականի համար Կանադան նախատեսել էր կացության իրավունք տրամադրել 260, 000 ներգաղթյալի:

 

Ըստ պարբերականի՝ Կառավարության նման քայլը դրական կգնահատեն բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Կանադան բարոյական պատասխանատվություն է կրում ընդունելու նորեկներին՝ աշխարհի բոլոր ծայրերից, և նրանք, ովքեր համոզված են, որ ներգաղթի աճը կարևոր նշանակություն ունի Կանադայի ապագա բարգավաճման համար:

 

Միևնույն ժամանակ, հոդվածում ասվում է, որ ՄքՔալումը քաջատեղյակ է, որ բնակչության մեծամասնությունը դեմ է Կանադայում ներգաղթյալների թվի աճին:

 

Վերջերս հրապարակված հարցումները ցույց են տվել, որ Կանադայի բնակչության ավելի քիչ, քան մեկ քառորդն է կողմ ներգաղթյալների թվի աճին: Ըստ օգոստոսին անցկացված հարցումների արդյունքների՝ կանադացիների 39%-ը կարծում է, որ Օտտավան 2017 թվականին պետք է ավելի քիչ թվով ներգաղթյալների ընդունի, քան 2016 թվականին: Հարցվածների 37%-ն էլ կարծիք է հայտնել, որ Կանադան պետք է պահպանի նույն մակարդակը: Ընդամենը 16%-ն է կողմ, որ Օտտավան ավելի մեծ թվով ներգաղթյալներ ընդունի:

 

Նորեկների թիվն, ամենայն հավանականությամբ, կհասնի 300, 000-ի, ինչը մասամբ պայմանավորված է Սիրիայից ժամանած փախստականներով:

 

Խմբագրականում ասվում է, որ 2017 թվականի ներգաղթի նպատակները հաստատելիս, ՄքՔալումը պետք է հետևի տնտեսագետների և ժողովրդագրության փորձագետների խորհրդին, ովքեր պնդում են, որ Կանադան առաջիկա տարիներին պետք է մեծացնի ներգաղթյալների թիվը՝ երկրի ծերացող բնակչությամբ պայմանավորված բացասական ազդեցությունները մեղմելու համար:

 

Կանադայի ծերացող բնակչության մասին նոր զեկույցում ասվում է, որ տնտեսական աճ ապահովելու և աշխատուժը մեծացնելու համար Կանադան պետք է մինչև 2030 թվականն ամեն տարի ներգաղթյալների թիվը հասցնի 408, 000-ի: Զեկույցում անգամ նշված է, որ մինչև 21-րդ դարի վերջ Կանադան պետք է բնակչության թիվը հասցնի 100 մլն.՝ կայուն տնտեսություն ապահովելու համար:

 

Հաղորդվում է, որ Կանադայի բնակչությունն այնքան արագ տեմպերով չի աճում, որպեսզի ապագայում զբաղեցնի բոլոր թափուր աշխատատեղերը: Կանադայի ծնելիության մակարդակը ծայրահեղ ցածր է, ինչը նշանակում է, որ մի քանի տասնամյակ անց երկրի բնակչությունը կսկսի նվազել, եթե ներգաղթի մակարդակը չբարձրանա: