Home / Armenia  / Երևան-Մոսկվա ավտոբուսների հիմնական ուղևորները չեն ցանկանում կտրվել հայկական հողից (ֆոտոշարք)

Երևան-Մոսկվա ավտոբուսների հիմնական ուղևորները չեն ցանկանում կտրվել հայկական հողից (ֆոտոշարք)

 

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Երևան (Նորանոր) — 30 տարին դեռ չբոլորած Ռիման, ով 2 տարի է, ինչ ամուսնացել է, տարեկան մի քանի անգամ Մոսկվա է ճանապարհում ու այնտեղից դիմավորում ամուսնուն: Երիտասարդ ամուսինները չեն կարողանում երկարատև բաժանված մնալ, բայց միասին ապրելն էլ հնարավոր չէ:

 

«Աշխատանքի համար է գնում, Ռուսաստանի հետ կապը կա, ամուսինս միշտ գնացել-եկել է, իհարկե, դժվար է եղել: Մեկ երեխա ունենք, բայց դա կապ չունի, ապրելու ձև չկա, աշխատում ես, բայց դա բավարար չէ ապրելու համար»,– ասում է երիտասարդ կինը, ով մեկ ամիս հետո միանալու է ամուսնուն՝ մեկնելով Ռուսաստանի Դաշնություն: Սակայն հիմնական բնակություն հաստատել այնտեղ չի կարող:

 

Հայաստանում դու քո տանն ես

 

«Ամուսինս գնում-գալիս է, ես` նույնպես: Բայց էնտեղ հաստատվելու միտք չունեմ, որովհետև ուր էլ գնաս, քո Հայաստանից լավ տեղ չկա: Ամեն դեպքում Հայաստանում դու քո տանն ես, քեզ օտար չես զգում»,– ասում է նա:

 

Հայ միգրանտները մեծամասամբ ՌԴ-ում են աշխատանք գտնում: Ռուսաստանն այսօր ամենամեծ հայ համայնքն ունեցող երկրներից մեկն է համարվում, բայց Հայաստանում կան ընտանիքներ, ովքեր, ամեն դեպքում, չեն կարողանում կտրվել արմատներից: Աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց ի վերջո վերադառնում են հայրենիք:

 

ԸՆՏԱՆԻՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մասնագիտությամբ վարորդ Արմենը նրանցից մեկն է, ով ուզում է ապրել Հայաստանում. այստեղ կին, երեխաներ, թոռներ ունի ու բաժանվել նրանցից չի կարող: Ամեն տարի, հենց աշխատանք է լինում, բռնում է Ռուսաստանի Դաշնության ճանապարհը: Անգամ աշնանը, ինչպես Հայաստանում է ընդունված ասել, խոպանչիների հոսքը դեպի Մոսկվա շարունակվում է:

 

«Սեզոնը կապ չունի, եթե ամեն օր մարդն ուզում է հաց ուտել, ուրեմն ամեն օր պետք է աշխատի, իսկ էստեղ դա հնարավոր չէ: Իսկ Ռուսաստանում ինչ կարաս, էդ էլ արա, հատուկ մասնագիտություն պետք չէ էնտեղ աշխատելու համար»,– խորհուրդ է տալիս երկար տարիների վարորդը, ով երիտասարդ տարիքում Հայաստանում էր աշխատում, լավ վաստակում ու ընտանիքը պահում:

 

ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ 

«Ման Տուր» ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության դիմաց յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին կարելի է հանդիպել` արցունքն աչքերին հարազատներին Մոսկվա ճանապարհող հայաստանցիների: 70 կամ 55 տեղանոց ավտոբուսները շատ հաճախ լեփ-լեցուն են մեկնում Երևանից Մոսկվա: Ընկերության տնօրեն Ասյա Հակոբյանի խոսքով՝ ուղևորափոխադրումների ակտիվ սեզոնը տարվա սկիզբն է և հուլիս-օգոստոս ամիսները:

 

Ասյան հոգեբան է, սակայն մասնագիտությամբ չի աշխատել: Ուղևորափոխադրումների ոլորտում ընդամենը մեկուկես տարվա փորձ ունի, որից մեկ տարին աշխատել է այլ ընկերությունում, հետո որոշել է անձամբ նման գործ բացել: Սա Հայաստանում թերևս ամենալավ եկամուտ բերող գործը կարող է լինել, թեև երիտասարդ աղջիկն ասում է, որ նախասիրություններից ելնելով է հիմնադրել ընկերությունը:

 

«Ինձ դուր է գալիս այս աշխատանքը: Ես մասանգիտությամբ հոգեբան եմ, սիրում եմ շփվել մարդկանց հետ, այս ոլորտը ինձ շատ հետաքրքիր է»,– ասում է Ասյան՝ ավելացնելով, որ աշխատանքը հնարավորություն է տալիս նաև ոլորտում տիրող իրավիճակի մասին վերլուծություններ կատարել:

 

ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՄԱՐԶԵՐԻՑ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՇԱՏ ԳՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Օրինակ՝ համոզվել է, որ ավտոբուսներով Մոսկվա մեկնողներից շատերը հիմնականում նաև վերադառնում են: Շատ դեպքերում գնացողները հենց իրենց ավտոբուսներով էլ հետ են գալիս, քանի որ և՛ գնալով, և՛ վերադառնալով մենք ենք զբաղվում, նկատում ենք, որ անուն-ազգանուններն անընդհատ կրկնվում են: Հիմնականում մարզերից են շատ գնում աշխատելու նպատակներով, Երևանից հազվադեպ են գնում, բայց ոչ աշխատելու, այլ այնտեղ հանգստանալու կամ բարեկամի այցելելու»,– նշում է 6 ամսվա գործարարը:

 

Հայաստանում ՌԴ ավտոբուսներով ուղևորափոխադրումներ կատարող բազմաթիվ ընկերություններ են գործում: Դրանցից ոչ մեկը ուղևորների պակաս չունի, այս փաստը հաստատում է նաև Ասյան՝ նախորդ ընկերությունում աշխատած փորձն էլ մեջբերելով: «Պատճառն այն է, որ ավտոբուսը շատ ավելի մատչելի է, թեև ուղևորները ստիպված են մի քանի օր ճանապարհներին լինել: Ավիատոմսով հետադարձն է էժան, որն ավտոբուսից 1000 ռուբլի տարբերություն է տալիս»,– ասում է մասնագիտությամբ հոգեբան Ասյան: