Home / Canada  / Դատավորների պակասի պատճառով Կանադայում քաղաքացիություն ստանալու արարողությունները հետաձգվել են

Դատավորների պակասի պատճառով Կանադայում քաղաքացիություն ստանալու արարողությունները հետաձգվել են

 

Օտտավա (Նորանոր) — Դաշնային կառավարության՝ քաղաքացիության հարցերով զբաղվող դատավորների թափուր պաշտոններին նոր դատավորներ նշանակելու անկարողության պատճառով Կանադայի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդիկ ստիպված են ավելի երկար սպասել: Այս մասին տեղեկացնում է CBC News-ը:

 

Փաստաբանների կարծիքով՝ ավելի վատ վիճակում են այն մարդիկ, ում քաղաքացիության գործերն ավելի բարդ են: Նրանք համարում են, որ քաղաքացիության գործերով զբաղվող դատավորների պակասն ազդում է նաև ոչ բարդ դիմումներով մարդկանց վրա:

 

«Էդմոնտոնում կան մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ սպասում են քաղաքացիություն ստանալուն»,– ասել է Կանադայի փաստաբանների ընկերակցության ներգաղթի վարչության նախագահ, Կալգարիի ներգաղթի հարցերով զբաղվող փաստաբան Վենս Լենգֆորդը:

 

«Դիմողները համապատասխանում են բոլոր պահանջներին, նրանց տեղյակ են պահել, որ իրենց գործերը հաստատված են, նրանք ուղղակի սպասում էին, որպեսզի դատավորը քաղաքացիություն շնորհեր իրենց, իսկ այդ գործընթացն ամիսներ է տևում՝ դատավոր չլինելու պատճառով»,– նշել է Լենգֆորդը:

 

Ներգաղթի հարցերով նախարար Ջոն ՄըքՔալումն ասել է, որ ներկայումս կառավարությունը զբաղվում է թափուր պաշտոններում թեկնածուների հաստատմամբ:

 

Կառավարությունը նշում է, որ ուշացումը մասամբ պայմանավորված է իր՝ ավելի հավասարակշռված և արժանիքների վրա հիմնված նշանակման համակարգ ներկայացնելու որոշմամբ:

 

Քննադատները, սակայն, մեղադրում են Ջասթին Թրյուդոյի կառավարությանն ու թափուր պաշտոնները նկարագրում են որպես վարչական իրավունքի ճգնաժամ: