Home / Armenia  / Գյումրեցի Կարինեի երջանկությունը Քվեբեկում է, հիշողություններն ու սիրտը՝ Գյումրիում

Գյումրեցի Կարինեի երջանկությունը Քվեբեկում է, հիշողություններն ու սիրտը՝ Գյումրիում

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Քվեբեկ քաղաք, Քվեբեկ (Նորանոր) – 2014 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան գյումրեցի Կարինեի և քվեբեկցի Ժան-Պոլի հարսանիքները, երկու հարսանիք, մեկը Կանադայի Քվեբեկ քաղաքում, երկրորդը՝ Հայաստանի Գյումրիում: Հարսանիքից հետո 39-ամյա Կարինեն մեկնեց Կանադա, բայց Գյումրիից կտրվել ոչ մի կերպ չի ստացվում: Այստեղ նրա ընտանիքն է, հարազատներն ու իր հիմնած «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնը:

 

Գյումրեցի Կարինե Գրիգորյանը մանկուց հաշմանդամություն ունի՝ խոսքի դժվարություններ, իսկ սա Գյումրիում ու ընդհանրապես Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար լուրջ խոչընդոտ է՝ կայանալու և հասարակական կյանքում ներգրավված լինելու համար: Կարինեի համար, սակայն, իր հաշմանդամությունը չդարձավ խոչընդոտ, նա չչարացավ դժվարությունների պատճառով, ավելին, իր ուժեղ կամքի շնորհիվ կայացավ՝ որպես մարդ ու հասարակական ակտիվ քաղաքացի: 

 

Գյումրեցի մանկավարժի ընտանիքում մեծացած աղջիկը գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցն ու ստացել բարձրագույն կրթություն: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին, հիմա նաև, ապրելով ֆրանսախոս Քվեբեկ նահանգում, սովորում է ֆրանսերեն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային դասընթացների, երկու անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում և ներկայացրել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները: Եղել է ավելի քան 15 երկրում: Կարինեն Noranor.ca-ի հետ զրույցում պատմել է իր սիրո, Կանադա տեղափոխվելու և իր հիմնած կենտրոնի մասին:

 

ԿՅԱՆՔՈՒՄ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

«Ագաթ» հասարակական կազմակերպության ղեկավարը երբեք չէր պատկերացնի, որ կանադացի տիկին Ագաթը, ով 2007 թվականին որպես կամավոր այցելել էր Գյումրիի «Ագաթ» կենտրոն, կարող էր ճակատագրական դեր խաղալ իր կյանքում: Հիմա համոզվել է՝ կյանքում պատահականություններ չեն լինում: Անունների այս համընկնումը ևս պատահական չէր: Տիկնոջ հեռանալուց հետո նրա հետ միշտ նամակագրական կապ են ունեցել: Մի անգամ տիկին Ագաթն ասել է, որ իր ծանոթներից մեկը` Ժան-Պոլը, ցանկանում է համացանցով շփվել իր հետ: Սկսել են շփումը: Կարինեն ենթադրել է, որ Ժան-Պոլը հաշմանդամություն ունի:

 

«Երկու ամիս անց համարձակություն ունեցա հարցնելու, թե ինչ հաշմանդամություն ունի: Նա կատակի տվեց, ասաց, որ ակնոց է կրում, ու ես կարող եմ դա հաշմանդամություն համարել»,– պատմում է նա:

 

Կարինեն ընդունվում է Տորոնտոյի համալսարան՝ մասնակցելու Կանանց իրավունքների վեցշաբաթյա դասընթացների: Երկուսի համար էլ միմյանց ավելի լավ ճանաչելու նախապայմաններ են ստեղծվում, բայց Կարինեի համար այնքան էլ ամեն ինչ հեշտ չէր.

 

«Այն օրը, երբ նա պետք է գար համալսարան, ուզում էի փախչել, տուն գնալ, բայց բանականությունս ինձ հուշեց, որ անհարմար է: Հանդիպումը շատ անմիջական ստացվեց, նա մնաց Տորոնտոյում 4 օր: Ցերեկները միասին այցելում էինք տարբեր տեսարժան վայրեր, իսկ երեկոյան ինձ ուղեկցում էր իմ հյուրընկալ ընտանիք: Ժան-Պոլի մեկնման վերջին օրը երկուսս էլ շատ տխուր էինք: Մտածում էի, որ այդ օրը մեր հարաբերությունների վերջն է, այլևս չենք հանդիպի: Բայց ինչպես ասում են՝ բախտից չես փախչի»,– ներկայացնում է երջանիկ կինը, ում համար հետագայում ևս առիթներ են ստեղծվել հանդիպելու Ժան-Պոլին և ամրացնելու իրենց հարաբերությունները:

 

Սիլվա Հակոբյանը ծաղկեփունջը ձեռքին, իր «Հարսի պարը» երգով, հայրիկի հետ մտավ հարսանյաց սրահ

 

Կարինեի ընտանիքը, թեև փոքր-ինչ մտավախություններով, բայց գրկաբաց ընդունեց Ժան-Պոլին, իսկ այսօր Կարինեն հիշում է իր հարսանեկան ամենատպավորիչ պահերից մեկը. «Գյումրիում հարսանիքիս մեծ անակընկալ մատուցեց երգչուհի Սիլվա Հակոբյանը՝ մեծատառով մարդ, ով ծաղկեփունջը ձեռքին, իր «Հարսի պարը» երգով, հայրիկի հետ մտավ հարսանյաց սրահ»:

 

«ԱԳԱԹ» ԿԵՆՏՐՈՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 40 ԾՐԱԳԻՐ

«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնը Կարինեն հիմնել է 9 տարի առաջ: Ըստ նրա՝ կենտրոնի առաքելությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ու հատկապես կանանց շահերի պաշտպանությունն է: «Ագաթ»-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, հրատարակում է գրքեր, պատրաստում ֆիլմեր, կազմակերպում տարբեր դասընթացներ (անգլերեն լեզվի, համակարգչային, խոհարարության, վարսավիրության և դիմահարդարման, ժեստերի լեզվի, գրագիտության և ձեռքարվեստի խմբակներ) Գյումրիի և Շիրակի մարզի հինգ տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդի համար :

 

«2015 թվականին, մեր կազմակերպության նախաձեռնությամբ, Գյումրիում բացվեց առաջին ներառական խաղահրապարակը՝ մի անզուգական վայր, որը հավասար պայմաններ է ապահովում, որպեսզի հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները խաղան միասին»,– ուրախությամբ պատմում է Կարինեն:

 

«Ագաթ» կենտրոնը նաև իրականացրել է ավելի քան 40 տեղական և միջազգային ծրագիր: Միջազգային ծրագրերի շրջանակներում շահառուները, տարբեր ՀԿ-ների և պետական մարմինների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել փորձի փոխանակման համար մեկնել Իտալիա, Լեհաստան և ԱՄՆ:

 

Կենտրոնի ղեկավարի Կանադա տեղափոխվելը չի նշանակում, որ այն իր գործունեությունը սահմանափակել է: Այժմ շարունակվում է «Իրավունքներ հիմա» միջազգային ծրագիրը, իսկ Կարինեն իր գործունեությունը նույնքան ակտիվորեն ծավալում է նաև Կանադայում՝ առցանց զբաղվելով կենտրոնի ծրագրերով:

 

ՔՎԵԲԵԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄՈՏ ԼԻՆԵԼՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«Ագաթը» կարծես իմ երեխան լինի, որին մեծացրել եմ 9 տարի և չեմ կարող թողնել բախտի քմահաճույքին: Հիմա զգում եմ, որ առանց իմ միջնորդության չի կարողանա արդյունավետ գործունեություն ծավալել: Միգուցե գա մի ժամանակ, որ փոխվի իրադրությունը, որ իմ կարիքն այլևս շատ չլինի, և ես միայն ուրախ կլինեմ: Երբեմն կամավորական հիմունքներով այցելում եմ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց «Կամար» (Arch) ցերեկային կենտրոն»,– նշում է Կարինեն, ով Քվեբեկի 50-հոգանոց հայկական համայնքի հետ ևս ակտիվ շփումներ ունի՝ նրանց շնորհիվ պահպանում է հայրենիքին մոտ լինելու զգացողությունը:

 

Ամուսնության երկու տարիների ընթացքում Կարինեն երբեք չի մտածել, թե ինչու ամուսնացավ կանադացու հետ, տեղափոխվեց Կանադայի Քվեբեկ քաղաք ապրելու՝ մի վայր, որը շատ էր հավանել դեռ 2008 թվականին, երբ առաջին անգամ գործնական այցելություն էր ունեցել: Նա հիմա փորձում է հավասարապես լինել նաև Գյումրիում, որը համարում է իր համար անջնջելի հիշողությունների շտեմարան: 

 

«Ես մշտապես չեմ հասկացել ու շարունակում եմ չպատկերացնել, թե ինչպես են մարդիկ կարողանում հեռանալ իրենց հայրենիքից և տարիներով չայցելել: Ինձ համար ամենակարևորը հոգևոր հարստությունն է: Իհարկե, նյութականը կարևոր է, սակայն երիտասարդ ենք, մեր աշխատանքի շնորհիվ կկարողանանք հետագայում հաջողությունների հասնել, բայց ընտանիքի, ընկերների, հարազատ քաղաքի կարոտը և նրանցից հեռու անցկացրած տարիները երբեք չես կարողանա հետ բերել»,– համոզված է Քվեբեկում ապրող գյումրեցին, ում համար հարազատ քաղաքում ամեն մի դրական փոփոխություն ուրախություն է:

 

Ամեն ամառ ամուսինս այցելում է Հայաստան

 

«Քվեբեկն էլ շատ գեղեցիկ քաղաք է, ուր մշտապես բարեփոխումներ են իրականացնում, սակայն ինձ համար դա ուղղակի գեղեցկություն է և հաճելի, բայց իմը չէ: Իսկ երբ տեսնում եմ Գյումրիում մի նոր փողոց է վերանորոգվում, նոր խաղահրապարակ կամ ժամանցի կենտրոն բացվում, սիրտս ուրախությունից հրճվում է: Ամեն ամառ ամուսինս այցելում է Հայաստան. հպարտանում եմ, երբ նա ասում է, որ տարեցտարի տեսնում է Գյումրիում դրական փոփոխությունը»,– պատմում է երկրաշարժ տեսած ու դեռևս վերքերը չբուժած Գյումրի քաղաքի նախկին բնակիչը:

 

Իսկ Քվեբեկում, և ընդհանրապես Կանադայում, զարգացվածությունն ակնհայտ է, հաշմանդամություն ունեցող անձանց համար էլ ազատ տեղաշարժվելու և հասարակությանն ինտեգրված զգալու համար բոլոր պայմաններն ապահովված են: Իսկ որ դրանից առավել քան կարևոր է՝ հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ադեկվատ է, համոզվել է Կարինեն:

 

«Դրա շնորհիվ ես ինձ ավելի ազատ և անկաշկանդ եմ զգում: Երբ նոր էի տեղափոխվում Կանադա, մտավախություն ունեի, որ ամուսնուս ծնողները կարող էին այլ վերաբերմունք ունենալ իմ հանդեպ՝ հաշմանդամությանս պատճառով, սակայն բարեբախտաբար սխալվում էի, քանի որ նրանց համար ամենակարևորը մարդկային որակներն ու արժեքներն են»,– ասում է նա:

 

Իսկ այդ որակներն ու արժեքները Կարինեն կարողացել է ձեռք բերել դժվարություններով լի կյանքի չորս տասնամյակների ընթացքում: Հիմա արդեն վայելում է երջանկությունը: Իսկ առաջիկայում՝ ընդամենը երկու ամսից, պատրաստվում է դարձյալ մեկնել Գյումրի, ինչպես ինքն է ասում, Ամանորը Գյումրիում համ ու հոտով նշելու համար: