ՇՈՂ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ

Noranor.ca-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում 7 բան, որ պետք է իմանալ այս շաբաթավերջին:

 

1) «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա ճաշկերույթին ռեկորդային 1.2 մլն կանադական դոլար (915,000 ԱՄՆ դոլար) հանգանակվեց: Գումարը կուղղվի Հայաստանում և Արցախում մի շարք նախագծերի իրականացմանը: Իսկ ահա Կանադայի Հայ դատի հանձնախմբի 50-ամյակին նվիրված ճաշկերույթին հանգանակված գումարը կազմում է 60,000 դոլար, ինչը կլրացնի հանձնախմբի բյուջեի բացը: Կանադական The Globe and Mail օրաթերթն էլ անդրադարձ է կատարել սեպտեմբերի 26-ին Մոնրեալում մահացած, Հայոց ցեղասպանությունը վերապրած Գեղեցիկ Հակոբյան-Զուրիկյանի կյանքի պատմությանը: Տիկին Գեղեցիկը 107 տարեկան էր:

 

2) Մոնրեալում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգը: Լեգենդի համերգին ներկա է գտնվել նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը:

 

3) Լիբանանի հոգևոր հովիվ Վերապատվելի Գևորգ Չափարյանը Noranor.ca-ի հետ զրույցում պատմել է, որ սիրիահայերի համար Լիբանանը տարանցիկ երկիր է՝ Կանադա և Ավստրալիա հասնելու համար: Հայաստանի իշխանությունները, իրենց հերթին, պատերազմի մեջ գտնվող Սիրիայում ապրող հայրենակիցներին կոչ են անում ապաստանել Հայաստանի Հանրապետությունում:

 

4) Տորոնտոյում 7.2 %-ով աճել են 1 սենյականոց կոնդոների վարձավճարները: 1 ամսվա վճարն այժմ կազմում է 1,777 դոլար: Միևնույն ժամանակ, Տորոնտոյի բնակիչները բողոքում են տրանսպորտի սակագներից:

 

5) Noranor.ca-ում այս շաբաթ հրապարակված հարցազրույցներից սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությանն են արժանացել հատկապես երկուսը: Դրանցից մեկը նվիրված էր Գյումրիում ծնված, Կանադայում բնակություն հաստատած Կարինե Գրիգորյանին, ում համար հաշմանդամությունը խոչընդոտ չի եղել որպես մարդ կայանալու և հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու համար: Իսկ ահա «Մոնրեալ զինվոր» նախաձեռնության կազմակերպիչները Կանադայում ապրող հայերին և հայկական կառույցներին կոչ են անում միանալ իրենց և աջակցել սահմանին կանգնած զինվորներին:

 

6) Եթե բնակվում եք Տորոնտոյում, ապա հոկտեմբերի 30-ին՝ 13:00-ին, Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական եկեղեցու «Մարալ Իշխանյան» դահլիճում կարող եք մասնակցել բ.գ.թ. Աշոտ Խաչատրյանի բաց դասախոսությանը՝ «Ջուրը՝ կյանքի աղբյուր» թեմայով: Նույն օրը՝ 18:00-ին, Հայ երիտասարդական կենտրոնի «Համազգային» թատերասրահում ելույթ կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության «Գլաձոր» մասնաճյուղի «Գուսան» երգչախումբը:

 

7) Երկուշաբթի ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Կանադայում, կնշվի Հելոուինի տոնը: Երկուշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, սպասվում է սեզոնային ցուրտ, բայց համեմատաբար կայուն եղանակ: Չնայած որոշ հատվածներում սպասվող ցուրտ եղանակին, փոթորիկներ չեն կանխատեսվում:

 

Հաճելի հանգստյան օրեր ենք մաղթում:  

[facebook_like url=”” width=”” layout=”button_count” action=”like” faces=”true” share=”true”]