Home / Armenia  / Սիրիայից տեղահանված մոտ 35 ընտանիք ապրում է Արցախում. Քաշաթաղը պատրաստ կլինի ևս 20 սիրիահայ ընտանիքի ընդունել

Սիրիայից տեղահանված մոտ 35 ընտանիք ապրում է Արցախում. Քաշաթաղը պատրաստ կլինի ևս 20 սիրիահայ ընտանիքի ընդունել

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Քաշաթաղ, Արցախ (Նորանոր) — Մինչ այժմ Արցախում Հալեպից տեղահանված մոտ 35 ընտանիք է բնակություն հաստատել: Նրանց մեծ մասը՝ 32 ընտանիք՝ մոտ 110 շնչով տեղափոխվել և ապրում է Քաշաթաղում, մեկ ընտանիք՝ Ասկերանում, որտեղ ջերմոցային տնտեսություն է հիմնել, մի քանիսն էլ՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:

 

Քաշաթաղ տեղափոխված 32 ընտանիքներից երկուսը լիբանանահայեր են: Իսկ հինգն ավելի վաղ՝ 8 տարի առաջ, մինչ Սիրիական պատերազմն էր եկել Արցախ: Այս մասին Noranor.ca կայքին հարցազրույց է տվել Քաշաթաղի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, ով 1997 թվականից իր ընտանիքով ապրում է Քաշաթաղում, իսկ աշխատակազմի ղեկավար է 2009-ից:

 

Քաշաթաղի շրջանը արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում և արևելքում՝ Քարվաճառի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարավում՝Իրանին։ Բնակչության թիվը, 2005 թվականի տվյալներով, 9,763 է։ Շրջկենտրոնը կենտրոնական դիրք գրավող Բերձոր քաղաքն է։

 

 

Արցախն այն բնակավայրն է, որն այսօր վերաբնակեցման խնդիր ունի, սակայն շատերը չեն համաձայնում բնակություն հաստատել այստեղ: Սիրիահայերի համար նախընտրելի բնակավայրը մնում է Երևանը, իսկ նրանք, ովքեր տեղափոխվել են Արցախ, իրենց այս հողի մի մասն են համարել՝ արհամարհելով անգամ պատերազմի վտանգը: Պատերազմից փախչելով՝ մեկնել Արցախ, որտեղ ևս խաղաղությունը հարաբերական է, շատերը մեծ հայրենասիրություն են համարում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանցից ոմանք մասնակցել են Ապրիլյան պատերազմին:

 

Քաշաթաղի շրջանը պատերազմի գոտուց նույնքան հեռու է, ինչքան դուք Թուրքիայից եք հեռու

 

Դավիթ Դավթյանը իրականում իրենց շրջանը չի համարում պատերազմական գոտի՝ ասելով. «Քաշաթաղի շրջանը պատերազմի գոտուց նույնքան հեռու է, ինչքան դուք Թուրքիայից եք հեռու»: Այնուամենայնիվ, քչերն են, որ Արցախում ապրելու կամք են դրսևորում և համարձակություն գտնում :

 

ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ

«Մենք իրենց չենք համոզում, ուղղակի մեր մոտ պայմաններ ենք ստեղծում վերաբնակեցման համար: Առաջին՝ բնակարան ենք տալիս, որ երևի ոչ մի տեղ չեն տալիս, բարերարների, կառավարության օգնությամբ բնակարաններ ենք կառուցում, հատկացնում ենք և՛ վերաբնակիչներին, և՛ սիրիահայերին, երկրորդ՝ապահովում ենք աշխատանքով, և երրորդ՝ ունենք գործող ծրագիր, որը տրամադրում է գյուղատնտեսական վարկեր` դաշտավարությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելու համար»,– պատմում է Դավիթ Դավթյանը՝ միաժամանակ չբացառելով, որ նրանց թվում կան մարդիկ, ովքեր ստիպված են տեղափոխվել Քաշաթաղ՝ Երևանում այլևս սոցիալական խնդիրները լուծել չկարողանալու պատճառով:

 

Եթե Երևանում շատերը սոցիալական լուրջ խնդիրների են բախվում, չեն կարողանում լուծել բնակարանային պայմանների հարցը, վարձավճարների պարտքեր են կուտակում, ապա Քաշաթաղում անվճար բնակարանից բացի, նաև առաջին մի քանի ամսում տրամադրվում է հումանիտար օգնություն ընտանիքներին, մինչև ոտքի կանգնելը: Իսկ դրա համար արցախցիներին օգնող բարերարներ գտնվում են, վստահեցնում է Դավթյանը: Բացի դրանից, աշխատող մարդիկ, բերրի հողերի շնորհիվ, կարճ ժամանակ անց վարձատրվում են բնության կողմից:

 

Մի քանի բժիշկ ունենք, ոսկերիչներ ունենք, բայց այստեղ մասնագիտությունը փոխում են, կոմբայնավար են աշխատում

 

«90 %-ը հողագործությամբ են զբաղվում՝ ցորեն-գարի են ցանում: Նրանք են, ովքեր Սիրիայում էլ են հողագործությամբ զբաղվել: Օրինակ ղամիշլեցիք ցորեն-գարի են ցանել, տեխնիկային տիրապետում են, դրա համար նախընտրել են հողագործությունը: Մնացած 10 %-ը մասնագետներ են՝ մի քանի բժիշկ ունենք, ոսկերիչներ ունենք, բայց այստեղ մասնագիտությունը փոխում են, կոմբայնավար են աշխատում կամ մեկ այլ գործով զբաղվում»,– նշում է աշխատակազմի ղեկավարը:

 

Քաշաթաղը կարող է անսահմանափակ հողհատկացում կատարել նրանց, ովքեր պատրաստ են մեկնել այստեղ բնակվելու, իսկ ունեցած բնակարանները բոլորը տրամադրել են վերաբնակիչներին, առաջիկայում բնակարանաշինություն է մեկնարկելու, մինչև հաջորդ ամառ ևս 20 ընտանիքի կկարողանան ընդունել, վստահ է վարչական շրջանի ներկայացուցիչը:

 

ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԱՐՑԱԽ  

«Արցախի իշխանությունները մի փոքր ավելի ուշադիր են վերադարձողների նկատմամբ, քան Հայաստանի իշխանությունները: Վերաբնակեցման խնդիրը Արցախում ավելի առաջնային է: Երևանում չունենք այդ խնդիրը, դրա համար Երևան եկող սիրիահայերի վրա այդքան ուշադրություն չի դարձվում, որքան Արցախում»,– Արցախի իշխանությունների ու սիրիահայերի հետ իր շփումների ընթացքում այս համոզմանն է եկել կինոռեժիսոր, Ազգային գվարդիայի անդամ Արշակ Զաքարյանը, ով մեզ հետ զրույցի պահին գտնվում էր Արցախի դիրքերում:

 

Նա հաճախ է լինում Արցախում, մասնակից ու վկա դառնում դիրքերում կատարվող դեպքերին, տեսանկարահանում դրանք: Իսկ անցյալ տարի Արշակ Զաքարյանի միջնորդությամբ սիրիահայ չորս ընտանիք է տեղափոխվել Արցախ: Նրանցից մեկն այդպես էլ չի հարմարվել պայմաններին, լքել է Արցախը, իսկ մյուս երեքը մինչ օրս էլ ապրում են այնտեղ:

 

«Քանի որ ես Արցախում հաճախ եմ լինում, տեսնելով ազատ հողերը, մտածեցի մի այդպիսի հաղորդում անել, թե ինչու մենք հարյուրավոր զոհեր տվեցինք, ազատագրեցինք հողերը և ունենք այսօր այսպիսի մեծ Սփյուռք, որն այսօր ռումբերի և արկերի տակ կոտորվում է, բայց չի գալիս իր հայրենիքը բնակեցնելու: Այդպիսի մի տեսանյութ տարածեցի, որին արձագանքողներ եղան: Ավելին, թողնելով Սիրիան և տեղափոխվելով Արցախ, մասնակցեցին Քառօրյա պատերազմին:

 

Չաուշյանները Երևանում էին ապրում, մինչև այդ էլ Արցախում եղել էին, որոշեցին, որ ուզում են տեղափոխվել: Ինչպես Զաքարյանն է ասում՝ ընտանիքի տղամարդը Ապրիլյան պատերազմին է մասնակցել, շքանշան է ստացել: «Երբ ինքը դիրք էր պահում, ծնվեց իր երկրորդ երեխան՝ տղան, այնպես որ այդ երեք ընտանիքը հաստատվել ու ապրում է Արցախում»,– նշում է կինոռեժիսորը:

 

ԵՐԵՔ ԸՆՏԱՆԻՔ ՏԵՂԱՎՈՐԵՑ ԱՐՑԱԽՈՒՄ

Նա իր այս նախաձեռնության շնորհիվ երեք ընտանիք տեղավորեց Արցախում՝ փորձելով ապացուցել, որ եթե ցանկություն լինի, հնարավոր է վերաբնակեցնել հայկական հողերը: Անգամ գտնվել էին հովանավորներ, ովքեր մի տարի ամսական 250 ԱՄՆ դոլար են ուղարկել ընտանիքներին:

 

Եթե պատերազմ է, ապա ավելի լավ է հայրենիքում լինես և դերակատարում ունենաս այդ պատերազմում, պաշտպանելուց էլ՝ քո հայրենիքը պաշտպանես

 

«Եթե պատերազմ է, ապա ավելի լավ է հայրենիքում լինես և դերակատարում ունենաս այդ պատերազմում, պաշտպանելուց էլ՝ քո հայրենիքը պաշտպանես: Մեր շատ հայրենակիցներ հիմա լքում են հայրենիքը, բայց մենք չենք լքում, ոչ թե նրա համար, որ հնարավորություն չունենք, այլ այնքան ենք սիրում, որ չենք կարողանում լքել՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում ենք ապրում»,– համոզված է Զաքարյանը, ով հողագործության, անասնապահության, այգեգործության համար Արցախը դրախտ է համարում և հորդորում է այստեղ գալ ապրելու նրանց, ովքեր աշխատասիրություն և ձգտում ունեն, այլապես ոսկի փնտրելու համար եկողներն, ըստ նրա, իզուր են գալիս: